Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է աուտիզմի իրազեկման երթի մասնակիցների հետ

աուտիզմի օրԱուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված երթը մենկարկել է Երևանի քաղաքապետարանի շենքի մոտից, որտեղ երթի մասնակիցների հետ հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ողջունելով նախաձեռնությունը՝ քաղաքապետը բարի երթ է մաղթել մասնակիցներին, ովքեր Երևանի մի շարք հանրակրթական, հատկապես ներառական կրթությամբ դպրոցների աշակերտներն էին: Նրանք երթով իրենց զորակցությունն են հայտնում համադասարանցի ու հասակակից ընկերներին, այդպիսով նաև լայն հասարակայնությանը իրազեկում նրանց խնդիրների մասին։

աուտիզմի օր2«Աուտիզմ» ազգային հիմնադրամի տնօրեն Լիլիթ Աթաջանյանը նշել է, որ այս տարի ապրիլի 2-ի՝ Աուտիզմի իրազեկման օրվա ամենամյա միջոցառումների մեկնարկի վայր է ընտրվել Երևանի քաղաքապետարանը՝ ի նշան շնորհակալության, քանի որ Երևանի քաղաքապետի հոգածությամբ աուտիզմով երեխաների համար հատուկ դպրոցի շենք է հատկացվել, որտեղ առկա են նաև երեխաների ուսուցման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Որոշ հանգամանքներ հուշում են, որ աուտիզմ հիվանդությունը կապված է գենետիկայի հետ. «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»

աուտիզմԱպրիլի 2-ի` Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան ընդառաջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»-ի հիմնադիր Աերա Պաուլ Հեյլվեյլը վերհիշեց, որ առաջին անգամ Հայաստան է ժամանել` օգնելու աուտիզմով հիվանդ երկու երեխաների: Հետագայում հասկացել է, որ Հայաստանում ևս անհրաժեշտ է ստեղծել կենտորն, որտեղ կայցելեն երեխաները և համապատասխան մասնագետների աշխատանքի շնորհիվ իրենց մեկուսացած չեն զգա հասարակությունից: Այսօր կենտրոն է այցելում աուտիզմով 80 և ավելի երեխա:

Աերա Պաուլ Հեյլվեյլի խոսքով` ԱՄՆ-ում ամեն 68-րդ երեխան կարող է նման հիվանդություն ունենալ:

«Ցավոք, հնարավոր չէ դեռ չծնված երեխաների մոտ ախտորոշել այդ հիվանդությունը: Շատ մասնագետներ մեծ ջանքեր են գործադրում, որ կարողանան որքան հնարավոր է շուտ ախտորոշել հիվանդությունը, որքանով շուտ միջամտություն կատարվի, այնքան ավելի հեշտ կլինի հիվադությունը բուժելը: Աուտիզմ հիվանդության պատճառը դեռ հայտնի չէ, հավանաբար այն կապված է գենետիկայի հետ: Օրինակ` այն ընտանիքներում, որտեղ արդեն կա աուտիզմով հիվանդ երեխա, մեծ է հավանականությունը, որ հաջորդ երեխան ևս աուտիզմ հիվանդությունն ունենա, ինչը հուշում է հիվանդության գենետիկական պատճառի առկայության մասին»,- ասաց մասնագետը:

Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան երեխաների շրջանում:

2008-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ապրիլի 2-ը միաձայն հռչակել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Այս օրվա առաքելությունն է շեշտադրել աուտիզմով տառապող մեծահասակների և երեխաների կյանքը բարելավելու անհրաժեշտությունը`օգնելով նրանց վարել լիարժեք և բովանդակալից կյանք: Հայաստանում 2012-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ը:

Ապրիլի 2-ին «օպերայի» շենքը կլուսավորվի կապույտ լույսով՝ ի նշան աուտիզմով հիվանդների աջակցության

օպերաՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2008 թվականի ապրիլի 2-ը միաձայն հռչակել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Օրվա առաքելությունն է՝ բարելավել աուտիզմով մեծահասակների և երեխաների կյանքը, օգնել վարել լիարժեք և բովանդակալից կյանք:

Ամեն տարի ապրիլի 2-ին աուտիզմի հարցերով զբաղվող կազմակերպություններն  իրենց պետությունների աջակցությամբ կազմակերպում են տարատեսակ միջոցառումներ և քննարկումներ, որպեսզի առավել բարձրացնեն աուտիզմի մասին իրազեկումը հասարակության շրջանում:

Հայաստանում 2012-ին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի նախագահությամբ ստեղծվեց «Աուտիզմ ազգային հիմնադրամը»: 2014-ի ապրիլի 2-ին աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված՝ «Աուտիզմ ազգային հիմնադրամը»  Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կկազմակերպի քայլարշավ՝ Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Վազգեն Սարգսյանի փողոց-Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ երթուղով:

Այնուհետև Ազատության հրապարակում կանցկացվի միջոցառումների շարք՝ աուտիզմ ունեցող երեխաներին նվիրված երգի շնորհանդես, ԵԶՄԿ-ի սաների նկարների բացօթյա ցուցահանդես և այլն:

Աշխարհի տարբեր երկրներում ապրիլի 2-ի գիշերը «Llight It Up Blue»  նախաձեռնության շրջանակներում տարբեր շենքեր և կառույցներ լուսավորվում են կապույտ լույսով: Կապույտ լույսի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ աշխարհում աուտիզմով տառապող տղաները չորս անգամ շատ են աղջիկներից, ինչը պայմանավորված է գենետիկայով:

«Կապույտ լույս վառենք» նախաձեռնության նպատակն է  գրավել հասարակության ուշադրությունը աուտիզմի խնդրի վրա: Տարիների ընթացքում լուսավորվել են Նյու Յորքի Էմփայր Սթրեյթ շենքը, Սիդնեյի Օպերայի թատրոնը, Պիզայի աշտարակը, Նիագարայի ջրվեժը և այլն:

Այս տարի Հայաստանը նույնպես միացել է այդ նախաձեռնությանը, և ապրիլի 2-ի գիշերը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի կապույտ լույսով:

Միջոցառմանը կմասնակցեն «Աուտիզմի ազգային հիմնադրամը», Երևանի քաղաքապետարանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները, ԵԶՄԿ-ի մասնագետները, աուտիզմ ունեցող երեխաներ և ծնողներ, ներառական և հանրակրթական դպրոցների աշակերտներ և ուսոցիչներ, հատուկ մասնագիտացված կրթօջախների աշխատակիցներ, արտերկրից ժամանած հյուրեր և այլք: