Օմբուդսմենի հայտարարությունը «Աֆրիկյանների տուն» հուշարձանի տեղափոխման վերաբերյալ

img_0446060039_Afrikyan«Աֆրիկյանների տուն» հանրապետական նշանակության հուշարձանի քաղաքաշինական նպատակներով տեղափոխումը առաջացրել է հանրության որոշ հատվածի խիստ անհանգստությունն ու դժգոհությունը: Այդ մասին բողոքներ ենք ստացել նաև մենք:
Ուսումնասիրելով խնդիրը և դրա հետ կապված օրենսդրությունը՝ եկել ենք այն եզրակացության, որ Աֆրիկյանների տան ու այլ պատմամշակութային հուշարձանների պաշտպանության հետ կապված լրջագույն բացթողումներից է այն, որ Հայաստանի օրենսդրությունը լիարժեք համապատասխանեցված չէ Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին Գրանադայի կոնվենցիայի սկզբունքներին՝ չնայած այդ Կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացվել է 2008 թվականի նոյեմբերի 21-ին: Մասնավորապես, մեր օրենսդրության մեջ թերի են պատմամշակութային հուշարձանների տեղափոխմանը վերաբերող կարգավորումները:

 

Մեր համոզմամբ, քաղաքաշինական նպատակներով հուշարձանի տեղափոխումը հակասում է Գրանադայի կոնվենցիային, քանի որ Կոնվենցիայով նախատեսված բացառիկ դեպքերը, որոնք «հրամայաբար պահանջում են» հուշարձանի տեղափոխում, վերաբերում են միայն «հուշարձանի նյութական պահպանությանը»:

 

Այսպես, Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին Գրանադայի կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր պետություն պարտավոր է միջոցներ ձեռնարկել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումն արգելելու համար՝ բացի այն դեպքից, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել»: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում` ՀՀ կառավարության թույլտվությամբ: ՀՀ կառավարության 29.12.2005թ. որոշման հավելվածով թույլատրվում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխումը բացառիկ դեպքերում` տարածքի բնակլիմայական պայմանների վատթարացման (հեղեղատներ, սողանքներ, նստվածքներ, փլուզումներ և այլն) հետևանքով հուշարձանի կորուստը կանխելու և (կամ) հուշարձանի զբաղեցրած տարածքը պետական կարևորություն ունեցող քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում: Այսինքն` կառավարության որոշմամբ մասնավորեցվել են այն դեպքերը, որոնք «հրամայաբար պահանջում են» հուշարձանի տեղափոխումը:

 

Հետևաբար, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը և դրա հիման վրա 2005 թվականին ընդունված Կառավարության որոշումը չափազանց լայն հայեցողություն և մեկնաբանություն են տվել արդեն 2008 թվականին վավերացված միջազգային Կոնվենցիայով նախատեսված հուշարձանի տեղափոխման բացառիկ դեպքերը բնութագրող «հրամայաբար պահանջում են»  դրույթին:

 

Այսպիսով, Աֆրիկյանների տան և այլ պատմամշակութային հուշարձանների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է հրատապ կարգով փոխել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը և դրա հիման վրա ընդունված համապատասխան կառավարության որոշումները:

 

Կրկին հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն՝ պատմության և մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության և պաշտպանության ներքո: Ըստ սահմանադրական նորմի մեկնաբանության` պետության պարտականությունն է ոչ միայն փրկել հուշարձանները նյութական կորստից, այլև ապահովել դրանց բանական իմաստավորումը, և սերունդների շարունակական հաղորդակցումն այդ արժեքներին  (վերջին նպատակների իրագործումը հիմնականում հնարավոր է այն դեպքում, երբ հուշարձանը գտնվում է իր կառուցման վայրում):

 

Կարեն Անդրեասյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Հանրային քննարկում Երևանի պատմամշակութային անշարժ հուշարձաններին առնչվող հիմնախնդիրների շուրջ

հանրային քննարկում-Աֆրիկյանների տուն

Այսօր տեղի ունեցավ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հանրային քննարկումը Երևանի պատմամշակութային անշարժ հուշարձաններին առնչվող հիմնախնդիրների շուրջ: Հանդիպմանը մասնակցում էին «Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները, պատմական հուշարձանների պահպանմամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցինչներ:

«Թրանսփարենսի Ինթերնեշն» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Այվայզյան Սոնան հանդիպումը որակեց գուցե ինչ-որ չափով ուշացած, քանի որ վերջին շրջանում Աֆրիկյանների տան հետ են կապում իրավիճակը, սակայն խնդիրը միայն Աֆրիկյանների տանը չէ, որ վերաբերում է: Խնդիրներն, ըստ նրա, գուցե սաստկացել են դեռ 2000-ական թթ.-ններին, երբ պատմամշակութային հուշարձանների ցուցակը ճանաչվել է ուժը կորցրած, նոր ցուցակ չի կազմվել և դա հանգեցրել է տարիներ շարունակ բազմաթիվ հուշարձանների ոչնչացմանը:  Եվ ինչ՞ հիմքով է խախտվում միջազգային կոնվենցիան, որով արգելվում է հուշարձանների տեղափոխումը:

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը բերեց փաստեր՝ ապացուցող, որ խախտումն իրականացնում են իշխանությունները՝ հանձինս Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության : 2006թ.-ին ՀՀ դատախազության կողմից նրա փաստերով նամակ է ուղարկվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ներկայացնելով պատմամշակութային հուշարձանների ցանկի բացակայության մեղավորներին. «Սա նշանակում է, որ 2000-2004թթ.-ին այս հուշարձաններն ծառայել են որպես օբյեկտներ: Իսկ սա հնարավորություն տվեց Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ ոչնչացնել այդ տարածքի հուշարձանները»,-նշեց Սեդրակ Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ 2004թ.-ին Կառավարության կողմից ընդունվեց պատմամշակութային հուշարձանների ցանկը, որին կից կար նաև հավելված 2. դրանում նշած էին տեղափոխման ենթակա  14 հուշարձաններ: Այդ 14 հուշարձաններից բացի, սակայն, քանդվել են նաև այլ հուշարձաններ:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Լենա Նազարյանը ներկայացրեց պատմամշակութային հուշարձանների հետ կապված ուշագրավ տվյալներ. մասնավորապես, ըստ դրանց՝ Երևանի կենտրոնում կա պատմամշակութային արժեք ներկայացնող մոտ 200 շենք, որից 80-ի վերաբերյալ կազմակերպությունը ուսումնասիրություններ է կատարել. 80 շենքերից 38-ը ներառված են Երևան քաղաքի պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և ենթակա են պահպանման: 14-ը ենթակա են տեղափոխման, 29-ը ներառված չեն ցուցակում, թեև մասնագետների պնդմամբ՝ ունեն պատմամշակութային նշանակություն: Ապամոնտաժված 23 շենքերից վերականգնվել է 11-ը, սակայն կազմակերպության անդամների պնդմամբ՝ դրանց արտաքին տեսքը և ներքին կառուցվածքը խաթարված է:

Ապամոնտաժված և դեռ չվերականգնված շենքերի վերաբերյալ Քաղաքապետարանի  պարտավորագրերը չի հաջողվել սակայն ձեռք բերել. ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կենտրոնի տվյալների՝ դրանք բացակայում են կամ թերի են, իսկ քանդված քարերը գտնելու ճիգերը մեծմասամբ անհաջող են եղել, քանի որ ապամոնտաժումն իրականացնող կառույցները հրաժարվել են ցույց տալ քարերը կամ պատճառաբանել, որ դրա համար Մշակույթի նախարարության գրավոր թույլտվությունն է անհրաժեշտ, որը հնարավոր չի եղել ձեռք բերել:

«Ծիրանի» ՀԿ նախագահ Նարեկ Աշուղաթոյանն էլ խոսեց խնդրի իրավական կողմի վերաբերյալ: Ըստ նրա՝ Աֆրիկյանների դեպքը ցույց տվեց, որ օրենքը կիրառող մարմինները կամ չեն պատկերացնում իրենց իրավական պարտավորությունները կամ այն բովանդակ ճիգը չեն գործադրում, որպեսզի փրկեն հուշարձաններ. «Որոշ մասնագետների կողմից արտաբերվող «օտար միջավայր» հասկացությունը չեմ կարողանում հասկանալ. նույն տրամաբանությամբ, հնարավոր է, Օպերայի շենքը շրջապատող սրճարանները ևս  օտար միջավայր ստեղծող հանդիսանան, նշանակում է պիտի քանդե՞ն Օպերան»,-նշեց  Նարեկ Աշուղաթոյանը:

Նարեկ Աշուղաթոյանը բերեց այն իրավական հիմքը, որով Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը համարվում է անօրինական. մասնավորապես՝ 2009թ.-ին ԱԺ-ում վավերացվել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահանության մասին կոնվենցին, որի 5-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող յուրաքանչյուր հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը՝ բացի այն դեպքերից, երբ այդ հուշարձանների նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել:Օրենսդրության շրջանակներում միջազգային կոնվենցիան ներպետական ավելի բարձր ուժ ունեցող ակտ է, որ հստակ արգելում է հուշարձանների տեղափոխումը:  Այս կոնվենցիան Օրենսդրության անբաժանելի մասն է, իսկ բացառությունները տվյալ շանքերին չեն առնչվում:

«Հին Երևան»  նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը նշեց, որ 1975 թվականից մինչ այսօր ընթանում է այս գործընթացը և դեռ Խորհրդային տարիներից է սկսվել: Ըստ նրա՝ սա ոչ սիրողական մակարդակի, այլ լուրջ մասնագիտական-ճարտարապետական քննարկման խնդիր է, իսկ Աֆրիկյանների տունը գտնվում է կառուցապատման կարմիր գծից 4 մետր երթևեկելի մասում: «Տերյան 11-ը միակ հուշարձան-շենքն է, որի ապամոնտաժման գործից սկսած բոլոր փաստաթղթերը լիովին տեղում են»,-ասաց  Լևոն Վարդանյանը :

Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Լևոն Վարդանյանին խորհուրդ տվեց  ներկաներին չմեղադրել պատվեր կատարելու մեջ: «Իմ թշնամիներն են բոլոր նրանք, ովքեր հուշարձան են ոչնչացնում, ով էլ լինի, երբ էլ լինի: Ճոռոմ բաներ չեմ ասում. հուշարձան ոչնչացնողը պետության թշնամին է: Ճարտարագետ-մասնագետները թող կանգնեին Փակ Շուկայի քանդման օրերին ակտիվիստների կողքին, իսկ գիտե՞ք քանի ճարտարագետ է հերթ կանգնել  Շուկայի նոր դիզայնը անելու համար»,-նշեց Մանուկյանը: Այս չարիքի աղբյուրը, ըստ Արամ Մանուկյանի, դեռ 2001թ.-ից է գալիս, երբ ավելի բաց հարթակ հանդիսացող ԱԺ-ից հուշարձանների ցուցակը հաստատելու իրավասությունը փոխանցվեց Կառավարությունը:

«Երբ էլ լինի Ռոբերտ Քոչարյանին դատի եմ տալու թեկուզ միայն նրա համար, որ հայկական շարժական հուշարձանների մեկ բեռնատար Թուրքիայով տեղափոխեց Գերմանիա. 11-րդ դարի ավետարաններ կային, ձեռագրեր և այլն»,-նշեց Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանը նշեց նաև, որ բացերը փակելու եղանակ կարող է լինել հուշարձանների ցուցակը հաստատելու իրավասությունը ԱԺ-ին վերադարձնելը:  Արամ Մանուկյանը խոստացավ լինել նախաձեռնողների կողքին, իրավիճակը փրկող յուրաքանչյուր նախագիծ քննության առնել հանձնաժողովում՝ կատակով ավելացնելով. «Այս առումով ես ձեր պատվերը կկատարեմ»:

Հաղորդում հանցագործության մասին

աֆրիկյանների շենք

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»

հասարակական կազմակերպությունից Անկախին հայտնեցին, որ

ս.թ. հունիսի 16-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել  ՀՀ գլխավոր դատախազին  (պատճենը՝ ՀՀ ոստիկանության պետին), հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների տան քանդման փաստով:

Աֆրիկյանների տունը ներառված է ՀՀ կառավարության 07.10.2004թ. թիվ 1616-ն որոշման հավելված 2-ի տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում և տեղափոխման պատրվակով տեղի է ունենում պատմամշակութային հուշարձանի քանդում, ինչի մասին է վկայում այն փաստը, որ բացի հուշարձանի ճակատային մասից (իսկ հուշարձանը ամբողջական շենքն է և ոչ թե միայն ճակատը), մնացածն արդեն իսկ քանդվել է:

Անկախ բերվող փաստարկներից (Տերյան փողոցի լայնացում, հուշարձանի տեղափոխում և այլն)` կատարվածը  հակասում է  ՀՀ օրենքներին և Հայաստանի կողմից վավերացրած միջազգային փաստաթղթերին, մասնավորապես, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածըուղղակիորեն արգելում է հուշարձանի քանդումը: Իսկ ՀՀ Քրեական Օրենսգրքի 264-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պատմամշակութային հուշարձանի քանդման համար` ընդհուպ մինչև 5 տարի ազատազրկմամբ :
Դիմելով իրավապահ մարմիններին՝ ԹԻՀԿ-ն ակնկալում է ՀՀ Քրեական դատավարության  օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հաղորդման  ընթացքի  ապահովում և դրանում բարձրացված փասերի օբյեկտիվ քննություն:

Անկախ

Աֆրիկյանների 130-ամյա շենքն ու «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» ակտիվիստների պայքարը

268862_120426344714718_4552640_n«Պետք է համախմբվել: Քանդվում է 130 տարվա պատմություն ունեցող Աֆրիկյանների ակումբի շենքը: Մենք պահանջում ենք դադարեցնել քաղաքապետարանի նախաձեռնած քանդման աշխատանքները և վերականգնել ակումբի ճարտարապետական ողջ կառույցը»:

Օրերս այս հայտարարությամբ հանդես եկան «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները, որոնք արդեն մի քանի օր է՝ բողոքի տարբեր ակցիաներով հանրության և պետական կառույցների ուշադրությունն են հրավիրում շենքի ապամոնտաժման աշխատանքների վրա:

10447074_627887340635280_3184625121968529795_nՇենքն ապամոնտաժելուց հետո նախատեսվում է տեղափոխել ապագայում կառուցվելիք «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս, իսկ Տերյան ու Զաքյան փողոցները միացնել իրար: Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հայտարարել է, որ հուշարձան-շենքը 4 մետրով գտնվում է Տերյան փողոցի երթևեկելի մասում՝ խախտելով կառուցապատման գիծը:

big_1402292340_4105747Ակտիվիստները չեն վստահում իշխանություններին և չեն հավատում, որ շենքն ապամոնտաժվելուց հետո նույնությամբ կվերականգնվի, քանի որ «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամասի գաղափարը դեռևս թղթի, ավելի ճիշտ՝ մակետի վրա է: Իսկ մինչ այն կյանքի կկոչվի, Աստված գիտի, թե ինչ տեղի կունենա, ինչպես որ եղել է շատ պատմամշակութային շենքերի ապամոնտաժման դեպքում, երբ քարերը համարակալվել են, ապամոնտաժվել և տարվել անհայտ ուղղությամբ, իսկ շենքի վերականգնում այդպես էլ տեղի չի ունեցել:

Բացի այդ, նրանք համոզված են, որ խնդիրն ամենևին էլ կառուցապատումը չէ, այլ շենքի տեղում 12-հարկանի հյուրանոցի կառուցումը:

IMG_4326

Հին Երևան պատմամշակութային թաղամասի մանրակերտը

Սակայն «Հին Երևան» ծրագրի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ակտիվիստների մտահոգությունը տեղին չէ: Ավելին, նա չթաքցրեց իր վրդովմունքը նրանց գործունեության նկատմամբ՝ նշելով, որ դրանով նրանք խոչընդոտում են «Հին Երևան» ծրագրի իրականացումը, որի հետևանքով տուժում են նաև հուշարձան-շենքերը:

«Այս ծրագիրը երկար տարիների աշխատանք է: Այն առաջ է եկել այն հանգամանքից, որ տեղում գոյություն ունեն մի շարք հուշարձան շենքեր և հուշարձաններ, որոնք ժամանակին ապամոնտաժվել են, և դրանց համար մի ընդհանուր լուծում պետք է գտնվի: Այս ծրագրով հնարավորություն է տրվում, կանգուն հուշարձանների մասում ավելացնելով ապամոնտաժված հուշարձանները, ունենալ հին Երևանի մի կտոր»,- ասում է նա:

Նշում է, որ Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների շենքը Երևանի գլխավոր հատակագծի վերջին հաստատված տարբերակում հատկացվել է «Հին Երևան» ծրագիրն իրականացնելու համար, իսկ հուշարձան շենքը մտել է տեղափոխվող հուշարձանների ցուցակը:

IMG_4338

Աջից՝ Գիլանյանցի լիմոնադի գործարանը, ձախից՝ Աֆրիկյանների ակումբի շենքը

Նրա խոսքով՝ սա այն հազվագյուտ շենքերից է, որ ոչ թե ուղղակի քանդվել է ինչ-որ օլիգարխի կողմից այդ տարածքում այլ շենք կառուցելու համար, այլ որովհետև դրա համար կա օբյեկտիվ պատճառ. այն մտած է երթևկելի գոտու մեջ: Վարդանյանը նաև հայտնեց, որ Բյուզանդի 26 հասցեում գտնվող հուշարձան շենքը նույնպես հանվելու և տեղափոխվելու է «Հին Երևան» նախագծի տարածք:
«Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը դեռևս երկու տարի առաջ պետք է տեղի ունենար,- ասում է նա,- և եթե չլիներ այդ ակտիվիստների աղմուկը, մշակույթի նախարարությունն էլ չվախենար, ապա այն ժամանակ շենքը ապամոնտաժված կլիներ, դարբնի գործերն ու փայտի էլեմենտները գողացված չէին լինի, իսկ քարերն ապահով կտանեինք, մի տարածքում կհավաքեինք մինչև վերակառուցելը»:

Նա նաև կարծում է, որ սա միակ կառույցն է, որի դեպքում արվել է ապամոնտաժման պրոֆեսիոնալ նախագիծ. «Էն գլխից պատվիրատուի առաջ ես ինքս հարց եմ դրել, թե ով պիտի քարերն ապամոնտաժի, ով պիտի բերի, նոր տեղում շարի. Շիրինյան Գագիկը, որը կրթությամբ ճարտարապետ է և էն մարդն է, որն ամեն ինչ շատ լավ գիտակցում է: Այսինքն` ամեն ինչ արել ենք, որ գոնե 99 տոկոսով էս ամբողջը վերականգնվի»:

Ինչ վերաբերում է շենքի տարածքում հյուրանոցի կառուցմանը, ապա Վարդանյանը հիշեցնում է, որ հուշարձան-շենքի ապամոնտաժման հարցը դրվել է դեռևս 2005 թվականին, իսկ հյուրանոցի կառուցման ծրագիրն ի հայտ է եկել 2012-ին: «Դա դրա հետ որևէ կապ չունի: Շենքի ապամոնտաժման հիմնական նպատակը Տերյան փողոցը լայնացնելն է»,- ասում է նա:

IMG_4342Լևոն Վարդանյանն իր «Հին Երևան» ծրագրի մակետը արվեստանոցից մի քանի օրով տեղափոխել է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ: Այս օրերին նախագծի տարածքի սեփականատերերը, որոնց միջոցներով պետք է իրականանա ծրագիրը, արտասահմանյան ներդրողներ են հրավիրել, որպեսզի նախագիծը տեսնեն և հավանության դեպքում ներդրումներ անեն: Մակետը տեսնելու ցանկություն է հայտնել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ուստի այն դեռևս մի քանի օր էլ կմնա այնտեղ:

Ճարտարապետն ասում է, որ իր դռները միշտ բաց են բոլորի առջև, և դեռևս երկու տարի առաջ, երբ ինքը նոր էր սկսել մակետի կառուցումը, իր արվեստանոց է հրավիրել նաև քաղաքի պատմամշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգ ակտիվիստներին ՝ միասին քննարկելու նախագիծը և միասին էլ այն կյանքի կոչելու: Ցավոք, ոչ բոլորն են ոգևորվել ծրագրով:

IMG_4336

Աֆրիկյանների ակումբի շենքը բակի կողմից

«Վերջապես, երբ գործը սկսել է առաջ գնալ, փորձում են խանգարել»,- ասում է նա,- փոխանակ իմ կողքին լինեն, ինձ հետ միասին պահանջեն պետությունից, որ ծրագիրը, որ Վարդանյան Լևոնը տասնյակ տարիներ համառորեն պնդում է, արագ իրականանա, դեռ մի բան էլ խանգարում են և փչացնում եղած հուշարձանները՝ իրենք էլ չհասկանալով, թե ինչ են ուզում»:

Ի դեպ, Վարդանյանը չի կարծում, որ այդ շենքերը պարտադիր պետք է վերականգնվեն նույն քարերով. «Խնդիրն ուրիշ է. մենք վերականգնում ենք մշակութային մի շերտ, միջավայր: Կներեք, եթե ողջ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ ամբողջ քաղաքները ֆոտոներով են վերականգնել, ոչ թե գծագրերով, ինչպե՞ս են նույն լեհերն ու գերմանացիները հպարտ քայլում իրենց քաղաքով՝ առանց նույնիսկ խորանալու՝ դրանք ֆոտոյով են վերականգնվել, թե ինչպես: Թիֆլիսը նույնը արեց 75 թվականից սկսած, և էսօր ոչ ոք չգիտի՝ Թիֆլիսի շենքերից որն է տեղում կանգնած եղել, որն է ավելացել: Հիմա նույն բանը փորձում ենք մենք անել, բայց Հռոմի Պապից ավելի կաթոլիկ մեր հայերը պայքարում են դրա դեմ»:

Ճարտարապետ Դավիթ Քեթմենջյանը, որը «Հին Երևան» ծրագրի նկատմամբ բավականին դրական է տրամադրված, համարում է, որ այդ ծրագրում ներառված են նոր դասականության շենքեր, իսկ Աֆրիկյանների շենքն իր մտահղացմամբ բոլորովին այլ կառույց է և պետք է մնա իր տեղում՝ զարդարելով իր միջավայրը. «Քաղաքն իր պատմությունն ունի, այդ շենքն ամեն տեսակի բնակելի տուն չէ, այն հին Երևանի ունիկալ հուշարձաններից է, և ճիշտ կլինի, որ մնա իր տեղում՝ դառնալով թանգարան»:

աֆրիկյաններ

Ինչ վերաբերում է բերվող փաստարկին, որ շենքը հայտնվել է փողոցի երթևեկելի մասում, ապա ճարտարապետը կարծում է, որ այդ խնդրի լուծման համար հնարավոր էր գտնել այլ տարբերակներ:

Հիշեցնենք, որ Աֆրիկյանները հին Երևանի անվանի ընտանիքներից են եղել և լուրջ ներդրում են ունեցել քաղաքի զարգացման գործում: Մասնավորապես, նրանց շնորհիվ է 1911 թ. առաջին անգամ խմելու ջուրը բերվել Երևան: Սակայն խորհրդային կարգերի հաստատումից հետո Աֆրիկյանների ունեցվածքն ազգայնացվել է, իսկ նրանց շենքերն ընդգրկվել են Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

Քաշքշուկ Աֆրիկյանների տան մոտ. Մեկ տասնյակ ակտիվիստների բերման են ենթարկել (լուսանկար).news.am

աֆրիկյաններԵրեւանի Տերյան փողոցում գտնվող Աֆրիկյաննեի տան մոտ քիչ առաջ քաշքշուկ է եղել: Մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին գերակա շահ ճանաչված եւ քանդման ենթակա հին շենքի մոտ՝ իրենց հետ գործիքներ բերելով եւ փորձելով ապամոնտաժել Աֆրիկյանների տունը շրջապատող ցանկապատը, հաղորդում է news.am-ը:

Տարածք նաեւ ոստիկաններ են ժամանել, որոնք ակտիվիստներից պահանջել են դադարեցնել ապամոնտաժումը եւ հեռանալ: Առաջացել է քաշքշուկ, որի ընթացքում մոտ մեկ տասնյակ անձանց բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

բերման ենթարկվածներԲերման ենթարկվածների թվում են Վահագն եւ Հերբերտ Գեւորգյանները, Վահագն Մինասյանը, Անտոն Իվչենկոն, Սիփան Փաշինյանը եւ այլք:

Այս պահին Կենտրոնականի բաժնի մոտ է գտնվում նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով կարողացել է մուտք գործել բաժին եւ հանդիպել բերման ենթարկվածներին:

Նշենք, որ հունիսի 9-ին «Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որում ապօրինություն էր որակել 19-րդ դարի հայտնի շինությունը քանդելու որոշումը:

Բերման ենթարկվածների լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից