Կինոն երկրորդական բան է ինձ համար. Հայաստանում է Օթար Իոսելիանին

Օթար Իոսելիանի  «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի հյուրընկալել է հանրաճանաչ Օթար Իոսելիանուն: Վրացի ռեժիսորի 80-ամյա հոբելյանին նվիրված ծրագրի շրջանակներում կցուցադրվեն «Տերևաթափ»,  «Ապրում էր մի երգող կեռնեխ», «Հովվերգություն» և «Խաժամուժ» ֆիլմերը:

«Կինոն ինձ համար երկրորդական բան է. մի քանի անհրաժեշտ բաներից մեկը: Սակայն, ցավոք, ուրիշ բան չեմ կարողանում անել», – ասաց ռեժիսորը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա պատմեց, որ իրենից երկար ժամանակ է պահանջվել  ռեժիսորի մասնագիտությունը ընտրելու համար. «Ցանկանում էի երաժիշտ դառնալ, սակայն մի օր, երբ սենյակումս պարապում էի, հորեղբայրս ներս մտավ, նայեց ինձ ու ասաց. «Այդպես էլ ամբողջ կյանքումդ ուրիշների տեսքտե՞րն ես կարդալու»: Ես հասկացա նրա միտքը, որովհետև նա ճիշտ էր: Գուցե դա նրանից էր, որ ես Ռիխտեր չէի դառնալու: Հետո ընդունվեցի Մոսկվայի համալսարանի Մաթեմատիկայի բաժինը: Մի օր ռազմական հանձնաժողով եկավ ընտրելու լավագույն ուսանողներին. ես գիտեի նրանք զենք են ուզում պատրաստել, ռումբեր: Նրանք ուզում էին ինձ հետ անել այն, ինչ Սախարովի հետ արեցին: Եվ ես թողեցի մաթեմատիկան ու, ի վերջո, ընտրեցի ռեժիսուրան»:

Մոսկվայում Խորհրդային տարիներին այնքան էլ հեշտ չէր աշխատել այն ռեժիսորների համար, ովքեր ազատ միտք ունեին և չէին ուզում զբաղվել կուսակցության քարոզով: Սակայն լավ ֆիլմեր,  այնումենայնիվ, նկարահանվում էին, չնայած կառավարության Ճնշմանը և դրանք արգելվելու վտանգին:  Այդպիսի ճակատագրի արժանացան Օթար Իոսելիանու առաջին ֆիլմերը, այն նույն ֆիլմերը, որոնք այժմ այդ տարիներին ստեղծված լավագույն գործերի շարքում են դասվում: «Հակախորհրդային ֆիլմեր նկարահանելը, իհարկե, իր պատիժը կունենար, սակայն  «ոչ խորհրդային» ֆիլմեր ստեղծելը հնարավոր էր », –  նշեց ռեժիսորը:

Ներկայումս նա աշխատում է Ֆրանսիայում, սակայն ապրում է Թբիլիսիում:

Խոսելով Հայաստանի մասին` Օթար Իոսելիանին ասաց, որ չի կարող չնկատել, որ Երևանը պարզապես այլանդակվել է և այնպիսին չէ, ինչպես նախկինում. «Երևանը համեստ, բայց գեղեցիկ ճարտարապետություն ուներ այն ժամանակ:  Ես այստեղ եղել եմ մի քանի անգամ,  վկա եմ եղել այն բանին, թե ինչպես է կառուցվել ձեր կեղծ տաճարը` Գառնին: Դե, դա ավիրվել էր, բայց նորից կառուցեցին: Սակայն առաջին հերթին մարդիկ են փոխվել: Հիշում եմ` մի անգամ նստած էի շատրվանների մոտ և խմում էի. մի փոքր հեռու հայեր էին նստած, զրուցում էին: Հանկարծ նրանցից մեկը մոտեցավ ինձ ու ասաց. «Դուք արդեն կարծես թե շատ եք խմել: Եկե´ք միացեք մեզ, միասին շարունակենք: Ահա այդպիսին էին մարդիկ այն ժամանակ»:

Նա նշեց, որ նման փոփոխություններ տեսնում է նաև Վրաստանում: «Թբիլիսին հայկական քաղաք էր: Ես մեծացել եմ հայերի շրջապատում: Սակայն  եկավ ժամանակ, երբ նրանք հեռացան: Հայերը գնացին, մտավորականությունը գնաց: Քաղաքը դատարկվեց: Քայլում էինք փողոցում և ոչ ոք մեզ չէր ճանաչում: Բայց դա բնական է. երբ գնում ես այլ երկիր, պետք է պատրաստ լինես, որ հայրենիք գալով արդեն արտասահման ես հայտնաբերելու», – ասաց Օթար Իոսելիանին:

 

 Անկախ

Tags: ,