Ամերիկյան «Բոինգ» ավիաընկերությունը պայմանագիր է կնքել իրանական «Իրան Էյրի» հետ

300_boeingԱմերիկյան «Բոինգ» ավիաընկերության նախագահի տեղակալ Թոմաս Փեյքրինգը տեղեկացրել է, որ «Բոինգը» պայմանագիր է կնքել իրանական «Իրան էյր» ընկերության հետ` դառնալով առաջին ամերիկյան ընկերությունը, որն իսլամական հեղափոխությունից հետո (1979)  նմանօրինակ համագործակցություն է սկսել Իրանի հետ:
Ըստ պայմանագրի, «Բոինգը» «Ւրան Էյրին» կմատակարարի պահեստամասեր և նավիգացիոն սարքավորումներ:
«Բոինգ» ավիաընկերության նախագահի տեղակալը հայտնել է, որ իրենք այժմ բանակցում են նաև իրանական «Իրան էյր-տուր» ընկերության հետ և, ամենայն հավանականությամբ, կողմերի միջև առաջիկայում նմանատիպ պայմանագիր կստորագրվի:
«Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների, շրջափակումների նվազեցումը կնպաստի, որպեսզի ակտիվորեն համագործակցեն ամերիկյան «Բոինգը» և իրանական ավիացիոն ընկերությունները»,- ասել է Թոմաս Փեյքրինգը:
Տեղեկացնենք, որ 2014-ի ապրիլին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը որոշում էր կայացրել և թույլատրել «Բոինգ» ընկերությանը պահեստամասեր վաճառել իրանական կողմին: Նախարարությունն այդ որոշումն ընդունել էր  Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունների շրջանակում:
Ուշագրավ է, որ ամերիկյան «Բոինգը» մտադիր է Իրանի շուկայից դուրս մղել ֆրանսիական «Էյրբասին»։
Նորություն չէ, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի օրոք մեր հարևան երկիրը կտրուկ վերանայել   է արտաքին քաղաքականության ասպարեզում տասնամյակներով կարծրացած իր  մի շարք դիրքորոշումներ:
ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ապասառեցումը կարող է դառնալ այդ քաղաքականության առաջին ծիլերից մեկը։ Այդ զարգացումները հանգեցրել են նրան, որ ամերիկյան ընկերությունները, չսպասելով դիվանագիտական հարթության վրա հարաբերությունների կարգավորմանը, ակտիվորեն գործունեություն են սկսել Իրանում։ Դա  անհնարին էր պատկերացնել դեռ մեկ տարի առաջ։

Այս թեման այժմ ամենաքննարկվողն է միջազգային բոլոր վերլուծական, փորձագիտական և քաղաքական շրջանակներում։ Այնքան անսպասելի է, որ շատերը խուսափում են բարձրաձայն կարծիք հայտնել, թե ինչպես կարող էր այս ամենը կատարվել նման կարճ ժամանակահատվածում։ Ամերիկյան գործարար շրջանակներն ավելի շուտ են ընկալել այս գործընթացների հեռանկարը և առանց ավելորդ աղմուկի 80 միլիոնանոց շուկա հանդիսացող Իրանում սկսել են վերականգնել իրենց դիրքերը։ Ուշագրավ է, որ այս առումով ավիացիոն ոլորտը միակը չէ:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ