Բռնություն` ոստիկանության աշխատակցի նկատմամբ

ոստիկանՀատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը` 2013 թվականի օգոստոսի 24-ին ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացի Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու ընթացքում վերջինիս կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Այս մասին «Անկախ»-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
Արգիշտի Կիվիրյանն իր հերթին հիվանդանոցում հայտարարել է, որ բերման ենթարկելիս ոստիկանության աշխատակիցն իրեն ծեծի է ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ավարտվել է ոստիկանության մայորի կողմից կաշառք ստանալու և լիազորությունները անցնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ոստիկանՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Բակուր Ավետիկյանի կողմից կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 311-րդ հոդվածների 2-րդ մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Բակուր Ավետիկյանն իր ծառայողական պարտականությունները կատարելիս տեսել է, որ քաղ. Հ.Մ.-ն թիթեղով ծածկված ցանկապատի հատվածը վերակառուցում է քարե պատով:
Պարզելով, որ վերջինս շինարարական աշխատանքները կատարում է առանց համապատասխան թույլտվության, նշված վարչական իրավախախտման փաստն իր լիազորությունների շրջանակում չարձանագրելու և համապատասխան մարմիններին ըստ ենթակայության չուղարկելու համար նա միջնորդ Կ.Հ.-ի միջոցով պահանջել և ստացել է կաշառք` գարեջրատանը կազմակերպված հյուրասիրության տեսքով:
Սակայն ոստիկանության աշխատակիցը, չբավարարվելով հյուրասիրությամբ, իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի նույն անգործության համար, դարձյալ նույն Կ. Հ.-ի միջոցով պահանջել է որպես կաշառք իրեն տալ նաև գումար մինչև 100 000 դրամի սահմաններում:
Կաշառքի նոր պահանջ ներկայացնելու հանգամանքն առաջացրել է քաղ. Կ. Հ.-ի զայրույթը, և նա այդ հարցը պարզաբանելու նպատակով գնացել է Բակուր Ավետիկյանի աշխատավայր: Հարցի պարզաբանման կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում Բակուր Ավետիկյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Կարեն Հարությունյանի նկատմամբ. ձեռնաշղթաներով կապել է վերջինիս ձեռքերը և ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Բակուր Ավետիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309-րդ և 311-րդ հոդվածների 2-րդ մասերով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է հսկող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ոստիկանի կողմից վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

հքծ2013 թվականի հուլիսի 22-ին` ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Մելքոնյանն իր վարած «Մերսեդես-Բենց Ե-240» մակնիշի, 38 ՕՏ 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 9 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 1942թ. ծնված, հետիոտն Արտաշ Գասպարյանին:
Տուժածին տեղափոխել են Երևան քաղաքի Մ. Հերացու անվան թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` նույն օրը մահացել է:
Դեպքի առթիվ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտմամբ` ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

 

ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատեց. Տիգրան Վիրաբյանը կալանավորվել է

251_bՀՀ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնեական դիրքն օգտագործելով և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու համար Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին կետով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 12-ին բավարարել է Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչի միջնորդությունը և կալանավորել Տիգրան Վիրաբյանին` երկու ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ այս գործում շրջանառվում է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր` ԱԺ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի անունը, որին էլ հատկացվել է Արարատի մարզի Մխչյան գյուղին տրամադրված 70 հազար լիտր սուբսիդավորված դիզվառելիքի 48 հազար լիտրը:

 

Նախագահը ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացրել է ՀՀ ՀՔԾ նոր պետ Վահրամ Շահինյանին

2933Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն: Հանրապետության Նախագահը ծառայության աշխատակազմին ներկայացրել է օրերս իր հրամանագրով նշանակված ՀՀ հատուկ քննչական ծառայության նոր պետ Վահրամ Շահինյանին: Նախագահը խոսել է նաև նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի ազատման պատճառների ու ծառայության առջև դրված խնդիրների մասին:

«Միրզոյանի ազատման առիթը եղել է ապօրինությունը կոնկրետ քրեական գործով, բայց պատճառն այլ էր: Պատճառն այն էր, որ Անդրանիկ Միրզոյանը չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը, իսկ ես խնդիր էի դրել պարոն Միրզոյանի առջև, որպեսզի մեծ ջանքեր գործադրի Հատուկ քննչական ծառայության կայացման դժվարին գործում: Հատուկ քննչական ծառայությունը պետք է կայանար որպես ինստիտուցիոնալ անկախ և քրեական արդարադատության իրականացման գործում ինքնուրույն մասնակից: Ցավոք, մինչև հիմա այդպես չէ: Սա այն ծառայությունն է, որտեղ պետք է աշխատեն բացառապես գործին նվիրված ինքնուրույն, պրոֆեսիոնալ և հնարավորինս օբյեկտիվ մտածողություն ունեցող մարդիկ: Այս ծառայությունը չի կարող լինել կամակատար»,- ընդգծել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ իրավապահ մարմինների մասին խոսելիս շատ լավ գիտակցում է, որ ամենադժվար վիճակում թերևս Հատուկ քննչական ծառայության աշխատողներն են, որովհետև շատ դեպքերում նրանք ստիպված են լինում վարել քրեական գործեր, որոնցով անցնում են իրենց գործընկերները: Բայց մյուս կողմից էլ, ըստ Նախագահի, նրանք պետք է հասկանան, որ դա իրենց կոչումն է, և ով պատրաստ չէ դրան, ուրեմն չպետք է այս համակարգում աշխատի. «Այստեղ պետք են մարդիկ, մասնագետներ, ովքեր պատրաստ են ճշմարտությանն ուղիղ նայել և եթե տեսնեն, որ իրենց գործընկերները, բարեկամները, ընկերներն իրենց գործունեությամբ խաթարում են մեր երկրի, մեր պետական կառույցների ընթացքը, ապա պարտավոր են միջոցներ ձեռնարկել»,- ասել է Նախագահը:

Հանրապետության ղեկավարը, անդրադառնալով նաև ավելի քան 5 տարվա ընթացքում ՀՀ ՀՔԾ աշխատանքում եղած որոշակի ձեռքբերումներին, կարևորել է նախաքննական մարմնի աշխատակիցների աշխատանքային ունակությունների և մասնագիտական գիտելիքների հետևողական կատարելագործման անհրաժեշտությունը:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ ՀՔԾ նորանշանակ պետ Վահրամ Շահինյանի գլխավորությամբ ծառայությունը շատ կարճ ժամկետում վերջնականապես կկայանա և վստահեցրել է, որ այդ ընթացքում և՛ պարոն Շահինյանը, և՛ ծառայության յուրաքանչյուր աշխատակից, ով գիտակցում է իր կոչումը, կարող է ակնկալել իր և ՀՀ կառավարության աջակցությունը:

Բարձրաստիճան ոստիկանների դեմ քրեական գործի առկայությունը ՀՔԾ-ն հաստատեց

ներսիկ նազարյանՈստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների  կողմից  վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքն հափշտակելու և շորթում կատարելու հատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ,  կատարվում է նախաքննություն: «Փաստինֆո»-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ տեղեկացնելով, որ  նախաքննության շրջանակներում  հարցաքննվել  են մի շարք վկաներ, իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

ՀՔԾ-ից նաեւ տեղեկացրել են, որ քրեական գործի հիմք հանդիսացած նյութերը ստացել են օրերս։ «2013թ. ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանությունից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նյութեր, որոնցում առկա են ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքն հափշտակելու և շորթում կատարելու հանցագործության հատկանիշներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  հիշյալ դեպքերի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքիի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝  առանձնապես խոշոր  չափերի խարդախություն, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ կազմակերպված խմբի կողմից շորթում,  և 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վաշխառություն»,- տեղեկացնում են ՀՔԾ-ից։

Անուններ կամ այլ մանրամասներ քրեական գործի մասին  ՀՔԾ-ն չի հրապարակում՝ նշելով, որ քննության շահերից ելնելով նախաքննության ներկա փուլում այլ մանրամասներ չեն հրապարակվում:
Իսկ մամուլում խարդախություններով եւ շորթումներով զբաղվող խմբի  որպես ակտիվ դերակատար նշվել է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը, շոշափվում է նաեւ Շիրակի գործող ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունը։
«Փաստինֆո»