Արևմուտքը ջանում է հասնել Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը

 

Սարգիս Ասատրյան “Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան, ինչ խոսք, հետաքրքիր է, քանի որ փաստացիորեն նա շրջայց է կատարում Հարավային Կովկասի երկրներ և որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավար` նշում, որ Ֆրանսիան շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել և հետամուտ է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը” ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյան:

Ընդհանուր առմամբ, ըստ ադրբեջանագետի, Արևմուտքը շահագրգիռ է լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի նպատակն է նաև այդ խնդրի լուծմամբ Հարավային Կովկասի երկրները կամաց-կամաց ուղղել դեպի Արևմուտք: Ըստ Սարգիս Ասատրյանի `այս ամենից զատ, տարածաշրջանը կարևոր է Արևմուտքի համար և այս առումով նրանք ամեն-ինչ անելու են այն ռուսական ազդեցությունից զերծ պահելու համար. իսկ ռուսական ազդեցության ընդլայնմանը ականատես ենք լինում նաև ուկրաինական իրադարձությունների համատեքստում:

Ադրբեջանագետը նշեց, որ Օլանդի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի` Մաքսային Միությանը անդամակցելը չի խանագարում հարաբերություններին, ցույց է տալիս, որ Արևմուտքը շահագրգռված է Հայաստանի հետ սերտ հարաբերություններ հաստատելու հարցում: “Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եղել է Բաքվում, այժմ Երևանում է և պատրաստվում է մեկնել Թիֆլիս. սա սպասելի է, քանի որ Ֆրանսիան միշտ էլ ակտիվ է այս տարածաշրջանում: Ըստ էության, նա ոչ մի նոր բան չի ասել` Ադրբեջանում և Հայաստանում` նշելով, որ Ֆրանսիան հետամուտ է լինելու խնդրի կարգավորմանը”,-նշեց Սարգիս Ասարյանը:

Իսկ ինչ վերաբերում է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, ապա, ըստ ադրբեջանագետի, Ղարաբաղյան հակամարտությունը բավականին բարդ է և գուցե նմանատիպ հայտարարություններով ցանկանում են ստուգել արձագանքը:

“Անկախ”-ի այն հարցին, թե Ռուսաստանը որևէ շահագրգռվածություն ունի՞ այս պահին սրելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ադրբեջանագետը պատասխանեց, որ այս պահին Ռուսաստանի շահերից չի բխում Արցախի հարցի սրացումը, որովհետև տարածաշրջանում կառաջանա երկու կոնֆլիկտային գոտի և կառավարելն ավելի դժվար կլինի. նման պարագայում ձեռնտու է առայժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ստատուս-քվոյի պահպանումը: Բացի այս, ըստ Սարգիս Ասատրյանի, եթե Ղարաբաղյան հակամարտության խնդիրը լուծվի ու սահմանները բացվեն, Ռուսաստանը շրջանցող էներգակիրների կիրառման նոր ծրագիր կմշակվի, իսկ Հայաստանն այստեղ առանցքային գործառույթ կարող է կատարել, քանի որ  ավելի հեշտ է Հայաստանի տարածքով անցկացնել էներգակիր խողովակներ, քան Վրաստանի տարածքով, Սև ծովի տակով և այլն:

Անկախ

Ուորլիքի հայտարարությունը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ծրագիր է. Լևոն Շիրինյան

 

Լևոն Շիրինյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ արված հայտարարության  մասին` քաղաքագետ  Լևոն Շիրինյանը նշեց, որ իրեն անհանգստացնում է ոչ թե այն, որ ըստ այդ հարցազրույզի` Հայաստանը պարտվող կողմ է լինելու, այլ այդ հայտարարության համար ընտրված ժամանակը և նշեց. “Ինձ թվում է Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ն,  ուկրաինական ճակատում բացարձակ ձախողում է գրանցում: Արևմուտքը սխալվեց նաև 2008թ.-ին, որի հետևանքով ազատագրվեցին  Օսիայի օսերը, աբխազները, ինչն Արևմուքը չէր սպասում: Այսօր ևս ուկրաինական իրադարձությունները ցույց տվեցին ռուսական քաղաքական էլիտայի հետ ռազմական էլիտայի փայլուն հաղթանակը: Ռուսաստանը կյանքի գնով էլ իր “արդյունաբերական զոնան” չի հանձնելու, իսկ Արևմուտքն այսօր խնդիր ունի իր դեմքը փրկելու, իսկ դրա համար նրանց երկրորդ ճակատ է պետք: Ուորլիքի հայտարարութունից հասկանում ենք, որ այդ ճակատը Անդրկովկասն է և, թվում է` Ադրբեջանը: Վեջինիս մասին հայտարարվում է որպես համաշխարհային խաղացող, ինչը  դուրս է տրամաբանությունից. կարելի է ասել` նյուտոնյան հայտնագործություն է արել Ուորլիքը, քանի որ Ադրբեջանը չունի այդ հնարավորությունը  դառնալու համաշխարհային խաղացող.այն չունի ռազմա-քաղաքական էլիտա, եթե թուրքերին հաշվի չառնենք: Ադրբեջանի ժողովուրդը ևս չի կարող կատարել այդ գործառույթը: Այս մասին Արևմուտքը հստակ գիտի”,-նշեց Լևոն Շիրինյանը:

Ըստ քաղաքագետի` Ռուսաստանին տարածաշրջանում կայունությունն ամենաշատն է անհրաժեշտ, իսկ այս հարցում Հայաստանն իր առանցքային դերն ունի: Ըստ քաղաքագետի` այն կարող է դառնալ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի համար  լուրջ գործընկեր:

“Ուորլիքի հայտարարությունը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ծրագիր է: Նրա կողմից ներկայացված 6 կետերը մեզ համար հավասարազոր են մահվան, և ողջունում եմ ՀՀ վարչապետի հատարարությունն այն մասին, որ Ադրբեջանին ոչ մի թիզ հող չի տրվելու: Այս հայտարարությանը հավելենք նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի զուսպ, ինչպես միշտ տրամաբանված հայտարարությունն այն մասին, որ մենք նման ծրագիր չունենք”,-նշեց Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը,  ամփոփելով ասուլիսը,  նշեց. “Նման իրավիճակում հստակ հայլեր են պետք. մեր երկրի մոբիլիզացիոն ուժը պետք է մեծանա, արտագաղթը կասեցվի , իսկ կոռուպցիան պիտի դիտվի ազգային դավաճանությանը համարժեք գործողություն:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդես էր եկել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին ելույթով, որով առաջակել էր հարցը քննարկել 6 կետերի շրջանակներում: Նրա` “Լեռնային Ղարաբաղ. կարգավորման ուղիներ” ելույթի տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ`https://archive2.ankakh.com