ՀՀ Հանրային Խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի 2014 թ. հունիսի 27-ի նիստի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Ճարտարապետական եզակի հուշարձաններից մեկի՝ Աֆրիկյանների տան քանդման վերաբերյալ
Ենթահանձնաժողովը պարզեց.
Երևանի Տերյան 11 (13) հասցեում գտնվող Աֆրիկյանների տունը 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի երևանյան քաղաքացիական ճարտարապետության լավագույն մեզ հասած նմուշներից է։ Այն ներառված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում որպես հանրապետական նշանակության հուշարձան (թիվ 204), որն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից 7.10.2004-ի 1616-Ն որոշմամբ։
Միևնույն ժամանակ, նույն որոշման հավելված 2-ում հայտնվել են թվով 14 հուշարձաններ, որոնք ենթակա են տեղափոխման, քանի որ դրանք, գտնվելով քաղաքի կենտրոնական հատվածում, «խանգարում» են քաղաքաշինական ծրագրերի։
Պահպանված և մեզ հասած շինությունն աչքի է ընկնում հարուստ զարդաքանդակներով: Իսկ շինության արժեքի մասին են խոսում նաև ներքին բակին հարող ճակատների սրբատաշ քարերն ու մասամբ պահպանված փայտյա «ասեղնագործ» պատշգամբները:
Գտնվելով բազմաթիվ նմանատիպ հուշարձանների քանդման պատճառ հանդիսացած Հյուսիսային պողոտայի շրջակա տարածքում՝ այն այսօր Տերյան փողոցի կողմից հայտնվել է հետխորհրդային տարիներին կառուցված բնակելի շենքերի խմբի մեջ։ Սակայն Պուշկին փողոցի կողմից այն գտնվում է համարժեք միջավայրում, քանի որ այդ մասում առկա են Աֆրիկյանների կողմից կառուցված մեկ այլ նույն ժամանակշրջանին թվագրվող Առաքել Աֆրիկյանի բնակելի շենքը (ճարտ. Վ Միրզոյան), նախկին արտակարգ իրավիճակների նախարարության շենքը (ճարտ. Ա. Թամանյան), ինչպես նաև մի շարք այլ միջավայրային կարևորություն ունեցող շենքեր։
Աֆրիկյանների տան (կամ ակումբի, ինչպես կարելի է հանդիպել տարբեր աղբյուրներում) տեղափոխման վերաբերյալ խոսակցություններ եղել են նաև նախկինում, սակայն միայն նախորդ շաբաթ ձեռնարկվեցին գործնական քայլեր իրականացնելու համար շենքի «տեղափոխման» ուղղությամբ։
Այդ գործողությունն իրականացվում է երկու հիմնավորմամբ.
- Իբրև թե` «Հին Երևան» նախագծի շրջանակում այն վերականգնելու ուղղությամբ,
2. Տերյան փողոցի լայնացման նպատակով։
Սակայն այս երկու «հիմնավորումներն» էլ չեն դիմանում քննադատության, քանի որ.
Բացի այն, որ «Հին Երևան» նախագծի մասին խոսվում է արդեն ավելի քան 10 տարի, սակայն որևէ գործնական քայլ չի իրականացվել, իսկ իրականացվելու դեպքում` այն չի համապատասխանում քաղաքային (մայրաքաղաքային) ճարտարապետության պատմության պահպանման արժեհամակարգին ու պատմաճարտարապետական հուշարձանների և նրանց պատմական միջավայրի համատեղելիության չափորոշիչներին, «Հին Երևան»-ի նախագիծը դիտվում է որպես արդի ժամանակի խոշոր մասշտաբի բիզնես-թաղամաս և այն չի կարող լինել հին Երևանը վկայող կամ ներկայացնող ու չի համապատասխանում շրջակա միջավայրին, կողքերի բարձրահարկ շինություններին:
«Հին Երևան» նախագծի աննպատակահարմարության մասին առկա են նաև կարծիքներ մասնագետների շրջանում, ըստ որոնց` այդ միջավայրն էականորեն տարբերվում է նախկինում եղածից, քանի որ հենց այդ նույն տարածքում առկա են բազմաթիվ նորակառույցներ։
Ինչ վերաբերվում է փողոցի լայնացմանը, ապա դա կարելի է ապահովել թե՛ երթևեկելի հատվածի նեղացմամբ, թե՛ Տերյան փողոցում գտնվող բնակելի նորակառույցի մասնակի քանդման միջոցով։
Սակայն, այս պատճառաբանությունը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ, ըստ նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանի, այնտեղ պետք է կառուցվի հյուրանոց: Այսինքն` ստացվում է, որ քանդում են ճարտարապետական եզակի հուշարձանը, որպեսզի տեղում կառուցեն ժամանակակից հյուրանոց: Սա նշանակում է, որ տեղի է ունենում խաբեություն:
Անկախ բերվող փաստարկներից, Աֆրիկյանների տան քանդումն ու տեղափոխումը հակասում է ՀՀ օրենքներին և Հայաստանի կողմից վավերացրած միջազգգային փաստաթղթերին, մասնավորապես` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածն ուղղակիորեն արգելում է հուշարձանի քանդումը: Իսկ ՀՀ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պատմա-մշակութային հուշարձանի քանդման համար` ընդհուպ մինչև 5 տարի ազատազրկմամբ:
Մասնավորապես այն փաստով, որ 21.10.2008 թվականին Ազգային ժողովը վավերացրել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան որի 5-րդ հոդվածում նշված է. «Յուրաքաչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել..»: Հարց է առաջանում. Ինչու՞ չի կատարվում կոնվենցիայի պահանջը: Ավելին` կառավարության 1616-Ն որոշման հավելված 2-ը արդեն հակասում է նշված կոնվենցիային:
Սակայն, կարծես թե արհամարհելով բոլոր օրինականությունները, ձեռնարկվեց այս եզակի կառույցի քանդումը, որը հանդիսանում է նաև փայտի ճարտարապետության պահպանված եզակի նմուշ, և քանդելով այն՝ ոչնչացնում ենք այդ ճարտարապետության հետքերը:
Հունիսի 23-ին քանդումն իրականացնող «Միլենիում Քոնսթրաքշն» ՍՊԸ–ի տնօրեն Հարություն Թադևոսյանին և Երևանի քաղաքային ոստիկանության քննչական բաժնի պետ Վ Մեսրոպյանին են հանձնվել Մշակույթի նախարարության կողմից շենքի ապամոնտաժումը կասեցնելու որոշումները (թիվ 151 և թիվ 152) : Սակայն, ապօրինի քանդումը շարունակվում է առ այսօր:
Իրագործելով նման հուշարձան-շինությունների քանդումը կամ տեղափոխումն այլ տեղ՝ մենք և մեր մայրաքաղաքը կորցնում ենք 19-20 րդ դարերի ժառանգությունը:
Երևան քաղաքի ամբողջ պատմությունն աղավաղվում է: Եվ, եթե ոչ տասնյակ, ապա հարյուրավոր տարիներ անց կասկածի տակ է առնվելու մայրաքաղաք Երևանի պատմությունը:
Քանդելուն միտված բոլոր պատճառներն անընդունելի են, քանի որ գերակա է պատմության, հուշարձանի շահը:
Ելնելով վերոգրյալից՝ Հանրային Խորհրդի Ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը, ընդառաջ գնալով հասարակության ներկայացուցիչների պահանջին, նախաձեռնելով այս հարցի քննարկումը, որոշում է.
Դիմել ՀՀ Մշակույթի նախարարությանը, ՀՀ Քաղաքաշինության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին` հետևյալ առաջարկություններով.
1. Դադարեցնել Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների բնակելի տան ապամոնտաժումը:
2. Անհապաղ կերպով քայլեր ձեռնարկել շենքի մնացած մասի կոնսերվացման ուղղությամբ փրկելու համար այն հետագա քայքայումից:
3. Քանդված մասի քարերը, որոնք տարվել են այլ տեղ, հետ բերել և նույն տեղում (նույն տարածքում) վերականգնել Աֆրիկյանների տան (ակումբի) ամբողջականությունը:
4. Ապահովել հուշարձանի ամբողոջական (այդ թվում և ներքին տարածության) պահպանությունն ու ինտեգրումը քաղաքի այդ հատվածում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին:
5. Բոլոր քաղաքաշինական ծրագրերում հաշվի առնել այս շինության գեղարվեստական ու ճարտարապետական արժեքն ու ապահովել դրա շրջակայքում նույն ժամանակաշրջանին թվագրվող շինությունների պահպանումը։
6. Չեղյալ համարել հուշարձանների այլ տեղ տեղափոխելու որոշումները և միջոցներ ձեռնարկել բոլոր հուշարձանների պահպանման ու ամրակայման համար:
7. Վերահաստատատել հուշարձանների տեղափոխման հակամշակութային գործընթացի անթույլատրելիության փաստ, ու դադարեցնել այդ անընդունելի ավանդույթը Հայաստանում, բոլոր հուշարձանները համարել անձեռնմխելի:
8. Համապատասխան քննարկման ներկայացնել և չեղյալ համարել «Հին Երևան» նախագիծը կամ այն ընդունել որպես նոր տիպի թաղամասի նախագիծ ու կառուցել Երևան քաղաքի որևէ ծայրամասում, որի դեպքում քաղաքը կդառնա գրավիչ :
ՀՀ ՀԽ Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ`
Ժասմեն Ասրյան
27 հունիսի, 2014 թ.
Tags: Աֆրիկյանների շենք, Հանրային խորհուրդ