Եղունգներ կտրելու կարգն ու նշանակությունն Իրանում

եղունգներԻրանական ժողովրդական հավատալիքներում ասվում է, որ եղունգները ունեն հոգի,  կյանք և, ուստի, հատուկ խնամք է դրանց անհրաժեշտ:

Համաձայն այդ հավատալիքների, կտրատված եղունգները չեն փչանում, քայքայվում,  այլ  շարունակում են պահպանվել, քանզի որոշ  ժամանակ  անց  դրանք  կրկին  օգտագործվելու  են:

Կտրատված եղունգները պետք է թաղել կամ գաղտնի պահել, որպեսզի  ոչ  մի  թշնամի  կամ  կախարդ չկարողանա գտնել դրանք:

Այս  խորհուրդը եկել է իմամներից, այդ իսկ պատճառով շատերն են Իրանում հետևում  դրան: Իրանցիները հաճախ դնում  են  իրենց  կտրատված   եղունգները  դռան  շեմի  ներքևի մասում և ասում են հետևյալ խոսքերը` թող վիշտը գնա  և  ուրախություն գա, թող անհանգստությունը գնա և հաջողություն գա:

Այնուհետև  ալ-Դաջջալի (չար ուժ իսլամում) գալստյան օրը չթաղված եղուգները վերածվում են փշերի և խրվում մարդկանց  ոտքերին և շորերին, երբ  նրանք  դուրս են  գալիս  փողոց  տեսնելու այդ  գերբնական արարածին:

Այն  մարդիկ, ովքեր թաղել  են  իրենց  եղունգները, կփրկվեն դժոխքից և կգնան դրախտ:

Ոտքի  մատների  եղունգները ևս  հարկավոր է թաղել:  Ահեղ  դատաստանի  օրը   դրանք  ներկա կլինեն և վկայություն կտան այն մասին, որ իրենց տերը   ուխտագնացություն է կատարել: Որոշ դեպքերում դրանք թաղում են ինչ-որ  դամբարանի  դռան  առջև,  որպես  անհերքելի  ապացույց, որ  ուխտագնացություն են  կատարել:

Իրանական հավատալիքների համաձայն, հինգշաբթի օրը լավ  օր  է եղունգները կտրելու համար, քանզի նա, ով  իր  եղունգները  կտրում  է  հինգշաբթի օրը, երբեք չի  ունենա աչքի հիվանդություն:Ուրբաթ օրը ևս լավ օր է:

Եթե  եղունգները  արագ  են  աճում և շատ  են երկարում, իսկ  հինգշաբթի  օրը  մոտ  չէ,  դրանք  կարող են կտրել երկուշաբթի օրը:

Իրանում մի  տղամարդ, ով  հավատարիմ չէր  այս  պաշտամունքին, կտրում էր իր  եղունգները  չորեքշաբթի  օրը, իսկ  նրա  կինը շատ  էր  անհանգստանում, որ  շուտով  նրա  թեթևամտության  արդյունքում  մի   դժբախտություն կպատահի  և  խնդրում  էր  նրան  կտրել  իր  եղունգները միայն  հինգշաբթի օրը:

Եղունգներ  կտրելու  հատուկ  կարգ  գոյություն  ունի իրանական հավատալիքներում:  Պետք  է  սկսել  ձախ  ձեռքի  ճկույթից և վերջացնել աջ ձեռքի  ճկույթով:

Tags: ,