ԿՅԱՆՔԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՄՈՒԹԸ «ՎԵՐՆԻՍԱԺՈՒՄ»

kazm2«Հրաշալի է, որ իջնում են ձյան ճերմակ փաթիլները: Ու սպիտակով է ծածկվում ամեն-ամենը: Եվ սպիտակում են մեր բոլոր մտքերը»:

Տոնինո Գուերա

Այս բնաբանն է ընտրել արձակագիր Լևոն Ջավախյանը այս տարվա սկզբին լույս ընծայած «Վերնիսաժ» ժողովածուի 55-րդ էջում սկսվող «Անդրադարձ» պատմվածքի համար: «Հիսունհինգ». սա 2005 թ. հրատարակված նրա երրորդ գիրքն էր: Եվ զուգադիպության ուժով էլ առաջինն այդ էջը բացեցի ու սկսեցի կարդալ հենց այդ պատմվածքը:

– …Չինգիզ խանի նման ես էլ դեպի չարն եմ գնում, որ բարին արարեմ: Իհարկե բնավորությանս որոշ գծեր նույնն են մնացել: Դրանք ողնաշարիս այն կարծր ողերն են, որոնց վրա դեռևս երևում է նախամարդը: Միշտ անդավաճան իմ ուղեկիցներն են փնթիությունը, անկեղծությունը, հետաքրքրասիրությունը, կենսախնդությունը, զարմացկոտությունը, բերանբացությունը, ճշմարտախոսությունը: Պարզապես ես չեմ կարող ստել: Օղորմածիկ Հովհաննես Մելքոնյանն ինձ ասում էր.
– Լևոն, գրականության հենքը սուտն է: Ես էլ եմ մեկ-մեկ ստում… Իսկ դու սուտը մեջից հանում ես:
«Եվ ի՞նչ: Սուտը մեծերին թողած` ես ճշմարտությունն եմ գրի առնում ու տարին տարվա վրա մեծանում», – գրում է Լևոն Ջավախյանը, ինքը դառնում իր քննադատը` հավատարիմ մնալով իր առաջին ժողովածուում («Ամենաանկեղծ մարդը») ինքնաներման ու ինքնահաստատման իր իսկ սահմանած չափորոշիչներին:

…Ահա «Վերնիսաժի առավոտ»-ը` անկախությունը եկավ և ինձ դուրս շպրտեց վերնիսաժ` արծաթ ծախելու:
Այստեղ են Աբոն, Նապոն, Վահագնը, Ջեման, Շինպիոն …մենք:

Առավոտը լույսն է: Օրը` կյանքը «Վերնիսաժ» պատմվածքում: Այստեղ երազային մեկնարկ է ու մտքում մանրածախ առևտրի խոսակցական-բացատրական բառարանը, որը, ըստ հեղինակի, ամբողջական չէ, բայց միանգամայն օգտակար է առօրյա առուծախում:
Հանրահայտ մեկնաբանությունների կողքին կարդում եմ «Դիվիդի անել»,- էլեկտրոնային կշեռքի ձեռնտու հարմարեցումը օգտագործողին, որը, ըստ ցանկության թերակշռում է կամ գերակշռում: Վայ միամիտներիս, ինձ նման քանի-քանիսներն են հավատացել այդ էլեկտրոնային սարքի անմեղությանը:
Ամենաանկեղծ, ամենամաքուր ու ճշմարիտ մարդը հենց այդպես պիտի լինի և հենց այդ են մեզ ուսուցանում իմ հայրենակից, ավագ ընկեր Լևոն Ջավախյանի պատմվածքները ու «Ժամանակի շունչը» խորագրված հրապարակախոսական հոդվածները, ակնարկները, նամակները:
Վերնիսաժ` մի կողմում Ավարայրում մարտնչած Վարդան Մամիկոնյանի ջղաձիգ արձանն է, իսկ մյուսում` պատմության թանգարանը: Սրանք Վերնիսաժի արժետիպերն են: Իսկ Վերնիսաժում մեր կյանքի լույսն ու մութն են: Այստեղ գալիս են մուրացկաններ, գնորդներ, դիտորդներ` և՛ հայազգի, և՛ օտարազգի: Շուկայում նրանք անգամ տուփերով օդ են գնում, որ տանեն որպես հուշ: Եվ անգամ դառնում են թալանչիների և գրպանահատների զոհ: Ու ծնվում է Լևոն Ջավախյանի «Ախ, վերնիսա՛ժ, վերնիսաժ»-ը` ոստիկանությանը հասցեագրված «Ի՞նչ է, նրանք, չե՞ն ճանաչում գողին» հարցադրումով ու «Գործեք, եթե գործունյա եք» կոչով:
Գրքի էջերում նաև Լևոն Ջավախյանի «Գրչեղբորս` Էքրեմ Էյլիսլիին» նամակն է` «Քարե երազներ» վիպակի համար ադրբեջանական լայն շրջանների հալածանքին արժանացած ադրբեջանցի գրողին, որի ավարտին կարդում եմ.
«Լևոն Ջավախյան (2010 թ. մայիսի 23-ին Հարավային Կովկասում հանդուրժողականություն և խաղաղություն քարոզելու անվանակարգում «Քիրվա» պատմվածքի համար արժանացել է Բաքվի հանդուրժողականության կենտրոնի մրցանակին) 07.02.2013 թ.»:
Ուզում եմ ավելացնել, որ Ջավախյանի ժողովածուն բացվում է հենց «Քիրվա» պատմվածքով, որը կյանքի մի փոքրիկ դրվագի ճշմարիտ նկարագրից այն կողմ չի անցնում: Չեմ ուզում այս թեմայով նոր քննարկում սկսել, ժամանակին դրանով ողողված էր մամուլն ու հեռուստատեսությունը:
Ոչ այս պատմվածքի հետ կապված, ուզում եմ ասել, որ ճշմարտությունը ներկայացնելու համար հաճախ նաև ծայրահեղ մոտեցումներ են պահանջվում: Լևոն Ջավախյանի տողերում մի կարևորեք դրանք: Նա դրա փոխարեն համարձակ գնահատականներ ու հարցադրումներ ունի, բնապահպանության, խաղաղության թեմաներով լուրջ մտահոգություններ: Ունի մամուլի հրապարակումների արձագանքման իրեն բնորոշ ոճը, ազատագրման իր տարբերակը, երջանկության իր բանաձևը, ճակատագրի նկատմամբ իր հավատը, նույնիսկ նիհարելու իր դեղատոմսը: Այս ամենը կգտնեք ժողովածուի էջերում, որտեղ նաև եզրահանգումներ կան` «Սիրեցե՛ք զմիմեանս», «Հայրենասիրությունը մի մարդու «գործ» չէ»: Նա չի մոռացել անգամ իր փոքրիկ թոռնիկի` Նելսոնի ծննդյան օրը (23.04.2012 թ.) բերել գրքի 63-րդ էջ ու «Համբարձում» պատմվածքով մերը դարձնել իր մանկության օրերը` ճառագելով սեր ու հավատ հայրենի եզերքի հանդեպ, մանկացնելով մեծերիս ու մեծացնելով, պաշտպանելով մանկանց:
Ես գրքի մասնագիտական գնահատականները թողնում եմ գրականագետներին, բայց ընթերցողին կոչ եմ անում, որ չսպասեն դրանց, այլ կարդան նրա գրքերը:
Որքան էլ հզոր լինեն ձյան փաթիլները ու ծածկեն ամեն-ամենը, մի օր ձնհալ է լինելու, և բաց ճակատով բոլորս մնալու ենք մեր դավանած ճշմարտության հետ: Հեռու չէ 2015 թվականը, Լևոն Ջավախյանը դառնալու է 65 տարեկան: Սպասենք նրա մտքի ու գրչի նոր առկայծումներին ու հավատանք, որ մեծ եղեռնի 100-ամյակի տարում արդար լուծում է ստանալու հայ դատի հիմնախնդիրը: Հնարավոր է նույնիսկ, որ մի գրքում տեսնենք «Քիրվա» պատմվածքն ու «Քարե երազներ» վիպակը ոչ միայն հայերենով: Ոչ ոք թող չկասկածի, որ ես կամ Լևոն Ջավախյանը ուրիշ որևէ մեկ հայից պակաս ենք ատում թուրք եղեռնագործներին, քնած սպային կացնահարող ադրբեջանցուն, ադրբեջանական կողմից կրակոցներ արձակողներին ու պատվիրողներին:
Գլուխ եմ խոնարհում մեր բոլոր զոհերի ու կորուստների հիշատակին, բայց դեռևս չեմ պատրաստվում իմ գրադարակից դեն նետել խորհրդային տարիներին ադրբեջանցու ընծայագրով ստացած ռուսալեզու գիրքը: Հավատում եմ, որ առնվազն գրականության ու մշակույթի համար սահմանները մի օր բացվելու են:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

 

Տոլստոյի թոռը մասնակցելու է Թեհրանում անցկացվող գրքի միջազգային տոնավաճառին

Lev tolostoyԹեհրանում անցկացվող ամենամյա գրքի միջազգային տոնավաճառն այս տարի կմենարկի ապրիլի 30-ին և կավարտվի մայիսի 14-ին:

Ռուս հռչակավոր գրող Լև Տոլստոյի թոռը` Սերգեյը, որը գլխավորւմ է «Տոլստոյ» հիմնադրամը, նույնպես մասնակցելու է միջազգային տոնավաճառի բացման  հանդիսավոր արարողությանը:

Վերջերս, նա նաև ներկա էր եղել Լոնդոնում և Ֆրանկֆուրտում անցկացված գրքի միջազգային տոնավաճառներին:

Տոլստոյն աշխարհի մեծագույն արձակագիրներից է:  Նա հատկապես հայտնի է իր «Պատերազմ և խաղաղություն» (1869) ու «Աննա Կարենինա» (1877) վեպերով:

Ուշագրավ է, որ իրանցի թարգմանիչ Բահման Ֆարզանեհը տոնավաճառում առաջին անգամ կներկայացնի իտալացի գրող Սուսաննա Թամարոյի «Հետևիր սրտիդ» գրքի պարսկերեն թարգմանությունը: Գիրքը բաղկացած է 200 էջից:

Ֆարզանեհը հայտնի է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի պարսեկերեն թարգմանությամբ: Իսկ նրա առաջին թարգմանած գիրքը ամերիկացի գրող Թենեսի Ուիլյամսի «Երիտասարդության քաղցր թռչուն» (1959) վեպն է:

 

ԴՕՐԻԱՆ. «Իսկ ո՞վ ասաց, թե մի կերպարը բացահայտելուց հետո, մեկ այլ կերպար չեմ ստեղծել»

DORIAN 2Վերջին ամիսներին (կամ գուցե ավելի երկար ժամանակ) գրող-բլոգեր Դօրիանը (իսկական անունը` Գրիգոր Մուրադյան) լռում էր: Ի՞նչ է անում, ինչո՞վ է զբաղվում:

Դօրիանը սիրով համաձայնեց պատասխանել «Անկախի» հարցերին:

– Դօրիան, վերջին ժամանակներս կրկին լռում ես, ինչո՞ւ
– Եզակի երևույթ է, չէ՞, երբ ասելու բան չունեն ու լռում են: Երբ կատարած աշխատանք եմ ունենում, ներկայացնում եմ, երբ հարցեր են տալիս` պատասխանում եմ: Դրանից ավելի ի՞նչ ասեմ: Ամիսներ առաջ Ֆեյսբուքում գրել էի, որ մեր օրերում լռությունը ոչ թե ոսկի է, այլ հարստացված ուրան: Մարդիկ սկսել են այնքա՜ն շատ խոսել, ամեն առիթն անգամ օգտագործում են: Վերջերս գրանցվեցի Ask.fm կայքում: Այդ կայքն ամեն օր իր օգտվողներին մեկ հարց է տալիս, և բոլորն այդ հարցին են պատասխանում: Հրաշալի միտք է: Ինչքա՞ն կարելի է սպասել, մինչև մի կինո ցուցադրեն, Եվրատեսիլի մասնակցին ընտրեն, Յանուկովիչը գրիչը կոտրի… Գրանցվում ես այնտեղ ու ամեն օր խոսելու թեմա ունես: Սեփական մտորումներն այլևս պետք չեն, քեզ ոչինչ կարող է չհուզել, չհետաքրքրել, կա օրվա հարցն ու դրա պատասխանները: Ահա և մարդկության առաջ դրված բոլոր խնդիրները: Մյուս խնդիրները քո անձնականն են, ու, բնականաբար, պետք է անձնական տարածքդ զբաղեցնեն: Գրականությունն իմ անձնական տարածք տանող միակ դուռն է, որ բոլորի առաջ բաց եմ թողել: Մյուս դռները հիմնականում փակ են:

– Ինչպե՞ս ես:
– Ինձ բավարարված եմ զգում: Կարծում եմ՝ դժգոհություններս մեծ մասամբ շատ մտածելու հետևանք են: Ժամանակի սղությունից եմ դժգոհ, քիչ բան եմ հասցնում անել: Երևի վերջ, ուրիշ դժգոհություններ չունեմ, ուրեմն ամեն ինչ կարգին է:

– Գրականությունն էլ չի՞ հետաքրքրում:
– Հեշտ եմ ինձ համար նոր հետաքրքրություններ գտնում, փոխում սովորություններս: Բայց գրականությունն ինձ համար ոչ միայն հետաքրքրություն ու սովորություն է: Չգիտեմ, թե ինչպես են անվանում այն, ինչ մազերիդ նման է՝ կարող ես տարբեր գույներով ներկել, կտրել, սափրել, բայց միևնույն է, այն նորից հայտնվում է ու նորից առաջվա գույնն ունի: Գրականությունը, որպես ոլորտ, ինձ միշտ էլ քիչ է հետաքրքրել, բայց ընթերցանությունն ու գրելը բնազդային մակարդակում են գտնվում, անգամ եթե դադարեմ ուսումնասիրել այդ բնազդները, դրանք չեն կարող վերանալ: Նույնն է, թե մոծակը թռչի աչքիդ ուղղությամբ ու աչքը չփակվի նախքան մոծակի՝ այնտեղ հայտնվելը: Չէ՞ որ դա տեղի է ունենում միլիվայրկյանների ընթացքում, նախքան քո կամքի արտահայտվելը: Նմանապես նաև ստեղծագործությունը: Այդ պրոցեսը հնարավոր կլիներ կանխել միայն այն դեպքում, եթե դա կամքի արտահայտում լիներ: Մինչդեռ գործնականում ստեղծագործությունը կամքի արտահայտում չէ, կամքի արտահայտում է միայն այդ գործընթացի արդյունքում գոյացածը նյութականացնելը: Ինչով և ես շարունակում եմ զբաղվել:

– Գրախանութներից մեկում հարցրի` Դօրիանի ստեղծագործություններից ունե՞ք, գրավաճառուհին ասաց` վերջացել է և մատնանշեց «Իսկ գիշերվանից հետո շուշաններ» վեպը:
– Գիրքն առայժմ կա, այն «անխիղճ» տպաքանակ ուներ, և դեռ որոշ ժամանակ կլինի գրախանութներում: Այդ հարցով ընկերս է զբաղվում, ամենայն հավանականությամբ, ալարել է ճշտել վաճառքի մասին տվյալները և էլի գրքեր հանձնել: Այնուամենայնիվ գիրքն անվճար տեղադրված է համացանցում, կա Երևանում Մոսկվայի տան գրադարանում, որտեղից նույնպես հնարավոր է անվճար վերցնել ու կարդալ: Ես չեմ պատրաստվում նույն գիրքը ևս մեկ անգամ տպագրել, նրանք, ովքեր զուտ հետաքրքրությունից դրդված են ցանկանում կարդալ, կարող են աչքի անցկացնել անվճար տարբերակները, իսկ մնացած գրքերը թողնեն այն մարդկանց, ում համար դրանք ունենալն իսկապես կարևոր է:

– Դօրիան, հիմա որ մի քանի տարի հետ ես նայում, ի՞նչ ես կարծում, ճի՞շտ էր բացահայտվելը:
– Իսկ ո՞վ ասաց, թե մի կերպարը բացահայտելուց հետո, ես մեկ այլ կերպար չեմ ստեղծել: Բացահայտումս բոլոր առումներով շահավետ էր: Նախկինում այդ շահն այլ էր, այսօր ես այլ շահ եմ տեսնում դրանում: Այժմ ինձ թվում է, որ դա նախ և առաջ կատարելագործվելու հսկայական ստիմուլ տվեց ինձ, օգնեց հասկանալ, թե ինչ տրանսֆորմացիաների եմ ընդունակ, ինչ մետամորֆոզների, որքան չօգտագործվող ներուժ ունեմ: Անցած երկու տարվա ընթացքում ես կարծես տասը տարով առաջ ընկա: Ինչպես այժմ մոդայիկ է ասել, պարադիգմայի հսկայական շարժ տեղի ունեցավ: Դա դրական փորձ էր: Ճիշտ ժամանակին, թեկուզ շոշափելի կորուստների գնով, որևէ բանից հրաժարվելն ու այլ՝ ավելի հեռանկարային ընտրություն կայացնելը հերոսական արարք է: Նայեք այս օրերի Ուկրաինային:

– «Հոգու մերկապարում» ի՞նչ նորություններ կան:
– Իմ կայքը վաղուց արդեն այդպես չի կոչվում: Ինչևէ: Dorian.am-ը փակել եմ: Ստեղծել եմ «Իմ գրադարակը», որտեղ հավաքված են ստեղծագործություններս, անվճար տեղադրել եմ համացանցում ու քաշվել մի կողմ: Գործում եմ «ստեղծագործություն արա, գցիր ջուրը» սկզբունքով: Մարդիկ իրենք էլ շատ հեշտ գտնում են ընթերցելու եղանակը, իրար են ուղարկում աշխատանքս, տեղադրում են ֆորումներում, բլոգներում և սոցիալական ցանցերում: Եթե տարիներ առաջ տարածմամբ ստիպված էի ինքս զբաղվել, այժմ միայն հրապարակում եմ գրադարակում, որտեղ անգամ սոցիալական ցանցերի կոճակներ չկան, և ընթերցողներս իրենք են պատճենում, իրար փոխանցում: Այժմ ես ինձ կարող եմ թույլ տալ նաև դրանով չզբաղվել, ու դա ճոխություն եմ համարում:

– Կարծես մեր երկրում գրական զարթոնք է, մարդիկ վերադառնում են դեպի գիրքը:
– Որևէ զարթոնք մեր երկրում չկա: Այն, ինչ տեղի է ունենում գրականության մեջ, քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը, աշխուժությունը մյուս ոլորտներում, ընդամենը կենտրոնացված սոցիալական ցանցի առկայության արդյունքն է: Իսկ սոցիալական ցանցերում ապակենտրոնացում է սկսվել, մարդիկ խումբ-խումբ առանձնանում են և որպես շփման հիմնական հարթակ ընտրում են տարբեր սոցիալական ցանցեր: Շուտով գիրք վաճառողների համար ավելի դժվար կլինի Սիրուշոյի երկրպագուներին գրավել և ստիպել գնել իրենց արտադրանքը: Շուկայի ընդլայնումը կպահանջի այնպիսի ներդրումներ, որոնք Հայաստանում գիրք վաճառելով անհնար կլինի արդարացնել: Հրատարակիչները կտարվեն մեծ շուկաների որոնումներով, շեշտը չեն դնի ներքին շուկայի վրա ու զարթոնքի այդ պատրանքն արագ կվերանա: Հետագայում մեզ կուրախացնեն դրսում ինչ-որ մեկի գիրքը տպագրելով, դրսից բերած որևէ մրցանակով ու նման բաներով: Մեր ժողովուրդը հակված է դա առաջընթաց համարել, մեծ մասին դա միանշանակ կբավարարի: Ներքին խմորումների բացակայության պատճառով առաջացող տոտալ դեգրադացիան որևէ մեկին չի անհանգստացնի: Այդ առումով Հայաստանը շատ ոլորտներում է հաջողություններ գրանցում:

– Քո ո՞ր ստեղծագործությամբ կարող ես գրողին հատուկ հպարտություն ապրել:
– Միշտ էլ սիրել եմ իմ վերջին ստեղծագործությունը: Այսօր դա «Իմ երկու հայրը» պատմվածքն է: Այնտեղ ես համեմատաբար ավելի նման եմ այն գրողին, որը կցանկանամ լինել: Հետո այն դրական է գնահատվել գրականության հետ ավելի սերտ կապված մարդկանց կողմից: Անկախ իր թեմայից, այն չի ընդունվել՝ իբրև պրովոկացիա: Այնտեղ ես տողատակով չեմ խոսել, բայց և այնպես կարողացել եմ ընթերցողի ուշադրությունը շեղել հասարակական այդքան ակտուալ թեմայից ու սևեռել դեպի հերոսների ներաշխարհը, նրանց խնդիրներին: Դա ստեղծագործության ֆոների հետ խաղալու փորձ էր ինձ համար, որ հաջողված եմ համարում, շարունակում եմ զարգացնել միտքը, ինչն իր ազդեցությունն է ունենում այն աշխատանքի վրա, որով զբաղված եմ այժմ:

– Գրականության մեջ ժանրերը էական չեն,- սիրում էր ասել Հեմինգուեյը: Հնարավո՞ր է, որ առաջիկայում գրական այլ ժանրերի ստեղծագործություններիդ հանդիպենք:
– Ինձ չի հետաքրքրել ու չի հետաքրքրում, թե որ ժանրով եմ ստեղծագործում: Ժանրերը, կարծում եմ, անհրաժեշտ պայմանականություն են ընդամենը: Ինձ համար, օրինակ, «Լոլիտան» և «Մատանիների տիրակալը» միևնույն ժանրի գրքեր են: Երկու գրքում էլ հերոսներն անվերջ ինչ-որ տեղ են գնում, ու դա ձանձրալի է: Այս օրինաչափությամբ կարելի է միլիոնավոր ժանրեր հորինել: Գրադարանի դարակները դասավորելու համար դա հարմար չէր լինի, բայց առցանց գրադարաններում, ընդունված ժանրերի հետ մեկտեղ, արդեն իսկ օգտագործվում են նաև հազարավոր այլ ժանրեր՝ «պիտակներ», որոնք օգնում են ավելի ճշգրիտ դասակարգել գրքերը (նաև ֆիլմերը, խաղերը և այլն), գտնել իրար նման գրքեր: Ամերիկյան հեռուստատեսությամբ, օրինակ, ցուցադրվում է «Գրիմմ» հեռուստասերիալը, որի հերոսները փնտրում են տարբեր հանցագործությունների մեղավորներին: Ինչ-որ մեկը կասի՝ դետեկտիվ է: Լավ: Իսկ եթե հանցագործները մոգական արարածնե՞ր են… Կամ Լարս ֆոն Թրիերը, որ իր նոր ֆիլմն անվանել է պոռնոդրամա, ու մարդիկ քննարկում էին՝ կա՞ նման ժանր, թե ոչ: Պարզ է դառնում, չէ՞, որ «պիտակները» հաղթում են ժանրերին, ծիծաղելի է անգամ մտածել՝ այս կամ այն ժանրը գոյություն ունի, թե ոչ: Հետևաբար, իմ յուրաքանչյուր ստեղծագործություն այլ ժանրերի կարելի է վերագրել:

– Հետևո՞ւմ ես լրատվությանը: Ի՞նչ կարծիք ունես այսօր տիրող հասարակական, սոցիալական քննարկումների մասին:
– Հայաստանյան լրատվությանը հիմնականում չեմ հետևում, եթե չհաշվենք ֆեյսբուքյան ընկերներիս տեղադրած հղումները: Կարծում եմ՝ Հայաստանում տարին 6 անգամ են լուրեր լինում, կարելի է և չհետևել: Ի՞նչ լրատվության մասին է խոսքը, եթե թեման պիտի լինի ինչ-որ խանութ կամ ԱԺ-ում հնչած հայհոյանք: Ֆեյսբուքում կարդում եմ վերնագրերը ու համոզված եմ, որ դա մեր լրատվական դաշտի արտադրանքի 98%-ն է: Հետևում եմ տեխնոլոգիական, արվեստին, գիտությանը վերաբերող նորություններին: Բայց, ցավոք, Հայաստանում այդ թեմաներով նորություններ չկան, հիմնականում կիսատ-պռատ թարգմանություններ են:

– Հիմա է՞լ ես զգուշանում հասարակությունից:
– Այո՛: Վերջին անգամ անցած շաբաթ եմ տնից դուրս եկել: Հիմնականում փակված եմ տանը:

 

«Այն գիրքն է լավը, որը բացում ես ակնկալելով և փակում հարստացած». անգլիացի Օլքոթին հիշում ենք միայն փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը

GIRQ 4Փետրվարի 19-ին մեր երկրում նշեցինք Գիրք նվիրելու օրը: Այս օրվա ընտրությունը թերևս պայմանավորված է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձով: Այս բարի ավանդույթը սկիզբ է առել 2008-ից, երբ Գրողների միության լուսահոգի նախագահ Լևոն Անանյանը որոշեց այն կյանքի կոչել:
Տոնի առթիվ «Անկախ»-ը զրուցել է ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ:
Իհարկե, տոնական օրվա ընթացքում ոչ բոլոր գրողները հնարավորություն ունեցան ընթերցողներին նվիրելու իրենց գրքերը, բայց տարբեր սերունդների, մասնագիտության և խառնվածքի տեր անձինք մասնակցեցին տոնին:
Գրքի օրվա առթիվ «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե՝ գրականությունն ու գիրքը նո՞ւյնպես ապրանք են, դրանք պե՞տք է համապատասխանեն սպառողների կարիքներին:

– Գիտեք, չնայած այս հարցի շուրջ առկա տեսակետների հակասականությանը, ինձ, այնուամենայնիվ, թվում է, որ «ստեղծագործական ազատության» կողմնակիցները չափազանցում են գրական շուկայից իրենց անկախությունը: Գիրքը միշտ գրողի և ընթերցողի շփումն է: Եթե հեղինակը գրքի վրա աշխատելիս չի մտածում ապագա ընթերցողի մասին, ասենք` ինչպես համոզել նրան իր գաղափարների ճշմարտացիության մեջ, ինչպես ի ցույց դնել իր աշխարհն այնպես, ինչպես ինքն է այն տեսնում և այլն, ապա դա ոչ թե գրականություն է, այլ մենախոսություն հայելու առջև: Ես կարծում եմ, որ գիրքը միշտ հետադարձ կապ է ընթերցողի հետ, իսկ բոլոր այն տեղերում, որտեղ կա նման կապ, բնականաբար, սկսվում է մարքեթինգը:
Սակայն, մյուս կողմից` գիրքը, որպես հոգևոր-մշակութային արժեքների կրիչ, ավելին է, քան ապրանքը: Բերեմ Գերմանիայի օրինակը, որտեղ գիրքն ընդամենը 5% ԱԱՀ-ով է հարկվում, այն դեպքում, երբ մնացած ապրանքները հարկվում են 19%-ով: Այսինքն` ընդհանուր շուկայական հարաբերությունների մեջ գիրքն առանձնացվում է հանրայնորեն: Գրաշրջանառության համար հատկապես պետական խողովակներում բոլոր լույսերը պետք է կանաչ լինեն:

«Անկախի» այն հարցին էլ, թե այսօր Հայաստանում էլեկտրոնային գրականությունը կարծես հասանելիության առումով մի քանի քայլ առաջ է գնացել թղթային կրիչներից, հարկավո՞ր է շեշտն այս ուղղության վրա դնել` ասում է.

– Գիտեք, գրքի հետ կապված խնդիրները դրանից չեն փոխվում: Թղթով թե էլեկտրոնային` իրականում դրանք միևնույն ապրանքներն են տարբեր կրիչների վրա և արտադրության նույն ծախսերն են պահանջում: Այլ հարց է, որ այո՛, գիրքը պետք է հրատարակել բոլոր հնարավոր ու հասանելի ձևաչափերով: Եվ ամենևին կարևոր չէ, թե մարդն ինչ ձևով է հաղորդակցվում գիտելիքի աղբյուրին, կարևորն այն է, որ այդ գիտելիքը հասնի նրան: Որտեղ ընթերցողն է, այնտեղ էլ պետք է լինի հրատարակիչը, նա պետք է հարմարվի ընթերցողին: Եթե փոքրիկ երեխան ուզում է լողանալու ընթացքում գրքի հետ լինել, ուրեմն դու պետք է արտադրես գիրք, որը չի վախենում ջրից: Գիրքն այնտեղ պետք է լինի, որտեղ նրան սպասում է ընթերցողը:

Գրքի ու ընթերցողների մասին խոսեցինք նաև գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանի հետ: Երիտասարդ գրաքննադատից հետաքրքրվեցինք՝ արդյոք գրողը պե՞տք է հասանելի լինի ընթերցողներին:
– Բազմաթիվ օրինակներ ունենք, երբ որոշ գրողներ` շփման համար «փակ» վարքագծով, ավելի մեծ ազդեցություն ունեն, քան նրանք, որոնք ավելի, այսպես ասած, «բաց» են: Պատահում է, երբ գրողները փակված մնում են իրենց «քարանձավներում»՝ ստեղծագործական աշխարհում, ու լինում են գրողներ, որոնք իրենց բացության շնորհիվ կարողանում են ընթերցողական և գրողական ազդեցության դաշտի մեծ շրջանակ ապահովել: Մյուս կողմից էլ, այնուամենայնիվ, մի լավ խոսք կա՝ կտավը դիտելուց հետո մի շփվիր նկարչի հետ: Նույնը կարելի է ասել նաև գրողների մասին. գրականությունը որքան էլ իր մեջ կրի անձնական, անհատական ենթաշերտեր, այնուամենայնիվ, մի փոքր հեռու է գրողից: Հնարավոր է, որ գրողի հետ հարաբերվելը որոշ հիասթափություն առաջացնի ընթերցողի մեջ,- ասում է գրաքննադատը:

Գրականագետ, բազմաթիվ աշխատությունների և գրքերի հեղինակ Վարդան Դևրիկյանն էլ ասում է, որ աշխատում է ամեն ինչ անել, որ իր գրքերը միմիայն մասնագիտական շրջանակի համար չընկալվեն:
– Գիտեք, խորհրդային շրջանում էլ չէին գրում բոլորի համար, նախաբանում նշում էին՝ նախատեսված է մասնագետների և ընթերցողների որոշակի շրջանակի համար: Ամեն դեպքում, ինչ որ գրել եմ, գուցե դրանից անգամ տուժել եմ, գուցե դրա պատճառով ինչ-որ չափով գրածներս լուրջ չեն ընկալվել, բայց միշտ նկատի եմ ունեցել ընթերցողների լայն շրջանը,- ասում է Վարդան Դևրիկյանը,-դա առաջին հերթին շարադրանքի դժվարություն է պահանջում, որովհետև այն, ինչ գրում ես գիտական տիրույթում, ինքնին հասկանալի է, բայց երբ գրում ես ավելի լայն շրջանակի համար, ապա թեկուզ նուրբ ձևով, պետք է բացատրել: Հետո ասեմ, որ բարդ գրելը գիտական խելոքության նշան չէ, բարդ շարադրանքը ցույց է տալիս, որ նյութը մարսված չէ: Մարսված նյութը շատերի համար բավականին պարզ ու հասկանալի է լինում:

Պարզվեց, որ Դևրիկյանի համար լավագույն գիրքը Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպն է:
– Աբովյանի վեպն ինձ համար շրջադարձային է: Մեր գրականությունն իրապես երկու սկիզբ ունի: Առաջինը Խորենացին է «Հայոց պատմություն»-ով, երկրորդը Աբովյանն է` «Վերք Հայաստանի»-ով: Իմ կյանքը, վստահ եմ, այլ ուղղություն կունենար, եթե Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն չլիներ,- եզրափակում է գրականագետը:

ՄԱՐԴԸ ԳՆՈՒՄ Է, ԱՆՈՒՆԸ` ՄՆՈՒՄ. «Ջավախք» հայրենակցական միությունը ցավակցում է Լևոն Խեչոյանի անժամանակ մահվան առիթով

E0006085-4767-48A5-ABE0-AAC622101C17_w640_r1_s_cx0_cy40_cw0Սրտի խոր կսկիծով լսեցինք ժամանակակից հայ արձակի ամենավառ ու ինքնատիպ ներկայացուցիչներից մեկի` Լևոն Խեչոյանի մահվան բոթը: Այլևս մեզ հետ չէ մեր ընկերը, հայրենակիցը, զգայուն ու ազնիվ հայը, փայլուն գրողն ու մտավորականը: Նախախնամության կամոք մարդկային մտքի ու ոգու մի հզոր ընթացք կասեցվեց, մի լուսավոր նպատակ խաթարվեց, որի կրողն իր կառավար թափի մեջ դեռ շատ ասելիք ու անելիք ուներ: Ավաղ, մեզ մնաց եղածով, ստեղծվածով բավարարվելու մխիթարությունը, իսկ մնացածը նա իր հետ երկինք տարավ` Աստծո տվածը վերադարձնելու:

Ջավախքում էր ծնվել, հպարտ էր, որ ջավախքցի է, Ջավախքը հպարտ էր, որ  նման պայծառ զավակ ուներ: Բայց լինելով փառահեղ ջավախքցի, նա, այնուամենայնիվ, զերծ մնաց էժանագին գավառական հայրենասիրության տարփողումից, նրա հոգում ապրող լայնախոհ հայը իր մեջ ընդգրկուն ու ամբողջական պահեց Հայաստան աշխարհի հոգսն ու ուրախությունը, խինդն ու դառնությունը, և պետական ու ազգային արժեքները բացառապես համահայկական շահերի համատեքստում արժևորեց:

Արցախում պատերազմ էր` ինքը զենքը ձեռքին զինվոր էր, ապա խաղաղություն էր` ինքը դարձյալ զինվոր էր` այս անգամ գրասեղանի առաջ ու հասարակական կյանքում: Նրա տեսակը երկրի սահման պահող տեսակ էր, հող ու հայրենիք շենացնող և վեհացնող, ազգ ու ժողովուրդ պաշտող տեսակ էր:

Պղնձի փափկությունը իր վարքով ու նկարագրով էր մերժում, ինքը երկաթի կարծրության մեջ էր: Ուժեղի ճակատագիր է` նրանք ձիու վրա ու մտրակը ձեռքերին են գնում: Միտքն անընդհատ բառ ու տողի կախարդանքով էր հմայված, գրականության, գրական տեքստի հանդեպ ինչ-որ վերերկրային պաշտամունք ուներ, բծախնդիր մի սևեռում, ինչն էլ նրա արձակը դարձնում էր ջղուտ ու անխոցելի: Զարմանալի հոտառություն ուներ գրական տեքստի ընկալման և գնահատման հարցում, իր նկարագրածը տեսանելի դարձնելու անվրեպ աչք ուներ, իր մտքով տեսածը մեզ աչքով տեսցնելու անուրանալի տաղանդ: Եվ դա նրա գրողական խաչն էր, հավատամքը, նրա այրումն ու մոխրացումը: Վարպետ էր արձակի մեջ, ճշմարիտ արձակի այդ հրեղեն թափի սանձը ձեռքին էր, բայց, ափսոս, ապրած կյանքը մի տեսակ տերյանական խոհով ու տխրությամբ ամփոփվեց. «Ինչ մնաց ինձ` ոսկյա մի ցանց, ուրիշ ոչինչ…»: Մնաց գիրը, մաշկազերծ իրականությամբ վավերացված գիրը, վարպետ արձակագրի աջով կնիքավորված գիրը…

Լևոն Խեչոյանի անժամանակ մահվան առիթով մենք մեր վշտակցությունն ենք հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին: Ինքն այլևս չկա, բայց կա իր ծանրակշիռ վաստակն ու թողած բարի անունը: Ուրեմն կա նաև մխիթարվելու խոհեմությունն ու խոնարհումի արժանապատվությունը: Աստված հոգին լուսավորի, և ինչպես Ջավախքում են ասում, թող որ լույսի փայ դառնա:

«Ջավախք» հայրենակցական միության նախագահություն