Երեխայի խնդիրների հիմքում ընկած է ծնողների և շրջապատի ազդեցությունը. հոգեբան

Իրինա Խանամիրյան-1Երեխայի խնդիրների մեծ մասի հիմքում ընկած է ծնողների և շրջապատի ազդեցությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Իրինա Խանամիրյանը:

Նա նշեց, որ երեխաների ագրեսիվությունը վերջին տարիներին շատացել է. «Ինձ հաճախ են դիմում ագրեսիայի խնդիրների պատճառով, ցավոք դա շատ տարածված  է: Երեխան հենց այնպես չի ունենում վարքային խնդիրներ: Պետք է հասկանանք` ինչն է հուզում նրանց և փորձենք օգնել: Երբեմն ծնողներն իրենք են հասցնում նրան, որ երեխան լալիս է: Կան նաև ամուսնալուծության հետ հետևանքով  առաջացած խնդիրներ: Այդ պատճառով մենք խորհուրդ ենք ամուսնալուծությունը այնպես անել, որ նվազագույն կերպով անդրադառնա երեխաների վրա», -ասաց հոգեաբանը:

Ըստ նրա` խնդիրների պատճառները տարբեր են լինում, և ծնողը միշտ հետամուտ պետք է լինի դրանք հայտնաբերելու: Երեխաների հոգեկան և ֆիզիկական առողջություն վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք ենք ծնողները, շրջապատը, համացանցը սերիալները, հեքիաթները, մուլտֆիլմերը և այլն:  Բոլորի ազդեցությունն էլ կարելի է դրականի վերածել, եթե ծնողը ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով դրանք մատուցի երեխային:

Մուլտֆիլմերը մեծ  ազդեցություն են ունենում: Երբեմն երեխաները ժամանակակից մուլտֆիլմերի ուղերձները չեն կարողանում ընկալել  և  նրանց մոտ հոգեբանական խնդիրներ են ձևավորվում:

Շատ կարևոր գործոն են նաև հեքիաթները, քանի որ, ըստ էության, դրանք փորձի փոխանակում են սերունդից սերունդ: «Հեքիաթներն այնպիսի որակներ են տալիս, որոնք անհրաժեշտ են անձի ձևավորման համար: Կարևոր է, որ ծնողը կողմնորոշվի, որ տարիքում ինչ հեքիաթ կարդալ: Նախադպրոցական տարիքում ճիշտ է կենդանիների մասին հեքիաթներ պատմել: Դա բարոյական կրթության զարգացման տարիք է, նա այդ տարիքում է սովորում ճիշտն ու սխալը, բարոյական նորմերը: Իսկ կենդանիների մասին հեքիաթներում դա կա»,- ասաց Իրինա Խանամիրյանը:

Նրա խոսքով ` երեխաների վրա շատ վատ են անդրադառնում սերիալները. «Այն, ինչ հիմա նրանք սերիալներում տեսնում են, ուղղակի սարսափելի է: Դրանք բացարձակապես  չեն նպաստում առողջ անձի ձևավորմանը: Բայց արդյունքում ծնողը հայտնվում է երկու քարի արանքում, որովհետև, եթե թույլ չտա նայել, երեխան   հետ է մնում հասարակությունից, մյուս կողմից` եթե թույլ տա նախօրոք գիտի , թե դա ինչ ազդեցություն է թողնելու:  Երեխայի զարգացման համար շատ կարևոր է հերոսի առկայությունը: Տեսեք` ովքեր են սերիալներում հերոսներ. անկիրթ, ագրեսիվ անձինք», – ասաց հոգեբանը` հավելելով. «Հարցը պետք է պետական մակարդակով լուծել, պետք է հասկանալ ինչ սերունդ ենք ցանկանում դաստիարակել: Այսօրվա սերիալները ոչ մի կերպ չեն նպաստում անձի ճիշտ դաստիարակմանը»:

 

Անկախ

Tags: , ,