«Տիգրան Սարգսյանը խելացի վարչապետ էր». Արմեն Մարտիրոսյան

արմեն մարտիրոսյան«Ժառանգության» կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու անդամ Արմեն Մարտիրոսյանը Գյումրիում կարծիք հայտնեց արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին ու նրա հրաժարականը համարեց ժողովրդի ուշադրությունը շեղելու քայլ:
«Եթե մենք շարունակենք նույն տրամաբանությամբ առաջ շարժվել, ընդամենը մեկ վարչապետ փոխենք, մի քանի նախարար փոխենք, Հայաստանում ոչինչ չի փոխվելու: Որովհետև դրա արդյունքում ոչ փոքր ու միջին բիզնեսն է զարգանալու, որ բյուջեն է պաշտպանվելու, նորից նույն թալանն է լինելու, ոչ ստվերն է կրճատվելու, ոչ մեր պաշտպանությունն է բարձրանալու, որովհետև մեր ժողովուրդն արտագաղթում է: Առանց ժողովրդի միայն իրենց գահը կարող է պաշտպանել, բայց ոչ երկիրը:
Վարչապետի փոփոխությունը ոչինչ չի տալու: Տիգրան Սարգսյանը խելացի վարչապետ էր, նա հիմար չէր, շատ լավ կրթություն ուներ, շատ լավ հասկանում էր միջազգային իրավիճակը: Ինքն առաջին անգամ, երբ Նոր տարվա ուղերձ էր հղում, ասում էր՝ ես օլիգարխիայի դեմ պայքարելու եմ, կոռուպցիայի դեմ պայքարելու եմ, բայց մի կարճ ժամանակ հետո, քանի որ համակարգը դա է, ինքը հարմարվեց, դարձավ համակարգի մի մասը ու շարունակեց իր գործունեությունը», – մասնավորապես նշեց Արմեն Մարտիրոսյանը:

 

«Երկրի առաջ գլոբալ խնդիրներ են ծառացած, որոնք պետք է լուծվեն խորհրդարանից դուրս, միասնական օրակարգով». Արմեն Մարտիրոսյան

արմեն մարտիրոսյան«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ամեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով օրերս ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի, Արմեն Ռուսատամյանի, Աղվան Վարդանյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել են երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համատեղ ծրագրի մանրամասները, նշեց, որ շատ նորմալ է վերաբերվում այդ համագործակցությանը, որը սկսել է դեռ նախորդ տարվա վերջին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարի շրջանակներում:

«Այն խնդիրները, որոնք մեր առջև ծառացած են, ավելի գլոբալ են: Գուցե ա՞յդ է պատճառը, որ Բարգավաճ Հայաստանն ու Դաշնակցությունը հանդիպեցին: Մարտի 1-ին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը միասնական օրակարգի ձևավորման մասին խոսեց, դրանից առաջ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ևս միասնական օրակարգի ձևավորման մասին խոսեց և, եթե արդեն կուսակցությունների ղեկավարների մակարդակով հանդիպումներ լինեն և միասնական օրակարգով հանդես գալու առաջարկություններ լինեն, շատ լավ կլինի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգության»  փոխնախագահը նշեց, որ տարիներ շարունակ իրենք ասել են, որ քաղաքացիական, քաղաքական ուժերի և հասարակության միասնական ջանքերով պետք է խնդիրները լուծվեն:

«Մենք միայն միասնական օրակարգով պետք է փոխենք իրավիճակը: Ներկա դրությամբ  ո՛չ քաղաքացիական, ո՛չ էլ քաղաքական դաշտի կողմից իրավիճակը չի կառավարվում: Մինչ օրս ընդդիմությունը առանձին-առանձին է գործել է, և նրան չի հաջողվել իշխանության ապօրինությունների դեմ քայլեր ձեռնարկել: Առանձին խնդիրներ կարող են Ազգային ժողովում լուծվել, սակայն երկրի առաջ գլոբալ խնդիրներ են ծառացած, որոնք պետք է լուծվեն խորհրդարանից դուրս միասնական օրակարգով»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

 

Արմեն Մարտիրոսյանը Տիգրան Սարգսյանին` “Պարո’ն վարչապետ, մեր երկիրը ոչ թե ծերացող է, այլ՝ արտագաթող”

արմեն մարտիրոսյանԱյսօր Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014թթ. զեկույցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից հետո, “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս ելույթ ունեցավ: Նա նշեց, որ զեկույցը արմատական փոփոխությունների պահանջ է ներկայացնում, մինչդեռ վարչապետը 2008 թվականից խոստանում է նման փոփոխություններ, որոնք դեռ չկան։

“Ես լավ հիշում եմ, որ վարչապետը 2008 թվականի ամանորյա ուղերձի ժամանակ այս մասին խոսեց, բայց մինչև հիմա փոփոխությունների ուղղությամբ քայլեր չեն արվել: Եվ հետո, պարո՛ն վարչապետ, մեր երկիրը ոչ թե ծերացող է, այլ՝ արտագաթող”,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` նկատելով, որ խնդիրը կառավարման մեջ է, լուծումները, որոնք տրվում են, ավելի շուտ անհամաձայնության մեծ դաշտ են ստեղծում:

“Ես երեք անգամ առիթ եմ ունեցել այս մասին ասելու: Ես ասում էի, որ ավելի լավ է ես սխալվեմ, քան վարչապետը, ցավոք, ես երեք անգամ ճիշտ էլ ճիշտ եմ եղել”,-ասաց Արմեն Մարտիրոսյանը։

“Ժառանգության” փոխնախագահն անդրադարձավ զեկույցում կրթական խնդիրն` նշելով, որ այսօր կուսակցություններն այնպես են մտել կրթական համակարգ, որ դա էլ է խաթարվել:

“Ինչպե՞ս կարող ենք որակյալ կրթություն ունենալ, երբ ուսուցիչը կատարում է շատ ֆունկցիաներ, որոնք չպետք է անի”,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ մի հարցում Տիգրան Սարգսյանի տեսակետը համընկնում է իր տեսակետին: Խոսքը մրցակցային դաշտին է վերաբերում: Արմեն Մարտիրոսյանը զեկույցը համարեց հեղափոխական` հիմք ընդունելով զեկույցում նշված արմատական փոփոխությունները։

Անկախ

Ցավակցում եմ շարքային Գարիկ Պողոսյանի հարազատներին. Արմեն Մարտիրոսյան

արմեն մարտիրոսյանՀայ-Ադրբեջանական սահմանին մեր թշնամի պետության կողմից հրադադարի խախտման հերթական դեպքին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ժառանգություն կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նա ցավակցել է զոհված հայ զինվորի հարազատներին. «Ցավակցում եմ շարքային Գարիկ Պողոսյանի հարազատներին: Մեր գործողությունները պետք է այնպիսին լինեն, որ հակառակորդը այլևս չմտածի Հայաստանի Հանրապետության սահմանի վրա սադրանքների մասին:  Ընդհանրապես մի ժամանակ իրենք էին բողոքում մեր դեմ՝ ու մեր սահմանները հանգիստ էին: Հիմա ժամանակն է նորից հիշեցնել այդ մասին և ոչ թե հույսը կապել, թե ինչ-որ մեկը մեր տունը, գյուղը, քաղաքացուն պաշտպանելու է»: