ԱՐՏԵՄ ՄԻԿՈՅԱՆ…Երբ դժվարությունները թվում են անհաղթահարելի և խոչնդոտները բազմապատկվում են, նշանակում է` հաջողությունը մոտ է:

ԱՐՏԵՄ  ՄԻԿՈՅԱՆ

Կան անհատներ, ովքեր համաշխարհային ճանաչում ունենալով, համարվում են ազգի, ժողովրդի պարծանքն ու այցեքարտը: Նման անհատներից է աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ԽՍՀՄ ինժեներատեխնիկական զորքերի գեներալ-գնդապետ, ԽՍՀՄ ռեակտիվ ավիացիայի հիմնադիրներից, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող Անուշավան (Արտեմ) Հովհաննեսի Միկոյանը:

Արտեմ Միկոյանի կոչումները թվարկածով չեն ավարտվում. նա ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է (1968), Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, վեց անգամ արժանացել է Ստալինյան մրցանակի, Լենինյան մրցանակի դափնեկիր, Կարմիր դրոշի շքանշանակիր, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանակիր,  ինչպես նաև` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 3-8-րդ գումարումների պատգամավոր է եղել…

Արտեմ Միկոյանի գլխավորությամբ մշակված ու նախագծած ինքնաթիռներով համաշխարհային շուրջ 60 ռեկորդ է սահմանվել, որոնց մի զգալի մասը մնում է չգերազանցված:

Մեծ հայորդին ծնվել է 1905 թվականի հուլիսի 23-ին Լոռու Սանահին գյուղում, ատաղձագործ Հովհաննես Միկոյանի ընտանիքում:

Միկոյանների ընտանիքը բազմանդամ էր. Անուշավանը ընտանիքի հինգերորդ զավակն էր: Հայրն աշխատում էր Ալավերդու պղնձի կոմբինատում, մայրը` Թալիդան, համագյուղացիների պատվերով կար էր անում:

Խոսելով իր ընտանիքի մասին, մեծ ավիակոնստրուկտորը հետագայում ժպիտով պատմում է մի զավեշտալի դեպք: Սանահին գյուղում ընդունված ու հաստատված էր, որ երեխային մկրտելու համար քահանային վճարում էին մեկ ռուբլի: Սակայն չգիտես ինչու, այս անգամ նորածնին մկրտելու համար ծխական քահանան կրկնակի վճար է ուզում, և հայրն ստիպված էր վճարել…

Անուշավան Միկոյանի մանկությունն անցավ հայրենի գյուղում` Լոռվա սարերում: Ընտանիքի հոգսը թեթևացնելու համար պատանին այծերն էր արածեցնում գյուղի անտառներում: Նա նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում: Հետագայում նրա ուսուցիչ  Հովսեփ Գալստյանը լավ էր հիշում իր աշակերտին․

- Նա հետաքրքրությամբ, կարելի է ասել, սիրով էր հաճախում դպրոց։ Քամու նման արագաշարժ էր, բայց շատ ուշադիր։ Երբեք թույլ չէր տալիս իրեն հանկարծակիի բերել։ Սովորում էր նախանձելի ջանասիրությամբ։ Ինչ-֊որ արտակարգ շնորհք ուներ ըմբռնելու, կռահելու, թե ի՞նչ պետք է անել հետո:

1918 թվականին մի դիպված կանխորոշեց Անուշավան Միկոյանի ճակատագիրը: Թուրքական բանակը գրավել էր Լոռին: Սանահինի բնակչությունը քաշվել էր սարերը: Ամառային մի օր, սարերում հարկադրաբար վայրէջք է կատարում ՙՖարման՚ տիպի մի ռազմական ինքնաթիռ: Մինչ օդաչուն կարգի էր գցում շարժիչը, երեխաները շրջապատել էին ինքնաթիռն ու հետաքրքրությամբ զննում էին այն: Այդ օրվանից պատանին ուխտեց, որ պետք է թռչի…

1919 թվականին, հոր մահից հետո տակավին պատանի` հաստատվել է Թիֆլիսում, իր բարեկամուհի Վերգինե Թումանյանի տանը և այնտեղ շարունակել ուսումը: Շուտով սակայն, 1923 թվականին տեղափոխվել է Դոնի Ռոստով, ավագ եղբոր` Անաստաս Միկոյանի մոտ ու սովորել Դոնի Ռոստովի արհեստագործական ուսումնարանում: Ուսումնարանն ավարտելուց հետո Անուշավան Միկոյանն աշխատանքի է անցնում Կրասնի Ակսայ գործարանում որպես խառատի աշակերտ: Սակայն արհեստավոր դառնալը չէր նրա մղումը: Նա ուսման ծարավը հագեցնելու համար ուզում էր տեղափոխվել Մոսկվա և 1924 թվականին ուղևորվում է մայրաքաղաք: Եղբոր միջամտությամբ նրան ընդունում ու ապաստան է տալիս Ստեփան Շահումյանի այրին` Եկատերինա Սարգիսովան:

Մոսկվայում Միկոյանը  ընդունվեց աշխատանքի, հրաժեշտ տվեց Շահումյանի այրուն, բայցև հրաժարվեց տեղափոխվել եղբոր` Անաստաս Միկոյանի բնակարան ու հաստատվեց գործարանի դռնապանի տան խոհանոցի մի անկյունում:

Զրկանքներն ու ծանր աշխատանքը անհետևանք չմնացին: Անուշավանը հիվանդացավ թոքախտով` այն ժամանակվա համար վտանգավոր հիվանդություն:

Որոշ ժամանակ որպես խառատ աշխատելուց հետո 1928 թվականից Անուշավան Միկոյանը ծառայում է խորհրդային բանակում, մեկ տարի անց ուսման անցնում Օրյոլ քաղաքի տանկային ուսումնարանում, որ կազմավորել էր Սուրեն Ստեփանի Շահումյանը, ապա զորացրվելուց հետո Սուրեն Շահումյանի խորհրդով ընդունվում և 1936 թվականին ավարտում է Մոսկվայի Ժուկովսկու անվան Ռազմաօդային ճարտարագիտական ակադեմիան: Հենց Շահումյանն իր դիրքով ու ազդեցությամբ նպաստեց Միկոյանի` ակադեմիա ընդունվելուն, քանզի վերջինս անգամ միջնակարգ կրթություն չուներ: Բայց դա չխանգարեց ուսանող Միկոյանին` ագահորեն կլանել գիտելիքն ու լրացնել պակասը: Շուտով նա ակադեմիայի ուսանողների առաջատարներից դարձավ:

Դեռևս ուսանողության տարիներին` 1935 թվականին, Անուշավան Միկոյանն իր ընկերների հետ ստեղծեց առաջին ինքնաթիռը` Օկտյաբրյոնոկը: Ապա ընկերների հետ նախագծեց ԽԱԻ-1 մարդատար ինքնաթիռը, որ սակայն ավելի մեծ արագություն էր զարգացնում, քան ժամանակի ռազմական ինքնաթիռները: Դա մեծ հաջողություն էր: Սակայն դեռ ամեն ինչ առջևում էր:

Ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո նա աշխատանքի անցավ Ժուկովսկու անվան ավիագործարանում: Անուշավան Միկոյանի Հետագա ողջ կյանքն ու գործունեությունը կապված էին հենց այս գործարանի հետ:

Անուշավան Միկոյանը Մոսկվայում եղբոր` Անաստասի տանը հանդիպեց իր սիրուն` Զոյա Իվանովնա Լիսիցինային ու 1936 թվականի փետրվարի 23-ին գրանցվեց նրանց ամուսնությունը: Եղբոր ընտանիքի մասին Անաստաս Միկոյանը հետագայում իր հուշերում գրել է.

«Արտեմ Իվանովիչը ընտանիքի լավ հայր էր։ Նա մեծ ու լավ ընտանիք ունի։ Երբ առաջին անգամ մեր տուն բերեց Զոյա Իվանովնային, նա լավ տպավորություն գործեց։ Շատ հաճելի կին էր, բայց հաճելի կանայք շատ կան, իսկ մեր ընտանիքներն ունեն իրենց սովորություններրը, իրենց բարքերը։ Կհարմարվի՞ արդյոք։ Նա հազվագյուտ, հիանալի կին դուրս եկավ։ Նա կարողացավ ռուս կնոջ լավագույն գծերը զուգորդել հայ կանանց լավագույն սովորությունների հետ։

Օրինակ, հատկանշական է թեկուզ այն, որ երբ մեր գյուղից որևէ մեկը գալիս էր Մոսկվա, այցելում էր Արտեմ Իվանովիչին։ Այդպես է մեզ մոտ ընդունված՝ եկողը անպայման այցելում է։ Ինձ մոտ գալը, ասենք, բարդ էր՝ անցագիր էր հարկավոր, իսկ նրանց մոտ հեշտ էր։ Եվ Զոյան միշտ բոլորին ընդունում էր որպես հարազատների․․․»։

1940 թվականին, պատերազմի նախօրեին Անուշավան Միկոյանը Գուրևիչի հետ ստեղծեց հանրահայտ Միգ-1 կործանիչը: Սա իսկական հեղափոխություն էր ԽՍՀՄ ռազմաօդային ուժերում: Միկոյանի ստեղծած կործանիչները մեծ դեր ունեցան ոչ միայն Հայրենական պատերազմում Կարմիր բանակի` գերմանացիների դեմ մղած պայքարում, այլ առհասարակ, հետագայում ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի` օդում համաշխարհային տիրապետության հաստատման գործում: Հատկապես հզոր է ՄԻԳ-19 գերձայնային կործանիչը, ինչը մինչ օրս լավագույններից է համաշխարհային օդուժի պատմության մեջ:

Առհասարակ, Միկոյանի ստեղծած ՄԻԳ-երը արտահանվել են աշխարհի շուրջ 40 երկրներ` ավելի քան  60000 քանակով:

1940 թվականից մինչ կյանքի մայրամուտը Անուշավան Միկոյանը ԽՍՀՄ ինքնաթիռաշինարարական փորձարարական կոնստրուկտորական բյուրոյի հիմնադիր-պետն էր:

Անուշավան Միկոյանը նախևառաջ մեծ երազող էր: Բազմիցս հարցազրույցներում, անհատական զրույցներում արտահայտել է միտքը, որ իր աշխատանքում կարևորը` երազել կարողանալն էր: Ահա նրա հաջողության բանալին: Երազանք, և կամք` կյանքի կոչելու այդ երազանքը: Նա ուներ նաև իր սկզբունքը և հաջողության գաղտնիքը. ՙԵրբ դժվարությունները թվում են անհաղթահարելի և խոչնդոտները բազմապատկվում են, նշանակում է` հաջողությունը մոտ է՚:

Մեծ գյուտարարը, հայ ժողովրդի մեծ զավակը մահացավ 1970 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայում, սրտի վիրահատության ժամանակ:

 

Վահե Անթանեսյան

Tags: , , ,