ՀԱՄԱՍ-ը նոր հովանավոր է փնտրում. արաբագետ

DSC08969 (1)Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունները սպառնում են տարածաշրջանի քրիստոնեական համայնքներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Եթե դարասկզբին մասնագետները գտնում էին, թե իսլամական արմատական գործողություններն անկում են ապրում և 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը դիտարկում որպես վերջակետ, ապա հիմա հակառակ միտումներն են նկատվում; «Մերձավոր Արևելքում 3 թեժ գծում այդ խմբավորումները ակտիվ գործողություններ են ծավալում. դրանք են` Իրաքը, Գազայի հատվածը և Սիրիան, որն անտեսվում է, ինչը սխալ է, քանի որ այնտեղ կատարվում են բավականին լուրջ գործընթացներ: Երեքի դեպքում էլ կա ընդհանրություն. հակամարտության կողմերից մեկը պետություն է, մյուսը իսլամիստական արմատական կազմակերպություն», – նշեց Սարգիս Գրիգորյանը:

Ըստ նրա` սա վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի համար գլոբալ առումով, այլև քրիստոնեական և էթնիկական փոքրամասնությունների համար: «Վերջին շրջանում Իրաքում և Սիրիայում հաստատված «Իսլամական պետություն» խմբավորումը քրիստոնյաների նկատմամբ կոնկրետ քաղաքականություն է սկսել վարել. նրանց տներին նշաններ են դնում, հայտարարում, որ նրանց ունեցվածքը իրենց է պատկանում և պահանջում գլխահարկ»:  Արաբագետի խոսքով` նրանց դեմ դժվար է` պայքարել, քանի որ այդ խմբավորումը էներգակիրներով հարուստ տարածքներ է գրավել, այսինքն` ֆինանսապես կախյալ վիճակում չէ:

Նման առավելությունից զրկված է Գազայում գործող ՀԱՄԱՍ խմբավորումը, որը ֆինանսավորվում է արտաքին ուժերի կողմից: Դրա կենտրոնը նախկինում Դամասկոսում էր, սակայն վերջին իրադարձություններից հետո այն տեղափոխվեց Քաթար: Ըստ արաբագետի` Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը վերսկսվեց, քանի որ այդ խմբավորումը նոր հովանավոր է փնտրում. «ՀԱՄԱՍ-ի առաջնորդները կրկին հայտարարում են, թե «գցելու են իսրայելցիներին ծովը»:  Նրանք փորձում են ցույց տալ, որ լուրջ գործոն են տարածաշրջանում: Եվ կարծես, թե դա նրանց հաջողվում է. երեկ ԱՄՆ-ը 24 ժամով դադարեցրեց չվերթները դեպի Թել Ավիվ: Իսրայելը իր հերթին փորձում է ճնշել իսլամիստական արմատական խմբավորումներից եկող վտանգները», – նշեց նա:

 

Անկախ

Tags: , , ,