Թուրք ռեժիսոր, մի շարք վիպակների և պատմվածքների հեղինակ Թայֆուն Փիրսելիմօղլուն Երևանում էր իր` «Ես նա չեմ» ֆիլմով, որը Թուրքիայի, Հունաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի համատեղ արտադրություն է: Ռեժիսորն իր կինոկարիերան սկսել է որպես սցենարիստ, 2002 թվականին նկարահանել է իր առաջին լիամետրաժ խաղարկային «Ոչ մի տեղ» ֆիլմը, ապա շարունակել կարիերան «Ռիզա/Մշուշ/Մազ» եռագրությամբ: Ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ` աշխարհի տարբեր քաղաքներում, իսկ նրա ռեժիսորական դեբյուտը սկսել է «Իմ քեռին» կարճամետրաժ ֆիլմով:
– Ինչի՞ մասին է «Ես նա չեմ» ֆիլմը:
– Ֆիլմի գլխավոր հերոսը` Նիհաթնին, ամաչկոտ անձնավորություն, ստիպված է լինում բախվել բարդ հանգամանքների, ինչն էլ հետագայում հանգեցնում է նրա ինքնության կորստին: Արկածները սկսվում են այն օրվանից, երբ հիվանդանոցի ճաշարանում իր հետ աշխատող երիտասարդ գործընկերուհին` Այշենը նրան հրավիրում է ընթրիքի: Գնալով նրա տուն` նա ամուսնական լուսանկարում հանկարծ բացահայտում է, որ ինքը շատ նման է այդ կնոջ ամուսնուն:
– Երբեևէ փորձե՞լ եք պատմական ֆիլմեր նկարել:
– Ոչ, նման ֆիլմեր չեմ նկարել և չեմ էլ նկարելու: Պարզապես ինձ ազատ և լավ չեմ զգում այդ ժանրում: Իսկ իմ նոր ֆիլմում օգտագործելու եմ սեփական պատմվածքների թեմաները:
– Կա՞ որևէ ընդհանուրություն ձեր և ձեր ֆիլմի գլխավոր կերպարի` հերոսի միջև:
– Ես բոլոր կերպարների հետ էլ ընդհանրություն ունեմ.. (ժպտում է): Ընդհանրապես, որպես ֆիլմի հերոսներ ես ընտրում եմ փողոցում հանդիպող սովորական մարդկանց: Գիտեք, նրանք սարսափելի են, որովհետև կարող են հոգու խորքում սարսափելի պատմություններ թաքցնել:
– Ինչպե՞ս որոշեցիք նկարահանել այդ ֆիլմը, որը ձեր հինգերորդ աշխատանքն է:
– Ֆիլմի թեմայի մասին տարիներով եմ մտածել, դա իմ մեջ եղել է, բայց այն հանկարծակի եմ որոշել նկարահանել:
– Ստեղծագործելիս ձեզ ի՞նչն է ամենից շատ ոգեշնչում:
– Դոստոևսկու ստեղծագործությունը, համաշխարհային դասականներն ու մտածողները: Սիրում եմ ինքնության կորստի թեման: Ուշադրությամբ եմ հետևում այդ երևույթին և կարծում եմ, որ հաճախ մարդիկ գնում են այդ քայլին, որպեսզի գոյատևեն այս բարդ աշխարհում: Ավելին, յուրաքանչյուրի մեջ ապրում է մեկ այլ անձ:
– Ո՞րն է թուրք կինոռեժիսորի համար ամենամեծ խոչընդոտը:
– Ֆիլմեր նկարահանելու համար ամենամեծ խնդիրը ֆինանսի հայթայթելն է: Այդ խնդիրը շատ երկրներում էլ կա, սակայն վերջին տարիներին Թուրքիայում կինոարտադրությունը զարգացել է, քանի որ ֆիլմերի մեծ մասը ֆինանսավորվում է մշակույթի նախարարության գումարներով: Երկրորդ խնդիրը ստեղծագործական մասն է: Շատերին թվում է, թե կինո նկարելը հեշտ է. մեկ տեսախցիկ և ֆիլմը պատրաստ է, մինչդեռ ոչ բոլորին է հաջողվում լավ գործեր ստեղծել:
Tags: «Ես նա չեմ», «Ոսկե Ծիրան2014», Թայֆուն Փիրսելիմօղլու, ֆիլմ
