Թևան Պողոսյանը մանդատը վայր է դնում

arm13824549797ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը: Նա մասնավորապես գրել է. «Հայտնում եմ բոլորին, որ այսօր ես պատգամավորական մանդատս վայր դնելու մասին դիմումս եմ ներկայացրել Ազգային Ժողովի նախագահին: Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ Ժառանգության գործընկերներին: Պատճառներն ամենևին էլ քաղաքական չեն, զուտ ներքինխոհանոցային են, հետևաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում:

Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»,-գրել է նա:

Անկախ

Խորհրդարանական 4 խմբակցությունները դատապարտում են քաղաքական մեծամասնության քայլը

загруженное (1)

Տապալված արտահերթ նիստից հետո ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչները՝ «Ժառանգություն», ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ,  ինչպես նաև անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հանդես են եկել հայտարարությամբ.

«ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ 2013 թվականի նոյեմբերի 15-ին հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների պարտադիր բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու մասին հարցով: Նիստը չկայացավ ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության (Հայաստանի Հանրապետական և Օրինաց երկիր կուսակցությունների) բոյկոտի պատճառով: Սա այն դեպքում, երբ ընդամենը մեկ օր առաջ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման համար արտահերթ նիստ հրավիրելու քաղաքական մեծամասնության ցանկությանը ընդդիմադիր պատգամավորները ընդառաջել էին:

Քաղաքական մեծամասնության կեցվածքը գնահատում ենք որպես բացահայտ արհամարհանք սահմանադրության նկատմամբ, քաղաքական փոքրամասնության սահմանադրական իրավունքներն իրացնելու հնարավորությունը ի չիք դարձնող և բաց քննարկումներից խուսափելու քայլ, անհանդուրժողականության դրսևորում, Ազգային ժողովի դերը նսեմացնելու հերթական փորձ:

Համակարծիք լինելով բազմահազար քաղաքացիների և տասնյակ կազմակերպությունների` կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ արտահայտված մտահոգությունների հետ` գտնում ենք, որ այս համակարգի ներդրման բացասական հետևանքները կրելու են Հայաստանի բոլոր քաղաքացիները, ներկա և ապագա սերունդները.

1. դատապարտում ենք քաղաքական մեծամասնության քայլը,

2. անըդնունելի ենք համարում կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը 2014 թվականի հունվարի 1-ից գործողության մեջ դնելու Հայաստանի իշխանությունների կարծր և մեր քաղաքացիների շահերից չբխող մոտեցումը,

3. պահանջում ենք կասեցնել պարտադիր բաղադրիչի կիրառումը, իրականացնել հանրային և մասնագիտական լայն քննարկումներ, ստեղծել բացահայտված ռիսկերի լիարժեք չեզոքացման մեխանիզմներ, կատարել համապատասխան փոփոխություններ և վերջնական տարբերակը դնել հանրաքվեի,

4. շարունակելու ենք պայքարել այս համակարգի դեմ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ցանկացած միջոցով (օգտագործելով ՀՀ ԱԺ նոր արտահերթ նիստ հրավիրելու, սահմանադրական կարգով բողոքարկումներ իրականացնելու, ցուցական միջոցառումներ կազմակերպելու, քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունները համախմբելու և աջակցելու, Հայաստանի կառավարության նկատմամբ հանրային ճնշումները ուժեղացնելու և այլ միջոցներով):

Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ ակտիվորեն մասնակցել այս պայքարին: Այն ուղղված է արժանապատիվ ծերություն ունենալու ՀՀ քաղաքացու իրավունքի ապահովմանը»:

 

Խմբակցություններ 

ՀՅԴ Արմեն Ռուստամյան 

«Բարգավաճ Հայաստան», Նաիրա Զոհրաբյան

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյան «Ազատ Դեմոկրատներ»,

«Ժառանգություն» Զարուհի Փոստանջյան

ՀԱԿ Արամ Մանուկյան

Զարուհի Փոստանջյանին նոր պաշտոն տվեցին. նա «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն է

arm137163303329Արդեն հայտնի դարձավ, որ «Ժառանգություն»  խմբակցության նոր ղեկավարը խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն է, իսկ նոր քարտուղարը` Թևան Պողոսյանը: Այս մասին լրագրողերին նախ հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը նույնպես հրավիրվել էր Ազգային ժողով՝ մասնակցելու խմբակցության նոր ղեկավարի որոշման նիստին:

«Կուսակցության վարչությունում որևէ նման հարց չի քննարկվել, դա քաղաքական չէ, ներկուսակցական չէ, զուտ անձնական որոշում է, և մենք պետք է հարգենք նրա որոշումը»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նա նաև նշեց, որ այդ որոշումը Ռուբեն Հակոբյանը վաղուց է կայացրել: Մեր ճշտող հարցին՝ արդյոք որոշումը կայացվել է մինչև Զարուհի Փոստանջյանի ստրասբուրգյան սկանդալային հարցը, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այո:

Քիչ անց լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ նաև Զարուհի Փոստանջյանը, որը կրկնեց վերը նշվածը, թե դա եղել է Ռուբեն Հակոբյանի անձնական որոշումը:

Անձամբ Զարուհի Փոստանջյանն այսօր է տեղեկացել Ռուբեն Հակոբյանի այդ որոշման մասին:

Ի վերջո մի անի խոսք ասաց Ռուբեն  Հակոբյանը: Նա էլ կրկնեց նույնը, որ նման որոշման պատճառը անձնական է և դրանից ավելին մեկնաբանել չի ցանկանում:

«No comment»-ը նույնպես պատասխան է,-ասաց Ռուբեն Հակոբյանը,-ես այդպես եմ ցանկացել և վերջ: Համենայնդեպս ես այն տեսակը չեմ, որ ինձ կարողանան խանգարել կամ պարտադրեն ինչ որ բան»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ մի օր էլ հրաժարվեք մանդատից, նա պատասխանեց, որ այդ մասին ընդհանրապես չի մտածել:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հնարավոր տարաձայնություններին, Ռուբեն Հակոբյանը նշեց, որ տարաձայնություններ իրենց մեջ չկան. «Կան որոշակի դետալներ, որոնք բնական են՝ տակտիկական հարցեր, որոնք բոլոր տեղերում էլ կան, բայց դրանք տարակարծություներ չեն»:

Նա նաև հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իր հրաժարականի մասին երկար զրուցել է, և վերջինս չի ցանկացել, որ ինքը  նման քայլ կատարի, սակայն ի վերջո ասել է.”Որոշումը Ձերն է”:

 

Ռուբեն Հակոբյանը հրաժարվեց “Ժառանգություն” խմբակցության ղեկավարի պաշտոնից,լրացված

Ռուբեն-Հակոբյան1Քիչ առաջ ԱԺ միջանցքում  “Ժառանգություն”  խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ հրաժարվում է խմբակցության  ղեկավարի լիազորություններից և ավելացրեց, որ դա անում է իր կամքով և  որևէ ճնշում չի եղել: Այն հարցին, թե արդյոք դա անձնական պատճառ ունի, Ռ.Հակոբյանը պատասխանեց, որ  ցանկացած հարց  ունի անձնական պատճառ: Առանց այլ մեկնաբանությունների պատգամավորը մտավ իր խմբակցության սենյակը: Անմիջապես հետո ԱԺ դահլիճից այլայլված  շտապ դուրս եկավ Զարուհի Փոստանջյանը  և առանց լրագրողների հարցերին պատասխանելու շտապ մտավ  “Ժառանգություն”  խմբակցության սենյակ խորհրդակցության:

Ավելի ուշ,Ռուբեն Հակոբյանը լրագրողներին ասաց, որ Րաֆֆին  չէր ցանկանում, որ ես հրաժարական տայի, բայց որպես դեմոկրատ մարդ հարգեց իմ ցանկությունը:

Խմբակցությունը դեռ պետք է նիստ անի, որոշում կայացնի:
Նշենք, որ այսօր ԱԺ էր եկել նաև կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, որը լրագրողներին հայտնեց, թե Հակոբյանի որոշմանը
տեղեկացել է մամուլից, ուստի որևէ մենկաբանություն դեռևս անել չի կարող: Նա միայն ասաց, որ լուրը բոլորին անակնկալի է բերել, քանի որ
կուսակցության վարչությունում խմբակցության հետ կապված որևէ հարց չի քննարկվել:

 

 

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը ՌԴ ԱԴԾ-ի կողմից երեկ տարածած ապատեղեկատվության կապակցությամբ

ժառանգությունԻ պատասխան ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում Սահմանապահ վարչության՝ 2013թ. սեպտեմբերի 26-ին ԶԼՄ-ներով տարածած հայտարարության տեղեկացնում ենք. ՌԴ ԱԴԾ-ի ՀՀ-ում գործող վարչության կողմից ԶԼՄ-ներում տարածված հայտարարությունը՝ գնահատում ենք որպես ապատեղեկատվություն, զրպարտություն, վիրավորանք և կանխամտածված սուտ:

«Ժառանգություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Հայրապետյանը և նրան ուղեկցող ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, կուսակցության ajl ներկայացուցիչները ՀՀ Սյունիքի մարզում 2013 թվականի սեպտեմբերի 25-ին իրականացրել են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված գործունեություն՝ նախընտրական քարոզարշավ: Մինչդեռ ՌԴ ԱԴԾ աշխատակիցները նույն օրը փակել են Երևան-Մեղրի ավտոճանապարհը՝ փաստացի տեղադրելով անցագրային կետ, ՀՀ քաղաքացիների նկատմամբ ինքնաձիգերով զինված վերահսկողություն իրականցրել, ՀՀ քաղաքացիներից պահանջել իրենց ուղևորության նպատակի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել,  կարգադրություններ արձակել, ըանդ որում այդ ամենը արել ՀՀ պետական լեզու չհանդիսացող օտար լեզվով, առանց բացատրությունների խուզարկել  մեքենաները, ստուգել անձանց ինքնությունն ու փաստաթղթերը: Ընդ որում այդ ամենը տեղի է ունեցել Իրանի հետ ունեցած Հայաստանի սահմանից ուղիղ գծով հաշվարկելիս շուրջ 30 կիլոմետր հեռավորության վրա և ընթացել առանց ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցության: Հաշվի առնելով սահմանից հեռավորությունը՝ այն չի կարող դիտարկվել սահմանային ռեժիմի խախտման տեսանկյունից:

Այսպիսով, ՀՀ-ում իշխանությունը բռնազավթած ՀՀԿ-ի և նրա առաջնորդի՝ իրեն «գուբեռնատորի» կարգավիճակ նախապատրաստող Սերժ Սարգսյանի վերադաս հանդիսացող ՌԴ ԱԴԾ-ի/ФСБ-ի գործողությունները՝ ուղղված Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության հաղթական քարոզարշավը խոչընդոտելուն ամբողջությամբ ապօրինի են և դատապարտելի: Ըստ Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջպետական պայմանագրի, Ռուսաստանի սահմանապահները պետք է հսկեն ՀՀ սահմանը այլ ոչ թէ Հայաստանի ամբողջ տարածքը: Դժվար չէ կռահել, թե Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում քարոզչության վերջին օրերին «Ժառանգության» քարոզարշավը խոչընդոտելուն եւ բնակչության շրջանում վախի մթնոլորտի սերմանմանն ուղղված հերթական փորձը ում պատվերով է իրականացվել: Ուշագրավ է նաեւ, որ միջադեպին հաջորդած օրը Քաջարան է այցելել Սերժ Սարգսյանը:

ՌԴ ԱԴԾ աշխատակիցների կողմից ՀՀ ԱԺ պատգամավորի թեքնածու Սամվել Հայրապետյանի, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, Սամվել Հայրապետյանի նախընտրական շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանի և ՀՀ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքի լրացուցիչ ընտրությունների համար նախընտրական քարոզչություն իրականացնող Ժառանգություն կուսակցության Կապանի, Քաջարանի, Մեղրիի և Ագարակի կառույցների ներկայացուցիչների ազատ տեղաշարժվելու իրավունքը վերը նշված վայրում առաջին անգամ խոչընդոտվել է 2013 թվականի սեպտեմբերի 25-ի ցերեկը, բացի այդ նրանց նկատմամբ, առանց որևէ պարզաբանման և իրավական հիմքերի ներկայացման, ՌԴ ԱԴԾ-ի կողմից իրականցվել են վերը թվարկված բոլոր գործողությունները՝ անտեսելով նրանց պահանջը՝ տրամադրել պարզաբանում հիմնարար իրավունքների սահմանափակման պատճառների վերաբերյալ:

ՌԴ ԱԴԾ աշխատակիցները «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների ազատ տեղաշարժվելու իրավունքը կրկին խախտել են նույն օրը երեկոյան՝ երբ արդեն տեղեկացված էին նրանց այցի նպատակի մասին: Այս անգամ ևս «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների պահանջը՝  տրամադրել պարզաբանում հիմնարար իրավունքների սահմանափակման պատճառների վերաբերյալ ոչ միայն չի հարգվել, այլ դեռ ավելին՝ նրանց նկատմամբ ցուցաբերվել է անհարգալից վերաբերմունք և բռնություն, որի հետևանքով շարքից դուրս է եկել Դավիթ Հակոբյանի տեսախցիկը:

ՌԴ ԱԴԾ-ի այն պնդումը, թե իբր «երեկոյան ժամը 20-ի սահմանում կանգնեցվել է միայն Զարուհի Փոստանջյանի մեքենան,… Զարուհի Փոստանջյանը և նրան ուղեկցող անձինք  ուղղակի իրենց դրսևորել են հանդուգն կերպով, փորձել են սադրել հակաիրավական գործողություններ», կամ որ իբր «ի հակառակ պատգամավորի պնդումների` սահմանապահ ծառայության աշխատակիցները վիդեոնկարահանման սարքը չեն կոտրել», և վերջապես որ իբր «Զ.Ա.Փոստանջյանը և նրան ուղեկցող անձինք մտադրված փորձում էին նոր կոնֆլիկտ հրահրել` վիրավորելով սահմանապահներին,… կանխամտածված խոչընդոտել են սահմանապահ ծառայության ներկայացուցիչների պարտականությունների կատարմանը` կապված սահմանի պահպանության հետ, դրանով իսկ հանցագործների փնտրտուքի և ձերբակալության համար իրական վտանգ ստեղծելով» ոչ այլ ինչ է քան ապատեղեկատվություն, զրպարտություն, վիրավորանք և կանխամտածված սուտ:

Մեր զարմանքն է հարուցում նաև այն, որ ՌԴ ԱԴԾ-ն մեղադրում է «Ժառանգության» քարոզչախմբի ներկայացուցիչներին սահմանապահ ծառայություն իրականացնողներին «հրապարակայնորեն վիդեոնկարահանելու» համար: Պարզ չէ, թե ՀՀ ո՞ր օրենքով է արգելված նկարահանել քաղաքացիների հանդեպ իրականացվող գործողությունները, և կամ ինչո՞ւ «Ժառանգության» ներկայացուցիչը պետք է նկարահաներ ոչ-հրապարակայնորեն՝ չտիրապետելով հատուկ ծառայություններին ներհատուկ համապատասխան հմտություններին:

Արդեն երեկոյան տեղի ունեցած միջադեպի վայր ժամանած և որպես գնդապետ Միրզոև ներկայացած ռուս սահմանապահների վերադասը «Ժառանգության» ներկայացուցիչներին իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և համոզվելով, որ տեսախցիկը վնասված է՝ առաջարկել հենց տեղում ֆինանսական փոխհատուցում տրամադրել: Սակայն «Ժառանգության» ներկայացուցիչները հրաժարվել են վերցնել նրա առաջարկած գումարը՝ հայտնելով, որ դա պետք է արվի իրավական գնահատական ստանալուց հետո և դրա արդյունքում: Մենք վրդովված ենք, որ ընդամենը մեկ օր անց ՌԴ ԱԴԾ ՀՀ-ում Սահմանապահ վարչության կողմից տարածված հայտարարության մեջ այս ամբողջը ներկայացված է գլխիվայր շուռտված կերպ: ՀՀ սահմանը պահպանելու իրենց ուղիղ գործառույթի իրականացման թերացման արդյունքում ինչ-ինչ սահմանախախտի՝ ՀՀ տարածքում հայտնվելը ՌԴ ԱԴԾ-ին իրավունք չի տալիս սահմանափակելու ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները ՀՀ ամբողջ տարածքով մեկ:

Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի ՌԴ ԱԴԾ-ի/ФСБ-ի կողմից «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հանդեպ այս ապօրինի գործողություններն իրականացրած անձիք պատժվեն Հայաստանի Հանրապետության օրենքների ողջ խստությամբ և անհրաժեշտության դեպքում հասնելու ենք ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

«Ժառանգություն» կուսակցություն

27 սեպտեմբերի 2013թ: