ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց

ՊՆ, Ջոն Կիրակոսյանի դպրոցՀՀ պաշտպանության նախարարությունից Անկախին հայտնեցին, որ հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «ԻԴԵԱ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց, հանդիպել դպրոցի ուսուցչական կազմի և աշակերտների հետ:

ՊՆ, Ջոն Կիրակոսյանի դպրոցԱյցելությանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ:

Սեյրան Օհանյանը և Ռուբեն Վարդանյանը եղել են ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակությամբ դպրոցում ստեղծված վիրտուալ հրաձգարանում, ռազմամարզական և խաղային հրապարակներում, ինչպես նաև նախնական զինվորական պատրաստության կաբինետում, որը կրում է դպրոցի շրջանավարտ, Արցախյան պատերազմի հերոս Դավիթ Սարապյանի անունը: Հյուրերը հետևել են դպրոցի աշակերտների միջև վիրտուալ հրաձգարանում կազմակերպված մրցույթին:

Աշակերտները հյուրերի համար նաև Հայոց բանակին նվիրված երաժշտական ներկայացում էին պատրաստել: Ներկայացման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբի հետ մարտի ժամանակ արիաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:

«Դիրքում կանգնած, ինը հոգուց բաղկացած հասարակ ստորաբաժանումը հետ է մղել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբերի` շուրջ 30 հոգու:  Մի՞թե սա հերոսություն չէ»,- որոշ մանրամասներ ներկայացնելով դիվերսիոն խմբերին ետ շպրտելու գործողության մասին` ընդգծել է Սեյրան Օհանյանը:

 Անկախ

Անցկացվել է պաշտպանության ռազմավարական վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

KONICA MINOLTA DIGITAL CAMERAՍ.թ. հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը նախագահեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Աշխատանքային խումբը, որը հաշվետու է ռազմավարական վերանայումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին, պատասխանատու է գործընթացն առանձին փուլերով անմիջական իրականացնելու համար:

Նիստի ընթացքում պաշտպանության նախարարության ներկայացուցիչները աշխատանքային խմբի անդամներին ներկայացրեցին ռազմավարական վերանայման ընթացիկ փուլի` Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի և սպառնալիքների գնահատման մեթոդաբանությունը:

Ռազմավարական վերանայման ընթացիկ փուլը ենթադրում է ՀՀ ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի առջև ծառացած սպառնալիքների բացահայտում, պետության կենսական շահերի վրա դրանց ազդեցության աստիճանի, սպառնալիքի իրականացման հավանականության, հավանականության դինամիկայի, ինչպես նաև սպառնալիքի դեմ հակազդեցության ունակության վերլուծություն: Ամբողջ գործընթացի ընթացքում աշխատանքային խմբի վերլուծական միտքն առաջնորդվելու է ուժեղ և թույլ կողմերի, բարենպաստ հնարավորությունների և սպառնալիքների վերհանման ու գնահատման սկզբունքով:

 

Անկախ

Հայկական զինուժի ևԱդրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերի 2013-ի կորուստները

Հայկական բանակը 2013 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 25-ն ունեցել է 30 զոհ։ Նախորդ տարվա համեմատ զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակը) կորուստների թիվը նվազել է մոտ 40 տոկոսով։

պնՌազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:

Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։

 

Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։

Կորուստներ

2013 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ 30 զոհից 7-ը մարտական են. 6 հոգի զոհվել է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հակառակորդի կրակից, մեկ զինծառայող՝ ականի պայթյունից ՀՀ հյուսիսարևելյան սահմանում մարտական խնդիր իրականացնելիս։

Ինչ վերաբերում է ոչ մարտական կորուստներին, ապա ըստ պաշտոնական տվյալների՝ գրանցվել է 5 սպանություն և 6 ինքնասպանություն, ևս 5 զինծառայող զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարներից, իսկ 3 հոգի մահացել է առողջական խնդիրների պատճառով։ Բացի այդ, հոսանքահարումից մահացել է 1 զինծառայող, զենքի և զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումների հետևանքով էլ զոհվել է 3 զինծառայող։

Վիրավորներ

2013 թվականի ընթացքում պաշտոնապես հայտարարվել է 16 վիրավորի մասին, սակայն նշենք, որ վիրավորվելու ոչ բոլոր դեպքերի մասին է հայտնվում: Վիրավորներ եղել են հրադադարի խախտման, ականների պայթյունների և ավտովթարների պատճառով։

2012 թվականի կորուստները

Անցյալ տարի հայկական ԶՈւ կորուստները 52-ն էին։ Նախորդ տարի կորուստների առյուծի բաժինը գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման (14 հոգի, որից 7-ը Տավուշում և Հորադիզում հակառակորդի դիվերսիաների հետևանք) և ճանապարհատրանսպորտային միջադեպերի (14 հոգի) պատճառով: Շատ էին նաև ինքնասպանությունների (ըստ պաշտոնական վարկածի՝ 10 հոգի) ու առողջական խնդիրների (7 հոգի) պատճառով գրանցված մահերը: 2012 թվականին եղել են նաև զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ (2 հոգի) և այլ պատահարներ (3 հոգի)։ Գրանցվել է նաև 2 սպանություն։

2011–13 թվականներին կորուստների համեմատություն

ՄԱՐՏԱԿԱՆ ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ Ընդհանուր
Հրադարի խախտում Ականներ Սպանություններ Ինքնասպանություններ Առողջական խնդիրներ Դժբախտ պատահարներ
ՃՏՊ Զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ Այլ
2011 – – – – – – – – 32
2012 14 – 2 10 7 14 2 3 52
2013 6 1 5 6 3 5 3 1 30

Այսպիսով, նախորդ տարվա համեմատ 2013-ին կորուստների թիվը նվազել է շուրջ 40 տոկոսով։

Ադրբեջան,ՊՆ,կադրային փոփոխություններԱդրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերի 2013-ի կորուստները

Ռազմինֆոն ամփոփում է Ադրբեջանի ցամաքային զորքերի, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի, պետական սահմանապահ ծառայության, ներքին զորքերի, պետական պահպանության հատուկ ծառայության, մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության կորուստները այս տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 28-ը ժամանակահատվածում։

Կորուստները ներկայացնում ենք «մարտական» («հայկական գնդակից», ինչպես նաև Իրանի հետ սահմանային միջադեպի զոհեր) և «ոչ մարտական» բաժանումով։ Այս տարի Ադրբեջանում ականների պայթյուններից անվերադարձ կորուստների մասին չի հայտարարվել, բայց կան վիրավորներ, որոնց կարելի է դասել «մարտականների» շարքում, քանի որ միջադեպերն առաջնագծի մոտ են եղել։

Ոչ մարտական կորուստներ են դժբախտ պատահարների (ներառյալ ավտո- և ավիավթարների), ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով սպանությունների և ինքնասպանությունների, հիվանդությունների, արտակարգ իրավիճակների հետևանքով գրանցված զոհերը։

Աղբյուրներ

Զեկույցի աղբյուրներն են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը, ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները, ադրբեջանական «Դոկտրինա» լրագրողների ռազմական ուսումնասիրությունների կենտրոնի զեկույցները, ինչպես նաև այդ թեմայով Panorama.am լրատվական կայքի նյութերը։

Հարկ ենք համարում նշել, որ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական տվյալներին պետք է վերապահությամբ մոտենալ, քանի որ հայտնի են դեպքեր, երբ հետմահու պարգևատրել են զինծառայողների, որոնք մինչ այդ մամուլում ներկայացված են եղել որպես ոչ մարտական կորուստներ։ Այսպես, 2012-ի օգոստոսի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել էր շարքային Փարվին Նաիգ օղլու Ասքերովին «Զինվորական վաստակի համար» մեդալով, թեպետ մինչ այդ մամուլում այդ դեպքը ներկայացվել էր որպես ավտովթար։ Այսինքն՝ Բաքուն կամ կոծկում է մարտական կորուստը, կամ պարգևատրում է ավտովթարից սպանվածի. առաջին վարկածն այս դեպքում, ենթադրում ենք, ավելի հավանական է։

Բացի այդ, այս կամ այն դժբախտ պատահարի պատճառով վիրավորված զինծառայողների մասին թե´ պաշտոնական աղբյուրներից, թե´ ադրբեջանական մամուլում հաճախ հայտնի է դառնում միայն, երբ տուծաժը մահանում է։ Օրինակ՝ Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Ումուդով Էլշադ Մուսլիմ օղլուի մահվան մասին հաղորդվել էր միայն հոկտեմբերի 17-ին, մինչդեռ վերջինս ծանր վնասվածքներ էր ստացել դեռևս հոկտեմբերի 7-ին, ըստ ադրբեջանական աղբյուրների՝ ՃՏՊ-ի հետևանքով, ինչի մասին Ադրբեջանի ՊՆ-ն լռել էր։

Ադրբեջանի ՊՆ-ի՝ զինծառայողների մահվան պատճառները կոծկելու փաստեր են վերհանվել նաև վերջին օրերին։ Ադրբեջանի Կտտանքների դեմ հանձնաժողովը հաստատում է, որ ընթացիկ տարում առնվազն 5 զինծառայող մահացել է բռնության պատճառով, մինչդեռ այդ դեպքերը նախկինում պաշտոնապես նշվել ենորպես առողջական խնդիրների պատճառով կորուստներ կամ ինքնասպանություններ։

Ինչ վերաբերում է «Դոկտրինա» կենտրոնին, ապա չնայած վերջինս ադրբեջանական կորուստների վերաբերյալ ներկա դրությամբ մեզ հասանելի հիմնական աղբյուրն է, այդ կազմակերպության վերաբերյալ որոշակի հարցեր են առաջանում։ Օրինակ՝ կազմակերպության ղեկավարն է ոմն Ջասուր Սումերինլին, որի անձի մասին շատ քիչ բան է հայտնի։ Նրա խոսքերով՝ կենտրոնը կորուստների մասին զեկույցներ է կազմում 2003-ից, սակայն համացանցում մեզ չհաջողվեց կազմակերպության մասին 2011-ից վաղ որևէ հիշատակում գտնել։

Վերջին շրջանում «Դոկտրինան» կորուստների վերաբերյալ ամսական զեկույցներ է տալիս, որոնք հիմնականում հրապարակվում են ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության կայքերում։ Սակայն զեկույցները «Թուրանում» ներկայացվում են ամփոփ, միայն թվերով՝ առանց միջադեպերի մանրամասների, սպանվածների անունների և անձնական տվյալների։ Փոխարենն այս տարի անուններով և անձնական տվյալներով տարեկան ամփոփման տեսքով զեկույց է հրապարակվել ադրբեջանական «Զերկալո» պարբերականում:

Հաստատված և չհաստատված կորուստների խնդիրը

2013-ին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում,  համաձայն Ադրբեջանի էլեկտրոնային մամուլի մշտադիտարկման, գրանցվել է 84զոհ։ Ադրբեջանական կողմի բնորոշմամբ դրանցից 11-ը «մարտական» են, իսկ 73-ը՝ «ոչ մարտական»:

Հաստատված ենք համարում այն կորուստները, որոնց մասին հայտնվել է պաշտոնական հաղորդագրությամբ կամ էլ լրատվամիջոցների հետ ՊՆ մամուլի ծառայության զրույցներում։ Ըստ այդմ, նշված 84 կորուստներից պաշտոնապես չեն հաստատվել 32-ը։

Ուշագրավ է, որ ՊՆ-ի չհաստատած կորուստների մեծամասնությունը ժամանակահատվածով համընկնում է պաշտպանության նոր նախարար Զաքիր Հասանովի պաշտոնավարման մեկնարկի հետ։ Հոկտեմբերի 24-ից կադրային կտրուկ փոփոխությունների արդյունքում պաշտոնից հեռացվեցին նաև մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն ու վերջինիս տեղակալԹեյմուր Աբդուլաևը։ Ադրբեջանում լրագրողները սկսեցին դժգոհել, որ ՊՆ-ից բավականին հաճախ հրաժարվում են մեկնաբանություններ տալ կամ զանգերին առհասարակ չեն պատասխանում։ Իհարկե, Սաբիրօղլուին դժվար է անվանել լրագրողների հետ թափանցիկ աշխատող խոսնակ, քանի որ նրա օրոք էլ ՊՆ մամուլի ծառայության աշխատանքից դժգոհությունները քիչ չէին։

Այնուհանդերձ, ակնհայտ է՝ Զաքիր Հասանովի պաշտոնավարումից հետոԱդրբեջանի ՊՆ-ից զոհերի և միջադեպերի վերաբերյալ հայտարարությունները գրեթե դադարել են։ Օրինակ՝ նոյեմբեր ամսվա ընթացքում ադրբեջանական լրատվակայքերում կորուստների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել։

2013 թվականի կորուստների վերլուծություն

Ըստ ադրբեջանական մամուլի և ՊՆ տվյալների՝ 73 ոչ մարտական զոհերից 10 զինծառայող ինքնասպանություն է գործել, 16-ը մահացել է հիվանդություններից (քաղցկեղ, լեյկոզ, ուղեղի ուռուցք, սրտի անբավարարություն և այլն), 15-ը՝ ավտովթարի, 3-ը՝ ավիավթարի (Մի-17 բեռնատար ուղղաթիռի կործանում) պատճառով:

Ոչ մարտական կորուստներից 6-ը բաժին է ընկնում զենքի հետ անզգույշ վարվելու, 6-ը՝ ծառայակցի կրակի, 1-ը՝ ծառայակցի դանակահարության, 1-ը՝ ծառայակիցների ծեծի, 1-ը՝ քաղաքացիական անձի հետ վեճի դեպքերին: 8-ը դժբախտ պատահարների զոհ են, որոնցից 1-ը՝ հրդեհի, 1-ը՝ գազից թունավորման, 2-ը՝ էլեկտրահարության, 3-ը՝ ջրահեղձության, 1-ը՝ տանկի կողաթեքվելու դեպքեր են: 6 զինծառայողների մահվան պատճառներն անհայտ են:

Ըստ զինվորական կոչումների՝ զոհված զինծառայողների շարքում 8-ը ենթասպաներ են, 4-ը՝ լեյտենանտներ, 3-ը՝ ավագ լեյտենանտներ, 1-ը՝ փոխգնդապետ, 2-ը՝ կապիտան, 2-ը՝ կուրսանտ, 1-ը՝ նավաստի, 1-ը՝ սպա, որի զինվորական կոչումը չի նշվում։ Կոչումների առումով ցանկն ամբողջական չէ, քանի որ շատ դեպքերում թե´ադրբեջանական մամուլը, թե´ ՊՆ մամուլի ծառայությունը զոհված զինծառայողի կոչումը կամ պաշտոնը չեն նշում։

Վիրավորներ/անհայտ կորածներ

Անցնող տարում Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում, համաձայն ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների հաղորդած տվյալների, գրանցվել է 87 վիրավոր, որից 9-ը, ադրբեջանական կողմի բնորոշմամբ, «հայկական գնդակից», 3-ը՝ ականների պայթյունից։ «Դոկտրինայի» հաղորդմամբ՝ վիրավորների թիվն 96 է, սակայն կենտրոնը չի ներկայացրել վիրավորների անձնական տվյալներն ու այլ մանրամասներ:

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈւ 19-ամյա զինծառայող Զեյնալով Նուրլան Վիդադի օղլուն անհայտ կորած է հայտարարվել։ Զինծառայողն արձակուրդի ընթացքում՝ սեպտեմբերի 21-ին, դուրս է եկել տանից ու չի վերադարձել։ Մինչ օրս զինծառայողի հայտնաբերման լուրեր Ադբեջանի էլեկտրոնային լրատվամիջոցներում չկան։

«Դոկտրինայի» զեկույցի հետ զուգահեռներ

Նկատենք, որ ըստ «Դոկտրինայի» 2013-ի ամսական ամփոփումներից հավաքագրված տվյալների՝ Ադրբեջանն անցնող տարում ունի 79 կորուստ, 96 վիրավոր։ Ճիշտ է, Ջասուր Սումերինլին իր ասուլիսներում պարբերաբար նշում է, որ իրենց զեկույցները կազմվում են ադրբեջանական մամուլի մշտադիտարկման արդյունքում, սակայն ենթադրում ենք, որ կենտրոնն այլ աղբյուրներ ևս ունի։

Այսպես, «Դոկտրինա»-ի 2013-ի զեկույցում նշվում է ԱԻՆ-ի զոհված 2 աշխատակիցների մասին, որոնց վերաբերյալ էլեկտրոնային մամուլում տվյալներ չկան։ Ընդ որում, կորուստներից մեկը հունվար ամսվա 6 ոչ մարտական զոհերից է եղել՝ դատելով ամսական զեկույցից, իսկ մյուսը՝ մայիս-հուլիսին, Նախիջևանի ԱԻՆ-ից:

«Դոկտրինան» արդեն իսկ տարվա ավարտին ներկայացված զեկույցում նշում է զոհված ԱԻՆ աշխատակիցներից մեկի անունը՝ Ռուսլան Գուլիև, ով հուլիսի 3-ին ավտովթարի է ենթարկվել ու զոհվել, սակայն պաշտոնական հաստատում չկա:

Նշենք, որ «Դոկտրինայի» տարեկան զեկույցը հրապարակվել է դեկտեմբերի 20-ին, իսկ դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի ԱԻՆ-ը գրանցել է ևս մեկ զոհ. ԱԻՆ մամուլի ծառայության հաստատմամբ՝ հրշեջ ծառայության աշխատակից Զաուր Էյվազովը մահացել է հրդեհը մարելիս, ուստի կորուստն ընդգրկված չէ «Դոկտրինայի» ներկայացրած 79 զոհերի ցուցակում։

Նշենք, որ Ռազմինֆոն ԱԻՆ 3 կորուստներն Ադրբեջանի այս տարվա զոհերի շարքում չի ներառել։

«Դոկտրինան» որպես մարտական կորուստ է ներկայացրել Իրանի հետ սահմանի Լերիքի շրջանում սահմանային միջադեպի հետևանքով զոհված, պետական սահմանապահ ծառայության մայոր Մաքսուդ Նագիևին, որի մահվան լուրն իրանական կողմը չի հաստատել:

Կենտրոնը ոչ մարտական կորուստների շարքում ընդգրկել է բարձրաստիճան զինվորականների մահվան 2 դեպք:

Մասնավորապես, սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի՝ զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայության ղեկավարի տեղակալ Ռամիզ Մամեդովը մեկ շաբաթ առաջ ուղեղի կաթված տանելուց ու հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել էր:

Նոյեմբերի 22-ին սրտամկանի ինֆարկտից մահացել էր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևի տեղակալը՝ ԶՈւ գեներալ-մայոր Մուհամմեդ Աբբասգուլիևը։

Բացի այդ, 2013-ի նոյեմբերի 3-ին, ներկայացնելով հոկտեմբեր ամսվա ընթացքում գրանցված կորուստները, «Դոկտրինան» փաստում է՝ եղել է 76 կորուստ, 66-ը՝ ոչ մարտական, իսկ դեկտեմբերի 2-ին կենտրոնը տեղեկացնում է՝ տարվա սկզբից մինչ դեկտեմբերի սկիզբը գրանցվել է 77 կորուստ, որից 67-ը՝ մարտական։

Համեմատելով թվերը՝ տեսնում ենք, որ ոչ մարտական զոհերի ցուցակում նախորդ ամսվա «հիվանդությունից մահացած 11 հոգին» դարձել է «12 հոգի»։ Փաստորեն, նոյեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է առնվազն 1 կորուստ հիվանդության պատճառով, սակայն ադրբեջանական լրատվակայքերի մշտադիտարկումը ցույց է տալիս՝ նոյեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության համակարգերում կորուստներ չեն հայտարարվել, գրանցվել է 7 վիրավոր և տուժած։ Այսինքն՝ հիվանդությունից մահացած ադրբեջանցի զինծառայողի մասին ադրբեջանական ՊՆ-ն ու մամուլը չեն հաղորդել։

Հարկ է նշել, որ մայիսի 3-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության այդ ժամանակվա ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել էր՝ մինչ այդ պահն Ադրբեջանում «հայկական գնդակից» զոհվել է 7 զինծառայող, մինչդեռ նույն ժամանակահատվածում ադրբեջանական մամուլի մշտադիտարկումը ցույց է տալիս՝ «թշնամու գնդակից» զոհվել են միայն 5 զինծառայող: «Դոկտրինան» հայտարարել է, որ իրեն ևս հայտնի չեն մնացյալ 2-ի անունները, ուստի զեկույցում դրանք ընդգրկված չեն։

Այնուամենայնիվ, որոշ վերապահությամբ ներառել ենք Սաբիրօղլուի հայտարարած 7 կորուստներն էլ՝ դիտարկելով որպես պաշտոնական հայտարարություն։ Բայց հարկ ենք համարում շեշտել, որ չի բացառվում՝ այդ 2 անհայտ զոհերն իրականում լինեն գրանցված ոչ մարտական կորուստների շարքում։

Կասկածելի մահեր

• 2013-ի սկզբին՝ հունվարի 7-ին, 1994-ին ծնված զինծառայող Ջեյհուն Զաման օղլու Գուբադովը, որը զորակոչվել էր 2012-ի հոկտեմբերին, պաշտոնական վարկածով մահացել է սրտի կաթվածից, սակայն ադրբեջանական մամուլում հայտնվել էին զինծառայողի դիի լուսանկարները՝ կապտուկների և վնասվածքերի հետքերով։ Զինծառայողի մահվան դեպքը քննարկումների առիթ էր տվել սոցցանցերում, որոնք հունվարի 12-ին վերաճել էին ոչ մարտական կորուստների մեծ թվի դեմ ուղղված բողոքի ցույցի։

• Փետրվարի 11-ին հայտնի է դարձել՝ Ադրբեջանի ՌՕՈւ Մի-17 բեռնատար ուղղաթիռն ընկել է Կասպից ծովը, որի հետևանքով օդաչուն և 2 մեխանիկները զոհված են համարվում: Հայտնաբերել են միայն մեխանիկներից մեկի դին: Մինչ օրս ուղղաթիռի վթարի պատճառի մասին հայտարարություն չի եղել:

• Նախիջևանում փետրվարի 15-ին զորավարժության ժամանակ տանկն ընկել է կիրճը։ Տանկը կառավարող պայմանագրային զինծառայող Մուշվիգ Հազանֆար օղլու Բեյլյարովը չի կարողացել դուրս գալ տանկից ու մահացել է։ Ադրբեջանի ՊՆ-ն չի մեկնաբանել իրավիճակը, անհայտ են տանկի վթարի պատճառները։

• Մարտի 2-ին Ադրբեջանի գլխավոր կլինիկական հոսպիտալում ադրբեջանական լրատվակայքերի հայտնած նախնական տեղեկություններով հեպատիտից մահացել է Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյի կուրսանտ Ռահիլ Ամիքիշիևը։ ՊՆ-ն մինչ օրս մահվան պաշտոնական վարկած չի ներկայացրել։

• Մարտի 24-ին պետական պահպանության հատուկ ծառայության զինծառայող, 19-ամյա Մամեդով Մամեդաղա Նովրուզ օղլուին կախված են գտել ուղղաթիռների օդանավակայանի տարածքում: Ադրբեջանի ՊՆ-ն չի արձագանքել միջադեպին: Պատճառներն անհայտ են:

• Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է Շամխորի բանակային կորպուսի Թովուզի շրջանի զորամասերից մեկի` 1994-ին ծնված զինծառայող Ասքերլի Անար Դաղըսթան օղլուի մահվան փաստը՝ որպես պատճառ նշելով զենքի հետ անզգույշ վարմունքը: Ադրբեջանական մումուլում տարածվել էր զինծառայողի վերջին սոցցանցային գրառումը, որտեղ նա դժգոհել էր պետությունից:

• Սեպտեմբերի 24-ին հայտնի է դարձել, որ հոսպիտալի բժիշկ, ՆԶ կապիտան Ադիլ Գուլիևը մահացել է «ինչ-որ հիվանդությունից»: Միջադեպի մանրամասներն անհայտ են, ՆԶ-ից չեն մեկնաբանել։

Նախորդ տարիների հետ համեմատություն

2010-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչություններում գրանցվել էր 71զոհ, 2011-ին՝ 95, որից մարտականը՝ 19, 2012-ին՝ 97  (ըստ «Դոկտրինայի»), 99-ը (ըստ Panorama.am-ի), որից մարտականը՝ 16 (13-ը՝ հրադադարի խախտում, 3-ը՝ ականի պայթյուն): 2012-ի ոչ մարտական կորուստների շարքում 22-ը ծառայակիցների արձակած կրակի ու դանակահարության, 19-ը՝ ինքնասպանության, 16-ը՝ ավտովթարների, 14-ը՝ հիվանդության, 5-ը՝ տարբեր արտակարգ իրավիճակների զոհեր են, 5-ը՝ անհայտ:

Ստացվում է՝ 2012-ի համեմատ Ադրբեջանում կորուստների ընդհանուր քանակը նվազել է 13.4 %-ով, մարտական կորուստները՝ 31.3 %-ով, ինքնասպանություններինը՝ 47.4%-ով, սպանություններինը՝ 59.1 %-ով, ավտովթարներինը՝ 6.4%-ով, հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թիվն աճել է 14.3 %-ով:

Անկախ

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տյան Չանչունին

SIP_0121 copy2013թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տյան Չանչունին:

Հանդիպումը կայացել է Հայաստանում Չինաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդների հերթափոխի կապակցությամբ` ավագ գնդապետ ՈՒ Ցզինցիի ռազմադիվանագիռազմական առաքելության ավարտի և գնդապետ Լի Գուանիայի` ՀՀ-ում հավատարմագրման առիթով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-չինական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվեցին հետագա զարգացման ուղիները:

 

 Անկախ

 

 

 

 

 

Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի այս տարվա վերջին նիստը` դեկտեմբերի 26-ին

պն ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը տեղեկացնում է, որ ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի վերջին նիստն ընթացիկ տարում կկայանա դեկտեմբերի 26-ին:

Հանձնաժողովի աշխատանքները կվերսկսեն Ամանորի և Սուրբ ծննդյան տոներից հետո` 2014թ. հունվարի 9-ին և կշարունակվեն մինչև զորակոչի ավարտը:

Հանձնաժողովի նիստերը գումարվում են երկուշաբթի և հինգշաբթի օրերին Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում: Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային բոլոր օրերին:

Տեղեկությունների համար զանգահարել 010523482, 010523486 հեռախոսահամարներով:

 

 ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր

հասարակական խորհուրդ

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան

Սեյրան ՕհանյանՉինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով 2013թ. դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Պեկին է մեկնել  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Սույ Ցիլյանի, ՉԺՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի հատուկ նշանակության բրիգադ, ռազմական շրջաններ, տարբեր զորամասեր, ինչպես նաև ռազմարդյունաբերության խոշոր ձեռնարկություններ:

 

 

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնում ավարտվել են պլանային հերթական հոսքի դասընթացները

վերապատրաստումՕրերս ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ ս.թ. սեպտեմբերի 23-ից մեկնարկած հրամանատարաշտաբային ֆակուլտետի սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնի հաստիքապաշտոնային «Կապիտան» զինվորական կոչումով նախատեսված որակավորման 12-շաբաթյա դասընթացների ավարտական հանդիսավոր միջոցառումը:

Դասընթացներին մասնակցում էին հիմնականում ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային, հրաձգային, տանկային գումարտակների և հրետանային մարտկոցների դասակների հրամանատարներ, որոնք ընդգրկված էին պաշտոնի առաջխաղացման ռեզերվի անվանացուցակներում:

Դասընթացների կազմակերպման հիմնական նպատակներից է ռազմական կրթության շարունակականության ապահովումը, ինչպես նաև ժամանակակից մարտական գործողություններին և շտաբային աշխատանքներին պատրաստ, դաշնակից և գործընկեր պետությունների հետ հասմագործակցության շրջանակներում փոխգործունակ սպաների պատրաստումը: Կրտսեր սպայական կազմը ուսումնառության ընթացքում ստանում է համազորային, այլ զորատեսակների ներգրավմամբ գործողությունների պլանավորման ու վարման, ինչպես նաև մարտական, թիկունքային և տեխնիկական ապահովման վերաբերյալ համակողմանի գիտելիքներ: Նախորոշված ժամանակամիջոցում կրտսեր սպաները ձեռք են բերում անհրաժեշտ զորատեսակի որակավորում  և անցնելով լրացուցիչ ուսուցում ու վերապատրաստում` կարող են ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն ենթադրող հրամանատարական պաշտոններ:

ՀՀ ԶՈՒ գործողությունները լինելու են կանխարգելիչ և խիստ. ՊՆ

պնՍույն թվականի նոյեմբերի 5-ին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով ռազմական գործողությունների առումով զսպվածություն ցուցաբերելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ամբողջ այս ընթացքում հայկական կողմից չի արձակվել ոչ մի կրակոց:

Սույն թվականի դեկտեմբերի 14-ի միջադեպը, որի ժամանակ հակառակորդի կրակից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Սերյոժայի Պողոսյանը, հերթական անգամ ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը, շարունակում է հրադադարի պահպանման անտեսման իր մշտական մոտեցումը, մասնավորապես` Համանախագահների Բաքվում գտնվելու ժամանակ:

ՊՆ  մամլո ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ այս ամենի արդյունքում ՀՀ զինված ուժերի գործողությունները լինելու են կանխարգելիչ և խիստ:

Անկախ

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Հրանտ Սերյոժայի Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստ

ՊՆ,Գերիներ, պատանդներ,անհայտ կորածներ,հանձնաժողովՊՆ լրատվական ծառայությունից Անկախին հայտնռցին, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը` հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Նիստին նաև հրավիրվել էին ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում քննարկվել են 2013 թվականին կատարված աշխատանքները, նախանշվել են 2014 թվականի աշխատանքային ծրագիրի հիմնական ուղղությունները:

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրեցին տարվա ընթացքում կատարած աշխատանքները և հանդես եկան առաջարկություններով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ամփոփիչ խոսքում հանձնարարականներ տվեց հանձնաժողովի անդամներին: Նիստի ավարտին պաշտպանության նախարարի հրամանով հանձնաժողովի մի քանի անդամներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով:

Անկախ

 

Տեղի է ունեցել ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ՊՆ,միջգերատեսչական հանձնաժողովԴեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց ՀՀ Նախագահի կարգադրությամբ ձևավորված Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:  Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչև 2015թ. վերջ և նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի մինչև 2020թ. հեռանկարային զարգացման երաշխավորմանը:

Ռազմավարական վերանայման առանձին փուլերը ներառելու են Հայաստանի առջև ծառացած ներկա ու ապագա ռազմական սպառնալիքների բացահայտումն ու գնահատումը, իրավիճակի զարգացման սցենարների մշակումն ու խաղարկումը, զինված ուժերի խնդիրների հստակեցումը, անհրաժեշտ ռազմական կարողությունների պլանավորումը և այս ամենով հանդերձ` ռազմական ագրեսիան անդրադարձնելուն ունակ դինամիկ զորային կառույցի ձևավորումը:

Վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովում ներկայացված են Հայաստանի Հանրապետության անվտանգության ու պաշտպանության հարցերում շահագրգիռ բոլոր պետական կառավարման մարմինները` փոխնախարարների մակարդակով, իսկ հանձնաժողովը համանախագահում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Շնորհավորելով բոլոր ներկա գտնվողներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման մեկնարկի կապակցությամբ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց  ներգրավված բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների եռանդագին ներդրումը Հայաստանի Հանրապետության անվտանգության համար այս կենսական նշանակության համապետական ձեռնարկում: Պաշտպանության նախարարը նաև ընդգծեց ռազմավարական վերանայման առանձին փուլերին Հայաստանի Հանրապետության գիտակրթական շրջանակների ակտիվ ներգրավման, ինչպես նաև դաշնակից ու գործընկեր պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտությունը:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին տվեց հստակ ցուցումներ ռազմավարական վերանայման գործընթացի առաջին փուլի աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ:

Անկախ

Չինարիում Նոր տարին չեն նշի, գյուղում սուգ է. Վանիչկան գրել է, որ հեռախոսի պատճառով է ինքնասպան լինում

 ՎանիչկաՀայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանն ինքնասպանության է դիմել հեռախոսի պատճառով: Այս մասինNEWS.am-ին հայտնել են Չինարի գյուղի բնակիչները, որոնք դեռ ուշքի չեն գալիս կատարվածից:

«Վանիչկայի թողած գրությունը գտել են. խեղճ երեխան գրել էր, որ ինչ-որ զինվորներ հեռախոս են գողացել ու գցել իր ուսապարկի մեջ, որից հետո էլ իրեն մեղադրել են գողության մեջ: Չի կարողացել անմեղությունն ապացուցել, դրա համար էլ ըտենց քայլի ա դիմել»,- պատմեց համագյուղացիներից մեկը:

Նրա խոսքով` գյուղում ոչ մեկը չի հավատում այս գրությանը. «Ախր ո՞նց կարա Վանիչկայի նման խելացի երեխան մի հեռախոսի պատճառով նման բան անի»:

Վանիչկայի դին երեկ գիշեր բերել են. այսօր երեկոյան տեղի է ունենալու հոգեհանգիստը: Վանիչկայի քրոջը, որն այժմ վարսավիրություն է սովորում Երևանում, կատարված դժբախտության մասին ասել են միայն երեկ երեկոյան։ «Քրոջը զանգել ու ասել են` պապադ նորից խնդիրներ ունի ոտքի հետ, արի հասի: Երեխեն եկել ու նոր ա իմացել, որ ախպերը մահացել ա»,-պատմել է Վանիչկայի համագյուղացիներից մեկը։

Նշենք, որ Վանիչկայի հայրը` Արամայիսը, երկու տարի առաջ ականի պատճառով կորցրել էր մի ոտքը: Չինարիում սուգ է հայտարարված. գյուղացիները նույնիսկ Նոր տարի չեն նշելու, միմյանց տուն չեն գնալու։

Ավելի վաղԱնկախը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ինքնասպանության հասցնելը:

Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրենց այլեւս չեն տեսնի։Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Ձերբակալված զինծառայողի ինքնությունը հայտնի է

ձերբակալությունՀայտնի է դարձել Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի ինքնասպանություն հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված զինծառայողի ինքնությունը,հաղորդում  է NEWS.am-ը:Մեր տեղեկություններով՝ նա Աբովյան քաղաքի բնակիչ Շմավոն Կյուրեղյանն է: Մեր տեղեկություններով՝ կասկածյալ զինծառայողներից մեկը դիմել է փախուստի։

Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ինքնասպանության հասցնելը:

 Անկախ

Քննարկվել են հայ- շվեյցարական համագործակցության հեռանկարները

ՊՆԴեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Գասսերին:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ փոխանակեցին ՀՀ պաշտպանության նախարարության և Շվեյցարիայի պաշտպանական գերատեսչության, ինչպես նաև շվեյցարական ոչ կառավարական մի շարք կազմակերպությունների` Ժնևի անվտանգության քաղաքականության կենտրոնի, Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողություն Ժնևի կենտրոնի հետ համագործակցության հեռանկարների շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Զինվորներն իրենց ծառայության վայրերն ընտրում են վիճակահանությամբ. ՊՆ մամուլի քարտուղար

Արծրուն ՀովհաննիսյանՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով արդեն երկու օր ընթացող զորակոչին:

Նա գրում է. « Հարգելի’ քաղաքացիրներ և ԶԼՄ ներկայացուցիչներ, արդեն երկու օր է` ընթացքի մեջ է 2013թ. ձմեռային զորակոչը: Այս զորակոչը անցնում է նոր կարգով. զինվորներն  իրենց ծառայության վայրերն  ընտրում են վիճակահանությամբ, որին մասնակցում են նաև ծնողները: Նորամուծության նպատակը զորակոչի անցկացման գործընթացում արդարության, լիարժեք թափանցիկություն և փոխադարձ վստահություն ապահովելն է:

Մեկ անգամ եւս հորդորում ենք նորակոչիկների ծնողներին` չհավատալ բախտախնդիրների և չդիմել անօրինական քայլերի: Զորակոչի ընթացքին հետեւելու հնարավորություն ունեն նաեւ լրատվամիջոցները: Առաջիկայում պլանավորվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն զորահավաքակայան»:

Այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը

պնՄեկնարկել է 2013թ. ձմեռային զորակոչը: Այսօր` դեկտեմբերի երկուսին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:

Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչային գործընթացի իրականացումը: Զորակոչն առավել օրինական, արդար և թափանցիկ ապահովելու նպատակով, այս տարի առաջին անգամ նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կկատարվի վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն կընձեռի առավելագույնս կանխել միջնորդավորված միջամտությունները և անօրինական գործողությունները:

ՀՀ զինված ուժերում ծառայելը, և սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Անձնվիրաբար ծառայել հայրենիքին` նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր զավակ: Ուստի կոչ ենք անում ողջ ազգաբնակչությանը սատարել համապետական նշանակության այս միջոցառման իրականացմանը՝ զերծ մնալով զանցանքներից:

ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2013թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82, 010-52-34-86 հեռախոսահամարներով:

Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին:

Տեղի է ունեցել Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը

պն,ռուսաստանՆոյեմբերի 25-ից 29-ը Երևանում՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում, տեղի է ունենեցել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 8-րդ նիստը: Նիստը վարում էին հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ, ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի պետ-պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Միրզաբեկյանը և ռուսական մասի նախագահ Կ.Բիրյուլինը: Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության և պայմանագրաիրավական բազայի  զարգացմանը վերաբերվող հարցեր:

Երևանում անցկացված նիստի շրջանակներում միջկառավարական հանձնաժողովի երկու կողմերի համանախագահները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանի և ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի հետ:

Հանձնաժողովի աշխատանքների ընթացքում մասնակիցներն այցելել են «ԿԱՄԱԶ»  թափքով հատուկ ինժեներական տեխնիկայի և ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման արտոնագրված սպասարկման կենտրոն:

Ռուսական կողմը Նիստի ընթացքում իրականացրեց ռուսական արտադրության ռազմատեխնիկական նշանակության մի շարք արտադրանքների ցուցադրություն:

Նիստի արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև Նիստի Արձանագրությունը:

Կողմերը պայմանավորվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 9-րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում:

 

 

Ստեղծվել է 2013թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

պնՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2013թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 11.00-16.00-ն: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 2-ին:

Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` հասարակական խորհրդում:

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Տեղեկությունների համար զանգահարել 010523482, 010523486 հեռախոսահամարներով:

 

 

 

 

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Ա.Հովհաննիսյանի պարզաբանումը ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանին փոխանցվող տարածքների վերաբերյալ

Արծրուն ՀովհաննիսյանՀայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանը տեղաբաշխված է տարբեր կետերում, որոնք կոչվում են ռազմական ավաններ: Ռուսաստանյան ռազմակայանի վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ուղղությամբ ռազմակայանի խնդիրների փոփոխությամբ պայմանավորված, մի քանի անգամ փոխվել են նաև ռազմակայանի տեղակայման կետերը:

Մասնավորապես, առաջիկայում «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման և նոր սպառազինությամբ համալրման նպատակով պլանավորվում է ռուսական կողմին ժամանակավոր օգտագործման համար տրամադրել ՀՀ ԶՈՒ-ի կողմից չօգտագործվող մի շարք տարբեր նշանակության տարածքներ (ուղղաթիռային սավառնակախմբի (էսկադրիլիայի) կանգառ, վարչատնտեսական և վառելիքաքսուքային նշանակության շինությունների համար նախատեսված տարածքներ): ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 21-ի նիստում ստորագրման հավանություն է տվել հենց այդ նպատակով պատրաստված համաձայնագրի նախագծին:

Պարզաբանման համար պետք է նշեմ նաև, որ «Էրեբունի» օդանավակայանի տարածքում բացի «ժամանակավոր օգտագործման նպատակով փոխանցվող» տարածքներից կան նաև «համատեղ օգտագործման» կարգավիճակ ունեցող տարածքներ (օրինակ` թռիչքուղին), որոնք իրավաբանորեն կարգավորում են հայկական և ռուսական կողմերի համար այդ տարածքների համաժամանակյա օգտագործման պայմանները:

Հայ-հունական պաշտպանական համագործակցությունն ընդլայնվում է

պնՍ.թ. նոյեմբերի 20-ին ավարտվեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակության երկօրյա պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն:

Այցի ընթացքում կայացել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ:

Հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունեցող հայ-հունական պաշտպանական համագործակցության ներկայիս մակարդակը և կարևորել են համագործակցության հետագա զարգացումը ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության, հատուկ նշանակության զորքերի պատրաստության և խաղաղապահության ոլորտներում: Բանակցությունների ընթացքում հունական կողմը պատրաստակամություն է հայտնել լիակատար աջակցություն տրամադրել ՀՀ զինված ուժերի խաղաղապահ կարողությունների զարգացման և պաշտպանական բարեփոխումների իրականացման գործում:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համագործակցության իրավական հիմքը կազմող պայմանագրերի վերանայման և պաշտպանության բնագավառում համագործակցության համադրման համատեղ բարձր մակարդակի հանձնախումբ ստեղծելու վերաբերյալ, որը կուսումնասիրի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներում համագործակցություն իրականացնելու հնարավորությունները:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը նաև այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով և ծաղկեպսակ տեղադրելով հուշարձանին:

Մշակվում է ՀՀ զինված ուժերում ծխելու դեմ պայքարի ծրագիր

ՊՆ, ծխելու դեմ պայքարՀՀ պաշտպանության նախարարի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` ՀՀ զինված ուժերում ծխելու դեմ պայքարի ծրագիր մշակելու նպատակով: Աշխատանքային խմբի առաջիկա ծրագրերի շուրջ կլոր սեղան-քննարկումն առաջարկում ենք դիտել Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության «Զինուժ» հեռուստածրագրի առաջիկա թողարկման ընթացքում:

 

Կլոր սեղան-քննարկման մասնակիցներն են.

 

Արա Բաբլոյան – ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Թևան Պողոսյան – ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ

Բաբկեն Վարդանյան – ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական

Բենիկ Հարությունյան – ՀՀ պաշտպանության նախարարի ռազմաբժշկական հարցերի գծով խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ալիկ Բազարջյան – ՀՀ առողջապահության նախարարության ծխելու դեմ պայքարի ծրագրի համակարգող, բժշկական գիտությունների թեկնածու