«Մարդուն զրկել պաշտպանվելու հնարավորությունից՝ շատ վտանգավոր է». Արտակ Զեյնալյան

03.07.14Այն բարեփոխումները, որոնք  նախատեսվել են իրականացնել Քրեական դատարավարության նոր օրենսգրքով,   կոմպենսացման մեխանիզմներ են նախատեսում, որպեսզի Քրեական դատավարության օրենսգիրքը շարունակի մնալ այն մամլիչը,  որով սանձում են ազատության ձգտող ժողովրդին: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Մասնավորապես, ըստ Արտակ Զեյնալյանի,  վտանգավոր է Քրեական դատավարության նոր օրենսգրքի  նախագծում առաջարկվող մեղադրյալի ցուցմունքի դեպոնացման ինստիտուտը:

«Նախաքննական ցուցմունքը հրապարակում են դատական նիստում ու համարում, որ  դա ապացույց է: Ոչ հրապարակային կարգով տրված ցուցմունքը բերում են  դատարան ու  արձանագրում, որպեսզի   հետագայում այլևս հնարավոր չլինի որևէ բան փոխել»,- ասաց Ա.Զեյնալյանը:  Հիշատակելով իր կողմից շատ հարգված մի դատավորի խոսքերն առ այն, որ «բացառությունները կարճ ժամանակ հետո դառնում են օրինաչափություն», իրավապաշտպանը նշեց, որ  չի կարելի այդպիսի բացառություններ թողնել հրապարակային դատաքննության ժամանակ: «Պետությունը ու հանրությունը որոշակի ռիսկեր պետք է կրեն,  որ կարող է հանցագործը չբացահայտվել, բայց բացահայտել ամեն գնով չի կարելի՝  ցույց տալու համար, որ հանցագործությունը  բացահայտված է, չի կարելի»,- ասաց Ա.Զեյնալյանը:

Ըստ իրավապաշտպանի,  շատ վտանգավոր է նաև Քրեական դատավարության օրենսգրքում գործի վերաբացման, նորոգման երկու ինստիտուտների՝ նոր ի հայտ եկած փաստի և իրավունքի նորմի միաձուլումը, դրանք կոչվում են նոր ի հայտ եկած հանգամանք: Ա.Զեյնալյանը նշեց. «Այն, ինչ որ մենք հիմա ունենք,  ձեռք է բերվել Սահմանադրական դատարանի շուրջ 10 որոշումների արդյունքում,  այս ոլորտը կարգավորող նորմերի հակասահմանադրական ճանաչվելու արդյունքում:  Պատկերացնո՞ւմ եք ինչքան ջանք ու  եռանդ է ներդրվել այս իրավակարգավորումը ձեռք բերելու համար»,- ասաց Արտակ Զեյնալյանը՝ նկատելով, որ  Սահմանադրական դատարանի որոշումների, Եվրոպական դատարանի վճիռների կատարման   այսօրվա իրավակարգավորումները, այս ոլորտում ձևավորված իրավակիրառ պրակտիկան շատ առաջադիմական  է և համապատասխանում է Եվրոպայի խորհրդի հանձնարարականներին և շարժում է լուրջ եվրոպական, միջազգային տեսաբանների նախանձը:  Բայց նոր Քրեական դատավարության օրենսգրքով  ինստիտուտները՝ փաստն ու իրավունքը,  միավորվում են և երկուսի համար էլ պետք է լինի հայեցողություն՝  որպես այդպիսին գնահատել կամ չգնահատել:  «Ինստիտուտներն ահռելի ճանապարհ են անցել, չի կարելի այս աստիճան դիմադրել, հակառակվել Սահմանադրական դատարանին, ժողովրդին, իրավունքին ընդհանրապես»,- ասաց Ա.Զեյնալյանը:

Իրավապաշտպանը հայտնեց նաև, որ իրենք առաջարկություն են  ներկայացրել, որպեսզի մարդու  անձնական կյանքի հարգանքի իրավունքին դատարանի  որոշման հիման վրա  միջամտելուց հետո  և այդ միջամտության ժամկետների  ավարտվելուց հետո մարդն անպայման այդ մասին տեղեկացվի, որպեսզի նա կամ նրա ներկայացուցիչը մասնակցեն  այդ նյութերի ոչնչացմանը,  և մարդը միջամտության արդյունքում  կրած վնասը հատուցելու հնարավորություն ունենա: «Շատ լուրջ միջամտություն է և այն իրականացվում է աջ ու ձախ, ես չգիտեմ դեպք,  երբ դատարանը մերժած լինի կամ շատ բացառիկ դեպքերում կարող է  մերժի գաղտնալսումը, տեսաձայնագրումը, արտաքին և ներքին դիտումները: Որպես կանոն՝  դատարանն ընդամենը դակողի դեր է կատարում, որևէ մեկը չի մտածում ինչ իրավունքի է միջամտում, որքան է սա հիմնավոր, եթե միջամտությունը արվեց և որևէ բան չհայտնաբերվեց՝ ինչպիսի փոխհատուցում պետք է տրամադրվի այդ մարդուն»:

Ըստ իրավապաշտպանի, գործուն չեն նաև բնակարանի անձեռնմխելիության  իրավունքին միջամտելուց հետո այդ իրավունքի վերականգնման մեխանիզմները:

Արտակ Զեյնալյանը բացասաբար է  վերաբերվում Քրեական դատավարության նոր օրենսգրքի իրավակարգավորումն առ այն, որ այլևս մեղադրյալը իրավունք չունի սուտ ցուցմունք տալ՝  նա ցուտ ցուցմունք տալու համար վկաների ու տուժողների պես ենթակա պետք է լինի քրեական պատասխանատվության: «Մարդուն զրկել պաշտպանվելու հնարավորությունից շատ վտանգավոր է»,- գտնում է իրավապաշտպանը:

Փաստինֆո

 

Անկախ

Tags: , ,