Սևրի պայմանագիրը հայերին և քրդերին միավորող իրավական փաստաթուղթն է. քրդագետ

Սևրի պայմանագիրՄերձավորարևելյան հասարակական քաղաքական և տնտեսական հիմնախնդիրներն անմիջական ազդեցություն են թողնում այստեղ բնակվող էթնոդավանական փոքրամասնությունների, մասնավորապես` հայերի և քրդերի կենսագործունեության վրա:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս թեմայի շուրջ խոսեցին  իրանագետ Ռուդիկ Յարալյանը,  արաբագետ Սարգիս Գրիգորյանը և քրդագետ Վահրամ Պետրոսյանը:

Երեք մասնագետներն էլ ընդգծեցին հայ-քրդական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Ըստ նրանց` կարևորագույն և առաջնային խնդիր է նաև հայ-քրդական միջհամայնքային հարաբերությունների ուսումնասիրությունը, հատկապես` Մերձավոր և Միջին Արևելքի այն երկրներում, որտեղ առկա են հայկական և քրդական գործոնները:

Իրանագետ Ռուդիկ Յարալյանի խոսքով` քրդական գործոնի ակտիվացում հնարավոր չէ ակնկալել միանգամից Մերձավոր Արևելքի բոլոր քրդաբնակ տարածքներում, քանի որ  «մենք գործ ունենք տարբեր քաղաքական նպատակներ հետապնդող կուսակցությունների և խմբավորումների հետ»: «Իրանական քրդերի խնդիրը այլ է, քանի որ քրդերը ծագումով հանդիսանում են իրանական ժողովուրդ և,  ըստ էության, հակասություն, ինչպես Թուրքիայում և Սիրիայում, չի կարող լինել: Իրանական քրդերի պարագայում, իհարկե կլինեն ուժեր, որոնք տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները կփորձեն օգտագործել, որպեսզի ակտիվացնեն Իրանի ներքին իրադարձությունները: Սակայն Իրանի տարածքային ամբողջականությունը շատ կարևոր է մեզ համար, հակառակ դեպքում` դա շղթայական ազդեցությամբ կարող է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում», – ասաց նա:

Իսկ արաբագետ Սարգիս Գրիգորյանը գտնում է շատ կարևոր է կարգավորել հարաբերությունները Սիրիայում ապրող քրդերի հետ: «2011 թվականից հայերը և քրդերը իրենց դիրքորոշումը հայտնեցին սիրիական հակամարտության նկատմամբ; Հայերը, իհարկե, չեզոքության դիրքերից հանդես եկան. դա կապված էր նրա հետ , որ վստահություն կար ներկայիս իշխանությունների հանդեպ: Քրդերի դեպքում մի քիչ այլ էր: Նրանք այն ուժն են, որ այն տարածքում, որտեղ բնակվում են ունեն ինքնակառավարման մարմիններ և ինքնապաշտպանության ջոկատներ են ստեղծել, ընդ որում ` ռազմական փորձ ունեցող լուրջ համալրված զինյալներով, որոնք իրականացնում են այդ տարածքների պաշտպանությունը: Երևի թե դա միակ ուժն է, որ  տարածքներ չի կորցրել հակամարտության ընթացքում»: Ըստ Սարգիս Գրիգորյանի` ձևավորված իրողության կոնտեքստում պետք է զարգանան  փոխառնչությունները հայկական և քրդական համայքների միջև:

Թուրքագետ-քրդագետ Վահրամ Պետրոսյանն ասաց, որ հարկ է հաշվի առնել ոչ միայն հայ-քրդական համագործակցության ներուժը, որի ներքո կարելի է նշել Իրաքում քրդական կիսանկախ ֆեդերալ ինքնավար կազմավորման և Հարավային Կովկասում զույգ հայկական պետությունների` ՀՀ-ի և ԼՂՀ գոյության հանգամանքը, այլև կոնֆլիկտային պոտենցիալը, օրինակ` Քուրդիստանի ռեգիոնալ կառավարության թուրքական իշխանությունների համագործակցության իրողությունը: «Հայ-քրդական բարեկամություն ասելով` մենք նկատի չունենք պարզապես սիտուացիոն ձևով: Հայ և քուրդ ժողովուրդների բարեկամությունը սկսվել է դեռ 19-րդ դարում, երբ հայ և քուրդ գործիչները ձգտում էին համագործակցության: Որոշ հանգամանքների պատճառով դա չի ստացվել: Սակայն կա Սևրի պայմանագրի գործոնը, որը երկուսիս միավորող իրավական փաստաթուղթն է: Անկախ նրանից, թե ինչպես կզարգանան հարաբերությունները Իրաքյան Քուրդիստանի և Թուրքիայի միջև, իրավական բազայի կոնտեքստում նրանք հիմնվելու են այդ փաստաթղթի վրա», – ասաց Վահրամ Պետրոսյանը:

 

 Անկախ

 

 

Tags: , , ,