«Կարեն Մկրտչյանը շառլատան է, ով խաբեությամբ յուրացրե՞լ է իրեն հանգանակված 80.000 եվրոն

կարեն-մկրտչյան

Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Ալեքսանյանն այսօր իր էջում սենսացիոն հրապարակմամբ է հանդես եկել: Նա գրել է, որ դերասան Կարեն Մկրտչյանը, որի բուժման նպատակով ավելի քան 80. 000 եվրո էր հավաքվել, ոչ այլ ինչ է, քան սովորական շառլատան:

Նա մասնավորապես գրել է.

Նախապես ասեմ, որ ինքս էլ ոգևորված չեմ այն պատմությամբ, որն այժմ ձեր դատին եմ հանձնում, ու շատ անգամ եմ այն հավաքել համակարգչիս մեջ, բայց ձեռքս դողացել է «հրապարակել» կոճակին սեղմելիս: Պատմությունը, որը ձեզ հիմա պատմելու եմ, ու փաստերը, որոնք բերելու եմ, ծայրահեղ տհաճ են ու ցավեցնող: Տհաճ են առաջինը այն տեսանկյունից, որ փչացնելու են մի շատ գեղեցիկ պատմություն, որում գլխավոր հերոսը դժվար կացության մեջ հայտնված մի խեղճ դերասան է, և ողջ ազգը շտապում է նրան օգնության: Իհարկե, հասկանում եմ, որ այս թեմայի արծարծումը նման տեսանկյունից կարող է և վնասել միանգամայն անմեղ ու ազնիվ մարդկանց, որոնք իսկապես օգնության կարիք ունեն, բայց ինչպես ասում են, դառը ճշմարտությունն ավելի նախընտրելի է կեղծիքից: Ու թող որ այդ կեղծիքը լավն է, գեղեցիկ է ու հուսադրող, բայց ես ձեզ կպատմեմ այն, ինչ գիտեմ՝ առանց խմբագրելու ու փաստերը թաքցնելու:

Այսօր՝ 2014 թվականի հուլիսի 9-ին, համբերությանս բաժակը վերջապես լցվեց: Դա եղավ այն բանից հետո, երբ առավոտյան աշխատանքի շտապելիս երթուղայինում ոտքի վրա կարդացի դերասան Կարեն Մկրտչյանի հարցազրույցը այն մասին, որ ինքն ապաքինվել է, ավելին՝ պատրաստվում է ֆիլմ նկարել: Ուշադրություն, խնդրում եմ, ֆիլմ նկարել է պատրաստվում մի մարդ, ով ամիսներ առաջ անգամ գումար չուներ, որ ընտանիքի նվազագույն կարիքները հոգար և հազիվ տան վարձն էր վճարում, իսկ հիմա նա այդքան ազատ միջոց ունի ֆիլմ նկարելու համար:

Ավելի ճիշտ կլինի սկսեմ ամենասկզբից: Դերասան Կարեն Մկրտչյանի վրա հարձակում է տեղի ունենում, որի արդյունքում նա հոսպիտալացվում է, ու բժիշկներն առանց վարանելու նրա մոտ ախտորոշում են «ուղեղի ցնցում»: Ամիսներ անց նրան այցելում մի լրագրող և Կարենից վերցնում մի հարցազրույց, որն ամիսներ անց դառնալու էր նրա բուժման հիմնական երաշխավորը:


Սովորական ուղեղի ցնցումից հետո Կարենը հայտարարում է, որ էլ չի կարող քայլել, ապա սկսում է կակազել, ապա առհասարակ դադարում է խոսել: Ի դեպ, նա կակազում է շատ վատ: Գուցե նա դերասան է, բայց վատ դերասան է: Տեսանյութը դիտած լոգոպեդ ընկերներս փաստեցին, որ կակազող մարդը չի կարող նման կերպ կակազել: Որոշ տառեր նա չի կարողանում արտասանել, ապա տեսանյութի վերջնամասում այդ տառերն արտասանում է ու սկսում է կակազել միանգամայն այլ տառերի վրա: Փաստացի, եթե Կարենը խնդիր ունենում է խոսելու հետ, դա չի լինում այն ձևով, որը նա ներկայացնում է տեսանյութում: Կոպիտ ասած՝ նա դերասան է և դերասանություն է անում: Դա նրա մասնագիտությունն է: Ամեն դեպքում, չկենտրոնանանք սրա վրա:

Տեսանյութից հետո լրատվական դաշտում սկսվում է իսկական արշավ ու հանգանակություններ են սկսում հոսել դեպի Կարենի բանկային հաշիվը: Ընթացքում տարբեր մարդիկ սկսում են պատմության մելամաղձոտ երանգներ հաղորդել. Կարենը ազատամարտիկ է (ՊՆ-ն ու որևիցէ այլ պատկան մարմին այդպես էլ չի հաստատել Կարենի ազատամարտիկ լինելու փաստը): Հիշեցնեմ, որ նույն կերպ ասում էին, որ շատ հզոր ազատամարտիկ ու հերոս է նաև Մոսկվայում վթարի ենթարկված Հրաչյա Հարությունյանը: Բայց ինչևիցե: Մենք սիրում ենք հորինել ու ճոխացնել, ապա հիասթափվել՝ պարզելով, որ շատ ենք ճոխացրել:
Ապա սկսում են տարածվել ինչ-որ դավադրության տեսություններ այն մասին, որ որակյալ դերասանների որս է գնում ու դրանով էլ ավելի հերոսացնել Կարեն Մկրտչյանին:

Ապա մամուլում նորից սկսում է հայտնվել Կարեն Մկրտչյանի բնակարանը, որտեղ նա վարձով է մնում: Հետագայում պարզվում է, որ դա ոչ թե վարձով տուն էր, այլ նրա աներոջ բնակարանն էր:

Ապա հնչեցվում է պատմության ամենակարևոր թիվը՝ 80.000 եվրոն: Ըստ թիվը հրապարակողների՝ հենց այս հսկայական գումարն էր անհրաժեշտ Կարենին վիրահատելու համար: Հիշեցնեմ, որ Կարենի մոտ ախտորոշվել էր սովորական ուղեղի ցնցում, որը գրված է նաև նրա էպիկրիզում, իսկ այդ գումարով, օրինակ, Գերմանիայում, որտեղ մեկնեց Կարենը, կարող են փոխպատվաստել երիկամ և ոսկրածուծ միանգամից (յուրաքանչյուր վիրահատության գինը 30.000-ից 40.000 եվրո է):

Ապա հայտնվում է մի բարերար, ով, տեսանյութից հուզված, հանձն է առնում վճարել Կարենի վիրահատության ողջ գումարը և նրան խնդրում է իրեն ուղարկել էպիկրիզն ու հիվանդանոցի տեղեկանքը՝ պահանջվող ծախսերի մասին: Կարենը, իհարկե, դա չի անում, որովհետև նման տեղեկանք հիվանդանոցից վերցնելն անհնար է, քանի որ նման դիագնոզով 80.000 եվրո արժողությամբ վիրահատություն չեն անում:

Արդյունքում Կարենը հավաքում է «անհրաժեշտ» գումարը գերազանցող գումար ու ընկերոջ հետ մեկնում է Գերմանիա: Նկատենք, որ ոչ թե կնոջ կամ մեկ այլ հարազատի, այլ հենց ընկերոջ, ում հետ ոտատակ է տալու Գերմանիան, ու ում հետ կայֆավատ լինել սկսեց հենց ինքնաթիռից: Իսկ այդ տեսանյութը, որտեղ տղերքը ջան են ասում, ջան լսում ու կատակում, հեռացվեց յութուբից:
Ի դեպ, այն մասին, որ գումարը հավաքվել է, Կարենը ասում է այն ժամանակ, երբ արդեն կասկածներ էին շրջանառվում, որ հավաքվել է 80.000 եվրոյից ավել գումար: Ու Կարենը դա անում է մարդկանց բերանը փակելու համար ու մեկնում:
Ապա Կարենը իր ուրախ ընկերոջ հետ ժամանում է Գերմանիա ու հետազոտվելուց հետո պարզվում է, որ արի ու տես, որ ոչ մի վիրահատություն էլ անհրաժեշտ չէր: Նրան ինչ-որ դեղեր են նշանակել, մասաժներ են արել ու հաշված շաբաթներում Կարենը վերականգնվել է: Ընթացքում ազատամարտիկ և հերոս Կարենը, իհարկե, չէր մոռանում հուզախառն նկարներ նկարվել ու նամակներ ուղարկել Գերմանիայից:
Ապա Կարենը գալիս է Հայաստան, նրան դիմավորում են իբրև հերոսի, ով պայքարեց ու հաղթեց հիվանդությանը: Հիմա էլ նա ասում է, որ դեռ բուժման մի կուրս էլ ունի, բայց արդեն լավ է ու իրեն նվիրելու է արվեստին ու ֆիլմ է նկարելու: Փաստորեն, փողը Կարենի մոտ գյոլ ա տվել:
Հիմա հարցս Կարենին: Եթե դու շառլատան չես ու մեզ խաբելով չես գնացել Գերմանիա, ապա բարի եղիր, հրապարակիր ծախսերդ, որ արել ես այնտեղ: Դու դա անել պարտավոր ես, որովհետև հանրությունը քեզ օգնել է, ու դու պարտավոր ես հաշվետվություն ներկայացնել քեզ օգնած հանրությանը: Ո՞ւր են այն գումարները, որոնք ավելացան, երբ պարզեցիր, որ ոչ թե վիրահատվելու ես, այլ դեղային բուժում ես ստանալու: Ինչո՞ւ ես լռում դրանց մասին: Ինչո՞ւ չես ավելացած գումարներով օգնում հիվանդ երեխաների»,-գրել է օգտատերը:

 

Հիշեցնենք, որ դերասան Կարեն Մկրտչյանը 2013-ի դեկտեմբերի 26-ին անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել իր բնակարանի մուտքում և հոսպիտալացվել՝ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ, որից հետո գտնվում էր անվասայլակին, կակազում էր և դժվարությամբ էր շարժվում:

Նրան Գերմանիա բուժման ուղարկելու նպատակով Հայաստանում կազմակերպվել էր մեծ դրամահավաք, որի օգնությամբ դերասանն ընկերոջ հետ մեկնել էր և օրերս վերադարձել Հայաստան՝ գրեթե ապաքինված։

Անկախ

Կյանքից հեռացել է դերասան Արտավազդ Երիցյանը

1073923_722127094476549_1034489449_oՏավուշի մարզի Տավուշ գյուղում կյանքից հեռացել է դերասան Արտավազդ Երիցյանը:

Հայտնի արվեստագետն իր բեմական գործունեության մի քանի տասնամյակի ընթացքում կերպավորել է բազմաթիվ դերեր, խաղացել՝ «Հիվանդ համար 199», «Քո ժպիտը միլիոն արժե», «Անդրոն ու Սանդրոն», «Ռուզան» ներկայացումներում:

Թարեկան արվեստի մեծ մասն Արտավազդ Երիցյանն անցել է «Կամոյի» պետական թատրոնում՝ աշխատելով միաժամանկ ռեժիսոր և դերասան: Ռուս կինոքննադատներից մեկը նրան որակել է  «հայկական բեմի ամենահաջողված սրիկան» բնորոշմամբ: Մոսկովյան հյուրախաղերի ժամանակ «Խաչատուր Աբովյան» ներկայացման մեջ Արտավազդ Երիցյանն այնպիսի ճարպկությամբ է մարմնավորել ուսուցչի կերպարն ու գողացել Նախաշավիղը, որ ստացել է այդ որակումը:

Դերասանը 83 տարեկան էր, մահացել է հիվանդության պատճառով: Չնայած առաջացած տարիքին, Արտավազդ Երիցյանն անկատար երազանքներ ուներ: Նրա ցանկությունն էր՝ հայրենի գյուղի դպրոցի ու մշակույթի տան բեմում հանդես գալ ներկայացումներով՝ տաղանդը փոխանցելով փոքրիկ համագյուղացիներին:

 

Անկախ 

Թոմը Քրուզը ճանաչվել է Մեր ժամանակների լեգենդ

Tom Cruise-awards1Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը՝ Թոմ Քրուզը «Ջեյմեսոն  Էմփայր ֆիլմ» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է Մեր ժամանակների լեգենդ:

Հոլիվուդյան դերասանը Լոնդոնում կազմակերպված մրցանակաբաշխությանը ներկայացել է մուգ կապույտ կոստյումով, որը համադրել էր բաց կապույտ վերնաշապիկով և մուգ մոխրագույն փողկապով:

Մրցանակը Թոմին հանձնել է դերասանուհի Ռոզամունդ Փայկը, որն  առիթն  օգտագործել էր 51-ամյա աստղի նկատմամբ իր հարգանքը արտահայտելու համար:

Այս մրցանակաբաշխությունը 25-րդ տարին է, ինչ կազմակերպվում է, և ողջ քվեարկությունն իրականացնում է հանրությունը: Այս տարի որոշ հոլիվուդյան դերասաններ ևս մրցանակ են ստացել իրենց ջանքերի համար:

Հոլիվուդի լեգենդ Առնոլդ Շվարցենեգերը ճանաչվել է Մեր ժամանակների էքշն հերոս:

Մրցանակներ են ստացել նաև Մայքլ Ֆասբենդերը, Մարգո Ռոբին, Ալֆոնսո Կուարոն:

 

Բարեգործական ակցիա՝ դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար

կարեն մկրտչյանԵրկուշաբթի՝ մարտի 24-ին, ժամը 13.00, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում (Իսահակյան 36) կբացվի ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Կարեն Մկրտչյանի բուժման համար։ Ցուցադրված կլինեն բուհի ուսանողների, դասախոսների աշխատանքները։ Միջոցառման ժամանակ ցանկացողները կարող են նաև հանգանակություն կատարել:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 27-ը։

Բարեգործական ակցիան կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանն է մահացել

b_781549Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանին հայտնաբերել են  Նյու-Յորքի տանը:

Դերասանը հանրահայտ է դարձել երկրորդ պլանի դերերով, 2012-ին, “Վարպետը” ֆիլմում խաղացած երկրորդական դերի համար նա արժանացել է Վենետիկի կինոփառատոնի լավագույն դերասան մրցանակին: 2006-ին նա “Օսկարով” է պարգևատրվել “Կապոտե” ֆիլմի գլխավոր դերի համար:

46-ամյա Հոֆմանը 3 երեխա ուներ: Նախնական տվյալներով, դերասանը մահացել է հերոինի չարաշահումից: Աղբյուրներից մեկի վկայությամբ, մահացած Հոֆմանի ձեռքում ներարկիչ է հայտնաբերվել:

Անկախ 

Չեխիայի պաշտպանության նախարար է դարձել հայտնի դերասան Մարտին Ստրոպնիցկին

stropnicky-martinՉեխիայում քննարկում են կառավարության նոր կազմը: Կոալիցիոն կաբինետում 3 գլխավոր կուսակցությունների ներկայացուցիչներ են: Ամենաշատ ուշադրությունը պաշտպանության նախարար Ստրոպնիցկու կողմն է, քանի որ ամենաճանաչելին է.համարյա ամեն երեկո նա հեռուստաէկրաններին է հայտնվում` սերիլաներում ու ֆիլմերում:

Ստրոպնիցկին հիմնականում դետեկտիվ ֆիլմերում է խաղում: Նա  բեմադրություններ է ներկայացրել թատրոնում,գրքեր գրել: Տիրապետում է 6 լեզվի, այդ թվում` ռուսերենին: Քաղաքականության մեջ վաղուցվանից է.1993 հասցրել է Պորտուգալիայում, Իտալիայում ու Վատիկանում դեսպան լինել: 1998-ին եղել  է մշակույթի նախարար, սակայն ոչ երկար:

Շատերը հիմա քննադատում են վարչապետ Սոբոտկոյին` նման նշանակման համար,  փաստարկելով, որ նախկին դերասանը ազգային անվտանգության հարցերից ոչինչ չի հասկանում ու նոր դերից էլ,հնարավոր է, գլուխ չհանի:

Անկախ

Վախճանվել է բրիտանացի լեգենդար դերասան Պիտեր Օ’ Թուլը

Portrait-of-actor-Peter-OToole-holding-cigarette-1138962Լոնդոնում  կյանքի 82-րդ տարում երկարատև հիվանդությունից վախճանվել է հանրահայտ դերասան Պիտեր Օ’Թուլը:

Վերջին տարիներին դերասանը տառապում էր պանկրեատիտով. նրա մոտ հիվանդությունն ախտորոշվել է 70-ականներին: Օ’Թուլի հիվանդության պատճառն ալկոհոլի նկատմամբ հակումն էր, սակայն աղիքների մի մասի հեռացումից հետո` նա դադարեց խմել:

Օ’Թուլը ճանաչված դարձավ 1962-ին, Լոուրենս Արաբացու` նույնանուն ֆիլմում  դերակատարման շնորհիվ: Բացի այդ, նա խաղացել է “Ինչպես գողանալ միլիոն”,”Առյուծը ձմռանը”,”Կալիգուլա”,”Վերջին կայսրը”,”Տրոյա” ֆիլմերում:

Ընդհանուր առմամբ նա 8 անգամ է ներկայացվել ‘Օսկարի” մրցանակի, սակայն երբևէ երանելի արձանիկ չի ստացել: 2012-ին նա պաշտոնապես հայտարարեց դերասանական կարիերայի ավարտի մասին.”Ես այլևս հոգեկան ուժ չունեմ նկարահանվելու համար, ու դա այլևս անդառնալի  է”:

Դերասանի վախճանի կապակցությամբ ցավակցություն են հայտնել վարչապետ Դևիդ Քեմերունն ու Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսը:

Անկախ

Մահացել է ֆիլմի նկարահանման մեկնելու ժամանակ վթարի ենթարկված դերասաններից ևս մեկը

վթարԱյսօր՝ ժամը 12:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է ֆիլմի նկարահանման մեկնելու ընթացքում վթարի ենթարկված Արամ Փիլոսյանը: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:   Հիշեցնենք, որ պատահարը տեղի էր ունեցել դեկտեմբերի 6-ին՝ Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհին: «Դիպուկահար» ֆիլմի համար սահմանային դրվագ նկարահանելու նպատակով մեկնած դերասանների ավտոմեքենան բախվել էր ճանապարհի շրջանաձև հատվածի բետոնե քարերին և կողաշրջվել:    Վթարի հետևանքով տուժածներ Տ.Ասոյանը, Վարազդատ Խաչատրյանը, Արկադի Կլեկչյանը, Արամ Փիլոսյանը և Ջիվան Նիկոլյանը տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ճանապարհին Ջիվան Նիկոլյանը մահացել էր:   Իսկ Արամ Փիլոսյանը՝ գանգուղեղային վնասվածքով, կոմայի մեջ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

 

 ԱՆԿԱԽ