Սարգսյանները բնիկ լոռեցիներ են: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վանաձորցի Հրաչյան ամուսնացավ գեղեցկատես Կարինեի հետ ու մեկնեց Ստավրոպոլ: Երկրորդ զավակին կնքեցին Լևոն անունով: Որպեսզի որդին օտար հողում չխեղճանար, նրան անվանեցին Լև , որ առյուծասիրտ տղա դառնար: Այդպես էլ եղավ :
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում հաճելի զրույց տեղի ունեցավ տիկին Կարինեի և որդու հետ : Համադասարանցի ռուս տղաների հետ է հայորդին ոտք դրել լողավազան : Մարզիչն առաջինն է 12 տարին բոլորած հայ ջրացատկորդին ասել , որ եթե նա Ռուսաստանի հավաքականում տեղ չունենա , ապա կարող է համալրել հենց Հայաստանի թիմը : Այս մասին երախտագիտությամբ է հիշում Լևը : Բայց նա ներքին , ինչպես նաև արտագնա մրցաշարերում մշտապես տեղ էր ունենում մրցանակակիրների շարքում ու ամրապնդվում , հաստատվում էր Ռուսաստանի ջրացատկի պատանեկան թիմում : Այս մասին իմանալով , ծնողները որդուն անմիջապես բերեցին Հայաստան և նախնական պայմանավորվածության համաձայն հանձնեցին շնորհալի մարզիչ Հրաչյա Չանդիրյանին : Այս պարագայում հայրենիքում հաստատվելու համար օգնության ձեռք մեկնեցին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մարզաձևի հանրապետական ֆեդերացիան :
Լևը խոսում է մայրենի լեզվով : Ասաց , որ հայկական ջրացատկի մասին առաջին անգամ լսել է ռուս մարզչից , ով հայ պատանուն պատմել է անզուգական Դավիթ Համբարձումյանի մասին : Նույն օրը տղան համացանցում կլանված կարդացել , ուսումնասիրել է նաև Սիրվարդ Էմիրզյանի մարզական կյանքը : Իսկ հայկական ջրացատկի ,, առաջին ծիծեռնակ .,, , ԽՍՀՄ բազմակի չեմպիոն , Լեհաստանի հավաքականի մարզիչ Սերժ Քոչարյանի հետ Հրաչյա Չանդիրյանն է ծանոթացրել 2013 թ. Բարսելոնում տեղի ունեցած աշխարհի առաջնության օրերին :
18-ամյա Լևոնը ջերմությամբ է խոսում իր երևանցի մարզչի մասին : Հենց նա է մանրակրկիտ ուսումնասիրել , բացահայտել սանի ուժեղ և թույլ կողմերը , գնահատել նրա ունակությունները , ակնարկել 10 մ . աշտարակի վրայից , հետկանգ դիրքից , 4 , 5 պտույտով ջրամուտ կատարելու մասին : Եվ համարձակ սանը , Եվրոպայում / գուցե նաև աշխարհում / երկրորդ աշտարակացատկորդը դարձավ , որ խիզախեց կատարել գերբարդագույն այդ ցատկը : Բայց ջրամուտը դեռևս հստակ չէ : Ճողփյունով , բարձր ու ցայտուն ջրաշիթերի պատճառով փորձնական ցատկը կարելի է գնահատել ընդամենը
4,5- 5 միավոր :
Լևը չմոռացավ ասել , որ Հայաստանի համար նանջինգյան ուղեգիրն ինքը չի նվաճել : Այդ պատիվը Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում , փետրվարին տեղի ունեցած վարկանիշային միջազգային մրցաշարում , ձեռք է բերել 16 –ամյա շնորհաշատ Վլադիմիր Հարությունյանը : Այնուհետև նա վնասվածք ստացավ և խաղեր մեկնելու համար վճռորոշը 2014 –ի հուլիսին Իտալիայում տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնությունն էր : Վլադիմիրը գրավեց 11 –րդ , Լևը ` 7 –րդ տեղը : Նշենք , որ մինչև վերջին ` 9 –րդ ցատկը նա ընթանում էր երրորդ տեղում և համարվում էր առնվազն բրոնզե մեդալի իրական հավակնորդը :
Ավելորդ չենք համարում հիշել Լևի հիացական կարծիքը իր մարզչի և նշած թիմակցի մասին : Բանն այն է , որ Չանդիրյանի մասնագիտական նուրբ հոտառության շնորհիվ , դեռևս պատանեկությունը չհաղթահարած Վլադիմիրը առաջկանգ դիրքից կատարում է կրկին 4 , 5 պտույտով աշտարակացատկ : Վլադիմիրի բարդագույն ցատկը կարելի է գնահատել առնվազն հինգ միավոր :
Պատանի օլիմպիականը չափազանց ոգևորված է երևանայան մարզումներով , լեգենդար Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցի ,, փափուկ ,, ջրով , իր հանդեպ ծնողական վերաբերմունք դրսևորող Հրաչյա Չանդիրյանով :
Ընթացիկ մրցաշրջանում Լևն արդեն ուրախացել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ ընդունվելու կապակցությամբ : Նա շատ է
ուզում , որ Նանջինգում արդարացնի հույսերը , բարձրացնի թիմակցի շնորհիվ ստացած ուղեգրի արժեքը ,որ աշխարհում նորից բարձրաձայն խոսվի հայկական ջրացատկի դպրոցի մասին :
Եվ նա իրենը կանի : Գիտե , որ իր համար այս մրցաշրջանը կավարտվի սեպտեմբերին ու դրանից հետո ընկեր Հրաչը քրտնաթոր մարզումներում կսկսի հղկել սաների բարդագույն ցատկերը և մանավանդ դրանց ավարտը ` նուրբ, դասական ջրամուտը :
ՀԱՕԿ –ի լրատվության բաժին
Tags: ջրացատկ, սպորտ