Համակերպվել եմ այս պայմաններին». ասում է ծայրահեղ աղքատության մեջ բնակվող անօթևան կինը

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են ներկայացնել Գյումրիում, ավելի քան քառորդ դար, վագոն-տնակներում բնակվող ընտանիքների ապրելակերպը:

Այսօր կազմակերպության աշխատակիցներն այցելեցին և գործընկերների աջակցությամբ ձեռք բերված օգնությունը բաժանեցին վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցներին:

Ներկայացվող տեսանյութը մի կնոջ մասին է, ով բնակվում է ծայրահեղ աղքատ պայմաններում, թեև շատ վաղուց ընդգրկված է պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում, սակայն մինչև օրս բնակարան չի ստացել: Ավելին՝ այլևս չի էլ ցանկանում բնակարան: Առավել մանրամասն «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում:

 

«Միայն Աստված է մեր պաշտպանը». ասում է վթարային շենքում պատսպարված միայնակ տարեց կինը

1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անգամ քառորդ դար անց հարյուրավոր ընտանիքներ, այդ թվում բազմաթիվ միայնակ տարեցներ, շարունակում են բնակվել Գյումրու տնակային ավաններում և կիսաքանդ ու վթարային, նախկին գործարանային հանրակացարաններում:
Նրանց կացարաններ կատարած այցելությունների ու զրույցների ընթացքում, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս երբեմն այնպիսի դաժան պատմությունների ենք ականատես լինում ու այնպիսի սարսափելի ճակատագրերի տեր մարդկանց ենք հանդիպում, որ ակամա չենք ուզում հավատալ, թե այդ ամենը կատարվել ու կատարվում է մեր օրերում, մեր կողքին:

Ներկայացվող տեսանյութը ավելի քան 40 տարվա աշխատանքային կենսագրություն ունեցող, 82-ամյա միայնակ տարեց կնոջ ապրելակերպի մասին է, ով համարում է, որ կյանքը այսքան դաժան չի եղել անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:

Եկեք օգնենք, որ սոցիալապես անապահով ընտանիքներն իրենց ձեռքով լուծեն իրենց սննդամթերքի խնդիրը. «Շիրակ կենտրոնը» սկսում է բարեգործական նոր ակցիա

1982210_743314095679108_1357343048_nԳյումրիում հարյուրավոր անօթևան բազմազավակ ընտանիքներ բնակվում են քաղաքի ծայրամասերում՝ մերձակա գյուղերի միջև ընկած տարածքներում տեղադրված վագոն-տնակներում: Նրանցից շատերն ապրում են ծայրահեղ աղքատ և ինքնամեկուսացած կյանքով: Համատարած գործազրկության պայմաններում այդ ընտանիքներն ու հատկապես նրանց մանկահասակ երեխաները մշտապես տառապում են թերսնվածությունից: Եվ դա այն դեպքում, երբ նրանց բնակության վայրերը հարմար են գյուղատնտեսական կենդանիների պահման ու խնամքի համար: Այդ իսկ նպատակով «Շիրակ կենտրոնը» որոշել է սննդամթերքի, հիգիեինիկ պարագաների, ինչպես նաև ձմռան ամիսներին վառելափայտի տրամադրմանը զուգահեռ, անհրաժեշտ կարողություններ ու պայմաններ ունեցող ընտանիքներին նախ տրամադրել շինանյութ, որպեսզի կառուցեն փոքրիկ գոմեր, ապա նվիրել հավեր, բադեր, սագեր, որոշ դեպքերում՝ նաև ոչխարներ, այծեր ու կովեր, որպեսզի նրանք ինքնուրույն կարողանան բարիքներ ստեղծել իրենց սննդի խնդիրը լուծելու համար: «Շիրակ կենտրոնի» այս նախաձեռնությունը հիմնականում հասցեագրված է վագոն-տնակներում բնակվող մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին: Այդ իսկ նպատակով դիմում ենք մեր բոլոր գործընկերներին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց ու կազմակերպություններին և կոչ ենք անում արձագանքել ու այդ նպատակով կատարել իրենց նվիրատվությունները ստորև բերվող հաշվեհամարին.

ARDSHININVESTBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHBAM 22XXX 7 Gay str. GYUMRI, REPUBLIC OF ARMENIA

Client: Shirak Centre NGO Account N: 2472601614240020- for USA

Pass: 05532775, AUTHORITY 016 CORRESPONDENT BANKS OF ARDSHININVESTBANK CJSC Correspondent – Deutsche Bank Trust Company Americas, 60 Wall Street, New York, NY 10005 SWIFT Code – BKTRUS33 CCY- USD Accontant N: 04422630

 «Շիրակ կենտրոն» ՀԿ

Գյումրի

Գյումրու վագոն-տնակներում առնետների ահից վախենում են գիշերները քնել

Ներկայացվող տեսանյութը երեք մանկահասակ երեխաներով, խարխուլ տնակում, վարձով բնակվող երիտասարդ ընտանիքի մասին է: Գյումրու վագոն-տնակներում բնակվող հարյուրավոր այլ ընտանիքների նման, այս ընտանիքը նույնպես ստիպված է պայքարել ոչ միայն ցրտի և խոնավության, այլ նաև առնետների դեմ, որոնք վխտում են տնակային ավաններում:

Օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով նրանց տնակ այցելած «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին երեխաների մայրը պատմել է, որ գիշերները առնետների ահից չի կարողանում հանգիստ քնել, վախենում է, որ կրծողները կվնասեն քնած երեխաներին: Ի դեպ հենց նկարահանման պահին էլ առնետները ազատ ելումուտ էին անում:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Գյումրի. Ավերակների վերածվող ամրոցներ

Գյումրի,տնակներ1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից հետո գյումրեցիները, ահավոր աղետից քաղաքին հասած ավերածությունները բնութագրելով, ասում էին, թե երկրաշարժը Լենինականը տարավ, Գումրին մնաց: Այս խոսքերի ենթատեքստում խորհրդային հատկապես վերջին տասնամյակում քաղաքում կառուցված բարձրահարկերի անորակության արձանագրումն էր: Իրոք, Գյումրու ավելի քան հայուր տարի առաջ կառուցված շենք-շինությունները թեև վնասվեցին, սակայն գրեթե ամբողջվին կանգուն մնացին՝ այն դեպքում, երբ դրանք երկրորդ անգամ էին դիմագրավում ուժեղ երկրաշարժի: Իսկ Գյումրին գեթ մեկ անգամ տեսած յուրաքանչյուր ոք կհամաձայնի, որ հին քաղաքն իրոք մի մեծ թանգարն էր բաց երկնքի տակ՝ իր հարյուրավոր շենք-կոթողներով: Սակայն հետերկրաշարժյան տարիներին ահավոր աղետին դիմագրաված կառույցները մատնվեցին անուշադրության և կամաց-կամաց քանդվեցին ու շարունակում են քանդվել, իհարկե՝ ոչ առանց մարդկային միջամտության:
Հին Գյումրու կործանվող ու աղբանոցի վերածված շենք-հուշարձաննեից են դեռ 1800-ականներին Ռուսական կայսրության կողմից կառուցված տասնյակ կարևորագույն պատմական պաշտպանական կառույցները՝ բերդերը: Եթե Ախուրյանի ափից ոչ հեռու գտնվող ամրոցախմբի կառույցներից մեծը՝ գյումրեցիների լեզվով ասած՝ Սև ղուլը, նախորդ տարիներին մասնավորեցվեց ու աղբանոցի վերածվելու դառը ճակատագիրն այլևս չի սպառնում դրան, ապա փոքրիկ Սև բերդը կամ Պայտաձեւ ամրոցը, իրեն կից երկու փոքրիկ բերդաձև կառույցներով հանդերձ, կործանման վտանգի առջև է հայտնվել: Ամրոցներն օր-օրի քայքայվում են, քանդվում են պատերը, շուրջբոլորն ավելանում են շինաղբի հսկայածավալ կույտերը, և ամրոցների ներսն աղբով է լցվում:Ու եթե շուտափույթ ՀՀ կառավարության կողմից որոշումներ չկայացվեն դրանք պահպանելու և վերականգնելու մասին, ապա հարյուրավոր այլ շքեղ հուշարձանների նման դրանք ևս կկորցնենք անվերադարձ:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը Գյումրու անտերության մատնված Պայտաձեւ ամրոցի և դրան կից երկու փոքրիկ ամրոցների անմխիթար վիճակի մասին է:

Առավել ծանր է վագոն-տնակներում բնակվող տարեցների վիճակը

«Շիրակ կենտրոնի» ուսումնասիրություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ առավել ծանր վիճակում են հայտնվել Գյումրու տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցները:

Նրանցից շատերը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, քանի որ երկրաշարժի պահին բնակարաններ չեն կորցրել, այլ նախկինում ապրել են գործարանային հանրակացարաններում: Կան նաև միայնակ տասնյակ տարեցներ, որոնք բազմանդամ ընտանիքներից են եղել, նրանց ընտանիքների անդամները տեղափոխվել նոր բնակարաններ կամ արտագաղթել են Հայաստանից՝ տնակներում միայնակ թողնելով տարեց ծնողներին:

Ներկայացվող տեսանյութը խարխուլ, կոմունալ բոլոր պայմաններից զուրկ վագոն-տնակում բնակվող միայնակ տարեց կնոջ ապրելակերպի մասին է:

Տաք հագուստ՝ անօթևաններին

DSC_4042Մարտի 17-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տաք հագուստ տրամադրեց ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող անօթևան հիվանդներին։

ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը տեղեկացնում է, որ ցրտաշունչ ձմռան հետևանքով ցրտահարված անօթևաններ են տեղափոխվել բժշկական կենտրոն։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնն այդ հիվանդների հետագա ճակատագիրը լուծելու համար համագործակցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։

DSC_4046Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի առաջարկով այսօր լուծվել է 13 անօթևանների հագուստի խնդիրը։ Կարեն Ավագյանի տեղեկացմամբ՝ հիմնադրամը բազմաթիվ սոցիալական ծրագրեր է իրականացնում կարիքավոր, հաշմանդամության խնդիրներ ունեցող անձանց համար։ Մասնավորապես առաջիկայում նախատեսվում է անվասայլակներ տրամադրել դրանց կարիքն ունեցող անձանց։ Ըստ Կարեն Ավագյանի՝ ծրագիրը կօգնի հաշմանդամություն ունեցող մարդկանց լուծել իրենց համար խիստ կենսական այդ հարցը։

Էդվարդն ու Վարդանը երախտապարտ էին հիվանդանոցի բուժանձնակազմին շաբաթներ շարունակ իրենց ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար։ Նրանք շնորհակալություն հայտնեցին նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ ծանր պահերին իրենց միայնակ չթողնելու համար։

 

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող երիտասարդ ամուսինները հայտնվել են անօգնական վիճակում

Գյումրու «Անի» թաղամասի բազմահարկերից մեկի կոմունալ բոլոր հարմարություններից զուրկ ձեղնահարկում, կամ, որ առավել մոտ է իրականությանը` տանիքում, մենք հանդիպեցինք բառիս բուն իմաստով անօգնական վիճակում հայտնված, աչքի տեսողությունից զուրկ, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող երիտասարդ ամուսինների:

Այդ կացարանը նրանք տակավին վերջերս են վարձակալել: Նրանց ապրելակերպի մասին «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը թեև որոշել ենք ներկայացնել առանց մեկնաբանության, սակայն չենք կարող չհարցնել՝ լավ, մի՞թե հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող միջազգային ու տեղական տասնյակ կազմակերպությունները չեն կարող կենցաղային տարրական պայմաններից ու անգամ անկողնուց զուրկ նման ընտանիքներին օգնության ձեռք մեկնել:

Վերջում ավելացնենք նաև, որ այս երիտասարդ զույգն անգամ նման ծանր վիճակում չի կորցնում լավատեսությունը կյանքի հանդեպ: Իսկ ամուսինների մի մեծ երազանքն է ունենալ «Արև» հատուկ ծրագրով տրվող համակարգիչ:

Վագոն-տնակներում էլ են վարձով ապրում

Գյումրու տնակային ավաններում «Շիրակ կենտրոնի» ամենօրյա ուսումնասիրություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ մի շարք անօթևան ընտանիքներ բնակվում են ոչ թե սեփական վագոն-տնակներում, այլ վարձով:

Նրանց թվում կան այնպիսիները, որոնք Գյումրի են տեղափոխվել այլ համայնքներից, այդ թվում նաև այլ մարզերից: Կան նաև ընտանիքներ, որոնց վագոն-տնակները վաղուց շարքից դուրս են եկել ու դարձել են բնակության համար ոչ պիտանի, և նրանք ստիպված տեղափոխվել են բնակվելու համեմատաբար բարվոք վիճակում գտնվող այլ ժամանակավոր կացարաններ:

Այդ անօթեւանները հիմնականում ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում և երբևէ բնակարան ունենալու հույս չունեն: Ներկայացվող տեսանյութը բազմազավակ մի ընտանիքի մասին է, որն 8 անձով, իր վագոն-տնակն ամբողջովին շարքից դուրս գալուց հետո վարձակալել և տեղափոխվել է նույն տնակային ավանում գտնվող մեկ ուրիշ ժամանակավոր կացարան, որի իրական տերը վաղուց գտնվում է արտերկրում:

Ի վերջո ե՞րբ է վերսկսվելու բնակարանային շինարարությունը Գյումրիում

գյումրիՀրապարակային հարցում ՀՀ բարձրագույն իշխանություններին

Հարյուրավոր անօթևան ընտանիքների համար ամեն տարի գարնան գալով նոր սպասելիքների և ակնկալիքների ժամանակաշրջան է սկսվում: Այո, եղանակների տաքացմամբ վառելիքի հայթայթման ծանր լծից մի փոքր թեթևացած անօթևան ընտանիքները, որոնք ավելի քան քառորդ դար պատսպարված են վագոն-տնակներում ու կիսախարխուլ շենք-շինություններում, կրկին համակվում են երբևէ բնակարան ունենալու հույսով:

Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար

Դեռևս նախորդ տարի, Ձեր իսկ կողմից տրված խոստումների համաձայն, Գյումրիում անմարդկային պայմաններում գոյատևող մոտ 4000 ընտանիքների համար պետք է կառուցվեր և շահագործվեր ընդամենը 430 բնակարան: Սակայն ինչպես գիտենք, անցյալ տարի այդպես էլ բնակարանային շինարարությունը չվերսկսվեց:

գյումրի2Համաձայնե՛ք, որ «դառը ճշմարտությունը գերադասելի է քաղցր ստից»: Ի վերջո, եթե 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից ի վեր աղետյալներին պարբերաբար, հատկապես նախընտրական ժամանակահատվածներում չտրվեին սին խոստումներ, թե. «երկու տարվա», «հինգ տարվա», «երեք տարվա» ընթացքում կկառուցվեն պահանջվող քանակությամբ բնակարաններն ու կհատկացվեն անօթևան ընտանիքներին, ապա հաստատ նրանցից շատերն իրենց «գլխի ճարը կտեսնեին», կամ գոնե այդ մարդիկ իրենց վագոն-տնակների հարևանությամբ ինչ-որ մի քարե կացարան կկառուցեին:

Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար

գյումրի3Դիմում ենք Ձեզ, ակնկալելով ինչպես մեզ, այնպես էլ հարյուրավոր անօթևան ընտանիքների համար ավելի քան կարևոր՝ Գյումրիում բնակարանաշինության վերսկսման և շահագործման հնարավորինս ճշգրիտ ժամկետների մասին տեղեկատվության հրապարակում:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ՝ Վահան Թումասյան

 Գյումրի

2014 թ. փետրվարի 20

Գյումրիում զգալի թիվ են կազմում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա երիտասարդ ընտանիքները

Գյումրու տնակային ավաններում զգալի թիվ են կազմում այն անօթևան ընտանիքները, որոնք չեն համարվում երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևան դարձածներ, ուստի ենթակա չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման:
Նրանց շարքում շատ են երիտասարդ ընտանիքները, որոնք ամուսնացել, գնել են տնակներ և ապրում են առանց երբևէ բնակարան ունենալու հույսի: «Շիրակ կենտրոնի» ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ երիտասարդ ընանիքներից շատերը ավելի շատ երազում են աշխատանք ունենալ, քան բնակարան: Ներկայացվող տեսանյութը երիտասարդ, երեք մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքի մասին է:

Ծանր ճակատագրով, սակայն անսահման լավատեսությամբ համակված անօթևան 76-ամյա կնոջ ապրելակերպի մասին

կինԳյումրիում խստաշունչ ձմեռ է, և վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում մի կերպ պատսպարված անօթևան հարյուրավոր ընտանիքների հիմնական վառելիքը քանդված տնակներից մնացած շինաղբի մնացորդներն են, հնամաշ կոշիկներն ու թղթի թափոնները:

Առավել ծանր է անաշխատունակ և տարեց մարդկանց վիճակը: Տնակային ավանների բնակիչներից շատերի համար անգամ վառելափայտ ձեռք բերելը դարձել է դժվար իրականանալի երազանք: Սակայն երբեմն «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տնակային ավանների բնակիչների շրջանում հանդիպում են այնպիսի մարդկանց, որոնք անկախ ծանր պայմաններից, հաճելիորեն զարմացնում են իրենց լավատեսությամբ:

Ներկայացվող տեսանյութը նման մի մարդու՝ Գյումրու տնակային ավաններից մեկի բնակիչ, 76-ամյա Էմմա Ղազարյանի ապրելակերպի մասին է: Նա ապրում է իր անկողնային հիվանդ որդու հետ, ձեռագործի հմուտ վարպետ է, ինչը և նրա հիմնական զբաղմունքն է:

Անօթևաններին ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագիրը կշարունակվի նաև 2014-ին

անօթևաններԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2011 թվականի տարեվերջից  մշտական բնակության վայր չունեցող, անօթևան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում 2014 թվականի հունվարից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Երևանի թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթևանների ժամանակավոր կացարանը միավորվել է Հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի շենքում գործող անօթևանների ժամանակավոր կացարանի հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության   և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ վերամիավորման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է ժամանակավոր կացարան, զրուցել կացարանի շահառուների հետ: Նա, ի դեպ, դատարկաձեռն չէր այցելել: Երևանի քաղաքապետարանը շահառուներին  քաղցրավենիք էր տրամադրել:

Նշենք, որ ծրագրի մեկնարկից մինչ 2013 թվականի ավարտն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել և ժամանակավոր կացարան է տեղափոխվել 225 անօթևան, որից շուրջ 85-ը՝ 2013-ին: Վերամիավորման արդյունքում կացարան է տեղափոխվել ևս 43 շահառու:

«Ծրագրի իրագործմամբ քաղաքապետարանը, ըստ էության, 2 կարևորագույն խնդիր է լուծել:  Առաջնահերթ հավաքագրել և ժամանակավոր կացարան, ինչպես նաև սոցիալական տարաբնույթ աջակցություններ է տրամադրել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անօթևան անձանց։ Եվ երկրորդ. աշխատանքներ են ծավալվել հանցագործությունների սոցիալական կանխարգելման ուղղությամբ, հատկապես՝ քրեակատարողական հիմնարկներից վերադարձած և ապա անօթևան  դարձած անձանց ժամանակավոր կացարանի տրամադրմամբ, սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների մատուցմամբ, իրավական և խորհրդատվական աջակցություններով, որոնք կրկնահանցագործությունների առումով կանխարգելիչ արդյունավետություն ունեն, և ի վերջո նպաստել են այդ անձանց սոցիալական ինտեգրմանը հասարակական կյանքին» ,- նշել է Ռուզաննա Զաքարյանը:

Այնուհետ կացարանի աշխատակազմի հետ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2014 թվականին նախատեսված ծրագրերն ու դրանց իրականացման ուղղությամբ տարվելիք աշխատանքները:

 

 

«Բոլորիս ճակատագրերը նույնն են, ձեռագրերն են տարբեր»

անօթևաններ (2)«Ես իմ ամբողջ ընտանիքը 2007 թ. կորցրել եմ ավտովթարից` հորս, մորս, ամուսնուս, որդուս,- պատմում է 58-ամյա տիկին Ալիսը,- ազատամարտիկ Ճուտոյի մայրն եմ, երևի գիտեք, սաղ խոնարհվում են նրա առաջ, բայց ինչի՞ս ա պետք, որ էսօր դրսում եմ մնացել, տուն չունեմ»:

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի անօթևանների կացարանում հայտնված կինն արցունքն աչքերին պատմում է սարսափելի ավտովթարի մանրամասները, որից հետո իր կյանքը հիմնովին շրջվել է: Դեպքից հետո նա բնակարանը գրավ է դրել բանկում և գումար վերցրել, որ ապրի, թաղման ծախսերը հոգա, հետո չի կարողացել տոկոսները մարել, պարտքը կուտակվել է, և ի վերջո բանկը բնակարանը հանել է աճուրդի, վաճառել, իր պարտքը վերցրել, որոշ գումար էլ կնոջը տվել: «Էդ գումարն էնքան չնչին էր, որ չկարողացա ուրիշ բնակարան առնեմ, դրանով միայն հարազատներիս գերեզմանոցը սարքեցի, էնպիսի մի գերեզմանոց, որ կողքից նայողը երբեք չի հավատա, որ դա իմ նման անտեր մեկն է սարքել»:

Տիկին Ալիսի ծնողները 1940-ականներին Հունաստանից են ներգաղթել հայրենիք, և հիմա նա որևէ բարեկամ Հայաստանում չունի: Միակ սփոփանքը թոռնիկն է, որը հարսի հետ միասին նրա ծնողների խնամքի տակ է: «Գնում էին Վրաստան հարսանիքի, երբ էդ դեպքը պատահեց,- պատմում է նա,- հարսս հղի էր, արդեն պիտի ծննդաբերեր, ամուսինս չթողեց, որ հետները գնա…Դեպքից չորս օր հետո թոռնիկս ծնվեց: Տղայիս անունը դրեցինք…»:

Հարազատներին կորցնելուց հետո կինը երկու անգամ ինֆարկտ է ստացել, բազում հիվանդություններ ձեռք բերել և այսօր ի վիճակի չէ զբաղվելու իր աշխատանքով` դերձակությամբ: «Բոլորս տարբեր հանգամանքներով հայտնվել ենք էստեղ, համարյա բոլորիս ճակատագրերը նույնն են, ուղղակի ձեռագրերն են տարբեր: Հիմա մեզ բոլորիս անհանգստացնում է էն հարցը, թե ի՞նչ պիտի լինի, որովհետև օրենքով մենք էստեղ կարող ենք մնալ ընդամենը երեք ամիս: Լավ, բա հետո՞ ինչ է լինելու»:

Հիմնադրամի և կենտրոնի ղեկավար Շավարշ Խաչատրյանը նշում է, որ ճիշտ է, օրենքը դա է պահանջում, բայց իրենք պետք է այդ մարդկանց հարցերը լուծեն, հետո նրանց կացարանից դուրս գրեն: «Այդ մարդիկ փողոցում չեն հայտնվի»,-հավաստիացնում է նա:

2001 թվականից գործող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի կարգախոսն է` «Օգնություն ինքնաօգնության համար»: Կենտրոնն ի սկզբանե հիմնվել է 20 տարեկանից բարձր սոցիալապես անապահով անձանց համար անվճար վարսահարդարում, խոհարարություն, համակարգչային հմտություններ, կավագործություն, փայտամշակում, էլեկտրաեռակցում, կոշիկի և կաշվե իրերի պատրաստում և այլ դասընթացներ տրամադրելու նպատակով, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն աշխատանք գտնել և ապրել: Սակայն հետագայում հիմնադրամն իր գործունեությունն ընդլայնել է` զբաղվելով նաև անօթևանների խնդիրներով:

2004-ին մեկնարկած անօթևանների ծրագիրն այսպիսին էր. ձմռան ամիսներին կենտրոնի միկրոավտոբուսը տաք թեյնիկներով, սուրճով, քաղցրավենիքով և տաք հագուստով շրջում էր փողոցներում, գտնում անօթևաններին, նրանց հետ փորձում կապ հաստատել, հասկանալ նրանց խնդիրները և փորձել օգնել:

անօթևաններ (3)Հիմնադրամի տնօրենն ասում է, որ երբ պետությունը մի քանի տարի առաջ Չորրորդ գյուղում ծերանոցին կից ստեղծեց անօթևանների կացարան, դա նաև իրենց համառ ջանքերի շնորհիվ էր: 2011-ից, քաղաքապետարանի  համաֆինանսավորմամբ, նաև հիմնադրամն էր անօթևաններին կացարան տրամադրում: Խաչատրյանի խոսքով՝ երկու տարվա ընթացքում շուրջ 230 անօթևան են ընդունել, որոնցից մոտ 160-ի հարցը լուծել են, 37-ը վերադարձել են հարազատների մոտ, նրանց հաշտեցրել են, 30 հոգի ինքնուրույն կյանք է սկսել, 4 զույգ ամուսնացել է, մի մասին օգնել են գտնել հարազատներին և այլն: Պետական կառույցները, տեսնելով հիմնադրամի գործունեության արդյունավետությունը, նախորդ տարվա վերջին որոշել են Չորրորդ գյուղում գտնվող պետական կացարանը փակել, պետբյուջեից հատկացվող գումարը փոխանցել այս հիմնադրամին, շահառուներին էլ  տեղափոխել այստեղ:

Դեռևս այդ ժամանակ «Անկախը» պարզաբանում ստացավ սոցապնախարար Արտեմ Ասատրյանից,  թե պետությունը նպատակահարմար է գտել այդ միջոցներն ուղղել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամին, քանի որ նրանց ծրագիրն ավելի արդյունավետ է. նրանք ոչ միայն կացարանում պահում են անօթևաններին, այլև նրանց համար դասընթացներ են իրականացնում՝ փորձելով ինքնուրույն կյանքի տանել:

անօթևաններ (1)Հունվարի 1-ից 43 անօթևան արդեն նոր կացարանում է, և ընդհանուր անօթևանների թիվն այստեղ հասնում է գրեթե հարյուրի:

Մեր շրջայցը կացարան սկսվեց մեկուսարաններից, որտեղ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներն էին՝ կույրեր, կաթվածահարներ, անդամալույծներ և այլն: Հետո անցանք 7-8 հոգանոց սենյակներով, ապա 14 հոգանոց մի ընդարձակ սենյակ մտանք, որտեղ տեղավորված էին տղամարդիկ:

«Այս մարդկանց հարցերը լուծելը շատ դժվար է,-ասում է կենտրոնի ղեկավարը,-տարիներով ապրելով փողոցում` կորցնում են իրենց բոլոր փաստաթղթերը, և շատ դժվար է լինում դրանք վերականգնելը»:

Նա բերում է մի օրինակ, երբ երկու տարում են կարողացել իրենց շահառուներից մեկի անձնագրի հարցը լուծել: «Ռուսաստանից էր: Եկել էր Հայաստան եղբոր մոտ, հետո եղբայրը իր տունը վաճառել, գնացել էր, էդ մարդը մնացել էր դրսում, փաստաթղթերն էլ կորցրել էր, ո՛չ կարող էր գնալ Ռուսաստան, որտեղ տուն, ապրուստ ուներ, ո՛չ կարող էր մնալ: Երկու տարի չարչարվելուց հետո կարողացանք նրա փաստաթղթերի հարցը լուծել, որ հետ գնա»:

Կացարանում կան նաև հոգեկան խնդիրներ ունեցողներ, ինչը հոգեպես ճնշում է մյուս շահառուներին: Սակայն նրանց հոգեբուժարան տեղափոխելը շատ դժվար է, քանի որ հարազատներից մեկը պետք է դիմի դատարան` հիվանդին անգործունակ ճանաչելու համար, որից հետո նոր կարող են տեղափոխել: Սակայն այս դեպքում բարեկամներ չկան:

Տնօրենի խոսքով` կան անօթևաններ, որոնք կացարան են հասնում սարսափելի վիճակում` հիվանդ, կեղտոտ, տարիներով չլողացած, ոչ ադեկվատ վիճակում: Երբ անօթևանին բերում են կացարան, նախ ախտահանում են, սափրում, լողացնում, հետո տեղավորում մեկուսարանում, հին և կեղտոտ հագուստն այրում, նոր հագուստ տալիս, որից հետո ուղեկցում են պոլիկլինիկա` հետազոտման: Այդ ամենից հետո նա կարող է մյուսների հետ ընդհանուր սենյակներում ապրել: Սնունդն այստեղ օրական երկու անգամ է տրվում` առավոտյան և երեկոյան: Դա ամրագրված է սոցիալական աջակցության օրենքում՝ հաշվի առնելով այն, որ շահառուները պետք է կեսօրին աշխատանքի գնան և միայն առավոտյան ու երեկոյան անցկացնեն կացարաններում: Սակայն այս կացարանում շատերն անկողնային վիճակում են, և կեսօրին նրանց կերակրում են,  չնայած դրա իրավունքը չունեն:

Մեր այցի օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից կացարան էին բերել մի անօթևանի` մի ոտքը կտրած: Փորձեցինք զրուցել հետը, գլուխը շրջեց, չցանկացավ խոսել: Տնօրենն ասում է, որ սոցիալական աշխատողներն ու հոգեբանները ժամանակի ընթացքում են կարողանում նրանցից որևէ տեղեկություն ստանալ, այն էլ` դժվարությամբ:

Քանի որ կենտրոնի հիմնական նպատակը անօթևաններին ինքնուրույն կյանքի վերադարձնելն է, հիմնադրամի ղեկավարը կարևորում է իրենց կողմից տրամադրվող անվճար դասընթացները: Խաչատրյանի խոսքով` իրենց շահառուների (ոչ միայն անօթևանների) 60-70 տոկոսն այստեղ ստացած գիտելիքների շնորհիվ աշխատանք է գտել: Սակայն կարևոր է նաև, որ մարդն ինքը ցանկանա վերադառնալ հասարակություն, աշխատել: Այդ ցանկությունը նրանց մեջ առաջացնելը նույնպես  կենտրոնի սոցիալական աշխատողների և հոգեբանների աշխատանքի մի մասն է:

անօթևաններԻ դեպ, անօթևաններից մեկը մեզ ասաց, որ իրեն աշխատանք են առաջարկել այստեղ. լվացքատան, սանհանգույցի մաքրմամբ պետք է զբաղվի:

Շավարշ Խաչատրյանն ընդգծում է, որ անօթևանները գրեթե չեն զբաղվում մուրացկանությամբ. «Դա թյուր կարծիք է: Երևան քաղաքում մուրացկանությամբ զբաղվում են տուն ունեցողները, իսկ նրանց մուրացկանության են դրդում ծնողները, զավակները, թոռները, հարսը…»:

Կառավարությունը  հիմնադրամին այս տարվա համար 58 միլիոն դրամ է հատկացրել: Դանիական գործընկերներն էլ են որոշակիորեն աջակցել` 8 միլիոն դրամի չափով: Ընդհանուր գումարը մեծ չէ, մանավանդ որ դրա մեջ մտնում են  նաև 28 աշխատակիցների աշխատավարձերը, որոնք նման բյուջեի պայմաններում նվազագույն են, սակայն հիմնադրամի ղեկավարն այս ծրագրով սահմանափակվելու մտադրություն չունի: Ապագա ծրագրերից է թմրամիջոցներից և ալկոհոլից կախվածության մեջ գտնվող անձանց աջակցելը, որոնք որոշակի բուժման շնորհիվ հաղթահարել են հիվանդությունը, սակայն հասարակության մեջ կրկին ինտեգրվելու խնդիր ունեն:

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ