ՀՅԴ-ական պատգամավորները հանդիպել են ոստիկանապետի հետ

frak1ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանն այսօր առավոտյան հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ մամլո ծառայությունից, հանդիպման նպատակը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման ընթացքին ծանոթանալն է եղել:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ նախաքննությունը շարունակվում է ամբողջ թափով, ամեն ինչ արվում է հանցագործության լիարժեք, ամբողջական բացահայտման համար: Նա նաև երաշխավորել է, որ նախաքննությանը նպաստող ցանկացած տեղեկության գաղտնիությունը, վկայություն տվողների անվտանգությունը կապահովվի:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը:

 

ԵԽ-ն կառուցողական և իր բնույթին համապատասխանող ներգրավվածություն կարող է ունենալ կարգավորման գործընթացի մեջ, եթե…

Armen-rustamyanՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ վերջերս ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումներին` «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ: «Բնականաբար, քննարկում ծավալվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Նմանատիպ քննարկումներ մեզ առջևում ևս սպասվում են: Կարևորագույն խնդիր է հստակեցնել, թե մեր պաշտոնական և խորհրդարանական դիվանագիտությունն ինչ մոտեցումների վրա պետք է կառուցվի բոլոր այն քննարկումների ժամանակ, երբ որևէ միջազգային կազմակերպություն փորձում է դերակատարություն ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Ցավոք, դեռևս այսպիսի հստակեցում կատարված չէ և չի իրականացվում համակարգված գործունեություն այս  ուղղությամբ»,-ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով` այս խնդիրն առավել քան ակտուալ է այսօր, երբ Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների խորհրդի նախագահությունը: Նրա համոզմամբ, ԵԽ-ն կառուցողական և իր բնույթին համապատասխանող ներգրավվածություն կարող է ունենալ կարգավորման գործընթացի մեջ, եթե պահպանվեն հետևյալ երեք անհրաժեշտ սկզբունքները. առաջինը՝ ոչ թե խոսքով, այլ կոնկրետ գործողություններով չհակասելով՝  ԵԽ-ն պետք է լիարժեքորեն ճանաչի ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես հակամարտության կարգավորումն իրականացնելու միջազգային մանդատով օժտված միակ միջնորդական առաքելության լիազորությունները: Ըստ Ռուստամյանի, աա ոչ միշտ է այդպես, և մենք չպետք է վարանենք բոլոր այդ դեպքերի հետ կապված փաստերը ներկայացնել այս կազմակերպությանը:

Երկրորդ՝ անհրաժեշտ է, որ բոլոր այն դեպքերում, երբ ԵԽ-ում որևէ հարց է քննարկվում, որն առնչվում է Ղարաբաղի ժողովրդի անմիջական շահերին, անպայմանորեն ապահովվի Լեռնային Ղարաբաղի կոմպետենտ և օրինական ներկայացուցիչների մասնակցությունն այդ քննարկումներին: Ըստ նրա` այդպիսի նախադեպերը ԵԽ-ում բազմաթիվ են:

Երրորդ՝ ԵԽ-ն պետք է ապահովի իր իսկ հռչակած արժեքների գերակայությունը, հատկապես` կապված ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման  և մարդու տարրական իրավունքների և ազատությունների ապահովման հարցերի հետ:

«Մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` միջազգային ճանաչում դեռևս չունենալը չի կարող հանգեցնել հակամարտության գոտում բնակվող մարդկանց իրավունքների և ազատությունների անտեսմանը և այդ տարածքում ԵԽ որդեգրած նորմերի ու ստանդարտների չկիրառմանը»,-համոզված է Արմեն Ռուստամյանը:

Վերջապես` լավագույն օժանդակությունը խաղաղ կարգավորման գործընթացին, ըստ նրա, կլինի այն, եթե ԵԽ-ն քաջալերի հակամարտության բոլոր երեք կողմերին` վերահաստատել 1994թ. զինադադարի բիշքեկյան համաձայնագիրը և կնքել չհարձակման մասին նոր պայմանագիր:

«Հուսով եմ՝ Հայաստանը կօգտագործի իր նախագահության բացառիկ հնարավորությունը ԵԽ-ին մղելու ԼՂ կարգավորման հարցով որդեգրելու առավել կառուցողական դերակատարություն»,-ամփոփեց դաշնակցական պատգամավորը:

 

«Այս ձևը ձև չի». ՀՅԴ-ն նույնպես դեմ է

hyd-xmbakcutyuny-chi-n34542-1Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցը դիտարկեց երեք` կրթական, լեզվաքաղաքական և տնտեսական քաղաքականության հարթության մեջ:

«Առաջինի առումով բոլորս էլ համաձայն ենք: Այո, Հայաստանն ունի մրցակցային մեկ առավելություն՝ ինտելեկտուալ ներուժը: Կրթական ծառայության արտահանման առումով կարևոր է սա: Սակայն, երբ քննարկում էինք Լեզվի և հանրակրթության մասին օրենքները և այս հարցերը բարձրացնում էինք, ասում էիք` բոլոր ծրագրերը մանրամասն ներկայացնելու եք Ազգային ժողով: Ցավոք, մենք հիմա դա չենք տեսնում: Ինչքան էլ ասեք, որ հետագայում կներկայացեք և այլն, երկրորդ անգամ արդեն մենք օդի մեջ քննարկում ենք»:

Արծվիկ Մինասյանի մտահոգությունները վերաբերում են նաև Հայաստանում շնորհաշատ երեխաների համար անվճար և որակյալ կրթություն ապահովելուն և նրանց ներուժը Հայաստանին ծառայեցնելուն: Մինասյանի կարծիքով` ոչինչ չի ստիպում լավ կրթություն ստացածին մնալ Հայաստանում, ուստի պետք է նախ և առաջ պայմաններ ապահովել, որպեսզի այդ կրթությունը ստանալուց հետ նրանք մնան Հայաստանում և ծրագրում ներառել հստակ պայման:

ՀՅԴ պատգամավորը կիսեց գործընկերների մտահոգությունը` կապված ծրագրի բացակայության հետ. «Եթե ծրագիր չկա, ի՞նչն ենք քննարկում: Քննարկում եք, որ ի՞նչ անեք: Ո՞ւմ ենք տալիս արտոնությունը: Այս ձևը ձև չէ»,-ասաց նա:

Տնտեսական քաղաքականության տեսակետից նա գտնում է, որ եթե այս արտոնությունների քաղաքականությունն իսկապես բերելու է այն սոցիալական էֆեկտին, ինչի մասին վստահեցնում է կառավարությունը, ապա  անհրաժեշտ է այն ընդգրկել նաև այլ մրցունակ ճյուղերում:

Մինասյանին նաև հետաքրքրում է, թե ովքեր են դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամները, որտեղի՞ց է դպրոցը ֆինասնավորվելու: Նրա կարծիքով` սրանք ազգային անվտանգության հարցեր են:

Մինասյանն առաջարկեց  առաջին ընթերցումից հետո նախագծում փոփոխություն մտցնել և գրել, որ որ արտոնություններ կտրվեն այն դեպքում, երբ խորհրդարանին կներկայացվի ծրագիր: «Մենք հնարավորություն ունենք արտահերթ նիստեր գումարելու, լսումներ անցկացնելունք, սա կրթական քաղաքականություն է ի վերջո»:

Խմբակցության վերջնական տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը. «Կառավարությունը պետք է հետաձգի այս օրենքի ընդունումը, ԱԺ-ին հանգամանորեն բոլոր հնարավոր ռիսկերը ներկայացնի, և մենք իմանանք, ինչ ենք ընդունում: Եթե մենք ինքներս մեզ չհարգենք, մեզ ոչ ոք չի հարգի»,-ասաց Վարդանյանը:

ՀՅԴ. Պետության և իշխող կուսակցության նույնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը

ՀՅԴՄայիսի 5-ի ընտրություններին ՀՅ Դաշնակցությունը մասնակցեց՝  նպատակ ունենալով երկրում փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, մեր քաղաքացիներին վստահություն ու ապագայի հույս ներշնչել:

Մենք փորձեցինք հիմնավորել իշխող կուսակցության քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտությունը, մայրաքաղաքի արդյունավետ կառավարման ծրագիր առաջարկեցինք:

Հավատով ու անկեղծորեն տարանք մեր քարոզարշավը՝ ձգտելով երևանցիներին գաղափարա-ծրագրային ընտրություն կատարելու հնարավորություն տալ:

Եղավ՝ ինչ եղավ: Հերթական անգամ պետության և իշխող կուսակցության նույնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը:

Իշխանական մենաշնորհը ավելի կարծրացավ: Նրանք այլևս երկիրն ու Երևանը միանձնյա կառավարելու հնարավորություն ունեն: Կսպասենք արդյունքներին,  թեև դրանք մեզ համար կանխատեսելի են:

Ցավոք, այս անգամ էլ մեզ չհաջողվեց մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն ձևավորել:

Մենք շնորհակալ ենք Դաշնակցությանը ձայն տված երևանցիներին: Վստահ եղեք՝ մենք գիտենք այդ ձայների իրական արժեքը:

Եվ նրանց, և բոլոր երևանցիներին, և° Հայաստանի քաղաքացիներին  մենք խոստանում ենք, որ չենք նահանջելու մեր սկզբունքային դիրքերից, չենք դադարեցնելու ամենօրյա աշխատանքը հանուն մեր երկրում արմատական փոփոխությունների, մեր քաղաքացիների ազատության և բարեկեցության:

                                          ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

«Եթե ևս մեկ անգամ ժողովրդին հիասթափեցնենք մեր սխալ պահվածքով, շատ վատ կլինի». Արմեն Ռուստամյան

imagesՀՅԴ խմբակցության ղեկավար, քաղաքապետի թեկնածու Արմեն ՌուստամյանըԽորհրդարանում լրագորղների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ եթե ընդդիմությանը հաջողվի վերահսկել այս ընտրություննեըը, ապա գործող իշխանություններն ավագանիում չեն ունենա մեծամասնություն:

Անդրադառնալով նախագահական ընտրություններին ընդդիմության միասնական նախընտրական դաշինքի ձախողմանը,  նա ասաց, որ ՀՅԴ-ն ընդդիմադիր ուժերին կոչ է անում գոնե հետընտրական դաշինք ձևավորել:

Ռուստամյանը կարծում է, որ դա ձեռնտու կլինի բոլորին,. քանի որ ընդդիմադիր որևէ ուժ առանձին հնարավորություն չունի 50 տոկոսից ավելի հավաքելու, իսկ եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն, կարող են իրավիճակը փոխել. «Ընտրողը պետք է իմանա, որ, ընդդիմությանը ձայն տալով` նպաստել է իշխանությունների փոփոխությանը: Եթե ևս մեկ անգամ ժողովրդին հիասթափեցնենք մեր սխալ պահվածքով, շատ վատ կլինի»,-ասաց նա:

Նա նաև ասաց, որ ՀՅԴ-ն բոլոր ոչ իշխանական ուժերի հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ է. «Կամուրջներն այրված չեն, և մենք ամեն ինչ կանենք, որ միացյալ շտաբը լինի: Իսկ եթե որևէ մեկը փորձի խափանել դա, ապա դա կլինի իր քաղաքական վերջը, այդ ուժը քաղաքական դիակ կդառնա»:

«Անկախ»-ի դիտարկմանը, թե քաղաքական դաշինքը կարող է չկայանալ այն պարզ պատճառով, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն իշխանափոխություն են ուզում միայն այն դեպքում, եթե դա փոխարինվի իրենց ուժով, Ռուստամյանը պատասխանեց.  «Այո, խնդիրը հենց դա է: Դրա համար էլ Դաշնակցությունը նախորդ ընտրություններին առաջ չքաշեց իր թեկնածուին, և թվաց, թե մենք թեկնածու չունենք: Բայց մենք դա չարեցինք, որպեսզի խնդիրը չտեղափոխվի այն դաշտ, որ անպայման մենք ենք ուզում գալ իշխանության: Մենք 7 կետ ենք առաջ քաշել, և եթե վաղը այդ 7 կետերը Սերժ Սարգսյանն իրականացնի, ես կասեմ` բրա´վո: Իսկ ձեր բարձրացրած հարցին թող պատասխանեն նրանք, ովքեր իշխանափոխություն հասկացությունը լիարժեքորեն չեն հասկանում և փոխակերպուն են այն մարդափոխություն հասկացությամբ: Բայց դեռ պետք է հիմնավորեն` իրենց գալով ինչ որ բան փոխվելու՞ է, թե՞  ոչ»: