Թուրքիան փորձում է միջնորդի դեր ստանձնել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում

ԴավութօղլուԹուրքիան, փորձեր կատարելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ ստանձնելու հաշտարար միջնորդի դերը, շարունակում է բանակցություններ վարել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հետ: Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար ԱՀմեդ Դավութօղլուն խոսել է Քոնիայում Ռամազանի ավարտին նվիրված տոնակատարության ժամանակ:

Դավութօղլուն նշել է, որ գալիք նախագահական ընտրությունների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն 77 միլիոնանոց Թուրքիան, այլև մերձավորարևելյան տարածաշրջանի երկրները: «Կարող եք վստահ լինել, որ օգոստոսի 10–ին Գազայում բնակվող ընտանիքները ևս հետևելու են նախագահական ընտրություններին, քանի որ պաղեստինցիները գիտեն, որ միայն Թուրքիայի նախագահը կարող է նրանց մեջքին կանգնել: Նրանք գիտեն, որ եթե նրանց գլխին թեկուզ փոքր քարեր թափվեն, թուրք առաջնորդները իրենց աջակցություն կցուցաբերեն: Այդ պատճառով էլ Գազայի մասին մտքերը զբաղեցնում են մեր ուղեղն ու սրտերը: Մինչև ապահովված չլինի Գազայի բնակչության խաղաղությունը, մենք աշխատելու ենք օր ու գիշեր»,-հայտարարել է Դավութօղլուն:

 

Ահմեդ Դավութօղլուն Գազայի հարցով հեռախոսային դիվանագիտություն է սկսել

Դավութօղլու Վերջին օրերին միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացված է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Թուրքիան ևս, լինելով ակտիվ դերակատար տարածաշրջանային խնդիրներում, շտապում է միջամտել իսրայելա-պաղեստինյան հակամարտության զարգացումներին: Մասնավորապես արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսային բանակցություններ է սկսել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Հալիդ Մաշալի և Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ: Մասնավորապես քննարկվել է Գազայի հատվածում զինադադարի հաստատման հարցը: Դավութօղլուն խոսակցություն է ունեցել նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Կողմերը քննարկել են ինչպես իսրայելա-պաղեստինյան լարված իրավիճակը, այնպես էլ Իրաքի և Ղրիմի հարցը:

 Անկախ

 

Թյուրքալեզու ժողովուրդները մեկ ազգ են հանդիսանում. Դավութօղլու

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ   Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Բոդրումում կայացած Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 4-րդ գագաթաժողովում հայտարարել է, որ թյուրքալեզու ժողովուրդները, ապրելով տարբեր պետություններում, այնուհանդերձ հանդիսանում են մեկ ազգ: «Մեր ժողովուրդները, կառավարություններն ու ամբողջ աշխարհ ականատեսն է դառնում այն ճշմարտության, որ թյուրքալեզու ժողովուրդները մեկ միասնական ազգ են»: Դավութօղլուի խոսքերով՝ եղբայրական ժողովուրդներին իրար են կապում ընդհանուր լեզուն, կրոնը, պատմությունը, մշակույթը և միևնույն արժեհամակարգը:

 

Անկախ

Թուրքիան շարունակելու է աջակցել սիրիական ժողովուրդին, այլ ոչ թե այդ երկրի կառավարությանը. Դավութօղլու

դավութօղլու Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցություն ցուցաբերել սիրիական ժողովուրդին, այլ ոչ թե այդ երկրի կառավարությանը: «Թուրքիան միշտ կլինի սիրիացիների կողքին և կաջակցի նրանց արդար պայքարին»,-նշել է Դավութօղլուն: Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ Դավութօղլուն նշել է, որ սիրիական իշխանությունները մեղավորություն են կրում երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար: Նրա խոսքերով՝ սիրիական հակամարտության հետևանքով Սիրիայի բնակչության 1/3-ը դարձել է փախստական, իսկ մոտ 6 մլն քաղաքացի ստիպված են անընդհատ փոխել իրենց  բնակավայրը, որպեսզի չհայտնվեն ռազմական գործողությունների կենտրոնում:

Անկախ

Հերթական սկանդալը Թուրքիայում. youtube-ում է հայտնվել Դավութօղլուի խոսակցությունը` Սիրիա ներխուժելու մասին.yerkirmedia.am

Ահմեդ ԴավութօղլուՍիրիայի հակամարտությունում Թուրքիայի ուղղակի մեղսակցության մասին հայտարարությունների, փաստերի շարքն ավելացավ աղմկահարույց մեկ այլ բացահայտումով, որն այդ երկրի ներքաղաքական պայքարի արդյունք է,հաղորդում է yerkirmedia.am-ն։

Երկիրը ցնցել է youtube-ում հայտնված գաղտնի ձայնագրությունը, որը կատարվել է, ամենայն հավանականությամբ, այդ երկրի Արտաքին գործերի նախարարությունում։

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարը, նրա տեղակալը, Ազգային հետախուզության ծառայության պետը եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը քննարկում են Սիրիայի հակամարտությունը, իրենց երկիր ծրագրերը։

Secim gudumu (Սեչիմ Գյուդումու) ծածկանունը կրող օգտատիրոջ կողմից Youtube-ում տեղադրած ձայնագրության մեջ, որն արվել է գաղտնալսմամբ, Դավութօղլուն խոսում է Սիրիայի տարածքում թուրքական հող համարվող Սուլեյման Շահի դամբարանի մասին, երբ Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը նշում է, թե հարկ եղած դեպքում ինքը 4 մարդ կուղարկի Սիրիա, որտեղից նրանք 8 հրթիռ կարձակեն Թուրքիայի տարածք, եւ Սիրիայի դեմ պատերազմ սկսելու հիմք կստեղծվի։

Այնուհետ Դավութօղլուն շարունակում է, թե “պետք է 2012-ին հարձակվեինք, պետք է համարձակ որոշումներ ընդունեինք, ափսոս, որ չմտանք Սիրիա”։
Հետախուզության պետ Ֆիդանը հավելում է, որ արդեն 2000 միավոր սպառազինություն ու ռազմական նշանակության ապրանքներ են ուղարկվել զինյալներին, իսկ գեներալ Գյուլերն էլ կարեւորում է ապստամբներին սպառազինելու անհրաժեշտությունը։ Նա խոսում է Սիրիա գեներալ գործուղելու մասին։
Ձայնագրության հրապարկումից անմիջապես հետո խուզարկություններ են սկսվել Արտգործնախարարության բոլոր սենյակներում։ Նախագահ Գյուլը շտապ խորհրդակցություններ է կազմակերպում մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ գաղտնի զրույցի մասնակիցների հետ։ Արդեն երեկոյան Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների որոշմամբ, այդ երկրում արգելվել է Youtub-ը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 Անկախ

Դավութօղլուի հմայքի արշավը Հայաստան կատարած այցելության ընթացքում

Հարութ-Սասունյան1Թուրքիայի խորամանկ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն օգտագործել է դիվանագիտական բոլոր հնարքները` անցյալ շաբաթ Երևանում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովում (ՍԾՏՀ) իր ներկայությունից առավելագույն օգուտ քաղելու համար:

Ի սկզբանե Դավութօղլուն և նրա դիվանագիտական թիմը սկսել էին ապատեղեկատվական քարոզչություն ծավալել` հայտարարելով, որ նա թերևս չկարողանա մասնակցել համաժողովին այլ պարտավորությունների պատճառով, տպավորություն ստեղծելով, որ նա մեծ ցանկություն չունի Հայաստան մեկնելու: Ավելի ուշ, նա իր մասնակցությունը պայմանավորեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների միջև կայացած հանդիպումների դրական արդյունքով: Ադրբեջանի նախագահին համոզելու համար, որ Թուրքիան մտահոգվում է իր կրտսեր եղբոր շահերով, Թուրքիայի արտգործնախարարությունը լրատվամիջոցներին կեղծորեն տեղեկացրեց, որ Հայաստանը համաձայնել է դուրս գալ Արցախի երկու շրջաններից:

Երևան կատարած այցելության ընթացքում Դավութօղլուի հմայքի արշավի իսկական նպատակն էր կանխել միջազգային քարոզչությունն ընդդեմ Թուրքիայի 2015 թվականին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ընթացքում: Նա ուզում էր համաշխարհային հանրությանը տպավորել, թե իբր իր երկիրը պատրաստակամ է հաշտվելու Հայաստանի հետ` միաժամանակ սատարելով Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի դիմումին:

Ի պատասխան՝ հայ պաշտոնյաներն ամեն ինչ արեցին թուրքական հմայքի արշավի հաջողությունը նվազեցնելու համար: Հայաստանի ընտրած ռազմավարությունն էր` Դավութօղլու երևանյան այցը պահել ՍԾՏՀ համաժողովի շրջանակներում, և ոչ թե զբաղվել հայ-թուրքական երկկողմ հարաբերություններով, բացառելով որևէ քննարկում Հայ-թուրքական արձանագրությունների և Արցախյան հակամարտության վերաբերյալ:

Ուստի զարմանալի չէ, որ Երևանում Հայաստանի նախագահի և Թուրքիայի արտգործնախարարի միջև որևէ հանդիպում տեղի չունեցավ: Միակ պաշտոնական հանդիպումը կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որը նաև հանդիպեց ՍԾՏՀ-ի մյուս մասնակիցների հետ որպես համաժողովի հյուրընկալող:

Բնականաբար, Հայաստանի մայրաքաղաքում եղած ժամանակ Դավութօղլուն բախվեց որոշ խոչընդոտների: Նա ստիպված էր համաժողովի անցկացման վայր` «Մարիոթ-Արմենիա» հյուրանոց մտնել հետևի դռնից` իր այցի կապակցությամբ երիտասարդ ակտիվիստների կազմակերպած բողոքի ցույցից խուսափելու համար: Մինչ այդ, Նալբանդյանը հանդես եկավ մի շարք կուռ հայտարարություններով՝ ՍԾՏՀ համաժողովից առաջ, ընթացքում և հետո, նախազգուշացնելով Թուրքիային, որ Հայաստանը չի ընդունելու որևէ նախապայման, ինչպիսիք են Արցախի տարածքից մասնակի դուրս գալը` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման դիմաց:

Նալբանդյանի վճռական կեցվածքն ստիպեց Դավութօղլուն նահանջել, վախենալով, որ իր այցը Հայաստան կարող է որակվել որպես ձախողված: Ադրբեջանին վշտացնելու գնով, թուրք նախարարն ընդունեց, որ նա չի եկել ներկայացնելու կոնկրետ առաջարկներ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, և չի պահանջել Արցախի երկու շրջաններից դուրս գալը, պնդելով, որ Երևան գալու իր միակ նպատակն էր հաղթահարել Հայաստանի և Թուրքիայի միջև «հոգեբանական պատնեշը» և սկիզբ դնել երկխոսության ու վստահության վերականգնմանը:

Իր հայտարարած հարաբերությունների բարելավման որոնման նպատակով Դավութօղլուն հանդիպում ունեցավ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար և նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հետ, որի ընթացքում նա Ցեղասպանությունը նսեմացրեց որպես անցյալի «որոշ իրադարձություններ» և կոչ արեց բոլորին «առաջ գնալ»: Երբ Մանուկյանը պատմեց Ցեղասպանության ժամանակ իր չորս հորեղբայրների մահվան մասին, Դավութօղլուն խոստացավ աղոթել նրանց համար` իրենց ծննդավայր` Մոկս, Վանա լճի հարավում, իր հաջորդ այցելության ընթացքում: Սակայն նա հանդգնեց խորհուրդ տալ հայերին չմոռանալ Առաջին համաշխարհային պատերազմի թուրք զոհերի մասին: Նա նաև սփյուռքահայերին առաջարկեց վերադառնալ իրենց նախկին հայրենիքը` ներկայիս Թուրքիան: Մանուկյանի հետ հանդիպման ամենահետաքրքիր պահը Դավութօղլուի բացահայտումն էր, որ Անկարայում արտգործնախարարության կենտրոնական գրասենյակի շենքերից մեկը պատկանել է մի հայի, դրանով իսկ բարձրացնելով դատական հայցի հնարավորությունը նախկին սեփականատիրոջ ժառանգորդների կողմից:

Արտգործնախարար Դավութօղլուն վերջին ճիգը գործադրեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախապատրաստական աշխատանքները խափանելու համար` պատմելով թռիչքի ժամանակ իրեն ուղեկցող թուրք լրագրողներին, որ 1915 թվականին հայերի «տեղահանությունը» «անմարդկային» էր: Հայտարարելով, որ Թուրքիան երբեք չի ողջունել այդ քայլը, նա դատապարտեց «տեղահանությունը» որպես «բացարձակ սխալ քաղաքականություն, որն իրականացվել է [Oսմանյան ժամանակաշրջանի ղեկավարների «Միություն և առաջադիմություն» կոմիտեի օրոք]»:

Դավութօղլուն նաև հայտնեց, որ նա հանդիպել է սփյուռքահայերի հետ արտերկրում իր այցելությունների ընթացքում, սակայն չի հրապարակել դրանց մասին` մտահոգվելով, որ «ծայրահեղական հայերը խնդիրներ կառաջացնեն»:

Թուրքական հմայքի արշավը լավ տպավորություն թողեց միայն նրանց վրա, ովքեր շատ տոգորված լինելով հայ-թուրքական հաշտեցմամբ, նույնիսկ խղճի խայթ չեն զգում, երբ դահիճին հավասարեցնում են զոհին: Միացյալ Նահանգները և Կանադան միակ երկրներն էին, որոնք ողջունեցին Թուրքիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ կոչ անելով, որ երկխոսությունը շարունակվի երկու կողմերի միջև:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

Երևանում Դավութօղլուն ստիպված է եղել հետնամուտքով հյուրանոց մտել

Երևան, Դավութօղլու Թուրքական լրատվամիջոցները շարունակում են լայնորեն լուսաբանել արտգործնախարար Ահմեդ Դավութղօլուի Երևան կատարած այցը:  Այսպես թուրքական «Հաբերլերը» անդրադարձել է Երևանում տեղի ունեցած հակաթուրքական ցույցին: Կայքը գրում է, որ ցուցարարները, հավաքվելով այն հյուրանոցի մոտ, որտեղ տեղի էր ունենալու Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության նիստը, սկսել են վանկարկումներ անել, այն ժամանակ, երբ Դավութօղլուն հյուրանոց մտնելիս է եղել: Ցուցարաները, ձեռքներին բռնած տարբեր գրություններով պաստառներ և թուրքական դրոշներ, Թուրքիայից պահանջել են ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և վերացնել Հայաստանի նկատմամբ միակողմանիորեն կիրառվող էմբարգոն:

Դավութօղլուն ստեղծված իրարանցման պատճառով ստիպված է եղել հյուրանոց մտնել մեկ այլ մուտքից:

Նշենք, որ ՍԾՏՀ արտգործնախարարների նիստն արդեն ավարտվել է, և այժմ ընթանում է Նալբանդյան-Դավութօղլու առանձնազրույցը:

 Անկախ

Ադրբեջանը դեմ չէ Դավութօղլուի Հայաստան կատարելիք այցին. Մուբարիզ Ահմեդօղլու

Մուբարիզ ԱհմեդօղլուԱդրբեջանի քաղաքական նորարարությունների և տնխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն այսօր տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի արտգործնախարարի այցը Հայաստան տեղի է ունենում շատ ծանր ժամանակահատվածում: Ահմեդօղլուի մեկնաբանությամբ՝ Հայաստանը իրեն աճուրդի է հանել: «Ադրբեջանը ամենւին էլ դեմ չէ Դավութղլուի Հայաստան կատարելիք այցին»:

Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Ահմեդօղլուն նշել է, թե Հայստանը առիթ չի ունենա ասելու, թե Ադրբեջանը փորձել է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների լավացմանը: «Դավութօղլուի այցը Հայաստան Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին կարող էր նոր խթան հանդիսանալ հայ–թուրքական հարաբերությունների զարգացման համար: Արտգործնախարար Ահմեդօղլուն մեկնում է Հայաստան, որպեսզի մասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության ժողովին: Չի բացառվում, որ Դավութօղլուն հրապարակավ հրաժարվի հանդիպել Հայաստանի նախագահի և արտգործնախարարի հետ»,-կարծիք է հայտնել Ահմեդօղլուն:

Անկախ

Թուրքական մամուլը Դավութօղլուի Հայաստան կատարելիք առաջիկա այցի մասին

Ահմեդ ԴավութօղլուԻնչպես արդեն հաղորդել էինք՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ հայտարարեց դեկտեմբերի 12-ին Երևան գալու որոշման մասին՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության հերթական ժողովին: Այս հայտարարությունից հետո թուրքական լրատվամիջոցներում տարածվեցին մի շարք վերլուծաբանների մեկնաբանությունները սպասվող այցի վերաբերյալ: Մասնավորապես թուրքական «Սաբահ» օրաթերթը այս այցը որակել է որպես Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի համերաշխության համար Թուրքիայի կողմից արվող քայլ:

Իր հերթին թուրքական «Զամանը» Դավութօղլուի կողմից Հայաստանի հրավերի ընդունումը կապում է վերջին շրջանում հաջախակի դարձած հայ-ադրբեջանական հանդիպումների հետ: Թերթը գրում է, որ երևանյան այցի շրջանակներում չի բացառվում Դավութօղլու-Նալբանդյան երկկողմ հանդիպումը:

Դավութօղլուին դեկտեմբերին սպասում են Երևանում

Ահմեդ Դավութօղլու   Ինչպես հաղորդում է թուրքական «Զամանը»՝ ՀՀ Արտաքին գործերի  նախարարությունը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին հրավիրել է մասնակցելու դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության ժողովին: Թուրքական լրատվամիջոցը այս հրավերը որակում է որպես արձագանք պաշտոնական Անկարայի՝ վերջերս արած հայտարարությանը, թե Թուրքիան աշխատում է հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ: Համաժողովին մասնակցելու հրավեր ուղարկվել է ՍՏՀ անդամ բոլոր երկրներին, սակայն հայկական կողմը հայտնել է, որ ուրախ կլինի Երևանում տեսնել Դավութօղլուին:

Հայտնի է, որ հրավերը ստանալուց հետո թուրքական կողմը նշել է, որ Դավութօղլուն Երևան մեկնելու նպատակ ունի, սակայն վերջնական որոշում կընդունի՝ ելնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող հանդիպումների արդյունքից: «Զամանի» դիտարկմամբ՝ երեկ Վիենայում տեղի ունեցած հանդիպման արդյունքում բանակցությունները շարունակելու որոշման հրապարակումից հետո սպասվում է, որ Դավութօղլուն այնուհանդերձ կմեկնի Երևան:

 

Մենք պատրաստ ենք բացել հայ-թուրքական սահմանը. Դավութօղլու

Ահմեդ ԴավութօղլուԹուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովում հայտարարել է, որ իրենք պատրաստ են բացել հայ-թուրքական սահմանը, եթե ստանան Ադրբեջանի համաձայնությունը, հաղորդում է “ԱՊԱ”-ն` հղում կատարելով թուրքական “Աքշամ” թերթին:
Արտգործնախարարը հավելել է, որ այդ աշխատանքները տարվում են 2015թ.-ին ընդառաջ ծրագրերի շրջանակում: “Մենք պահանջում ենք, որ հայերը Ղարաբաղից դուրս գան, և այդ ուղղությամբ զարգացում ենք ակնկալում։ Եթե դա տեղի ունենա, ապա սահմանը կբացվի, երկաթուղին կվերականգնվի, ինչպես նաև հարաբերություններ կզարգանան։ Սակայն դա ցանկանում ենք անել Ադրբեջանի հետ համատեղ”,-ասել է Դավութօղլուն։

Հավելենք, որ մոտ ապագայում Ահմեթ Դավութօղլուն կայցելի Ադրբեջան: