ՊՆ մասնագետները պարապմունքներ են անցկացնում բազեականների հետ

5 (3)«Բազե» համահայկական երիտասարդական հավաքում ՀՀ պաշտպանության նախարարության մարտական պատրաստության հրահանգիչները, առաջին բուժօգնության սանհրահանգիչներն այս օրերի ընթացքում աշխատում են հավաքի մասնակիցների հետ։

Ավագ ենթասպա, ավագ բժշկուհի Զինաիդա Գրիգորյանը երիտասարդներին ուսուցանում է առաջին բուժօգնության կանոնները։ Տիկին Զինաիդան 20 տարվա զինվորական է, Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտի տարիներին աշխատել է որպես վիրահատարանի բուժքույր, ամուսինը զոհվել է պատերազմում, թոռնիկն այժմ ծառայում է Արցախի պաշտպանության բանակում, ինչպես ինքն է հպարտությամբ ասում` հսկում է սահմանը։

7 (1)Նա ողջունում է նման հավաքները և հատկապես երիտասարդներին ռազմարվեստի ու առաջին բուժօգնության կանոններին ծանոթացնելը։ Զինաիդա Գրիգորյանը նկատումէ, որ հավաքի մասնակիցներից ոմանք որոշակի տեղեկություններ ունեն առաջին բուժօգնությունից. «Բոլորը հետաքրքրված են այս դասընթացներով։ Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, պետք է պատրաստ լինենք առաջին բուժօգնություն ցույց տալուն։ Ընդ որում, դա մեզ պետք է նաև առօրյա կյանքում»։

Երիտասարդներին ուսուցանվում են արյուն կորցնելու, կոտրվածքների դեպքում ինչպես վարվել հիվանդի հետ, ինչպես մշակել վերքերը և այլն։

Մայոր Նաիրի Մուրադյանն էլ հավաքի մասնակիցներին սովորեցնում է ձեռնամարտի պաշտպանական և հարձակողական հնարքներ։ Ասում է, որ երիտասարների սովորելու ցանկությունը ոգևորում է իրեն, առանձնացնում է նաև այն, որ այդ ձեռնամարտի հնարքներով աղջիկները նույնպես հետաքրքրված են։

Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Օգոստոսի 22-ին հավաքի շրջանակներում նախատեսված է հանդիպում տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի թիմային մրցումներում երկրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի հավաքականի անդամների հետ։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Տրվեց «Բազե-2014»-ի մեկնարկը (լուսանկարներ)

Բազե 2014

Օգոստոսի 18-ին Ծաղկաձորում մեկնարկեց «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքը։ Այն կազմակերպում և իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Բազե 2014

Հավաքի բացման արարողության ընթացքում ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ողջունելով բազեականներին, ընդգծեց, որ հայ երիտասարդությունն իր ներուժը ծառայեցնում է հայոց պետականության ամրապնդմանն ու հետագա զարգացմանը, բարձրացնում Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Վարչապետը նշեց, որ դա երիտասարդներն անում են ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով և հայրենասիրական ոգով, ինչի ապացույցն է վերջերս շփման գծում հակառակորդի սադրանքներին ի պատասխան մեր զինվորների արժանի հակահարվածը։ ՀՀ  կառավարության ղեկավարն ընդգծեց նաև, որ երիտասարդության հարցերը մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, և  ազգային զարգացման ծրագրերը հիմնված են երիտասարդների ստեղծարար ուժի վրա։

DSC_0624DSC_0654DSC_0642

Հայաստանի երիտասարադական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր ողջույնի խոսքում նախ շնորհակալություն հայտնեց բոլոր այն երիտասարդ զինվորներին, ովքեր այս օրերին պահում են մեր երկրի սահմանները։ Կարեն Ավագյանը  նկատեց, որ «Բազե» հավաքն իր 12-ամյա պատմությամբ ապացուցել է կարևորությունը երիտասարդության համար։ «Բազեն», ըստ Կարեն Ավագյանի, խորհրդանշում է միասնություն, համախմբում, պայքար։ «Մենք փորձել ենք «Բազեն» ավելի հետաքրքիր դարձնել՝ բավականին մեծ թվով նորամուծություններ են անելով հավաքում։ Պայքարն այս ընթացքում թեժացել է։ Ավելի դժվարացել է հաղթանակը, քանի որ մասնակիցների շրջանում աստիճանաբար մեծանում է մրցունակ երիտասարդների թիվը»,- նշեց Կարեն Ավագյանը։

Խոսելով հավաքի հասցեին հնչող քննադատությունների մասին՝ հիմնադրամի համակարգողը նկատեց, որ քննադատությունն իրականում օգնում է, որպեսզի ավելի լավը դարձնեն հավաքը. «Շատ դեպքերում եղել են տեղին քննադատություններ, որոնց շնորհիվ բացթողումներն ու եղած խնդիրները շտկվել են։ Եղել են նաև ինքնանպատակ քննադատություններ, անգամ դրանք օգնել են, որ մեր հավաքը կայանա։ Նշանակում է՝ ինչ-որ մեկը վատ է զգում, որ մեզ մոտ գործը շատ լավ է ստացվում»,- ասաց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ «Բազեն» կայացած ծրագիր է, ինչի ապացույցն է այն, որ հավաքը գտնվում է երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում, երիտասարդները միշտ սպասում են այս հավաքին, ու մեծ պայքար է ընթանում մասնակցության համար։

Հավաքի բացման արարողությունից հետո ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը պատասխանեցին հավաքի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ տնտեսության զարգացմանը, գյուղատնտեսությանը, կրթական խնդիրներին և այլն։

Նշենք, որ 12-ամյա պատմություն ունեցող «Բազեին» ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 8000 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից։ «Բազե-2014»-ին ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող երեք ճակատներում ձևավորվել է 45 ջոկատ՝ յուրաքանչյուրում 9 անդամ։ Այս տարի հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ։ Նրանք ուժերը կչափեն մշակութային, մարզական և ինտելեկտուալ մրցույթներում։ Մրցույթներին զուգահեռ ՀՀ պաշտպանության նախարարության հետախույզ մասնագետների, մարտական, կրակային պատրաստության հրահանգիչները, առաջին բուժօգնության սանհրահանգիչները կաշխատեն հավաքի մասնակիցների հետ։