Երիտասարդական աշխատանքը հանուն ինտեգրացիայի. Սիրիահայերը հայրենիքում փախստական չեն

10477628_683052408397273_1224583175_nԱնձի ազատ տեղաշարժի իրավունքը համարվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը: Ինչպես սահմանված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք, յուրաքանչյուր ոք ունի ցանկացած՝ այդ թվում սեփական երկրից մեկնելու և իր երկիրը վերադանալու իրավունք: Կառավարությունները սովորաբար երաշխավորում են իրենց քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ֆիզիկական անվտանգությունը, բայց երբ մարդիկ փախստական են դառնում, անվտանգության այս ցանցն անհետանում է: Փախչելով պատերազմից ու հետապնդումներից և դառնալով փախստական` մարդիկ հաճախ հայտնվում են անչափ խոցելի իրավիճակում, զրկվում իրենց պետության պաշտպանությունից:

Հունիսի 24-ից 30-ը «Սոցիալական և երիտասարդական աշխատողներ» հասարակական կազմակերպությունը (SYW) Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ համատեղ Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում իրականացնում է երիտասարդ փախստականների խնդիրներին նվիրված «Youth work for refugee inclusion» միջազգային ծրագիրը, որին մասնակցում է տասը եվրոպական երկրների շուրջ 40 ներկայացուցիչ:

Փախստականը, ըստ ՀՀ օրենսդրության, ունի տնտեսական, սոցիալական և մշակութային նույն իրավունքները, ինչ Հայաստանի քաղաքացին: Սակայն փախստականները հարկադրաբար հայտնվելով օտար երկրներում՝ բախվում են, ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական և ինտեգրացիոն մի շարք խնդիրների: «Հայաստանն ունի յուրահատկություն. մեր փախստականների 99%-ը էթնիկ հայեր են: Ծրագրի գաղափարն առաջացավ 2012թ.-ին, երբ կազմակերպությունն սկսեց աշխատել Սիրիայի փախստականների հետ: Հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ կան եվրոպական երիտասարդական կազմակերպություններ, որոնք մշակել են փախստականների հետ աշխատելու և նրանց խնդիրները լուծելու նոր մեթոդներ», -ասում է ծրագրի համակարգող Սիրարփի Մանյանը:

Փախստականների հոսքը Հայաստան սկսվել է 1988 թվականից, երբ Ադրբեջանից հարկադրաբար Հայաստան են տեղափոխվել ավելի քան 360,000 մարդ: Վերջին տարիներին սիրիական հակամարտության պատճառով Հայաստանում հանգրվանեցին բազմաթիվ սիրիահայեր, ովքեր, չնայած փախստականի կարգավիճակ չունեն հայրենիքում, սակայն թե՛ ֆինանսապես, և թե՛ հոգեպես կայանալու կարիք ունեն:

«Անհրաժեշտաբար պիտի հաշվի առնենք հայկական առանձնահատկությունները. Սիրիահայերը հայրենիքում չեն կարող դիտվել որպես փախստական»,-իր բացման խոսքում նշեց ԵՄ փորձագետ, Երիտասարդական ակումբների նախագահ Ատոմ Մխիթարյանը:

«Youth work for refugee inclusion» միջազգային ծրագրի նպատակն է քննարկել տարբեր երկրներում գործող կազմակերպությունների փորձն ու գիտելիքները, մշակել երիտասարդ փախստականների հետ աշխատանքի նոր մոտեցումներ` նպաստելով նրանց` հասարակությունում արդյունավետ ներգրավմանը»,- նշեց հյուրընկալող կազմակերպության նախագահ Ռոբերտ Մխիթարյանը:

 

Tags: