Երկու խենթ երիտասարդի գաղափարը կարող է փոխել ամառային Երևանի ժամանցային մշակույթը

IMG_4168Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ երկու երիտասարդ՝ Տաթևն ու Գևորգը, հաճախելով երևանյան կինոթատրոններ, մի օր հասկացան, որ իրենց ինչ-որ նոր բան է հարկավոր: Հատկապես ամռանը փակ կինոթատրոններն այնքան էլ չեն ձգում, իսկ սրճարանային ժամանցն արդեն սպառել է իրեն: Ուրեմն, ի՞նչ կուզենային, որ լիներ նոր, հաճելի, ոչ ստանդարտ ու միաժամանակ՝ հետաքրքիր ու բովանդակալի. բացօթյա կինոթատրոն: Երևանյան երեկոները ժամանցով լցնելու հիանալի տարբերակ: Սակայն Երևանում բացօթյա կինոթատրոններ չկան:
Երիտասարդների ցանկությունն աստիճանաբար վերածվեց գաղափարն իրագործելու ցանկության: Սակայն չէին էլ կարող պատկերացնել, որ մի օր հենց իրենք կնախաձեռնեն ու կիրականացնեն դա:

1907310_640239612698258_9011680058174529987_n«Cornpop cinema». բացօթյա այս կինոթատրոնը հունիսի 1-ից երևանցիներին կհյուրընկալի մարզահամերգային համալիրի հարևանությամբ գտնվող բլրի լանջին՝ առաջարկելով տարբեր ֆիլմեր՝ թեմատիկ, դասական, հին ու նոր, սիրված ու գնահատված, կլինեն նաև մուլտֆիլմեր երեխաների համար, ինչպես նաև` ֆիլմեր օտար լեզուներով արտերկրի հյուրերի կամ սփյուռքահայերի համար:

Կինոթատրոնի նպատակն ամենավերջին ֆիլմերի ցուցադրությունը չի լինելու, այլ հաճելի ժամանցի ապահովումն ու կինոթատրոն հաճախելու մշակույթի վերականգնումը:
«Cornpop cinema»-ի ֆեյսբուքյան էջում նախապես տեղադրվելու է ֆիլմերի ցանկ, և մարդկանց կողմից ամենաշատ հավանությանն առաջացած ֆիլմերն էլ ընտրվելու են ցուցադրության համար:

«Cornpop cinema»-ի առանձնահատկություններից մեկն էլ լինելու է մատչելիությունը: Այս կինոթատրոնից օգտվելու հնարավորություն պետք է ունենան բոլոր ցանկացողները: Նախաձեռնության հեղինակներն իրավացիորեն նշում են, որ եթե մարդ ուզում է Երևանում ամառային երեկոներին դուրս գալ տնից և ժամանակ անցկացնել, չի կարող առանց կլորիկ գումար ծախսելու վերադառնալ, քանի որ ազատ զբոսայգիները խիստ սահմանափակ են, սրճարանները՝ թանկ: Ուստի իրենց կինոթատրոնի մուտքը սահմանել են ընդամենը 1000 դրամ, իսկ դրա դիմաց այցելուներին մի քանի անգամ ավելի մեծ ծառայություն են մատուցելու:

10270399_654073431314876_1411413759694443709_nՏոմսերի փոխարեն այցելուն ստանալու է հատուկ ապարանջան, որն ամրացնելու է թևին՝ դրանով տարբերվելով որպես «օրինական ֆիլմ դիտող», քանի որ տարածքը շուրջ 2000 քմ է:

Այս կինոթատրոնը տարբերվելու է նաև նրանով, որ մարդիկ ֆիլմը կարող են դիտել սեփական ավտոմեքենաների մեջ նստած, ինչն ընդունված բան է արտերկրում:
Կինոդիտման համար նախատեսված էկրանն ամենախոշորն է լինելու Հայաստանում: Տեխնիկական մասի առումով էլ շեշտը դրված է բարձր որակի ապահովման վրա:
Ի դեպ, վճարած գումարով այցելուն ապահովվելու է նաև տաք ծածկոցով և բարձով, որպեսզի առավել հարմարավետ ու հաճելի անցնի կինոդիտումը:

10325166_658069417581944_3583619469479552389_nԿինոդիտման տարածքում լինելու է նաև մի հին «Երազ» մակնիշի ավտոմեքենա: Այդ անսարք ու կիսախարխուլ ավտոմեքենան, որը երիտասարդները գտել են քաղաքից դուրս գտնվող մի վայրում, այժմ ներկվել ու յուրօրինակ տեսք է ստացել, քանի որ կարևոր առաքելություն ունի. այն ծառայելու է որպես սննդի փոքրիկ կետ, որտեղից այցելուները կարող են գնել զովացուցիչ ըմպելիքներ, պոպկոռն, քաղցրավենիք և այլն: Ավտոմեքենա-կրպակն արդեն անուն էլ ունի` «hripsikimot»:

Կինոթատրոնը կգործի հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի վերջը:

 

10296744_654106217978264_4652869963552127396_nՆախաձեռնության հեղինակներից Տաթև Մխիթարյանը Մոսկվայից է վերադարձել Երևան: Նա 9 տարեկան էր, երբ 1996 թ. ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան: Չնայած հաջողությամբ ավարտում է դպրոցը, ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, իսկ համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի անցնում Ռուսաստանի ամենախոշոր կինոմատակարար և ֆիլմարտադրության ոլորտի առաջատար կինոընկերությունում՝ «Централ Партнершип»-ում, Հայաստանը ձգում էր: Նա ցանկացած հնարավորության դեպքում գալիս էր Երևան, իսկ Մոսկվա վերադառնալիս մի լավ սթրես ապրում: Ի վերջո, 2011 թ. որոշում է դուրս գալ աշխատանքից և տեղափոխվել Հայաստան՝ չմտածելով, անգամ, թե ինչով պետք է զբաղվի այստեղ:

Աշխատանք, իհարկե, գտնում է, բայց որոշ ժամանակ անց, երբ ձանձրանում է և փորձում որևէ այլ հետաքրքիր բան գտնել, պարզվում է, որ Հայաստանում դա այնքան էլ հեշտ չէ. ինչպես ասում են՝ գործը թափված չէր: Իսկ երիտասարդ, զարգացած, եռանդով ու էնտուզիազմով լի աղջկա համար ոչնչով զբաղվելն անհնարին էր:

Եվ երբ երկու տարի առաջ ծանոթանում է Գևորգի՝ հիմա արդեն գործընկերոջ հետ, նրան հանգիստ չի տալիս Երևանում հետաքրքիր ժամանցի կենտրոն, հատկապես բացօթյա կինոթատրոն ստեղծելու գաղափարը, որով անչափ ոգևորված ու տարված էր նաև Գևորգ Մարգարյանը` DJ Guevo-ն: «Սակայն դրա համար մեծ միջոցներ էին հարկավոր, որը մենք չունեինք,- խոստովանում է նա,- և սկսեցինք մեր ընկերներին, ծանոթներին խառնել, հարցուփորձ անել, թե որտեղից կարող ենք ձեռք բերել տեխնիկա կամ ֆինանսներ: Հետո որոշեցինք վարձակալել: Մեզ խորհուրդ տվեցին դիմել Մարզահամերգային համալիրի ղեկավարությանը: Հիմա համագործակցում ենք, վարձակալում ենք համալիրի տարածքի մի մասն ու տեխնիկան»:

Երիտասարդները հույս ունեն, որ իրենց նախաձեռնությունը կհաջողվի, քանի որ Հայաստանում արդեն ձևավորվել է մի խավ, որին դա կարող է հետաքրքրել, մանավանդ որ աշխարհի զարգացած երկրներում այն վաղուց արդեն նորույթ չէ:

Սակայն նրանք այսօր ավելի շատ գործում են էնտուզիազմով և իրենց գաղափարը չեն դիտում որպես շահույթ հետապնդող բիզնես, թեև այն հետագայում կարող է նաև այդպիսին լինել: Առայժմ միայն ծախսեր են անում: Իսկ թե երբ կկարողանան շահույթ ստանալ, առայժմ չեն կարող ասել:

Բայց երբ պատմում են իրենց արկածների մասին վարկային կազմակերպություններում ու բանկերում, թե ինչպես են բոլորից մերժում ստացել, երբ ցանկացել են բիզնես վարկ ձեռք բերել նախաձեռնության իրականացման համար, միանգամից հառնում է հայաստանյան տխուր իրականությունը: «Մենք հասկացանք, որ եթե մարդ ուզում է Հայաստանում ինչ-որ նոր բան ստեղծել զրոյից, որը կարող է նպաստել նաև բնակչության զարգացմանը, ապա կանգնում է մի շարք խնդիրների առջև և ուղղակի կարող է հուսահատվել ու հրաժարվել իր բիզնես նախագծից,- ասում է Գևորգը:

Բարեբախտաբար, այս երիտասարդներն այնքան լավատես են ու այնքան դրական էներգիայով լի, որ այդ մերժումներից հետո թևաթափ չեն լինում ու չեն հրաժարվում իրենց գաղափարից, չնայած, ի վերջո, ստիպված են լինում իրենց ունեցվածքը գրավ դնել գումար ձեռք բերելու և ծախսերը հոգալու համար:

Իսկ Տաթևը Մոսկվա վերադառնալու մասին արդեն չի էլ մտածում: Նա ընդմիշտ կապվել է Հայաստանին:

 Անի Գասպարյան

 Անկախ

«Կաթով սուրճ» եթերում ռաբիս չի հնչի. Գուրգեն Ալեքյան

Գուրգեն Ալեքյան «Նախագիծը ժամանցային, ինֆորմացիոն ու ամենակարևորը թեթև երաժշտական է: ՀՊՄՀ-ի առաջին համալսարական ռադիոյի` Ռադիոֆամայի եթերում շուտով կհնչի «Կաթով սուրճ» ժամանցային, չհոգնեցնող հաղորդաշարը»,-Անկախի հետ զրույցում նոր հեղինակային ռադիոհաղորդաշարի մասին նշեց լրագրող Գուրգեն Ալեքյանը:

Նրա խոսքով միտքը վաղուց կար` հյուրեր, քննարկումներ, թեթև ժամանց:  Հաղորդումը եթեր կտրվի ամեն ուրբաթ, ամփոփելով շաբաթվա առավել հետաքրքիր ու կարեւոր իրադարձությունները.

«Ռադիոն ուսանողական է` հաղորդումն էլ կլինի երիտասարդական: Կարծում եմ պետք է լսել ճաշակով երաժշտություն ու մոռանալ ծանր օրվա խնդիրների մասին: Նախատեսել եմ ամեն հաղորդման ընթացքում մի հետաքրիր հյուր ունենալ, ով կխոսի ու չի հոգնեցնի: Այս ֆորմատը շատ է տարածված Եվրոպայում` թեթև ժամ, ուղղակի լավ երգ ու հետաքրքիր ինֆո»:

Իսկ թե ինչու «Կաթով սուրճ», լրագրողը մեզ հետ զրույցում նշեց, որ հենց իր ամենասիրելի ըմպելիքներից մեկն է այն, կեսօրին այն շատ արդիական է, ունկնդիրները վայելուն են բարձրորակ երաժշտություն եւ մի թարմ, տաք գավաթ կաթով սուրճ: Ինչ վերաբերում է երաժշտությանը, Գուրգենը պնդեց, որ միանշանակ ռաբիս չի հնչի իր եթերում, դա եթերի երաժշտություն չէ, կլինեն հայկական եւ արտասահմանյան հիթեր ու նոր երգեր, կա պրեմիերա էջ, որտեղ ամեն շաբաթ ներկայացնելու են արտասահմանյան ու հայկական նոր երգեր:

«Միշտ սիրել եմ ռադիոն, սերս ավելի մեծացավ, երբ սկսեցի աշխատել Հանրային ռադիոյում:  Ռադիոն միշտ է արդիական` ինձ համար այն ուրիշ աշխարհ է, այստեղ քեզ չեն տեսնում ու պատասխանատվությունն ավելի մեծ է խոսքդ ու ասելիքդ ավելի հստակ ու ճիշտ մատուցելու համար: Սպասումներս մեծ են, առաջին հեղինակային ռադիոնախագիծս է, ուզում եմ ունկնդիրս լսի ու պարզապես սիրի այն, աշխատանքին զուգընթաց` վայելի»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ