Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է «Այբ» ավագ դպրոցի առաջիկա ծրագրերին

Ayb7Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Այբ» ավագ դպրոց: Կառավարության ղեկավարը շրջել է կրթական հաստատությունով՝ ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին, կրթական գործընթացներին և առաջիկա ծրագրերին:
Վարչապետին տեղեկացրել են, որ 7 հա տարածքի վրա առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է կառուցել կրթական ավան՝ տարրական, միջին և ավագ դպրոցի նոր մասնաշենքերով, մարզական համալիրով, արվեստի կենտրոնով: Ծրագրվում է մոտ ժամանակներս դպրոցում հիմնել արդիական սարքավորումներով համալրված լաբորատորիա, որտեղ կիրականացվեն ռոբոտաշինության և ինժեներական ծրագրեր:
Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև դպրոցի կրթական գերազանցության կենտրոնի ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել կառավարության հետ համատեղ:

Ayb6Տեղեկացվել է, որ այս ուսումնական տարվանից «Այբ»-ի տարրական դպրոցի աշակերտների թիվը հասել է 82-ի, իսկ ավագ դպրոցինը՝ 260-ի: Այս ուստարում կբացվի նաև միջին դպրոցը: Զեկուցվել է, որ սոցիալական ուղղվածություն ունեցող ավագ դպրոցի աշակերտների մոտ 80 տոկոսն ուսում է ստանում բարերարների հատկացրած կրթաթոշակներով:

Հովիկ Աբրահամյանը ողջունել և կարևորել է նախատեսվող ծրագրերը և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման աշխատանքներում:
Ի դեպ, «Այբ» կրթական ավանում շարունակվում են նաև Սրբոց Թարգմանչաց եկեղեցու կառուցման աշխատանքները. եկեղեցին կնվիրաբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

 

Անկախ

«Այբ» ավագ դպրոցը եւ Դիլիջանի միջազգային դպրոցը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

«Այբ», Դիլիջանի միջազգային դպրոց, հուշագիր««Այբ» կրթական հանգույց» հիմնադրամը («Այբ» ավագ դպրոց) եւ Դիլիջանի միջազգային դպրոցն (UWC Dilijan) այսօր Երեւանում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

 

Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ «Այբ» ավագ դպրոցում:

 

Հուշագրում նշված է, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» եւ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամները շահագրգիռ են արտաուսումնական բնագավառում իրենց գործունեության ընդլայնման հարցում:

 

Մասնավորապես, հուշագրով նախատեսված է, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» հիմնադրամը եւ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամը «Այբ» դպրոցի աշակերտներին կներգրավեն Տաթեւում եւ Դիլիջանում համայնքային զարգացմանն ուղղված աշխատանքներին: Նախատեսվում է, որ կողմերը համատեղ կկազմակերպեն ամառային ճամբարներ, ուսուցիչների փոխանակման ծրագրեր, համատեղ կմշակեն եւ կիրականացնեն սոցիալական ձեռներեցության պիլոտային ծրագրեր եւ այլն:

 

Այս տարվա ամռանը «Այբ» դպրոցի սաները ներկայացրել էին իրենց ծրագրերն ու նախագծերը Դիլիջանի միջազգային դպրոցի կազմակերպած ամառային ճամբարում, որը հյուրընկալել էր 30 երեխաների 13 երկրներից: