|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները երկուստեք կարևորել են պատմամշակութային ամուր հիմքի վրա խարսխված հայ-հունական բարեկամական հարաբերությունները՝ բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը քաղաքական, պաշտպանական, ռազմական, կրթական և մշակութային ոլորտներում: ՀՀ Նախագահը և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը կարևորել են նաև միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ երկու երկրների համանման մոտեցումներն ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը: Նրանք համակարծիք են եղել, որ Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության ներուժն ավելին է, քան այսօր օգտագործվում է, ինչը, զրուցակիցների համոզմամբ, նշանակում է, որ անհրաժեշտ է ավելի ակտիվացնել ջանքերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:
|
Tag Archives: Հունաստան
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հրավերով ս.թ. հոկտեմբերի 28-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած պաշտոնական դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց երկու երկրների պաշտպանության նախարարների միջև, այնուհետև` հանդիպում ընդլայնված կազմով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Հունաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության բարձր մակարդակը, ինչի խոսուն վկայությունն է գրեթե ամբողջությամբ իրականացված երկկողմ ռազմական համագործակցության 2013թ. ծրագիրը և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի ու պաշտպանության նախարարի իրար հաջորդող այցերը Հայաստան:
Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Հունաստանում այսօրվանից սկսվում է զանգվածային գործադուլների շաբաթը
Հունաստանում այսօրվանից` սեպտեմբերի 16-ից սկսվում է զանգվածային գործադուլների շաբաթը միջազգային վարկատուների “եռյակի”` ԵՄ, Եվրոպական կենտրոնական բանկի ու ԱՄՀ-ի առաքելության ներկայացուցիչների ժամանման նախօրեին: Նրանք պետք է գնահատեն երկրում կառուցվածքային բարեփոխումների ընթացքը:
Գործադուլին կմասնակցեն ապահովագրության ու թոշակային հիմնադրամների աշխատակիցները: Աշխատանքի զբաղվածության կազմակերպություններն ու սոցապների աշխատակիցները.նրանք բողոքում են իրենց 618 աշխատակիցներին աշխատանքային ռեզերվ փոխադրելու համար: Սեպտեմբերի 18-19 Պետական հատվածի արհմիությունների գերագույն խորհուրդը 48-ժամյա գործադուլ կանի հազարավոր պետծառայողների աշխատանքային ռեզերվ փոխադրելու կառավարության քաղաքականության դեմ: Մի քանի հազար պետծառայողներ, այդ թվում` ուսուցիչներ են հուլիսին փոխադրվել աշխատանքային ռեզերվ: Մինչև սեպտեմբերի վերջ նախատեսվում է ևս 12 500 մարդու փոխադրում, ընդ որում, նրանցից 4000-ը վերջնականապես կհեռացվի աշխատանքից:
Պետծառայողները, որոնց փոխադրում են աշխատանքային ռեզերվ, պարտավոր են համաձայնել նոր առաջարկված աշխատանքին պետական հատվածի այն տեղերում, ուր ազատված աշխատատեղեր կան, հակառակ պարագայում, նրանք մի քանի ամիս անց կդառնան գործազուրկ:
Հունաստանը հույս ունի, որ իր ֆինանսների աուդիտը կավարտվի մինչ հոկտեմբերի 15-ին Եվրախմբի նիստ կգումարվի: Նիստի ժամանակ պիտի որոշվի, թե Աթենքը հերթական միկրոտրանշ կստանա, թե ոչ, որի ընդհանուր գումարը կազմում է 1 մլրդ եվրո:
Աթաթուրքի թանգարանը վերաբացվել է Հունաստանում գտնվող իր ծննդավայրում
Ժամանակակից Թուրքիայի հիմնադրի թանգարանը անցած տարվա վերանորոգումից հետո վերաբացվել է հյուսիսային Հունաստանում գտնվող նրա հայրենի քաղաքում:
Հունաստանի և Թուրքիայի կառավարությունները հայտնել են, որ թանգարանը, որը այն տունն է, որտեղ 1881թ-ին ծնվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, կօգնի ամրապնդել երկու պատմական ախոյան երկրների հարաբերությունները:
Հանրության առջև բացված, Սալոնիկում տեղակայված երեք հարկանի տունը գտնվում է Թուրքիայի դեսպանատան համալիրի տարածքում: Այն Հունաստանի մշակույթի նախարարությունը ճանաչել էր որպես ժամանակակից կառույց և վերականգնել 1881թ-ին դրա ունեցած տեսքը:
1919-1922թթ թուրքական ուժերը գլխավորելով՝ հունական արշավային զորքերի դեմ հաղթանակ տարած Աթաթուրքը իր մանկության տարիներին որոշ ժամանակ բնակվել է Սալոնիկում: Նա, դառնալով Թուրքիայի առաջին նախագահը, ջանքեր էր գործադրում Հունաստանի հետ հաշտության հասնելու համար: Նա մահացել է 1938թ-ին:
Աթենքի կենտրոնում թուրքական գաղտնի ծառայության աշխատակիցները առևանգել են քրդին, նրան փաթեթավորել և Թուրքիա է տեղափոխել
defencenet.gr հունական կայքը հունիսի 2-ին հրապարակել է թուրքական գաղտնի ծառայությունների` Աթենքի կենտրոնում կազմակերպած գործողության մասին բացահայտում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Թուրքիայի գաղտնի ծառայությունները Աթենքի կենտրոնում կազմակերպեցին ծագումով քուրդ Թուրքիայի քաղաքացու առևանգումը` ապացուցելով, որ նրանց ոչինչ չի կանգնեցի՝ հենց Հունաստանի ներսում նման «զգայուն» գործողություններ իրականացնելուց:
Ինչպես հաղորդում են հունական հետախուզական լավ իրազեկված աղբյուրները, թուրքական «կոմանդոական» մի խումբ, այսինքն թուրքական ծառայություների՝ ՄԻԹ-ի կողմից հատուկ պատրաստված մի ջոկատ Հունաստան է ժամանել և Աթենքում գործող իրենց ծառայության գործակալների հետ համատեղ ոչ միայն հաջողացրել են առևանգել, այլ նաև հաշված ժամերի ընթացքում Թուրքիա են տեղափոխել քրդական ծագումով Թուրքիայի քաղաքացուն, որը իբր թե բավականաչափ տեղեկություններ ուներ հարևան երկրում մի «դավադրական» ծրագրի մասին:
Առևանգված անձին հաջողվել էր փախչել Թուրքիայի բանտից, որտեղ նրան ենթարկել էին դաժան խոշտանգումների՝ խոստովանություն կորզելու նպատակով: Այնուհետ քուրդ փախստականների խմբի միջոցով նա կարողացել էր 2 ամիս առաջ ապաստանել Հունաստանում:
Ակնհայտորեն հունական և ոչ մի ծառայություն նրանով չի զբաղվել, քանի որ հավանաբար չգիտեին տվյալ անձի կարևորության մասին և նրան թույլատրեցին առանց ոստիկանական պաշտպանության ազատ շրջագայելու:
Անցյալ հինգշաբթի` մայիսի 30–ի երեկոյան, երբ քուրդը քայլում էր Աթենքի կենտրոնում՝ Սոլոնոս փողոցով դեպի Կանինգոս հրապարակ, թաղամաս, որտեղ հարակից լինելով «էքսարխիա» թաղամասին գործում է ուժեղացված ոստիկանական վերահսկողություն, մի մեքենա կանգնում է նրա կողքին, թուրք գործակալները մեքենայից իջնում, նրան կալանավորում և ինչպես վկայում են ականատեսները, նետում են մեքենայի մեջ, գլխին տոպրակ հագցնում և անհետանում են անհայտ ուղղությամբ:
Շաբաթ երեկոյան Ցամադու փողոցի վրա գտնվող Փախստականների և գաղթականների հարցերով զբաղվող գրասենյակի մամլո ասուլիսից պարզ դարձավ, որ Թուրքիայի քաղաքացին առևանգումից ժամեր անց՝ ուրբաթ առավոտյան, հայտնվել է Իստամբուլի հակաահաբեկչական ծառայությունում, որտեղ նրան հարցաքննում են:
Այս դեպքը շատ նման է Օջալանի գործին, սակայն այս անգամ առևանգումը տեղի չի ունեցել Քենիայում, այլ Աթենքի կենտրոնում:
Ուրբաթ լուսաբացին Էքսարխիա թաղամասի ոստկանության բաժանմունքում իրազեկել են տվյալ անձի անհետացման մասին և շաբաթ կեսօրին առևանգման մասին հայց է ներկայացվել: Հունաստանի Ոստիկանությունը տվյալ գործի քննությունը փոխանցել է Աթենքի Անվտանգության ծառայության ստորաբաժնին:
Ըստ տեղեկությունների` տվյալ անձը Հունաստան էր եկել մոտ 2 ամիս առաջ և ներկայացել էր Փախստականների հարցերով զբաղվող հունական գերատեսչությանը, որտեղ տվել է իր տվյալները, որոնց հիման վրա 3 շաբաթ առաջ գերատեսչությունը համապատասխան մարմիններին էր ուղարկել նրա գործը, քանի որ հիմքեր կային նրան ապաստանյալի կարգավիճակ տրամադրելու համար:
Նույն աղբյուրի համաձայն` Փախստաանների հարցով զբաղվող հունական գերատեսչությունն արդեն իսկ հայց է ներկայացրել Ստրասբուգում Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ակնհայտ է, որ տվյալ անձը «շատ բան» գիտեր և մինչ հունական ծառայությունները գաղափար չունեին, թե ում հետ գործ ունեն և այդ իսկ պատճառով նրան պատշաճ ուշադրության չէին արժանացրել, թուրքական ծառայությունները պատրաստ եղան ռիսկային գործողություն ձեռնարկել Աթենքի կենտրոնում՝ առևանգել նրան և Թուրքիա ուղարկել:
Ուշագրավ է այն հանգամանքը, թե ինչպես ՄԻԹ-ը՝ Թուրքական գաղտնի ծառայությունները. կարող է Սոլոնոս փողոցում առևանգում կազմակերպել և առանց ամենափոքր խոչընդոտի անձին Թուրքիա տեղափոխել:
Ինչևե, այս գործում դեռ առկա են շատ անհայտ հարցեր…
«Հայաստան» լրատու ցանց, Աթենք
Աթենքում 3 պայթյուն է որոտացել
Երկուշաբթի առավոտյան Աթենքում 3 պայթյուն է գրանցվել, կա մեկ վիրավոր: Ըստ ոստիկանության հայտարարության` բոլոր երեք պայթուցիկները գազով լցված թիթեղե տարաներ են եղել:
Դրանցից մեկը պայթել է առավոտյան 8-ին երկրի Տրանսպարենտային հարցերի գլխավոր քարտուղարի գրասենյակի մոտակայքում գտնվող բազմաբնակարան շենքում, որի ընթացքում վիրավորվել է մի կին:
Մյուս երկու սարքերը պայթել են ավելի վաղ՝ Տնտեսական և արդյունաբերական հետազոտությունների կազմակերպության և Շրջակա միջավայրի, էներգետիկայի ու կլիմայական փոփոխությունների նախարարության մասնաճյուղի մոտակայքում:
Հունաստանում սովորական երևույթ են դարձել քաղաքական գրասնեյակների, բանկերի վրա հարձակումները, քանի որ երկրում մի շարք անարխիստական խմբավորումներ են գործում: Պայթյունները հիմնականում իրականացվում են ուշ գիշերվա ընթացքում և հազվադեպ են տուժածներ լինում:
Հունաստանի խորհրդարանը քննարկելու է ցեղասպանությունների, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
Հունաստանի խորհրդարանին քննարկմանն է ներկայացվելու երկրի վարչապետ Անդոնիս Սամարասի գլխավորած Նոր ժողովրդավարություն կուսակցության պատրաստած օրինագիծը, ըստ որի քրեական պատասխանատվության կենթարկվեն նրանք, ովքեր հրապարակավ, գրավոր կերպով կամ էլեկտորնային մեդիայում կժխտեն Հունաստանի խորհրդարանի կողմից որպես ցեղասպանություն ճանաչված իրողությունները: Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը հունական խորհրդարանը ճանաչել է 1996 թվականին:
Թուրքական «Hürriyet»-ը հաղորդում է, որ Հունաստանում ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար նախատեսվում է 3-36 ամսվա ազատազրկում և 5-20հազար եվրո դրամական տույժ:
Հույն ուսուցիչները գործադուլի չեն դուրս գա
Հունաստանի դպրոցների ուսուցիչները երեքշաբթի որոշել են դուրս չգալ գործադուլի, քանի որ երկրում անցկացվում են համալսարանի ընդունելության քննություններ:
«Որոշ ուսուցիչներ կարող են հեռացվել աշխատանքից», – Vima ռադիոյին տված հարցազրույցում ասել է ուսուցիչների OLME միության ղեկավար Նիկոս Պապաչրիստոսը:
Միության անդամների միջև անցկացրած քվեարկության արդյունքում որոշվել է չանցկացնել գործադուլ, որը նախատեսված էր սկսել ուրբաթ օրվանից:
Երկրի առաջատար միությունները հրաժարվել են ընդունել OLME-ի՝ գործադուլին միանալու առաջարկը:
Սնանկ Հունաստանը մտադիր է ֆաշիստների կողմից գրավված լինելու համար փոխհատուցում պահանջել Գերմանիայից
Այսօր հրապարակվել է, որ Հունաստանը մտադիր է Գերմանիայից պահանջել երկար ժամանակ հետաձգված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից շրջափակման հասցրած վնասների փոխահատուցումը:
Հունաստանի արտաքին գործերի նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսը այսօր պառլամենտում հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է իր պահանջները հաստատելու համար օգտագործել բոլոր հնարավոր միջոցները:
Պարտքերի մեջ գտնվող երկրի փոխահտուցման պահանջը ավելի կմեծացնի Գերմանիայի հետ արդեն ունեցած լարվածությունը, որը ի դեպ տրամադրում է Հունաստանի 240 միլիոն եվրո վարկի մեծ մասը:
Գերմանիան, որի զինված ուժերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գրավել էին Հունաստանը, նշում է, որ ինքը արդեն վճարել է իր բոլոր փոխհատուցումները:
Ավրամոպուլոսը ավելացնում է, որ Հունաստանի ֆինանսների նախարարությունը այս առաջարկը կատարել է վեց տասնամյա վաղեմություն ունեցող փաստաթղթերի ուշադիր հետազոտությունից հետո:
Այս առաջարկը կքննարկվի իրավական խորհրդատուների հետ, որից հետո Աթենքը կորոշի, թե ինչպես պաշտոնապես ձևակերպի իր պահանջը:
Արտաքին գործերի նախարարը չհայտնեց, թե իրենք որքան գումար են ակնկալում ստանալ՝ ավելացնելով, որ այս պահանջը երկրի պարտքերի մեջ լինելու հետ ոչ մի կապ չունի:
Հունաստանի նախկին նախարարը մեղադրվում է փողերի լվացման մեջ
Հունաստանի նախկին նախարարը Աթենքում կանգնած է դատարանի առջև պաշտոնավարման ընթացքում գումարի լվացման մեղադրանքով:
Ակիս Ցոչածոպուլոսը մեղադրվում է ռուսական հակահրթիռային համակարգի և գերմանական սուզանավերի գնման ընթացքում կաշառակերությամբ զբաղվելու մեջ: Այդ պատճառով պետությունը կատարել է միլիոնների գերծախս:
Պաշտպանության նախկին նախարարը հերքում է մեղադրանքները:
Գործում նաև մասնակցություն են ունեցել նրա կինը, դուստրը և նախկին գերմանուհի կինը:
Ցոչածոպուլոսին սպառնում է 20 տարվա ազատազրկում:
.
