Ո՞վ է ավելի համառ՝ «աֆրիկյաննե՞րը», թե՞ Լևոն Վարդանյանը

MHM88883Պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված երևանյան ամենագեղեցիկ ու յուրօրինակ շենքերից մեկի՝ Աֆրիկյանների 130-ամյա շենքի ճակատագիրը դեռևս անհայտ է:

«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները նշում են, որ շենքի ապամոնտաժման աշխատանքները դադարեցնելու համար հիմք է ծառայում ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների գործակալության կողմից ներկայացված գրությունը՝ ուղղված «Միլենիում քոնստրաքշն» ընկերության տնօրեն Թադևոսյանին: Գրության մեջ նշված է, որ շինարարների կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, ինչի վերաբերյալ գործակալության մասնագետների դադարեցման հրահանգը չի կատարվել, իսկ ոչ լիարժեք փաստաթղթերի բացակայությունը կարող է վտանգել հուշարձանի պահպանությունը: Ուստի, գործակալությունն անհրաժեշտ է  համարում անհապաղ դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները մինչև համապատասխան փաստաթղթերի առկայության ապահովումը:

Ըստ նախաձեռնության անդամների, շենքի ապամոնտաժման աշխատանքների դադարեցման համար հիմք է նաև այն, որ Հայաստանի հելսինկյան կոմիտեն և «Ուրբան լաբ Երևան» քաղաքաշինական հասարակական կազմակերպությունը համատեղ հայցադիմում են ներկայացրել դատարան, որով վիճարկում են Աֆրիկյանների շենքի օտարման և տեղափոխման մասին Կառավարության ու Երևանի քաղաքապետարանի որոշումները:

Հայցը վարույթ ընդունելու  կամ մերժելու ժամկետը՝ օրեքով տրված դատարանին, լրանում է ուրբաթ օրը` հունիսի 27-ին:

AVetiq_IshkhanyanՀայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց հայցի հիմքում ընկած փաստերը. «Մեր իրավական դիրքորոշումն այն է, որ 2008 թվականին ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, որով արգելվում է մշակութային հուշարձանի քանդումը կամ տեղափոխումը: Մենք նաև բազմաթիվ այլ փաստեր ենք ներկայացրել՝ այդ թվում մշակույթի նախարարության համապատասխան գործակալության գրությունը, ըստ որի քանդման աշխատանքները պետք է դադարեցվեն, մինչև համապատասխան փաստաթղթերի ներկայացումը»,-ասաց Իշխանյանը:

Այս ամենից հետո, ըստ իրավապաշտպանի, շենքի քանդման աշխատանքները շարունակելը նույնիսկ քրեական հանցագործություն է: «Փաստորեն, քաղաքացիները Հայաստանում պաշտպանում են օրինականությունը, մինչդեռ ոստիկանները` ոչ, նրանք կատարում են անօրինական հրաման՝ դեմ գնալով քաղաքացիների օրինական պահանջին և իրենց գործողություններով նպաստելով Հայաստանում անօրինականությանն ու հանցագործությանը»:

«Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանի պնդմանը, որ իրենց գործողություններին օրինական են, նախագիծն իրականություն է դառնալու, և Աֆրիկյանների շենքը նույնությամբ վերակառուցվելու է «Հին Երևանի» տարածքում, Իշխանյանը հակադարձում է. «Ինչ տեսակետներից են իրենք այդ քայլերն իրականացնում՝ անձնական շահերից ելնելով, թե «ճարտարապետական լուծումներից», դա ինձ չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է երկու հարց՝ Երևանի պատմամշակութային հուշարձանների պահպանումը և օրենքի կիրառումը Հայաստանում: Փաստորեն, այդ գործընթացը կատարվում է անօրինական ձևով, իսկ մնացած ամեն ինչ մտավարժանքներ են»:

Եթե դատարանը չվաբարարի հայցը, ո՞րն է լինելու հասարակական կազմակերպությունների հաջորդ քայլը: Իշխանյանը պատասխանում է. «Շարունակելու ենք պայքարը՝ դատական մյուս ատյաններ դիմելով և աջակցելով քաղաքացիական հասարակության շարժումներին: Համենայնդեպս, երբ մենք դիմում ենք, չենք մտածում՝ տեսնենք` ինչ կստացվի, մենք դիմում ենք հաղթելու նպատակով»:

Նրա համոզմամբ՝ տեղի ունեցողն անօրինականություն է, իսկ մշակույթի նախարարությունը, ինչպես Ծածկած շուկայի դեպքում, այնպես էլ այս հարցում, անիմաստ կառույցի դեր է կատարում, քանի որ չի կարողանում, որպես կարևոր գերատեսչություն, իր ֆունկցիաները կատարել:

Լևոն Վարդանյան«Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը, որի նախաձեռնությամբ է ապամոնտաժվում Աֆրիկյանների շենքը, հակադարձում է իրենց ընդդիմախոսներին: Մեզ հետ զրույցում նա ևե մեկ անգամ հայտարարեց, որ իրենց գործողություններն օրինական են: Ավելին, նա որպես ճարտարապետ՝ վստահ է, որ Երևանում երբևէ պատմամշակութային այլ շենքերի ապամոնտաժման աշխատանքներն այսքան օրինական, ճշգրիտ ու պրոֆեսիոնալ ձևով չեն իրականացվել, որքան այս շենքի դեպքում:

Ինչ վերաբերում է հնչող այն տեսակետին, թե չի կատարվում մշակույթի նախարարության պահանջը, ճարտարապետը հիշեցնում է, որ գրության հեղինակը ոչ թե նախարարությունն է, այլ մշակույթի նախարարության գործակալությանը՝ նշելով, որ նախարարությունը չի կարող դեմ լինել իր իսկ կողմից ժամանակին հաստատված նախագծին: «Շենքի ապամոնտաժման և «Հին Երևան»-ի տարածքում վերակառուցվելու նախագիծը հաստատվել է նախ մշակույթի նախարարության կողմից, ապա ուղարկել Երևանի քաղաքապետերան, իսկ վերջինս շինարարության թույլտվություն է տվել: Հիմա մշակույթի նախարարության ինչ որ գործակալության պետ՝ Արմեն Աբրոյանը, հայտարարում է, որ թերի փաստաթղթեր կան: Հո իր ասելո՞վ չի: Այդ մարդն ինքնագործունեությամբ է զբաղված, և դրա մասին թող իր նախարարը մտածի»,-ասում է Վարդանյանը:

Ճարտարապետը նաև չի ընդունում այն փաստարկը, որ եթե հայց է ներկայացվել դատարան, նշանակում է՝ ապամոնտաժման աշխատանները պետք է դադարեցվեն. «Երբ դատարանը որոշում կկայացնի, որ պետք է դադարեցնել, խնդրեմ, թող որոշումը տանեն քաղաքապետարան, քաղաքապետարանն էլ եթե ասի՝ դադարեցրեք, դադարեցնենք: Երևանի տարածքում մի մարդ իրավունք ունի դադարեցնել շինարարությունը՝ դա Երևանի քաղաքապետն է: Իսկ քանի դեռ նման որոշում չկա, մենք մեր աշխատանքը շարունակելու ենք»:

Լևոն Վարդանյանը ակտիվիստներին կոչ է անում մտածել իրենց գործողությունների իրավաչափության մասին, թե արդյոք հասարակական կարգն ու հարակից բնակիչների անդորրը խանգարելը որքանո՞վ է օրինական:  «Գալիս են, աղմկում, խփում դարպասներին, իրենց թվում է՝ դա թատերաբեմ է: Բնակիչներն էլ ինձ են բողոքում, ասում են՝ հիվանդներ կան, փոքր երեխաներ,-ասում է Վարդանյանը,-ինչ վերաբերում է ինձ՝ ես խնդիր չունեմ, ես իմ աշխատանքը շարունակելու եմ և իմ ճարտարապետական նախագծի տերն եմ, իսկ Աբրոյանը մշակույթի նախարարի խնդիրն է, մարդկանց հանգիստը խանգարողներն էլ՝ ոստիկանության խնդիրը»:

«Հին Երևան» նախագծի հեղինակն ուրախ է, որ դատարան այդ հարցով հայց է ներկայացվել, քանի որ ինքը՝ որպես նախագծող, կարող է բոլոր հարցերի պատասխանները տալ և ապացուցել, որ ինքը ճիշտ է:

Բայց արդյոք դատարանը կարո՞ղ է որոշել՝ ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալ, դա էլ հարց է, քանի որ Հայաստանում հույս դնել դատարանների վրա, մեղմ ասած, միամտություն կլինի:

Հարցի միակ պատասխանը թերևս կարող է տալ «Հին Երևան» նախագծի իրականացումը, որին այդպես համառորեն չեն հավատում ակտիվիստները, և որը տարիներ ի վեր համառորեն առաջ է քաշում ճարտարապետ Լևոն Վարդանյանը: Փաստն այն է, որ այսօր նախագծի իրականացումը դեռևս տեսանելի չէ:

 

Անի Գասպարյան

 Անկախ

Tags: , , ,