Անձնագրերի գումարները հօգուտ Հայաստանի՞

Ինչպես մարդիկ, այնպես էլ Հայաստանի գրեթե բոլոր ոլորտները լի են բազում թերություններով, նախ և առաջ` մարդկային գործոնի պատճառով: Պարզելու համար, թե ինչպես են ՀՀ քաղաքացիները նոր անձնագրեր (կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր և նույնականացման քարտ) ստանում, այս անգամ այցելեցինք Ներքին Շենգավիթի անձնագրային բաժանմունք:

Ժամը մոտավորապես 15:00 էր: Ամառվա շոգին կուտակված մարդիկ առավոտից կանգնած սպասում էին իրենց հերթին: Մթնոլորտն ավելի քան լարված էր, իսկ քաղաքացիները բողոքում էին, որ ընդամենը մեկ աշխատող էր իրենց սպասարկում, այն էլ դանդաղ: Մի քանի րոպե անց մարդկանց աղմուկից մոտեցավ վերադասներից մեկն ու հարցրեց, թե ինչ է պատահել, սակայն իրարանցումն այդպես էլ չդադարեց: Քաղաքացիներին վստահեցնում էին, որ երկու անձնագրերի միաժամանակ ձեռքբերումը պարտադիր է, իսկ վերջում, բացի նվազագույնը 25.000 և 3.000 ՀՀ դրամներից, «Տանդեմ Փեյմինթս» կոչվող մի ընկերություն յուրաքանչյուր անձնագրի դիմաց 300 ՀՀ դրամ էր գանձում` որպես սպասարկման գումար: Մինչդեռ սպասարման որակի մասին խոսքերն ավելորդ էին:

Պարզելու համար, թե ինչ է իրականում կատարվում`խոսեցինք «Տանդեմ» ընկերության հետ, որի գլխավոր հաշվապահ Լիաննա Մանուկյանը մեզ հավաստիացրեց, որ ընկերությունը ՀՀ ոստիկանության հետ կնքած պայմանագիր ունի և այն օրինական է գործում, իսկ գանձվող գումարները (մինչև 1000 ՀՀ դրամի դեպքում` 100 դր, 1001 և ավելի ՀՀ դրամի դեպքում` 300 դր) ընդամենը միջնորդավճար են և միտված են քաղաքացիների գործը հեշտացնելուն:

«Ոստիկանությունը տեղյակ է այդ մասին և մենք ոչ մի անօրինական գործ չենք անում: Իսկ մեր ընկերության գումար գանձելու սարքերը տեղադրված են բոլոր շրջանների անձնագրային բաժանմունքներում, և ոչ միայն», – մեզ հետ զրույցում ասաց Լ. Մանուկյանը: Մեր հարցին, թե ո՞ւր են ուղղվում գանձված գումարները` գլխավոր հաշվապահը մի փոքր մտորելուց հետո պատասխանեց. «Այդ փողերը գնում են մեր ընկերություն»:

Հարցի իրողությունն ավելի լավ հասկանալու համար` փորձեցինք կապ հաստատել նաև ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ, սակայն այնտեղի աշխատակիցներից մեկը չցանկացավ պատասխանել մեր հարցերին և ասաց, որ զանգահարենք ոստիկանության թեժ գիծ: Թեժ գծի աշխատակիցն էլ իր հերթին հավաստիացրեց, որ այդօրինակ հարցերին միայն պատասխանում է ոստիկանության լրատվության և հասարակայնության   հետ կապերի վարչությունը: Մեր խիստ հարցարդրումից հետո ստիպված փոխանցեցին ՀՀ  ոստիկանության  լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի հեռախոսահամարը, որից անմիջապես հետո կապ հաստատեցինք տվյալ վարչության պետի տեղակալ Արմեն Մալխասյանի հետ:

Ըստ համապատասխան վարչության` անձնագրային ծառայություններում վճարային տերմինալների նախատեսումը քաղաքացիների տեղում վճարումները կատարելու համար են: Սակայն դա չի նշանակում, որ դիմումատուն պարտավորված է կատարել վճարումը նշված եղանակով: Վճարման եղանակի ընտրությունը պատկանում է քաղաքացուն՝ այն իրականացնել համապատասխան բանկերի՞, թե՞ տերմինալների միջոցով:

«Վճարումներ կատարելու սպասարկման դիմաց գանձվող լրացուցիչ գումարի տնօրինման  և ծախսման ուղղությունների որոշումը դուրս է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության իրավասությունից: Առաջարկվում է նշված խնդրի կապակցությամբ պարզաբանում ստանալու համար դիմել իրավասու մարմիններին: Ինչ վերաբերում է նույնականացման քարտին` որպես ՀՀ քաղաքացու ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, ապա այն նախատեսված է միայն ՀՀ տարածքում օգտագործելու համար: Նույնականացման քարտ ստանալու համար չի պահանջվում կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի առկայություն: Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է  16 տարին լրանալու օրվանից», - տեղեկացրել է ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունը:

 Անկախ

ՀԿԼ վարչության փոխանցմամբ` ի  տարբերություն նույնականացման քարտի` կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը հիմնականում օգտագործվում է ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու համար: Նշված անձնագիրը քաղաքացուն տրվում է անկախ տարիքից: 16 տարին լրացած անձանց կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր տրամադրելու համար հիմք է նույնականացման քարտի առկայությունը: Վարչարարությունը պարզեցնելու նպատակով, այն դեպքում, երբ անձը չունենալով նույնականացման քարտ ցանականում է ստանալ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր, երկու դիմումները ընդունվում են միաժամանակ:

Մեր հարցին` ո՞ւր են ուղղվում նորատեսակ անձնագրերի գումարները և ինչպե՞ս վստահ լինի քաղաքացին, որ այդ գումարները գնում են պետբյուջե` ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից պատասխանեցին. «Նույնականացման քարտերի և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համար նախատեսված վճարները սահմանված են «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքով և որպես գանձվող պետական տուրք, համապատասխան նախահաշիվների համաձայն` ծախսվում են պետական կարիքների համար»:

Եթե Հայաստանում օրենքը չի գործում հօգուտ քաղաքացիների, ապա յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ամեն քայլ կատարելիս պետք է նյարդերի ամբողջ լարվածությամբ պաշտպանել  սեփական իրավունքները:

 

Ելենա Չոբանյան

Tags: , ,