Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի գնդակային հրաձգության բաց առաջնությանը մասնակցել է 60 մարզիկ՝ առանց տարիքային սահմանափակման:
Նշենք, որ այս մրցաշարը մեր մարզիկների համար վերջին ստուգատեսն էր օգոստոսին Նանջինգում կայանալիք <<Պատանեկան օլիմպիական խաղերից>> և սեպտեմբերին կայանալիք <<Աշխարհի առաջնությունից>> առաջ:
Օլիմպիական վարկանիշ ձեռք բերած Զավեն Իգիթյանը և Հրաչիկ Բաբայանը բավականին լավ արդյունքներ են ցույց տվել, ավելին՝ Հրաչիկ Բաբայանը գրանցել է ՀՀ նոր ռեկորդ՝ գերազանցելով իր իսկ սահմանած հայաստանյան ռեկորդը և կրկնելով Ուկրաինայում սահմանածը: Նա օդամղիչ հրացան 10 մ տղամարդկանց վարժությունում 600 հնարավորից խոցել է 599 միավոր, որը լուրջ հայտ է Օլիմպիադայի և աշխարհի առաջնության համար:
Նոր ռեկորդի հեղինակ է դարձել նաև Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանը, որը վազող թիրախ՝ խառը վազք, 10մ, կանանց վարժությունում 400 հնարավորի խոցել է 376 միավոր:
Հաղթողները պարգևատրվել են մեդալներով, դիպլոմներով և ֆուտբոլային տարին խորհրդանշող գնդակ-հուշանվերներով՝ լեգենդար հրաձիգների ստորագրությամբ (Գագիկ Զոհրաբյան, Սեյրան Նիկողոսյան, Գագիկ Մելոյան և այլն):
Պարգևատրվել են նաև հաղթող հրաձիգների մարզիչները: