ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հայտարարությունը շատերին է զայրացրել

խանումյանՕրերս ԼՂՀ տարածքների և հայ-ադրբեջանական հակամարտության լուծման հարցի վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հայտարարությունը շատերին է զայրացրել: Ելույթում դեսպանը մասնավորապես նշել է, որ պետք է խնդրին խաղաղ լուծում տրվի և այլընտրանք չկա: «Ես և Ուորլիքն այն զգացողությունն ունենք, որ երկու կողմերն էլ երկու տարածքները դիտարկում են որպես մեկ ամբողջություն: Եթե նրանք այդ ընկալմամբ շարունակեն առաջնորդվել, ապա ոչ մի կարգավորում չի լինի: Պետք է ի վերջո հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի համար շատ կարևոր է, որ մյուս յոթ տարածքները վերադարձվեն Ադրբեջանին: Հակառակ դեպքում հակամարտությունը շատ երկար կտևի», - հավելել է ԱՄՆ դեսպանը: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի փոխնագահ Ջ. Ուորլիքի ելույթը, շարունակել է Հեֆֆերնը, երկու նպատակ է ունեցել: Նախ հանրային բանավեճի ձևավորում և այդ հարցում հաջողության է հասել, հետո ցանկացած բանակցությունների հիմքում անհրաժեշտ է ԼՂ և դրան շրջապատող տարածքների միջև տարբերակում:

 

 

Այդ հայտարարության բուն միտքը հասկանալու համար` զրուցեցինք Ստեփանակերտի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ, որը վստահեցրեց, որ ԱՄՆ դեսպանի՝ Արցախի տարածքները հանձնելու հայտարարությունը լուրջ վիրավորանք է` ուղղված հայ ժողովրդին և մասնավորապես Արցախի բնակչությանը:

 

«Իմ անձնական շփումներն ամերիկյան դիվանագետների, և մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի հետ ցույց են տալիս, որ վերջիններն այնքան էլ տեղյակ չեն իրողություններին, հայկական կողմի տեսակետներին, ինչը նաև բոլորիս թերացումն եմ համարում:Իսկ դեսպան Հեֆֆերնի հայտարարությունն անտեղյակության, անգրագիտության և հայ ժողովրդի նկատմամբ արհամարհանքի վկայություն է», – կարծիք  հայտնեց Հ. Խանումյանը:

 

Նրա խոսքերով` այդ հայտարարությունից հետո ՀՀ ԱԳ նախարարությունը պետք է դեսպանին շտապ հրավիրի արտգործնախարարություն և պարզաբանումներ ստանա: Այլ կերպ, նման պարագայում նախագահի մակարդակով դեսպանին չեն պատասխանում: Դժգոհության, բողոքի արտահայտման համար գոյություն ունի դիվանագիտական արարողակարգ, ինչպես, օրինակ` պարզաբանումների համար դեսպանին ընդունող երկրի ԱԳՆ հրավիրելը:

 

Մեր հարցին, թե ի՞նչ կարող ենք ակնկալել ԼՂՀ-ի հակամարտության լուծման ճանապարհին «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահը պատասխանել է. «Արցախյան հասարակության ներկայացուցիչների կողմից բազմաթիվ անգամ է հնչել, որ անհրաժեշտ է հակամարտության կարգավորման գործընթացին զուգահեռ ակտիվ քայլեր ձեռնարկել Արցախի ճանաչման ուղղությամբ: Քայլերի ճանաչման ուղղությամբ և վերաբնակեցման քաղաքականության վերսկսելու կարևոր երկու քայլ, որոնք էականորեն ամրացնելու են մեր դիրքերը: Մինչդեռ, ցավոք սրտի, վերջին 6-7 տարիներին վերաբնակեցման ակտիվ քաղաքականություն չի վարվում»:

Tags: , , ,