Մեր երկրում կարատեի շուրջ 150 գրանցված ֆեդերացիաներ կան, սակայն դրանցից փաստացի գործում Է 15-ը: Այս սպորտաձևով զբաղվողների թիվը Հայաստանում հատում է 15 հազարի սահմանը: Հարյուրավոր սաներ այսօր կարատեին տիրապետում են նաև ճապոնական Կենդո կարատեի ֆեդերացիայում: Կարատեի այս ֆեդերացիան իր մասնաճյուղերն ունի աշխարհի շուրջ 98 երկրներում: Այս սպորտաձևը հենց ճապոնական ծագում ունի, որն աշխարհում իր տարածումն է գտել դեռևս 1760-ական թվականներից: 2006-ից Կենդո կարատեի ֆեդերացիան իր մասնաճյուղն է հիմնել նաև մեր երկրում, որտեղ ամենակրտսեր սանը 5, իսկ ամենաավագը 43 տարեկան է: Ֆեդերացիայի հիմնադիր Շահեն Պետրոսյանի հետ մեր զրույցը ծավալվեց արևելյան այս մարտարվեստի զարգացման շուրջ` ավարտվելով կարատեի ներկայի ու ապագայի դիտարկումներով:
- Կա՞ ոճային տարանջատում կարատե սպորտաձևի մեջ:
- Այսօր համաշխարհային ճանաչում ունեցող կարատեի երկու ֆեդերացիա կա և երկու ոճ` ավանդական և սպորտային, որոնց հիման վրա անցկացվում են աշխարհի առաջնությունները: Ցանկացած պետություն, որում հիմնվել են այդ ֆեդերացիաների ճյուղերը, իրավունք ունեն առաջնությանը մասնակցելու: Մեր ֆեդերացիան համագործակցում է ճապոնական կարատեի ասոցիացիայի հետ և մասնակցում է նրանց միջոցառումներին:
- Ըստ շոտոկան կարատեի հիմնադիր Գիչին Ֆունակոշինի` կարատեն մաքրում է մարդուն եսասիրությունից և չար մտքերից, բացի այդ, կարատե պարապողը չպետք է երբեք հեշտությամբ կռվի մեջ ներքաշվի: Համաձայն ե՞ք նրա տեսակետին:
- Այո, կա նման հասկացողություն: Եթե մարզիկը գիտակցում է, որ կարող է որևէ մեկին վնաս հասցնել, չպետք է առաջինը մարտի մեջ ներքաշվի: Նա կարող է դրան գնալ միայն ամենածայրահեղ դեպքում:
- Կարո՞ղ ենք ասել, որ այս մարտարվեստում հաջողություններ ունենալու գրավականներից մեկը դրանով վաղ տարիքում զբաղվելն է:
- Իհարկե, վաղ տարիքում սպորտով պարապելն արդեն իսկ կարևոր նախադրյալ է ի ցույց դնելու սեփական ունակությունները: Սպորտը տքնաջան աշխատանք է պահանջում, պետք է սիրել ու նվիրվել արդյունք ստանալու համար:
- Ո՞ր տարիքից է խրախուսվում այս մարտարվեստով զբաղվելը:
- Ամենաբարենպաստ տարիքը 5 տարեկանն է, քանի որ երեխայի առջև չեն դրվում բարդ խնդիրներ: Նախախատրաստական փուլերից 2-3 տարի հետո միայն սկսվում է պրոֆեսիոնալ մարզման փուլը:
- Ներկայումս ֆեդերացիայի կազմում ընդգրկված հարյուրավոր սաներից քանի՞սը, ըստ Ձեզ, կարող են մարզիկներ դառնալ:
- Բոլորն էլ ջանում են հաջողակ լինել, սակայն մենք նրանց չենք քարոզում այն գաղափարը, որ պետք է անպայման մարզիկ կամ մրցանակակիր դառնան, այլ փորձում ենք նրանց մեջ սերմանել ֆիզիկական զարգացածության կարևորությունը, որը օգտակար է և՛ առողջ կենսակերպի և՛ զուտ ինքնապաշտպանված զգալու տեսանկյունից:
- Մի փոքր խոսենք նաև խնդիրներից: Արևելյան այս մարտարվեստն այսօր սիրահարների մեծ բանակ ունի Հայաստանում, սակայն մարզիկների հաջողություններն այնքան էլ ակնառու չեն: Ինչու՞
- Արևելյան մարտարվեստի կովկասյան ոճը տարբերվում է այլ երկրներում ուսուցանվող կարատեի տեսակներից: Խնդիրն այն է, որ մեր երկրում կարատեի զարգացումը խոչընդոտող լուրջ գործոններ կան: Օրինակ` եվրոպական երկրներում ինչու՞ են հաջողություններ արձանագրվում, որովհետև սպորտի այդ տեսակը հովանավորվում է պետության կողմից, իսկ հայ սպորտսմենները, ցավոք սրտի, պետական աջակցությունից զուրկ են: Օտարերկրյա լավագույն սպորտսմենները նույնիսկ պետության կողմից ամենամսյա խրախուսական վարձավճար են ստանում և այն խնդիրները չունեն, ինչ հայ մարզիկները: Իսկ ընդհանուր առմամբ, լավ արդյունքներ ունենք, պարզապես գործող տարբեր ֆեդերացիաներից շատերը պրոֆեսիոնալ չեն սպորտաձևը ներկայացնում: Շատ նեղ ու փոքր շրջանակներում մրցաշարեր են կազմակերպվում, որոնք որակավորվում են իբրև բաց առաջնություններ:
- Իսկ ինչո՞ւ պետությունը չի ֆինանսավորում:
- Մեկնաբանվում է , որ կարատեն դուրս է օլիմպիական ձևերից: Սակայն կարող եմ վստահաբար ասել, որ այսօր այս մարտարվեստով հետաքրքրվողների և այն տիրապետողների թիվը գերազանցում է մյուս բոլոր սպորտաձևերով զբաղվողների թիվը: Խոսքը հենց բուն օլիմպիական ձևերում ընդգրկված մարզիկների թվաքանակի մասին է:
- Իսկ աջակցողներ գոնե լինու՞մ են մրցաշարեր կամ այլ միջոցառումներ կազմակերպելիս:
- Իհարկե, երբեմն լինում են: Բայց հիմնականում վարձավճարների շնորհիվ ենք կարողանում ֆեդերացիայի գործունեությունը պահպանել: Իսկ ֆինանսավորման պարագայում կկարողանայինք վերանորոգել մարզադահլիճները: Այսօր քաղաքապետարանը խնդիր է դրել դպրոցներում պարապունքներն իրականացնել վճարովի հիմունքներով միայն, ինչից էլ և բյուջեն է գոյանում:
- Ուրիշ ի՞նչ խնդիրներ կան Հայաստանում:
- Անընդհատ բացվում ու իրենց ֆեդերացիաներ են հռչակում տարբեր կազմակերպություններ: Դա իհարկե ցավալի խնդիր է: Հիմնադրումից առ այսօր կազմակերպել ենք բազմաթիվ միջոցառումներ ու փառատոներ` նպատակ ունենալով զարգացնել մարտարվեստի այս ճյուղը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող մյուս ֆեդերացիաներից շատերը, չունենալով առավելություններ, չեն կարողանում մասնակցել միջազգային մրցաշարերին ու աշխարհի առաջնություններին: Փորձում ենք գոնե լրացնել այդ բացը և ժամանակ առ ժամանակ առաջնությունների մասնակցել:
Հիմնական խնդիրն այն է, որ դաշտը բաց է, և ցանկացած կազմակերպություն իրեն իրավունք է վերապահում սան կրթելու: Սպորտի նախարարությունում արևելյան մարտարվեստի բաժին կա, սակայն վերահսկման որևէ գործառույթ իրականացնելուց բավականաչափ հեռու է: Այս երևույթը լի է վտանգավոր հետևանքներով, ընդհուպ` երեխաների առողջությունը վտանգելը: Օրինակ` 5 տարեկան երեխայի հետ մարտարվեստով զբաղվելը ռիսկեր ունի, որոնք կարող են ի հայտ գալ ոչ ճիշտ մարզման հետևանքով: Մեզ մոտ բոլոր երեխաներն անցնում են բժշկական հետազոտություն: Այն երեխաները, որոնց մոտ նկատվում են որոշ առողջական շեղումներ, նրանց նկատմամբ դրվում են այլ խնդիրներ:
- Բացի ֆիզիկական զարգացածությունից, է՞լ ինչ է ուսանում կարատեն:
- Կարատեն զուտ սպորտաձև լինելուց ավելի շատ դաստիարակչական նշանակություն ունի, և շատ կարևոր է երեխայի մեջ ճիշտ կենսակերպը արմատավորելը հենց մտավոր զարգացման վաղ ժամանակաշրջանից: Կարատեն սկսվում է հենց կարգապահության հորդորով` հարգանք սերմանելով թե՛ ուսուցչի, թե՛ ծնողների հանդեպ:
- Մարզիչներն ունե՞ն միջազգային որակավորում: Ինչպե՞ս են ընտրվում:
- Իհարկե, բոլոր 15 մարզիչներն էլ ունեն միջազգային որակավորում: Ավելին ասեմ, սաներին կրթելու պատասխանատու առաքելությունը կրողները մեր ճապոնացի գործընկերների կողմից հավանության արժանացած մարզիկներն են, որոնք պարտադիր լիցենզավորվում են մարզչական գործունեություն ծավալելու համար:
- Մարզիկ դառնալու լավագույն 3 նախապայմանները:
- Ամենակարևոր գործոնը ցանկությունն է, ծնողի դերը և լավագույն մարզչի ընտրությունը:
- Ե՞րբ է լինելու հաջորդ բաց առաջնությունը, և ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ մրցաշարից:
- Այս տարվա օգոստոսին լինելու է աշխարհի բաց առաջնությունը, որին մասնակցելու է 60 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: Մրցակցությունը բավական մեծ է: Կարծում եմ` այս տարի ևս կունենանք լավ արդյունքներ, ինչպես նախկինում: Մեր ֆեդերացիայի առջև 2007-ից պարտականություն է դրված` անցկացվող փառատոների միջոցով խրախուսել կարատեի բոլոր ֆեդերացիաների միավորումը: Մենք առաջարկել են ստեղծել ֆեդերացիայի նախագահների խորհուրդ, քանի որ Հայաստանը ներկայացվում է մեկ ընդհանուր դրոշի ներքո, չպետք է ֆեդերացիաների տարբերակում մտցնել: Մեզ հետ արդեն պայմանագիր է կնքել 7 ֆեդերացիա: Ուստի, հորդորում ենք բոլոր ֆեդերացիաներին համագործակցել մեզ հետ` միասին անցկացնելու Հայաստանի առաջնությունը: Մենք չենք առաջարկում նրանց դառնալ մեր ֆեդերացիայի անդամ, ոչ, պարզապես համագործակցել: Եթե մեր կազմում ունենք 500 աշակերտ, իսկ այդ սպորատձևում ընդգրկվածների թիվը հասնում է 15 հազարի, կարծում ենք` լավագույններին ընտրել միայն մեր սաների շրջանակներում սխալ մոտեցում կլինի:
Հարցազրույցը` Լ.Ն.
Tags: կարատե, Կենդո կարատեի ֆեդերացիա, Շահեն Պետրոսյան