Մանկապարտեզներում քաղքենի սովորույթները դեռևս չեն վերանում

ֆոնդՄայրաքաղաքում գործող պետական նախակրթական հաստատությունները` մանկապարտեզները, երբեմն հիշեցնում են վաղեմի բարքերը: Ուրիշին գրպանելը կամ գումար կորզելը ոչնչով չի տարբերվում կաշառքից, որը չմոռանանք` քրեորեն պատժելի է: Ասվածը վերաբերում է դպրոցներում և մանկապարտեզներում դրամահավաքության սովորույթին:

Տարիներ առաջ, երբ մանկապարտեզները դարձան անվճար, և պետությունն իր վրա վերցրեց մանկապարտեզները ֆինանսավորելու բեռը, խստացվեց դրամահավաքության արգելքը: Քաղաքապետարանը վերահսկողություն սահմանեց բոլոր մանկապարտեզներում թե՛ սննդի որակի, թե՛ ավելորդ չարաշահումների ուղղությամբ` գործարկելով թեժ գծի ծառայությունը:

Չերկարացնելու համար նշեմ, որ բոլոր մանկապարտեզներում գործում են պարի, ռուսերենի, նկարչության, ֆիզկուլտուրայի խմբակներ, որոնք վճարովի են և կամավոր: Սակայն կամավոր ասվածը հարաբերական է, քանի որ դաստիարակները, ըստ հատուկ հրահանգի, բոլոր ծնողներին հորդորում են ընդգրկել երեխաներին բոլոր մասնավոր պարապմունքներում:
Սպորտը մանկահասակ երեխաների շրջանում գուցե առողջարար է և նախընտրելի, սակայն ռուսերենը, կարծում եմ, վաղ տարիքի երեխաների համար անըմբռնելի է, հատկապես այն պարագայում, երբ այդ տարիքի երեխաները նոր-նոր են սկսում իրենց մայրենին արտաբերել: Սա կարծես դրամ կուտակելու մի ձև է, որն անհայտ է` ինչ կերպ է տնօրինվում:

Մինչ այս պահը մանկապարտեզներում գործում էր նաև ամենամսյա դրամահավաքության ևս մեկ տեսակ: Ծնողներից 500-ական դրամի հավաքը բացատրվում էր պետության կողմից մանկապարտեզներին հատկացվող կենցաղային որոշ անհրաժեշտ պարագաների սակավությամբ (խոսքը վերաբերում է լվացման և մաքրման պարագաների, անձեռոցիկների, սպասքի ձեռքբերմանը և այլն): Սակայն վերջերս թեժ գծով հնչած բազմաթիվ բողոքներից ելնելով` քաղաքապետարանը խստիվ արգելեց շարունակել դրամահավաքությունը նաև ամենամսյա ֆոնդերի ուղղությամբ: Փոխարենը, ծնողները պարտավորվում են սեփական միջոցների հաշվին ապահովել մանկապարտեզներին վերոնշյալ պարագաներով:

Նշենք, որ վաղուց գործում է նաև «Օգնիր մանկապարտեզին և դպրոցին» հիմնադրամը, որի հավաքած գումարների միջոցով հնարավոր է դառնում մանկապարտեզներում լուծել որոշ առաջնահերթ խնդիրներ նաև մասնավոր հիմունքներով: Օրինակ` ծնողներից մի քանիսի կամավոր ցանկությամբ մանկապարտեզներում գորգեր են փոխվել, սանհանգույցներ են վերանորոգվել, վարագույրներ և պատուհաններ են թարմացվել: Սակայն, հիմնադրամը գործում է զուտ կամավոր սկզբունքով, համենայն դեպս` դա հաստատում են քաղաքապետարանի համապատասխան բաժնի պատասխանատուները:

Իրականում ինչպիսի՞ն է իրավիճակը:

Ամենուր մանկապարտեզի տնօրինության կողմից հայտարարվում է, որ ամսական նվազագույնը 1000-ական դրամ մուծելը ոչ թե պարտադիր, այլ խղճի հարց է: Գումարի վճարումը, ի դեպ, ավելի թափանցիկ կազմակերպելու համար առաջարկվում է կատարել առևտրային բանկերում բացված հատուկ հաշվեհամարներին, որի ընթացքում որպես միջնորդավճար գանձվում է 200 դրամ: Արդյունքում` 1200 դրամն ամեն ամիս մնում է ծնողների հոգսաշատ ուսերին: Իսկ եթե մայրը բազմազավակ է կամ երկու երեխա է մանկապարտեզ տանում` գումարը կրկնապատկվում է:

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության ղեկավարը` Գայանե Սողոմոնյանը, քանիցս նշել է, որ այդ գումարը մանկապարտեզի ֆոնդին հանձնելը կատարվում է միայն կամավոր սկզբունքով: Չարաշահումների գործոնը տիկին Սողոմոնյանը բացառում է, քանի որ քաղաքապետարանն այս հարցին մշտապես հետամուտ է. «Ինքս առիթ եմ ունեցել ծնողների հետ հաճախակի հանդիպելու և հորդորելու նրանց, որ պարտադրաբար գումարներ կորզելու պարագայում դիմեն համապատասխան վարչությանը կամ ահազանգեն թեժ գծին: Թեժ գծի համարը հասանելի է և տեսանելի բոլոր ծնողների համար: Նրանք մեզ այսօր օգնում և համագործակցում են մեզ հետ բավական ակտիվորեն: Անհեթեթ զանգեր, բնականաբար, լինում են, սակայն յուրաքանչյուր զանգին հետամուտ ենք լինում կարճ ժամկետում: Նրանց կարծիքն ու ցանկությունը մեզ համար շատ կարևոր է: Նրանք փորձում են մեզ հետ միասին արմատախիլ անել մանկապարտեզներում դեռևս գոյություն ունեցող բացասական երևույթները: Շատ խնդիրներ են եղել, որոնցից շատերը լուծվել ու կանոնակարգվել են»:

Սակայն որոշ մանկապարտեզներում, նույնիսկ` կենտրոն համայնքի, շարունակում են, անվճարունակ կամ վճարումից հրաժարվող ծնողներին ամոթանք տալով, բարեգործական ֆոնդ ձևավորել: Հարց է, թե իրականում ում բոստանն են գնում կենցաղաշատ ու սոցիալական ծանր պայմաններում մի կերպ իրենց գոյությունը քարշ տվող բազմազավակ ընտանիքիների փողերը:

Լ.Ն

Անկախ

Կարենն անցնում է հետազոտությունների փուլը. մի քանի օրից բժիշկները հստակ պատասխաններ կտան

198198Դերասան Կարեն Մկրտչյանի ընկերը` Սանյա Փարսադանյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Չնայած այն բանին, որ ամբողջ գումարը դեռ չի հավաքվել, Կարենը մեկնել է: Կարենը հիմա արդեն անցնում է հետազոտությունների փուլը, մի քանի օրից բժիշկները հստակ պատասխաններ կտան: Կարենն ասում է, որ իրեն շատ է դուր եկել այնտեղ` մանավանդ օդը շատ մաքուր է:

Ինչ վերաբերում է դրամահավաքներին, դադարեցված է միայն փողոցային դրամահավաքը, ուշադրություն, միայն փողոցային դրամահավաքը: Որովհետև հայտնվում են տարատեսակ արարածներ, ովքեր փորձեր են կատարում իրենց օգուտը քաղել այս ամենից: Քանի որ գումարը ամբողջությամբ դեռ չի հավաքվել, կազմակերպված են տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Կարենի հաշվեհամարին, ինչպես նաև բոլոր միջոցառումների ժամանակ դրված են լինելու արկղեր, որտեղ բոլոր ցանկացողները կարող են հանգանակություն կատարել:

21.03.2014 Կինո Մոսկվա, Կարենի ֆիլմի ցուցադրություն, մուտքը անվճար, ժամը 19:30, 20:00, 20:30

22.03.2014 DJ-ների համերգ Հյուսիսային պողոտայում 14:00-21:00

30.03.2014 Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ բարեգործական համերգ

Հաշվեհամարներ
UNIBANK AMD 24100265048901,

USD 24100265048902,

EURO 24100265048903:
Միայն Beeline -ի և Viva Cell-ի բաժանորդները կարող են ուղարկել SER բառը 7733 կարճ համարին: Արժեքը` 500 դրամ”:

 

Հիշեցնենք, որ դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանը բուժման նպատակով արդեն գտնվում է Գերմանիայում:

 

Անկախ