Ո՞վ է ավելի համառ՝ «աֆրիկյաննե՞րը», թե՞ Լևոն Վարդանյանը

MHM88883Պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված երևանյան ամենագեղեցիկ ու յուրօրինակ շենքերից մեկի՝ Աֆրիկյանների 130-ամյա շենքի ճակատագիրը դեռևս անհայտ է:

«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները նշում են, որ շենքի ապամոնտաժման աշխատանքները դադարեցնելու համար հիմք է ծառայում ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների գործակալության կողմից ներկայացված գրությունը՝ ուղղված «Միլենիում քոնստրաքշն» ընկերության տնօրեն Թադևոսյանին: Գրության մեջ նշված է, որ շինարարների կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, ինչի վերաբերյալ գործակալության մասնագետների դադարեցման հրահանգը չի կատարվել, իսկ ոչ լիարժեք փաստաթղթերի բացակայությունը կարող է վտանգել հուշարձանի պահպանությունը: Ուստի, գործակալությունն անհրաժեշտ է  համարում անհապաղ դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները մինչև համապատասխան փաստաթղթերի առկայության ապահովումը:

Ըստ նախաձեռնության անդամների, շենքի ապամոնտաժման աշխատանքների դադարեցման համար հիմք է նաև այն, որ Հայաստանի հելսինկյան կոմիտեն և «Ուրբան լաբ Երևան» քաղաքաշինական հասարակական կազմակերպությունը համատեղ հայցադիմում են ներկայացրել դատարան, որով վիճարկում են Աֆրիկյանների շենքի օտարման և տեղափոխման մասին Կառավարության ու Երևանի քաղաքապետարանի որոշումները:

Հայցը վարույթ ընդունելու  կամ մերժելու ժամկետը՝ օրեքով տրված դատարանին, լրանում է ուրբաթ օրը` հունիսի 27-ին:

AVetiq_IshkhanyanՀայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց հայցի հիմքում ընկած փաստերը. «Մեր իրավական դիրքորոշումն այն է, որ 2008 թվականին ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, որով արգելվում է մշակութային հուշարձանի քանդումը կամ տեղափոխումը: Մենք նաև բազմաթիվ այլ փաստեր ենք ներկայացրել՝ այդ թվում մշակույթի նախարարության համապատասխան գործակալության գրությունը, ըստ որի քանդման աշխատանքները պետք է դադարեցվեն, մինչև համապատասխան փաստաթղթերի ներկայացումը»,-ասաց Իշխանյանը:

Այս ամենից հետո, ըստ իրավապաշտպանի, շենքի քանդման աշխատանքները շարունակելը նույնիսկ քրեական հանցագործություն է: «Փաստորեն, քաղաքացիները Հայաստանում պաշտպանում են օրինականությունը, մինչդեռ ոստիկանները` ոչ, նրանք կատարում են անօրինական հրաման՝ դեմ գնալով քաղաքացիների օրինական պահանջին և իրենց գործողություններով նպաստելով Հայաստանում անօրինականությանն ու հանցագործությանը»:

«Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանի պնդմանը, որ իրենց գործողություններին օրինական են, նախագիծն իրականություն է դառնալու, և Աֆրիկյանների շենքը նույնությամբ վերակառուցվելու է «Հին Երևանի» տարածքում, Իշխանյանը հակադարձում է. «Ինչ տեսակետներից են իրենք այդ քայլերն իրականացնում՝ անձնական շահերից ելնելով, թե «ճարտարապետական լուծումներից», դա ինձ չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է երկու հարց՝ Երևանի պատմամշակութային հուշարձանների պահպանումը և օրենքի կիրառումը Հայաստանում: Փաստորեն, այդ գործընթացը կատարվում է անօրինական ձևով, իսկ մնացած ամեն ինչ մտավարժանքներ են»:

Եթե դատարանը չվաբարարի հայցը, ո՞րն է լինելու հասարակական կազմակերպությունների հաջորդ քայլը: Իշխանյանը պատասխանում է. «Շարունակելու ենք պայքարը՝ դատական մյուս ատյաններ դիմելով և աջակցելով քաղաքացիական հասարակության շարժումներին: Համենայնդեպս, երբ մենք դիմում ենք, չենք մտածում՝ տեսնենք` ինչ կստացվի, մենք դիմում ենք հաղթելու նպատակով»:

Նրա համոզմամբ՝ տեղի ունեցողն անօրինականություն է, իսկ մշակույթի նախարարությունը, ինչպես Ծածկած շուկայի դեպքում, այնպես էլ այս հարցում, անիմաստ կառույցի դեր է կատարում, քանի որ չի կարողանում, որպես կարևոր գերատեսչություն, իր ֆունկցիաները կատարել:

Լևոն Վարդանյան«Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը, որի նախաձեռնությամբ է ապամոնտաժվում Աֆրիկյանների շենքը, հակադարձում է իրենց ընդդիմախոսներին: Մեզ հետ զրույցում նա ևե մեկ անգամ հայտարարեց, որ իրենց գործողություններն օրինական են: Ավելին, նա որպես ճարտարապետ՝ վստահ է, որ Երևանում երբևէ պատմամշակութային այլ շենքերի ապամոնտաժման աշխատանքներն այսքան օրինական, ճշգրիտ ու պրոֆեսիոնալ ձևով չեն իրականացվել, որքան այս շենքի դեպքում:

Ինչ վերաբերում է հնչող այն տեսակետին, թե չի կատարվում մշակույթի նախարարության պահանջը, ճարտարապետը հիշեցնում է, որ գրության հեղինակը ոչ թե նախարարությունն է, այլ մշակույթի նախարարության գործակալությանը՝ նշելով, որ նախարարությունը չի կարող դեմ լինել իր իսկ կողմից ժամանակին հաստատված նախագծին: «Շենքի ապամոնտաժման և «Հին Երևան»-ի տարածքում վերակառուցվելու նախագիծը հաստատվել է նախ մշակույթի նախարարության կողմից, ապա ուղարկել Երևանի քաղաքապետերան, իսկ վերջինս շինարարության թույլտվություն է տվել: Հիմա մշակույթի նախարարության ինչ որ գործակալության պետ՝ Արմեն Աբրոյանը, հայտարարում է, որ թերի փաստաթղթեր կան: Հո իր ասելո՞վ չի: Այդ մարդն ինքնագործունեությամբ է զբաղված, և դրա մասին թող իր նախարարը մտածի»,-ասում է Վարդանյանը:

Ճարտարապետը նաև չի ընդունում այն փաստարկը, որ եթե հայց է ներկայացվել դատարան, նշանակում է՝ ապամոնտաժման աշխատանները պետք է դադարեցվեն. «Երբ դատարանը որոշում կկայացնի, որ պետք է դադարեցնել, խնդրեմ, թող որոշումը տանեն քաղաքապետարան, քաղաքապետարանն էլ եթե ասի՝ դադարեցրեք, դադարեցնենք: Երևանի տարածքում մի մարդ իրավունք ունի դադարեցնել շինարարությունը՝ դա Երևանի քաղաքապետն է: Իսկ քանի դեռ նման որոշում չկա, մենք մեր աշխատանքը շարունակելու ենք»:

Լևոն Վարդանյանը ակտիվիստներին կոչ է անում մտածել իրենց գործողությունների իրավաչափության մասին, թե արդյոք հասարակական կարգն ու հարակից բնակիչների անդորրը խանգարելը որքանո՞վ է օրինական:  «Գալիս են, աղմկում, խփում դարպասներին, իրենց թվում է՝ դա թատերաբեմ է: Բնակիչներն էլ ինձ են բողոքում, ասում են՝ հիվանդներ կան, փոքր երեխաներ,-ասում է Վարդանյանը,-ինչ վերաբերում է ինձ՝ ես խնդիր չունեմ, ես իմ աշխատանքը շարունակելու եմ և իմ ճարտարապետական նախագծի տերն եմ, իսկ Աբրոյանը մշակույթի նախարարի խնդիրն է, մարդկանց հանգիստը խանգարողներն էլ՝ ոստիկանության խնդիրը»:

«Հին Երևան» նախագծի հեղինակն ուրախ է, որ դատարան այդ հարցով հայց է ներկայացվել, քանի որ ինքը՝ որպես նախագծող, կարող է բոլոր հարցերի պատասխանները տալ և ապացուցել, որ ինքը ճիշտ է:

Բայց արդյոք դատարանը կարո՞ղ է որոշել՝ ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալ, դա էլ հարց է, քանի որ Հայաստանում հույս դնել դատարանների վրա, մեղմ ասած, միամտություն կլինի:

Հարցի միակ պատասխանը թերևս կարող է տալ «Հին Երևան» նախագծի իրականացումը, որին այդպես համառորեն չեն հավատում ակտիվիստները, և որը տարիներ ի վեր համառորեն առաջ է քաշում ճարտարապետ Լևոն Վարդանյանը: Փաստն այն է, որ այսօր նախագծի իրականացումը դեռևս տեսանելի չէ:

 

Անի Գասպարյան

 Անկախ

Հայ պատգամավորները սողում են ռուսական երկրորդական կարգի մի լրագրողի առջեւ. Ավետիք Իշխանյան. news.am

Ավետիք ԻշխանյանՀայաստանը այնքան է նվաստացել եւ ներքին անկախություն չունեն մեր քաղաքական այրերը, մեր անողնաշար պատգամավորները եւ այնպիսի ողորմելի վիճակի մեջ են, որ որեւէ լրագրող գալիս է նրանց դասեր է տալիս, եւ նրանք նվաստացած վիճակով սողում են ռուսական երկրորդական կարգի մի  լրագրողի առջեւ: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Հայաստանի ԱԺ-ում պատգամավորների եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռուս հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսիլեւի այն հանդիմանանքին, թե Հայաստանում կամաց-կամաց մոռանում են ռուսերենը եւ ինչ են անում ՀՀ պաշտոնյաները դա կանխելու համար:

«Անկեղծ ասած ես ուզում եմ հայհոյանքներով պատասխանել ու հազիվ եմ ինձ զսպում, բայց կփորձեմ հնարավորինս պատշաճ պատասխանել:

Ուրեմն, դա նշանակում է ազգային արժանապատվության կորուստ, անկախության կորուստ, սա նշանակում է պատիվ չունենալ ընդհանրապես, որ ինչ-որ մի լրագրող կարող է գալ Հայաստանի քաղաքական գործիչներին դաս տալ եւ նրանց ասել դուք պետք է ուծացվեք, դուք պետք է դառնաք ռուս: Եվ նրանք ինչ-ինչ պատճառներով ժպտում ու քծնում են: Բնականաբար նրանք իրենց գրպանի մասին են մտածում: Ես ուրիշ ասելիք չունեմ: Սա Ազգային խայտառակություն է»,-հայտարարել է Իշխանյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Ավետիք Իշխանյանը՝ ԱՆ-ին կից խորհրդին իր անդամակցության մասին. «Ասելիքներ ունենք… ցանկացած պահի միշտ էլ կարելի է դուռը շրխկացնել»

Ավետիք ԻշխանյանՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հունիսի 3-ի հրամանով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ, որտեղ ընդգրկված են բազմաթիվ հայտնի անձինք: Նրանց թվում է նաև «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»  իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Երբ Արդարադատության նախարարից առաջարկությունը եղավ, մենք մեր կոմիտեում երկար քննարկեցինք՝ մասնակցությունն արժե՞, թե՞ ոչ, քանի որ անհանգստություն կար և կա, որ դա կարող էր ձևական բնույթ կրել: Եվ մենք, ճիշտն ասած, սկզբում մտածում էինք, թե քանի որ առաջարկությունը եղել է, ի սկզբանե մեղավորության կանխավարկածով չառաջնորդվել, չնայած այդ լուրջ կասկածները կային, և փորձել սկզբնական շրջանում այնտեղ լինել դիտորդի կարգավիճակով: Սակայն պարզվեց, որ այդպիսի կարգավիճակ չկա, և որոշեցինք համաձայնել լինել անդամ, որովհետև ցանկացած պահի, պայմանական ասած՝ միշտ էլ կարելի է դուռը շրխկացնել: Իսկ եթե իսկապես խորհրդի կարծիքները հաշվի առնվեն, ապա մենք այնտեղ շատ ասելիք ունենք» ,- 168.am-ի հետ զրույցում իր մասնակցությունն այդ խորհրդում այսպես պարզաբանեց Ավետիք Իշխանյանը:

Ըստ Ա. Իշխանյանի՝ Հելսինկյան կոմիտեն «բավականին շատ անելիքներ»  ունի խորհրդի կազմում, հատկապես օրենսդրական նախաձեռնությունների ոլորտներում. «Ասելիքներ ունենք քրեակատարողական ոլորտում, որտեղ մենք տարիներով աշխատում ենք: Մենք միշտ առաջարկություններ ենք անում, հատկապես՝ վաղաժամկետ ազատման, և ընդհանրապես՝ ցմահ բանտարկյալների հետ կապված հարցերում, և նրանց գործերի վերանայման, հնարավոր օրենսդրական փոփոխություններ մտցնելու, նրանց վաղաժամկետ ազատումն ավելի պրակտիկ դարձնելու նպատակով, որն իրականում Հայաստանում չի գործում: Նաև՝ խղճի և կրոնի ազատության օրենքի հետ կապված հնարավոր փոփոխությունների կամ նոր օրենքի ընդունման շուրջ ենք աշխատում: Այսինքն՝ մենք շատ առաջարկություններ ենք միշտ ներկայացրել մեր զեկույցներում, և այս տեսակետից մենք կփորձենք խորհրդում այդ հարցերը բարձրացնել, և կերևա՝ խորհուրդը ձևական բնո՞ւյթ է կրում, թե՞ իսկապես խորհրդի կարծիքները հաշվի են առնվում» :

168.am-ի այն հարցին, թե իրենք ինչ-որ առաջարկներ արդեն արե՞լ են Արդարադատության նախարարին, Ա. Իշխանյանը պատասխանեց. «Դեռ չենք առաջարկել: Դեռևս միայն խորհրդի անդամ լինելու համաձայնություն ենք տվել, իսկ այնտեղ կտեսնենք, թե ինչ ենք անում: Ուզում եմ ասել՝ ես հույս ունեմ, որ այս իմ մատնանշած խնդիրները, որոնք Հայաստանում գոյություն ունեն, լուծումներ ստանան»: Միաժամանակ Ավետիք Իշխանյանը հավելեց, որ իր դերակատարումն այդ խորհրդի կազմում դեռևս որոշված չէ: «Դեռևս չգիտեմ իմ դերը, դեռ նիստ չի եղել այս կազմով, և չգիտեմ, թե այնտեղ ինչ լիազորություններ պետք է ունենամ, ինչ ենթահանձնաժողովներ պետք է ստեղծվեն, եթե պետք է ստեղծվեն: Դեռևս ես որևէ բանից տեղյակ չեմ: Իմ համաձայնությունը նախապես կապված է այն բանի հետ, որ խնդիրները բարձրացնեմ»:

Աղբյուր՝ 168 Ժամ

Ավետիք Իշխանյանը խոսքի ազատության մասին

Ավետիք ԻշխանյանԱյսօր Գյումրիում հերթական անգամ նշվեց խոսքի ազատության օրը, օգտվելով առիթից Անկախը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանից հետաքրքրվեց այսօր խոսքի ազատությունն Հայաստանում ինչ մակարդակի վրա է: Մեր զրուցակիցը այն ոչ բավարար որակեց, ոչ էլ` շատ քիչ. «Ասել, որ Հայաստանում խոսքի ազատություն չկա, սխալ կլինի, ասել, որ խոսքի ազատությունը լիակատար է` նույնպես սխալ կլինի. Նայած որ ոլորտում: Եթե խոսենք հեռուստատեսության ոլորտից, ապա խոսքի ազատությունը միակողմանի է և քարոզչությունը միակողմանի է, քանի որ բացի իշխանական լրատվամիջոցներից, կան, որ սպասարկում են տարբեր կուսակցական և սեփականատիրական, բիզնես շահեր: Ինչ վերաբերում է և տպագիր, և էլեկտրոնային թերթերին` այնտեղ նույնպես բևեռացված լրատվություն ու մեկնաբանություն է գնում: Իհարկե, ես հասկանում եմ, որ լիարժեք, չեզոք, անկախ լինել գրեթե հնարավոր չէ, բայց շատ կուզենայի, որ անկախ լրատվամիջոցներ շատ լինեին, որպեսզի անաչառ լրատվություն հայտնեին: Եվ երբ լինում են բռնություններ ու սահմանափակումներ լրագրողների նկատմամբ, դրանք ավելի շատ սահմանափակումներ են, նրանց քաղաքական գործիչ տերերի համար, որը նույնպես անթույլատրելի է»:

Անկախ

Ավետիք Իշխանյանի մեկնաբանությունը, թե ինչու վերադարձվեց ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար տուգանքի նախագիծը

g_image (1)Օրերս ոստիկանությունը շրջանառության մեջ դրեց մի նախագիծ, որով առաջարկում էր տուգանել ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչություն իրականացնողներին։ Ապա ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նկատի ունենալով օրինագծի` քննարկումների ընթացքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները, նշելով, որ այդ խնդիրն այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէ, օրինագիծը հետ ուղարկեց:

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը անդրադառնալով այդ նախագծին՝ ասել է, որ նախ խոսենք այն մասին, թե ընդհանրապես ինչի համար էր այդ նախագիծը .«Դա զուտ ենթադրությունների ոլորտից էր: Կարելի է ենթադրել, որ հերթական անգամ իշխանությունները փորձեցին կուրծք ծեծել, իրենց ցույց տալ ազգային եւ հայրենասեր, որովհետեւ անընդհատ քննադատվում են տարբեր ուղղություններով եւ պաշտպանվելու ձեւ չունեն, դրա համար էլ փորձեցին ցույց տալ թե հայրենասեր են, ինչն արտահայտվում է տարբեր ձեւելով՝ ընդհուպ մինչեւ Թուրքիայից հողեր պահանջելով»:

Իշխանյանի մեկնաբանմամբ՝ ամենայն հավանականությամբ, նախագիծը կապված էր այնպիսի մտահոգության հետ, որ ցույց տան, թե ինչպես են մտածում ազգի մասին, կամ՝ «Քանի որ Ռուսաստանում այդպիսի նախագիծ ընդունվեց, սա Ռուսաստանին կապվելու ձեւ էր, թե մենք ռուսների կողմն ենք այս հարցում: Եթե այսպես են մտածում, ապա սա շատ պարզունակ մտածողություն է: Բայց սա շատ վտանգավոր նախագիծ կարող է լինել: Իսկ թե ինչու հանեցին այն շրջանառությունից, կարծում եմ, երեւի խելոք մարդիկ են եղել, որոնք ասել են՝ հիմա իզուր տեղը չարժե հերթական աղմուկը ստեղծել եւ ավելին ասեմ, արեւմուտքից, որը խոստացել է ասոցացման պայմանագրի դեպքում միլիարդներ նվիրի՝ գուցե բարկանան: Իմ կարծիքով այսպիսի պրագմատիկ մոտեցում է եղել»:

Հարցին՝ արդյոք Եվրոպա գնալու ճանապարհին մեզ նման նախագի՞ծ է պետք, Իշխանյանը պատասխանել . «Ինչ է նշանակում Եվրոպա ենք գնում, մի՞թե տոմսերը բոլորիս առել են, մենք էլ գնում ենք: Ես Եվրոպա գնալը չեմ ընդունում: Եվրոպական ասոցացման պայմանագիրը արդյոք նշանակո՞ւմ է Եվրոպա ենք գնում: Կամ միթե ասոցացման պայմանագիրը ստորագրելուց հետո հայաստանյան ընտրությունները չեն կեղծվելու, օլիգարխները չե՞ն լինելու, լիսկաները չե՞ն կրակելու …Ես հարց եմ տալիս: Գնում ենք ասոցացման պայմանագիրը ստորագրելու, որպեսզի միլիարդները ստանանք: Իսկ այդպիսի նախագծի ընդունումը կարող է խոչընդոտել այդ փողերի գալուն»:

www.aravot.am