Հայաստանում ամեն տարի իրականացվում է 10.000 պլաստիկ վիրահատություն

Արմեն Հովհաննիսյան«Պլաստիկ վիրաբուժության պահանջարկը տարեցտարի նկատելի կերպով մեծանում է:  Հայաստանում ամեն տարի իրականացվում է մոտավորապես միջին հաշվով 10.000  պլաստիկ վիրահատություն», -  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Արմեն  Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ, թեև այս  մասնագիտությունը շատ երիտասարդ է, այն շատ արագ է զարգանում ամբողջ աշխարհում: «Դրա հաջողությունը  կապված է նոր եղանակների, տեխնոլոգիաների ներդրման հետ: Մենք  աշխատում ենք Հայաստան բերել  միայն որակյալ տեխնոլոգիաներ, քանի որ շատ կասկածելի ու վնասակար մեթոդներ կան, որոնք կիրառվում են,  և մենք  պայքարում ենք դրանց դեմ, որպեսզի դրանք Հայաստան չներթափանցեն», – ասաց նա հավելելով, որ այժմ նոր մեթոդներից լավագույնն է համարվում բջջային տեխնոլոգիաների կիրառումը,   երբ օգտագործվում են սեփական մարմնի բջիջները կրծքագեղձը մեծացնելու կամ  մաշկի որակը բարձրացնելու համար:

Բժիշկը նշեց, որ Հայաստանում դեռևս ոչինչ չի փոխվել և ամենաշատը կատարվում են քթի վիրահատություններ. «Դասակարգման մեջ վերջին 10-15 տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել և մոտակա 15 տարիներին ևս չի փոխվի. հայաստանցիները պլաստիկ վիրաբույժներին ամենաշատը դիմում են քիթ վիրահատելու համար: Անում են նաև կրծքագեղձերի, ոտքերի,  ականջների վիրահատություն», – ասաց Արմեն Հովհաննիսյանը: Երիտասարդների շրջանում նույնպես ավելի հաճախ դիմում են քթի խնդիրների պատճառով, իսկ արդեն ավելի մեծ հասակում կրծագեղձերի, որովայնի պլաստիկ վիրահատությունների պահանջարկը ավելի է  մեծանում: Ըստ նրա ` դիմում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ, բայց սովորաբար կանայք ավելի շատ են լինում:

Հատկանշական է, որ  քթի վիրահատության արժեքը մոտավորապես  350-650.000 դրամ  է, կրծքագեղձինը ավելի թանկ է, քանի որ միայն մեկ զույգ իմպլանտներն արժեն առնվազն 1000 եվրո: Սակայն ընդհանուր արժեքը կախված  է նաև տվյալ կլինիկայից և վիրաբույժից:

Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ հետվիրահատական բարդություններ լինում են, սակայն մահացության դեպք վերջին 15 տարիներին չի եղել: «Կարող են լինել հետվիրահատական սպեցիֆիկ խնդիրներ` հոդերի ասիմետրիա, հետվիրահատական բարդություններ և ոչ սպեցիֆիկ խնդիրներ՝ ալերգիա և այլն: Այդ պատճառով ամեն վիրահատությունից առաջ հաճախորդը հետազոտության է ենթարկվում», -ասաց նա:

Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանում երիտասարդները  հետաքրքրված են  պլաստիկ վիրահատությամբ և, չնայած որ սովորելը տևում է մոտ 9 տարի, այդ մասնագետների ավելցուկ կա հանրապետությունում:

 

Անկախ

Tags: , ,