Հակառակորդի կրակոցներից տներն այրված այգեպարցիներին բնակարան են տվել

10537168_784998098189448_2442819822149409741_nOգոստոսի 10-ին հակառակորդի կրակոցներից ամբողջովին այրված տների բնակիչներին Տավուշի մարզպետարանը «Հայաստան համահայկական հիմնադրամի» աջակցությամբ բնակարաններ է հատկացրել Այգեպար գյուղում:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ բնակարանները տրամադրվել են գույքով: «Թե’ Վարդազարյանների, թե Գևորգյանների’ ընտանիքին Այգեպարի բազմաբնակարան շենքում տրամադրել են երեք սենյականոց բնակարաններ, որոնցից մեկին նաև ավտոտնակ է պատկանում»:

10603280_784996874856237_7091441163111472040_nԱյգեպարցի տուժած բնակիչներից Արշալույս Գևորգյանը մեր թղթակցին ասել է, որ այժմ փաստաթղթային հարցերն են լուծվում, ինչից հետո իրենք կտեղափոխվեն նոր բնակարան: «Ջուրը, հոսանքն էլ միացնենք, կտեղափոխվենք: Քիչ-քիչ ամեն ինչ հունի մեջ է ընկնում»,-ասել է Արշալույս Գևորգյանը:

10615658_784996344856290_1985185821_nՄինչև այդ, Արշալույս Գևորգյանը, կինն ու նրանց որդին գիշերում են հարևանի տանը: Ի դեպ, հենց հարևաններն են գնդակոծության օրը այլ համագյուղացիների հետ միասին փորձել օգնել Արշալույս Գևորգյանին, մարել հրդեհը: «Ես էի, բազմաթիվ այգեպարցիներ, նաև գյուղապետ Անդրանիկ Այդինյանը, դուրս եկանք, որ դույլով ջուր տանենք, էնքան ուժգին խփեցին դիմացի ծառին, որ չկարացինք մոտենանք»,-պատմում է Լյուդվիգ Խաչատրյանը:

10609301_784996494856275_874462292_nՆշենք նաև, որ Արշալույս Գևորգյանն ասել է, որ  հրդեհի հետևանքով իր ձեռքերի և որդու պարանոցի այրվածքներն աստիճանաբար ապաքինվում են, ընտանեկան բժիշկն ամեն օր այցելում, մշակում վերքերը:

 

Անկախ

«Ես էլ եմ էրվել, Էրեխիս էլ վիզն ա վառվել, տունս տակից կլյուխ մոխիր ա դարձել…». այգեպարցի բնակիչ (բացառիկ լուսանկարներ)


10406401_783913391631252_6853065256775602955_n
Տավուշում գիշերը չափազանց լարված է եղել: Հակառակորդն ամբողջ գիշեր խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծության է ենթարկել Տավուշի մարզի Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես, Չինարի գյուղերը, կրակել նաև հայկական հենակետերի ուղղությամբ:

Գնդակոծությունը սկսվել է գիշերը 1:30 և շարունակվել մինչև լուսաբաց: Կրակահերթերն ուժգին են եղել հատկապես Այգեպար և Ներքին կարմիրաղբյուր գյուղերում:

Անկախ-ի տեղեկություններով, Այգեպարում երկու տուն է այրվել: Մեկը պատկանում է այգեպարցի Արարատ Վարդազարյանին, որոնց տանն այս պահին, բարեբախտաբար, բնակիչներ չեն ապրում, մյուսը` Արշալույս Գևորգյանին, որը Անկախ-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: <<Ես էլ եմ էրվել, Էրեխիս էլ վիզն ա վառվել: Տունս տակից կլյուխ մոխիր ա դարձել, ինչ ասեմ>>,-ասաց Արշալույս Գևորգյանը:

Դեպքը պատահել է գիշերը՝ ժամը երեքին: Հրշեջ մեքենան Բերդից եկել, մոտեցել է մինչև Տավուշի ջրամբարին, բայց ուժգին կրակոցների պատճառով չի կարողացել մոտենալ այրվող տանը:

Արշալույս Գևորգյանի խոսքով՝ ոչինչ չի փրկվել: <<Տասնյակ լիտրեր օղին, գինին, մի քանի պարկ ալյուրը, ցորենը, ամեն ինչ, ամեն ինչ, փաստաթղթերս, անձնագիրս, ամեն ինչ վառվեց, երկու հեռուստացույց, սառնարան, հագուստը, բազմոցը, չկարացինք հանգցնենք>>:

Հարևանները փորձել են օգնել Գևորգյանների ընտանիքին, սակայն ուժգին կրակոցների ներքո տան հրդեհը մարել չեն կարողացել: Այս պահին գրեթե ամբողջ գյուղը, բարեկամները Գևորգյանների ընտանիքի կողքին են, փորձում են սփոփել գրեթե անսփոփելին:

Նշենք նաև, որ սահմանային լարվածության պատճառով բնակիչները պատսպարվել և լուսացրել են թաքստոցներում և տան նկուղներում: <<Չինարիում էդքան ուժեղ չէր, հատուկենտ կրակոց ա եղել: Հիմնականում Այգեպարի ու Ներքին կարմիրաղբյուրի վրա են կրակել>>,-Անկախ-ի հետ զրույցում ասաց չինարեցի Վանիկ Ոսկանյանը` նշելով նաև, որ Ադրբեջանում սպանված համագյուղացու` Կարեն Պետրոսյանի դին Հայաստանին փոխանցելու մասին դեռևս որևէ լուր չունեն:

Անկախ

Հակառակորդը կրակել է քաղաքացիական ավտոմեքենայի վրա, որն ամբողջությամբ այրվել է

2-Small1Հայաստանի հյուսիսարեևելյան սահմանագոտում այսօր համեմատաբար խաղաղ է եղել: Մովսեսցիների խոսքով, գյուղի ուղղությամբ հնչել են հատուկենտ կրակոցներ: Սակայն նախօրեին ադրբեջանցի դիպուկահարները, դարձյալ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, Ներքին կարմիրաղբյուր-Այգեպար ճանապարհահատվածում կրակել են քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ:

Տավուշ գյուղի բնակիչ Վարդան Դարբինյանին պատկանող մեքենան ամբողջությամբ այրվել և մոխրի է վերածվել: Բարեբախտաբար, ավտոմեքենայից ուղևորները կարողացել են ճողոպրել և չեն տուժել:

 

Անկախ

Չինարի, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերը շարունակում են գնդակոծվել

ՉինարիՏավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերը շարունակում են կրակի տակ լինել: Ադրբեջանական զինուժն արդեն մի քանի ժամ է` նախ մերթընդմերթ, ապա ինտենսիվ սկսել է գնդակոծել այս գյուղերի ուղղությամբ:

Չինարի-3

Չինարիի գյուղապետն Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ գյուղն ուժգին գնդակոծվում է, վնասվել են բազմաթիվ տների տանիքներ, բարեբախտաբար, տուժածներ չկան: Սամվել Սաղոյանն ասել է նաև, որ նոր է հացահատիկի դաշտից դուրս եկել, հենց սկսել են հնձել, հակառակորդը կրակահերթ է բացել: <<Հազիվ մեկ հեկտար հնձեցինք, սկսեցին կրակել: Տենում ես` ինչ են անում>>,-ասել է Չինարի գյուղապետը, որի հետ հեռախոսազրույցում պարզ լսելի են եղել գնդակոծության ձայները:

Մեր տեղեկություններով` գնդակոծվել են նաև Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը: Այգեպարից մեզ փոխանցել են, որ այնքան ինտենսիվ են կրակում, որ գյուղի լույսերն անջատել են, և մարդիկ չեն համարձակվում տներից դուրս գալ:

10588921_778252668863991_909348174_nՄովսես գյուղի բնակիչների խոսքով` վերջին շրջանում հակառակորդը նման զինատեսակներից դեռ չէր կրակել: <<Նոր ենք ապաստարաններից դուրս եկել, մոտ տասը րոպե կլինի` հարաբերական անդորր է: Ասում են` ադրբեջանցիք պոստերը փոխել են, այդ պատճառով կրակի տակ է հայտնվել հենց գյուղամեջը: Առավոտյան պարզ կլինի` վնասները որքան են>>,-ասել են մովսեսցիները:

Չինարի-1Ըստ նրանց` հակառակորդը կրակել է գյուղի կենտրոնական հատվածի ուղղությամբ, որտեղ նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին է:

 

Անկախ

Հակառակորդը դարձյալ կրակում է Տավուշի գյուղերի ուղությամբ (լրացված)

загруженноеԼարված իրավիճակ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին: Մոտ մեկ ժամ առաջ հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից սկսել է գնդակոծել Տավուշի մարզի սահամանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես և Չինարի գյուղերը: Տեղեկությունը հաստատել է Ներքին կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Մովսեսի բնակիչները ևս Անկախ-ի թղթակցին հայտնել են, որ այս պահին ադրբեջանական զինուժը կրակում է սահմանապահ գյուղերի ուղղությամբ:

Մեր թղթակիցը փորձել է կապ հաստատել նաև Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ. “Դրա վախտը չի, գյուղս քանդեցին”,-հուզված ասել է գյուղապետն ու անջատել հեռախոսը:

10357592_776848232337768_4203251466397025938_nԱդրբեջանական կողմի կրակոցների հետևանքով Ներքին կարմիրաղբյուր գյուղի հենակետերի մոտ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Գյուղի բնակիչերը չեն կարողանում դուրս գալ տներից: Ներքին կարմիրաղբյուրի բնակչուհի Ռիտա Գալստյանը և նրա ամուսինը` Նելսոն Գալստյանը, ասել են, որ այնքան ուժգին են կրակոցները, որ վախենում են անասնագոմից դուրս գալ և տուն գնալ: Սահմանամերձ Այգեպար գյուղի բնակիչ Սամվել Վիրաբյանը ևս հաստատել է տեղեկությունը, որ հակառակորդը գնդակոծում է գյուղը, կրակահերթերը ուղղված են բնակելի տների, գյուղի փողոցների վրա, և ինքն այս պահին աշխատանքի վայրում է, և մի քանի ժամ տևող կրակոցների պատճառով չի կարողանում տուն գնալ:

 Լրացված

65983_776848112337780_6522325107036315614_nՄովսեսի ուղղությամբ հակառակորդը կրակում է նռնականետերով: Գյուղացիների խոսքով, ադրբեջանական դիպուկահարների անկանոն կրակահերթերն ուղղված են կոնկրետ նպատակի` տների ուղղությամբ: <<Ուղղությունը փոխել են, մի ժամանակ շփման գծին ավելի մոտ <<Հոնուտ>> կոչվող թաղամասի վրա էին կրակում, հիմա փոխել են ուղղությունը, կրակում են գյուղի կենտրոնական հատվածի վրա: Հիմնական նպատակներից մեկն էլ ցորենի բերքահավաքին խոչընդոտելն է, երևի չեն էլ թողնի հնձենք արտերը>>,-նշել է Մովսես գյուղի բնակիչներից Անուշ Անոնյանը: Նա ասել է, որ կրակահերթերից մեկը դիպել է իրենց հարևանությամբ տներից մեկին, վնասել պատերը, դարպասները:

1908377_776848265671098_4728771033523872518_nԻ դեպ, հուլիսի 25-ին սահմանամերձ գյուղերում պետք է իրականացվեր հացահատիկի բերքահավաքը, որի անվտանգության ապահովման համար Մովսեսն ու Չինարին դիմել էին Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը` պահանջելով ներկա գտնվել տարածաշրջանում և ապահովել անվտանգության երաշխիքներ: Մինչդեռ ադրբեջանական կողմը այդ նույն ժամանակահատվածում սկսել է գնդակոծել գյուղերը:

 

Անկախ

Հակառակորդը կրակել է տավուշցի հնձվորների ուղղությամբ

10444402_763041823718409_1366580878418145475_n

Հակառակորդը դարձյալ լարվածություն է պահպանել Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին: Ադրբեջանական զինուժը այսօր ժամը 16:00-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի Այգեպար գյուղը: Ըստ գյուղացիների, հակառակորդի թիրախում գտնվել են Այգեպարի նախկին օդանավակայանի տարածքում անասնակերով լի բեռնատար ավտոմեքենաները: Այդ պահին այդտեղ աշխատելիս են եղել Տավուշ գյուղի բնակիչները:

Ավագ Արզումանյանը Անկախ-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է, որ կրակահերթն արձակվել է իրենց ուղղղությամբ: <<Քանի ուզեցինք աշխատել, հակառակորդը կրակեց, մի քիչ դադար տվեց, նորից ուզեցինք մեքենան խոտ բարձել, էլի կրակեցին: Ստիպված մեքենաները թողել, փախել ենք>>:

Մեր տեղեկություններով, այս պահին նրանք փորձում են բեռնատարները դուրս բերել կրակի դաշտից:

 

Անկախ

Հակառակորդն այսօր կրակ է բացել Այգեպարի ուղղությամբ՝ գյուղում ակտիվություն նկատելով (լուսանկարներ)

10176128_736817146340877_6655964378780594212_nԱյսօր առավոտյան հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի Այգեպար գյուղի ուղղությամբ:

Այգեպարի բնակիչ Դավիթ Արզումանյանը Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ կրակահերթերն ինտենսիվ բնույթ չեն կրել, տևել են մոտ 20 րոպե: <<Երևի տեսել են, որ դպրոցի մոտ մեծ թվով մարդիկ են հավաքված, լրագրողների մեծ խումբ կար Այգեպարում, դրա համար կրակել են>>,-նշել է նա:

10253760_736817026340889_8986482983837033394_nԱյս անգամ հակառակորդը զերծ է մնացել խոշոր տրամաչափի զինատեսակներ օգտագործելուց, կրակել է ավտոմատից: Այս պահին, գյուղում խաղաղ է: <<Էնա վեր վախենք, Երևան կքյնանք, էլի>>,-ի պատասխան հարցի՝ ասել է այգեպարցի Առաքել Անիկյանը, որն իր համագյուղացիների հետ այդ պահին թղթախաղով է զբաղված եղել՝ ուշադրություն չդարձնելով ընդամենը մի քանի մետր այն կողմ ադրբեջանական դավադիր դիրքապահներին:

10171284_736817073007551_6885695130341321589_nԻսկ մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած գնդակոծության հետևանքով տուժել են Այգեպարի գրեթե բոլոր տները:

10267768_736817176340874_3310733751287014833_nՏիկին Զալվարդն իր երկամյա թոռնիկի հետ հյուրասենյակում նստած հեռուստացույց դիտելիս է եղել, երբ հակառակորդի կրակահերթերը պատշգամբից մտել են խոհանոց, խոհանոցից՝ հյուրասենյակ ու նստածների դիմացով անցել, մտել միջանցքի պատի մեջ:

Տավուշցիներին, սակայն, տագնապի մեջ են պահում ոչ միայն անկանխատեսելի գնդակոծություններն, այլև Իջևանին ու Երևանին կապող միակ բարեկարգ հանրապետական նշանակության Պառավաքար-Վազաշեն ճանապարհի վերևի սարին դիրքավորված ադրբեջանական դիրքապահները:

Չնայած դրան՝ տավուշցիները շարունակում են երթևեկել այդ ճանապարհով: <<Եթե չգնանք-գանք, կգան ճամփեն վեր կունեն, պետք ա գործի ճանապարհը, այլընտրանք չկա>>,-կարծում են տավուշցի վարորդները:

10343539_736816259674299_6843693007739807670_nՆրանք անծանոթ երթևեկողներին ճանապարհվելուց առաջ նախապատրաստում ու կողմնորոշում են՝ Պառավաքարն անցար՝ երկրորդ ոլորանն ա, մի վեց հարյուր մետր տեղ ա, արագ կքշես…

 

Անկախ

Ադրբեջանցի Էխտիբարը մեռավ, բայց Շամշադինն էլի գնդակոծում են…

10329074_736234206399171_5026419009375158375_nՀայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության ժամանակ` ապրիլի 14-ին, հակառակորդը դարձյալ գնդակոծեց Տավուշի մարզի Չինարի, Ներքին կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես գյուղերի ուղղությամբ: Պատահականություն է, թե հատուկ նպատակ և միտում, կրակել հենց այս բնակավայրերի վրա, դժվար է ասել, բայց արդեն տևական ժամանակ է` Բերդի տարածաշրջանի այս բնակավայրերը ինտենսիվ ենթարկվում են հրետակոծության:

923226_736233786399213_619472309573483859_nԱյգեպարցի Դավիթ Անիկյանը, որի բնակարան էր մտել կրակահերթը մի քանի ամիս առաջ  և երկու ոտքից վիրավորել դստերը` 16-ամյա Լիանա Անիկյանին, նշեց, որ իրենք ևս այս հարցով մտահոգված են` ինչու են հատկապես այս չորս գյուղերը հակառակորդի թիրախում:

Ի դեպ, 16-ամյա Լիանան միանգամայն կազդուրվել է, ոտքերի խնդիր չունի և ազատ տեղաշարժվում է:

Պառավաքար գյուղը, որը դարձյալ թշնամու սահմանին մոտ է, չի գնդակոծվում: <<Հավանաբար, խնդիրը պայմանավորված է հակառակորդի կոնկրետ զինվորական գնդի ղեկավարի անձից: Այն զորամասի, այն գնդի, որը պատասխանատու է հենց այդ տարածքների համար, ուրիշ պատճառ մենք չենք տեսնում: Օրինակ, 90-ականներին էլ էր Շամշադինը ինտենսիվ գնդակոծվում: Էն ժամանակ ադրբեջանցիք մի հրամանատար ունեին, անունն Էխտիբար, հիմա մեռել ա: Նա իրա վերադասին չէր լսում, մաղում էր մեր Շամշադինը, էլի նույն գյուղերի ուղղությամբ: Միգուցե հիմա էլ նման պատճառ կա, չգիտենք>>,-Անկախի հետ զրույցում նշեց Այգեպարի բնակիչ Դավիթ Արզումանյանը:

 

 

Անկախ

«Էս սհաթիս էլ զենքը վեր կունեմ, կքյնամ` կռվելու». 81-ամյա այգեպարցի բնակիչ

10176003_736175803071678_5896466335082590084_n“Պա’պ, մի հատ կրակեցին…”,-երեկ երեկոյան` 20:30-ի սահմաններում, ադրբեջանական կրակահերթի ձայնը լսելուց հետո ասաց Տավուշի մարզի Այգեպար գյուղի 12-ամյա բնակիչ Սայադ Արզումանյանը:

Բակում երեխաների հետ խաղալիս անգամ երեխայի ուշադրությունն ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմ գտնվող դիմացի սարն է` հակառակորդի դիրքը: <<Մի հատը ոչինչ>>,-պատասխանեց Սայադի զինվորական հայրը:

Սայադը որոշումը չի փոխել` զինվոր է դառնալու, ծառայելու է Տավուշում` պահպանելով հայրենի գյուղի սահմանը: Ֆուտբոլի երկու գնդակները Սայադին Գերմանիայից են ուղարկել` համացանցում լսելով նրա` զինվոր դառնալու մասին խոսքը, որոշել են ուրախացնել փոքրիկ սահմանապահին: Խաղի գնդակները ցած է դնում, հետո պահարանից հանում իրնեց տան ուղղությամբ ադրբեջանական դիպուկահարների արձակած արդեն պայթած գնդակները:

10271590_736175983071660_4653910906160277660_n<<Էդ տականքները ինչ են ուզում մեզնից>>,-սա արդեն տան ավագ Սայադը` Սայադի 81-ամյա պապն է վրդովվում: Հիշում է Այգեպարին կպած ադրբեջանական Ալիբեյլիի հետ հարևանական տարիները և ավելացնում` <<թուրքը մնըմ ա թուրք>>:

Վարպետ Սայադի խաղողի այգին հենց դիպուկահարի դիտակետում է: <<Գնում ենք, որ մշակենք, շատ վախտ ճամփի կեսից հետ ենք գալի, կրակում են, չեն թողնում` աշխատենք: Կապույտ ժիգուլի ունեի, գնում էի դրանով Թովուզ-Կայարան, ադրբեջանցի շատ ծանոթներ ունեի: Ադրբեջաներեն մաքուր խոսում եմ: Էս սհաթիս էլ զենքը վեր կունեմ, կքյնամ` կռվելու>>,-ասում է 81-ամյա այգեպարցի բնակիչը:

Ինչ վերաբերում է տավուշցիների` հայ-ադրբեջանական սահմանը հատելուն, ապա Սայադ Արզումանյանի խոսքով, շուտով էդ խնդիրը, հավանաբար, էլ չի լինի, շփման գծի ամբողջ երկայնքով փշալար է քաշվելու: <<Մեր շունը որ շուն ա, չէ, էն կողմն անց չի կենա, դրանց հոտը /նկատի ունի ադրբեջանցիներին/ տարբեր ա: Մեկ-մեկ, որ մոտ ենք լինում սահմանին, շունը վռազ հետ ա գալի>>,-ասում է այգեպարցի բնակիչը:

10294457_736177056404886_3989320408430217988_nՍահմանամերձ գյուղի սահմանապահ ընտանիքի գլխավոր ցանկությունը խաղաղությունն է: Փոքրիկ Սայադը նաև քույր ունի, որի նպատակն է տնտեսագիտական համալսարան ընդունվելը: Իր սենյակի լուսամուտը ուղիղ հակառակորդի դիրքապահներին է նայում: Անին հենց այստեղ է դասերը պատրաստում: Հանրապետության նախագահը, ի պատասխան իրեն ուղղված նամակի, Անիին համակարգիչ է նվիրել:

 

Անկախ

Այս պահին լարված իրավիճակ է հյուսիսարևելյան սահմանին

չինարիԱյս պահին լարված իրավիճակ է հյուսիսարևելյան սահմանին: Արդեն մեկ ժամից ավելի է, հակառակորդը դարձյալ սկսել է գնդակոծել Տավուշի մարզի Չինարի, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերը: Քիչ առաջ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախի թղթակցին տեղեկացրել է, որ գյուղում լարված իրավիճակ է: Կրակահերթը հասել է դպրոցի թաղամաս: Գնդակներից մեկը ներխուժել է տներից մեկը, որտեղ գտնվել են երկու անչափահաս երեխաներ և նրանց հղի մայրը: ՙՙՉգիտեմ` ինչ անեմ, էնպիսի իրավիճակ ա, չեմ կարողանում դուրս գամ, մեքենայով գնամ, հանկարծ վախից էդ հարսին բան չպատահի՚՚,-ասել է Չինարիի գյուղապետը: Մովսես գյուղի բնակիչ Անուշ Անտոնյանն էլ Անկախին ասել է, որ գյուղի ուղղությամբ ուժեղ կրակոցներ են, գնդակները կոտրել են տան պատուհաններ, վնասել տանքիները, պատերը, անգամ դռներն ու մտել տներից ներս: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, կորուստները միայն նյութական են:

Անկախ

Հակառակորդի գնդակից վիրավորված այգեպարցի Լիանան դեռևս դպրոց չի գնում

4569301382337439Հունվարի 23-ին հակառակորդի արձակած կրակահերթի հետևանքով ոտքից վիրավորված 16-ամյա այգեպարցի Լիանան դուրս է գրվել Բերդի հոսպիտալից: Նրա հայրը` Դավիթ Անիկյանը, “Անկախ”-ի թղթակցին հայտնել է, որ դուստրը, թեև ցավեր չունի, բայց դեռևս ինքնուրույն ազատ չի կարողանում քայլել, այդ պատճառով դպրոց էլ դեռ չի գնում: Այնուամենայնիվ, Դավիթ Անիկյանն ասել է, որ դուստրն աստիճանաբար ապաքինվում է, շուտով կկարողանա ինքնուրույն քայլել: Լիանայի հայրը նաև Այգեպարի գումարտակի հրամանատարն է: Նա  նշել է, որ սահմանին իրավիճակը հանգիստ է, վերջին օրերին հրադադարի խախտումներ չեն գրանցվել:

 

Անկախ

Հակառակորդի արձակած կրակոցներից վիրավորված 16-ամյա Լիանան մի քանի օրից կարող է քայլել

hradadarՀունվարի 23-ին հակառակորդի արձակած կրակոցներից վիրավորված այգեպարցի 16-ամյա Լիանան 3-4 օրից դուրս կգրվի հոսպիտալից: Այդ մասին Անկախ-ի թղթակցին տեղեկացրել է Բերդի հոսպիտալի պետ Էդուարդ Գրիգորյանը:

Գլխավոր բժշկի խոսքով` աղջկա վիճակն արդեն լավ է, նա մի քանի օր է` բժիշկների օգնությամբ կանգնում է, նաև փորձում` քայլել: Վիրահատության ընթացքում աղջկա ոտքերում տեղադրված ռետինե խողովակներն այսօր հանվել են: Եվ, ըստ բժիշկ Գրիգորյանի, մի քանի օրից Լիանան ինքնուրույն կարող է քայլել:

 

Անկախ

Հյուսիսարևելյան սահմանը կրկին կրակոցների տակ է. կա մեկ վիրավոր (լրացված)

chinar-village-armeniaԻրավիճակը շարունակում է լարված մնալ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին: Արդեն մեկ ժամ է` հակառակորդը գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի` Այգեպարի, Ներքին Կարմիրաղբյուրի, Մովսեսի և Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանը Անկախի թղթակցին հայտնեց, որ 16-ամյա դուստրը` Լիանան, Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից քիչ առաջ վիրավորվել է, և շտապ տեղափոխել են Բերդի հոսպիտալ:

Հոսպիտալի բժիշկ Ցոլակ Մելիքյանը հայտնեց, որ այս պահին աղջկան վիրահատում են:

Մինչ այդ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը Անկախի թղթակցին հայտնել էր, որ այս պահին, անվտանգության նկատառումներից ելնելով, անջատված են գյուղի բոլոր լույսերը, մարդիկ պատսպարված են տների առաջին հարկերում: Գյուղապետը նշեց, որ տնից դուրս գալը ռիսկային է:

Հայկական կողմը պատասխանում է հակառակորդի կրակոցներին: Գյուղապետի խոսքով` կրակոցներն այսօր ավելի ուժգին են. նախօրեին մեծմասամբ դիրքերի, հիմա` գյուղի ուղղությամբ է:

Սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հեռախոսազրույցում կրակոցների ձայնը լսելի էր: Մովսես գյուղի ղեկավարն էլ հայտնեց, որ հակառակորդի թիրախում հատկապես Հոնուտ կոչվող թաղամասն է. “Կրակոցները հասնում են անգամ գյուղի կենտրոն, գրասենյակ, ամեն դեպքում խուճապ չկա, մարդիկ իրենց տներում են, տարհանման խնդիր չկա”,-նկատեց նա:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը տեղեկացրեց, որ ինքն ու գյուղի երիտասարդներն այս պահին համայնքի կենտրոնում, ապահով տեղ կանգնած զրուցում են` փորձելով կատակներով խլացնել գյուղի ուղղությամբ կրակահերթի ձայնը:

Հենց նոր վիրավորի հայրը տեղեկացրեց, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, գնդակը ոտքից հանել են, երեխայի վիճակը լավ է:

Անկախ