Համշենահայերն իրենց իրական ծագման հարցում կասկածների ու որոնումների մեջ են

Համշենահայերի շրջանում իրենց` հայ չլինելու գաղափարի տարածումը Թուրքիայի կողմից հետևողականորեն շարունակվում է:

Համշեն

Թուրքիայի Հոպա քաղաքից Հայաստան ժամանած համշենահայեր Ասլան Ջանջը և Ռեմզի Գեդիքը այսօր լրագրողների հետ զրուցեցին համշենահայերին հուզող խնդիրների, ինչպես նաև վերջերս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման` Հոպայում ծրագրած միջոցառման չկայանալու պատճառների մասին։

Համշենահայերի՝ Հայաստան ժամանելու նպատակը զբոսաջրջությունն է, համշենահայերի ու  հայերի միջև մշակութային, պատմական առնչություններին անմիջականորեն ծանոթանալը։

Ասլան Գանջը, ով աշխատում է Հոպայի քաղաքապետարանում,  Հայաստանում է արդեն 3-րդ անգամ։ Այս անգամ եկել է գնացքով, ընկերների հետ, որոնց թվում է նաև  Հոպայում ծնված Ռեմզի Գեդիքը:

Համշենահայերը, նրանց տեղեկացմամբ, հիմնականում թեյի մշակմամբ են զբաղվում, աշխատում տրանսպորտի, առևտրի ոլորտներում, զբաղվում  անասնապահությամբ, թեև մի ժամանակ անասնապահությունը համշենահայերի շրջանում ավելի տարածված էր:  Բանախոսների տվյալներով` Թուրքիայում շուրջ 35-40հզ. համշենահայ է ապրում, սակայն համշենահայերենը մոռացության  է մատնվում և ոչ բոլոր հայերն են խոսում հայերենով:

Համշենահայերը կարևորեցին սակայն Թուրքիայում համշենահայերի մշակութային և այլ ավանդույթների, լեզվի պահպանման խնդիրը հանձն առած “Ստամբուլի “Հատիկ” կազմակերպության դերը, որն արդեն 2-րդ անգամ փառատոն է կազմակերպում, նախաձեռնում այլ միջոցառումներ: Մոտ ամիսներին կհրատարակվի նաև առաջին համշենակայկական` “Գոր”  (համշենահայերեն` հավաքական աշխատանք) ամսագիրը Թուրքիայում:

Ասլան Ջանջը  նշեց, որ համշենահայերի շրջանում նրանց` հայ չլինելու գաղափարի տարածումը Թուրքիայի կողմից հետևողականորեն շարունակվում է, օրինակ` Թուրքիայի  պատմաբան Քիրզիօղլուն անընդհատ տարածում է, որ համշենահայերը ծագել են օղուզական ցեղերից, “և սա բնականաբար իր ազդեցությունն է ունենում նաև բնակչության շրջանում,  որոնումների մեջ են ընկնում, կասկածներ ունենում իրենց ծագման հարցում, սակայն համշենահայ երիտասարդները, ստանալով կրթություն, ուսումնասիրում են խնդիրը, հետաքրքրվում իրենց իրական արմատներով”,-նշեց Ասլան Ջանջը :

Ցեղասպանության հարցում մոտեցումը միանշանակ է. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ոչ միայն հայերի, այլ նաև ասորիների, հույների և այլն: Ըստ նրանց` այս  պետք է լուծվի երկու պետությունների միջև:

“Անկախ”-ի այն հարցին, թե համշենահայերն ինչպե՞ս են անվանում իրենց զավակներին, կա՞ն ավանդական հայկական անուններ, բանախոսները պատասխանեցին, որ 17-18րդ դարում համշենահայերի իսլամացման հետևանքը թուրքական անուններն են, բացառությամբ որոշ համշենահայերի, որ իրենց զավակներին կոչում են հայկական անուններով` Արեվ և այլն:

Ինչ վերաբերում է վերջերս Հոպայում տեղի ունեցած միջադեպին, ապա համշենահայերը տեղեկացրին, որ “Իրանի իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորմանը հարող կազմակերպության ներկայացուցիչները Հոպայում Ռամադանի կապակցությամբ  “Իֆթարի” (սուրբ) սեղան բացելու ցանկության են ունեցել, սակայն բնակչությունը, տեղյակ լինելով, որ այդ կազմակերպության ներկայացուցիչները կապ ունեն իսլամական ծայրահեղական կազմակերպության հետ, կանխել են  այդ նախաձեռնությունը:

Tags: , , , , , ,