Գյումրիում սկսել են նորմալ հարկեր հավաքագրել

գյումրիԳյումրու ավագանին հաստատեց 2013թ. քաղաքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը զեկուցեց, որ բյուջեի եկամուտների պլանը շատ մոտ է եղել 100 տոկոսանոց ցուցանիշին, մի բան, որ Գյումրիում երբեք չի եղել: «Բյուջեի եկամուտների պլանը կատարել ենք 99.1%-ով. կարելի է ասել՝ հանրապետությունում ամենափայլուն ցուցանիշն է: Փաստացի կատարողականը կազմել է 3 մլրդ 113 մլն 295.5 հազար դրամ: Պլանավորած ծախսերն ամբողջովին չենք կատարել, ունենք նույնիսկ տնտեսում, որի արդյունքում ունեցանք ազատ միջոց, որը տեղափոխել ենք 2014թ. բյուջե»:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նաև տեղեկացրեց, որ բյուջեի կատարողականի առումով այս տարին ևս շատ լավ է սկսվել Գյումրիում. «Փայլուն արդյունք ունեցանք: Եռամսյակը լրանալուց նույնպես փայլուն արդյունք ենք ունենալու՝ 100 տոկոս կատարելու ենք, նույնիսկ գերակատարելու ենք: Այսպիսի նախադեմ Գյումրիում երբեք չի եղել»: Իսկ թե ինչու նախորդ տարվա բյուջեն ևս հարյուրտոկոսանոց կատարում չի ստացել՝ քաղաքապետը դա կապում է մի քանի խնդրի հետ. «Ավելի շատ կկատարեինք, եթե իհարկե կարողանայինք ավտոկայանատեղիների հետ կապված հարցը լուծել, այն հիմա դատական պրոցեսում է: Նաև՝ որոշ տրանսպորտային գծեր պետք է մուծումներ կատարեին՝ չկատարեցին»:

Անկախ

«Օդի մեջ փող չենք տալիս». Սամվել Բալասանյանը` քաղաքային բյուջեից նվիրատվություններ կատարելու մասին

samvel-balasanyanԳյումրու ավագանին այսօր կայացած նիստում մի շարք դրամական նվիրատվություններ է կատարել: Մասնավորապես, 1 մլն դրամ է նվիրաբերվել կինոռեժիսոր Արեմն Գասպարյանի «Վերջին քաղաքը» փաստավավերագրական ֆիլմի համար: Ֆիլմը պատմելու է Գյումրու մասին՝ երկրաշարժ, հետերկրաշարժյան խնդիրներ և այլն:
Ավագանու մեկ այլ որոշմամբ 600.000 դրամ է հատկացվել Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքին, 30000 դրամ՝ Գյումրու վետերանների խորհրդին, ինչպես նաև 700 հազար դրամ Գյումրու դրամատիկական թատրոնին նվիրատվելու համար: Դրան կցվելու է նաև քաղաքապետի մեկ ամսվա աշխատավարձը: Քաղաքապետը տեղեկացրեց, որ նվիրատվություններ կատարվելու է նաև տիկնիկային թատրոնին՝ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:
Նիստի ավարտին քաղաքապետից հետաքրքրվեցինք, թե ինչու են վերջին շրջանում այդքան շատ նվիրատվություններ կատարվում մեր քաղաքի առանց այն էլ սուղ միջոցներից:
«Քանի որ մենք մշակութային քաղաք ենք, ես գտնում եմ, որ պետք է ամեն մի կարևոր ծրագիր, հանձինս Վերածնունդ փառատոնը, որը շատ քննադատվեց, օգնենք: Այսօր մեր խնդիրն է որպես մշակութային մայրաքաղաք վերջնական ձևավորվել, հավերժ մշակութային մայրաքաղաք լինելու վերսիան: Մենք օդի մեջ փող չենք տալիս. չենք կարող ասել՝ էստի համեցեք, ձեզ նվեր ենք տալիս: Տեսեք, թատրոնի միջազգային օրն է, մենք նվեր ենք տալիս: Բայց այդ, թատրոնը մեզ վարձակալման գնի 50 տոկոսով միշտ դահլիճ է տրամադրել: Մեկ տարվա ընթացքում իրենք են արել, հիմա, մեկ օր էլ մենք անենք: Այնպես որ ուղղակի, օդի մեջ գումար տալ հնարավոր չէ. ես լումա-լումա հավաքում եմ, որպեսզի կարողանանք ասֆալտապատման, լուսավորման, աղբի հեռացման աշխատանքներ իրականացնել», – մեկնաբանեց Սամվել Բալասանյանը:

Անկախ 

«Գեղեցիկ չէ». Բալասանյանը հանձնարարել է լուծարել Ղուկասյաններին պատկանող զբոսայգին

unnamed (1)Այսօր կայացած Գյումրու ավագանու նիստում երկու հարց էր ընդգրկված՝ «Գյումրու զբոսայգիներ և պուրակներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Քաղաքային  զբոսայգի» ՓԲԸ-ն լուծարելու մասին:
«Ինչպես գիտեք, մեր քաղաքի գերակա ուղղություններից է կանաչ տարածքների վերականգնումը, պահպանումը և ըստ նպատակային օգտագործումը: Ներկա դրությամբ զբոսայգիները շատ վատ վիճակում են գտնվում, և անհրաժեշտություն կա կանոնակարգելու օգտագործման առումով: Դրա համար նպատակահարմար ենք գտել ստեղծել նոր կազմակերպություն՝ համայնքային ենթակայության, «Գյումրու զբոսայգիներ և պուրակներ», որի վրա պարտականություն է դրվում վերականգնել մեր զբոսայգիները, պուրակները, հանրային օգտագործման կանաչ տարածքները, և միևնույն ժամանակ իրականացնել որոշակի գործունեություն: Վերահսկողություն սահմանել», – նշեց քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի ժ/պ Հենրիկ Գասպարյանը:
Անցնելով հաջորդ հարցին` պաշտոնյան նշեց, որ ՓԲԸ-ի մասին քաղաքապետարանում ոչ մի փաստաթուղթ չեն կարողացել հայտնաբերել՝ ոչ կանոնակարգ, ոչ ռեգիստրի վկայական. «Մենք հանդիպում ունեցանք նաև ռեգիստրի տարածքային բաժնում, որտեղ գրանցումը կար, բայց որոշակի տեղեկատվություն չկարողացանք ստանալ»:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը զայրացավ, թե ինչպես կարող են նման երևույթներ կատարվել. «Շատ վատ է, լուծարային հանձնաժողով ստեղծեք, որպեսզի մենք կարողանանք պարզել` ինչ կա այդ այգում, համայնքն ինչ սեփականություն ունի, ինչ է արվել այնտեղ, այդ կարուսելներն ումն են և այլն: Մենք պետք է հասկանանք, ունենք տնտեսություն, զբոսայգի, որը 6 հա-ի վրա է, այդ ամեն ինչը պետք է պարզաբանվի: Դուք էլ հին աշխատող եք, նոր ավագանի ու քաղաքապետ պիտի գար, որ այդ հարցին պարզաբանում տրվե՞ր: Ուղղակի գեղեցիկ չէ»:
Բալասանյանը նաև հավելել է, որ բնավ չի զարմանում պետռեգիստրում տվյալների բացակայությամբ, քանի որ քաղաքապետարանում ևս  2007-2008 թթ. արխիվը չկա:
Ավագանու մի քանի անդամներ ձեռնպահ մնացին լուծարային հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկմանը, սակայն ձայների մեծամասնությամբ այն ընդունվեց:
Հավելենք, որ քաղաքային զբոսայգին, որ առավել հայտնի է «Գորկայի այգի» անունով, նախկին քաղաքապետի օրոք հատկացվել էր նրա եղբորը՝ Գևորգ Ղուկասյանին՝ 99 տարի ժամկետով:

 

Անկախ