Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան ծայրաստիճան ջերմ մթնոլորտում հաջողված հանդիպում էր. Անրի Ռենո

g_image

“Օլանդը կոչ արեց ընկալել այն քաղաքական իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը և ընկալելով այն` փնտրել մի միջոց, թեկուզ մի բանաձև, որը թույլ կտա Հայաստանն ասոցացնել ԵՄ-ի հետ”,- Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայաստանյան այցի արդյունքների ամփոփմանը նվիրված լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Դեսպանը Ֆրանսուա Օլանդի այցը որակեց որպես ծայրաստիճան ջերմ մթնոլորտում հաջողված հանդիպում:  Անրի Ռենոն խիստ կարևորեց նաև Օլանդի ուղերձը, որով խոստացավ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առթիվ լինել Հայաստանում. “սա բավականին կարևոր հայտարարություն է օրենքի ուժով Հայոց  ցեղասպանությունը ճանաչած միակ երկրի ղեկավարի կողմից: Սա ցույց է տալիս խնդրո առարկայի վերաբերալ Ֆրանսիայի որդեգրած ռազմավարությունը”,-նշեց դեսպանը:

Դեսպանը կարևորեց նաև այցի տնտեսական բաղադրիչը, որի առնչությամբ հստակ ուղերձ կար առ Հայաստան. Ֆրանսիան Ռուսաստանից հետո Հայաստանում առաջին խոշոր ներդրողն է, և հարկ է այնպես անել, որ Հայաստան-Ֆրանսիա քաղաքական հարաբերությունների մակարդակին բարձրանան նաև տնտեսական հարաբերությունները: Այդ մտայնությանն էր ուղղված նաև Օլանդի այցը Հայաստանում նոր բացվող “Կարֆուր” առևտրի տուն և “Օրանժի” հայկական ներկայացուցչություն:

“Անկախ”-ի այն հարցին, թե դեսպան Ուորլիքի հայտարարությունն ու դրան հաջորդած 3 համանախագահների  հայտարարությունը ի ՞նչ էր նշանակում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, դեսպանը նշեց, որ 20-ամյա հրադադարը դեռ խնդրի լուծում չէ և կողմերը պետք է ձեռք առնեն բոլոր միջոցները տարածաշրջանում խաղաղության ու բարեկեցության ապահովման համար, իսկ համանախագահների հայտարարությունը լիովին համընկնում էր այդ քաղաքականությանը:

Անրի Ռենոն նշեց նաև, որ Մաքսային Միությանը անդամակցելը Հայաստանի` ինքնիշխան պետության որոշումն է, և բացառվում է, որ Հայաստանից պահանջվի հրաժարվել այդ որոշումից, բայց հայտարարվեց նաև, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու հարաբերությունները ԵՄ-ի հետ, ուստի, Ֆրանսիան ևս շահագրգռված է,որ Հայաստանը հավասար կարգավիճակով նստի բանակցային սեղանի շուրջ:

Խոսելով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին, դեսպանը նշեց, որ երկրորդ անգամ արդեն կա անհրաժեշտություն օրենքի նոր նախագիծը անպայման կազմել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նկատառումները հաշվի առնելով. սա բարդ գործընթաց է և ժամանակատար, սակայն դեսպանը նշեց, որ Ֆրանսիային հանձնարարված  է սատարել Շվեյցարիային Մարդու իրավունքների եվրոպական դատարան Շվեցարիայի կողմից ներկայացված հայցի կապակցությամբ: “Իսկ Ֆրանսիան առանձնահատուկ նախանձախնդրությամբ հետևում է այս հայցապնդման ճակատագրին, քանի որ եթե Շվեյցարիան դատը շահի, ապա Ֆրանսիայի կողմից ձեռնարկված օրինագծի իրավական հենքը ինքնըստինքյան երևան է գալիս՝ դառնալով անբեկանելի, որովհետև, փաստորեն, արդեն նախադեպը կա”,-նշեց Անրի Ռենոն:

Ֆրանսիան բոլոր երկրներին կոչ է անում օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն ու ճանաչել այն. NEWS.am

206013Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալը հնարավորություն է բոլոր երմրների համար, որոնք դեռեւս չեն ճանաչել այդ ցեղասպանությունը, որպեսզի անեն դա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի համար Հայոց ցեղասպանության տարելիցը շատ կարեւոր իրադարձություն է, քանի որ դա որոշակի առումով վերաբերում է նաեւ իրենց երկրներին: «Դա ավելի քան 500 հազարի հասնող ֆրանսահայ համայնքի համար կարեւորագույն հարցն է: Ցեղասպանության փաստը մեր պատմության մի մասն է ոչ միայն այն պատճառով, որ բազմաթիվ փախստականներ իրենց ապաստանն են գտել Ֆրանսիայում, այլ նաեւ այն պատճառով, որ այդ մարդիկ նաեւ ֆրանսիացիներ են դարձել: Դա է նաեւ պատճառը, որ Ֆրանսիան 2001-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,-նշել է դեսպանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

 

 

Տեղի ունեցավ Սիանս Պո Արմենիա ուսումնական հաստատության պաշտոնական բացումը

նյութի նկարԱյսօր տեղի ունեցավ Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի և Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանսի Սիանս Պո քաղաքագիտության ինստիտուտի համագործակցության արդյունքում հիմնված Սիանս Պո Արմենիա ուսումնական հաստատության պաշտոնական բացման արարողությունը:

Բացմանը ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Վիգեն Սարգսյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը գտնվում է բարեփոխումների շատ հավակնոտ շրջանում, և իրենց պետք են լավ կառավարիչներ:

«Մենք մեծ ծրագիր ենք սկսում, և մոտ 8 ունկնդիր մյուս տարի հնարավորություն կունենան անվճար ուսումնական պրակտիկա անցնել Սիանս Պո քաղաքագիտության ինստիտուտում»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց, որ Սիանս Պո Արմենիա ուսումնական կառույցի ստեղծմամբ համագործակցության մի նոր փուլ է սկսվում: Անրի Ռենոն հույս հայտնեց, որ ընտրված ուսանողները հնարավորություն կունենան հետագայում ավելի լավ մասնագետներ դառնալ:

«Հիմա դուք արդեն պետք է սկսեք խաղալ, գնդակը ձեր դաշտում է»,- ասաց դեսպանը:

Սիանս Պո Արմենիան ՀՀ հանրային ծառայողներին, մասնավոր հատվածի աշխատակիցներին, տարբեր բուհերի շրջանավարտներին (մագիստրոսի որակավորմամբ) լրացուցիչ կրթություն է առաջարկում: Ուսումն արժեքն է տարեկան 900 000 դրամ: Ավարտելով Սիանս Պո Արմենիա ուսումնական հաստատությունը` ուսանողները հնարավորություն են ստանում կրթությունը շարունակել հենց Սիանս Պո-ում:

Անկախ