Հայաստանի մանուկները սիրո և հայրենասիրության պատգամ են հղում ԼՂՀ զինվորներին

Հայաստանի մանուկներ հիմնադրամ

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ ՀՀ Արմավիրի մարզը ներկայացնող, 20 անդամից բաղկացած «Իմ թատրոն» ինտերակտիվ թատերախումբը հայրենասիրական ոգևորիչ բեմադրություններով հանդես եկավ ԼՂՀ պաշտպանության բանակի մի շարք զորամասերում: Երիտասարդ դերասան-դերասանուհիները մնջախաղի միջոցով ցուցադրեցին, թե ի՞նչ նշանակալի դեր ունի սիրո պատգամը կյանքում, թե որքա՞ն է այն անհրաժեշտ թե´ ծերերին, թե´ փոքրերին, թե´ հատկապես հայրենիքի այն արի զավակներին, ովքեր, զենքը ձեռքներին, հպարտորեն պաշտպանում են հայրենի հողը, ապահովում խաղաղությունն ու անամպ երկինքը ներկա և ապագա սերունդների համար:

Միմյանց սատար կանգնելու, ոգևորելու, ջերմություն, սեր և փոխըմբռնում հաղորդելու թեման այն հիմնական ուղերձն էր, որն ընկած էր գյուղաբնակ երեխաներից կազմված թատերախմբի ներկայացումների հիմքում:

ԼՂՀ-ում կայացած հյուրախաղերին հաջորդեցին «Իմ թատրոն» թատերախմբի երիտասարդ անդամների հանդիպումները զինվորների և սպայական ղեկավար անձնակազմի հետ՝ նպատակ ունենալով ուսուցողական զրույցների միջոցով վեր հանելու զինվորական ծառայության առաքինի դերն ու դաստիարակչական նշանակությունը երկրի պատանի քաղաքացիների շրջանում:

Նախագիծը կյանքի է կոչվել COAF-ի, ՀՀ Պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի համագործակցության արդյունքում: Այն ևս մեկ անգամ վկայակոչում է համախմբվածության և միասնական ուժի կարևորությունը, մատնանշում, թե ի՞նչ առավել դրական արդյունքների և ձեռքբերումների կարելի է հասնել միասնաբար՝ հավաքական ոգու և հայրենիքի հանդեպ նվիրվածության շնորհիվ:

«Իմ թատրոն» թատերախումբը գործում է 2013թ. մարտից: Ինտերակտիվ թատերախմբի շուրջ մեկուկեսամյա գործունեությունը հիանալի հնարավորություն է եղել երեխաների տաղանդն ու հնարավորությունները բացահայտելու, որոշ դեպքերում` նրանց խնդիրները հաղթահարելու համար: Թատրոնի շնորհիվ շարունակաբար զարգանում են երեխաների ստեղծագործական ու վերլուծական հմտությունները, նրանք յուրովի են արտահայտում սեփական ապրումներն ու հույզերը, իրենց կյանքում և համայնքում տեղի ունեցող իրադարձությունները վեր հանում, ներկայացնում են արվեստի միջոցով:

Հոգեբանական թատրոնը COAF-ի կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերից մեկն է, որն իր տեսակի մեջ առանձնանում է նորարարական լուծումներով և յուրովի է նպաստում համայնքների մարդկային կապիտալի զարգացմանը: Թատերախումբն այս կարճ ժամանակահատվածում հասցրել է հանդես գալ տարբեր բեմերում, այդ թվում՝ մասնակցել է «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան 13-րդ փառատոնին՝ արժանանալով «Թռիչք» մրցանակին, հատուկ բեմադրությամբ հարգանքի և հիշատակի տուրք է մատուցել բարերար Ջերարդ Գաֆեսճեանի կյանքին ու գործունեությանը:

Հակառակորդը հերթական անգամ հետ է շպրտվել՝ կրելով կորուստներ

1339061887_g_imageՕգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութի/ և հարավարևելյան /Մարտունու/ ուղղություններով հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հակառակորդը, կրելով կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:

Առաջնագծում ծավալված փոխհրաձգության ժամանակ պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 8-9-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 86 կրակոց:

Հայկական կողմից տուժածներ չկան:

ՀՀ զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

 

Անկախ

Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ

Թեև օգոստոսի 3-ին և այսօր առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր չեն ձեռնարկվել, այնուամենայնիվ, իրավիճակն առաջնագծում եղել է լարված, քանի որ ադրբեջանական զինուժը շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հիմնականում կիրառելով հրաձգային, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներ:
ԼՂՀ ՊՆ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8500 կրակոց:

ՊԲ առաջապահ ուժերը վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը

Բունդեսթագ

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի պատվիրակությանը, որի կազմում էին Քրիստոնեա-դեմոկրատական միության խմբակցության անդամներ Մանֆրեդ Գրունդը և Ալբերտ Վայլերը:
Ողջունելով գերմանացի պատգամավորներին՝ ԼՂՀ ԱԺ նախագահը կարևորել է Արցախի և Գերմանիայի օրենսդիրների միջև  համագործակցության զարգացումը՝ վկայակոչելով ս.թ. ապրիլի 2-ին և 3-ին Բեռլինում,  ԳԴՀ Բունդեսթագում իր ունեցած հանդիպումները:
Պատգամավորներ Մ.Գրունդը և Ա.Վայլերն իրենց գոհունակությունը հայտնեցին Ստեփանակերտ կատարած այցի առթիվ, նշելով, որ տարածաշրջանի մասին տեղեկություններն ամբողջական չեն առանց Արցախ այցելելու:
Պատասխանելով գերմանացի խորհրդարանականների՝ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին հարցին՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն անում է ամեն ինչ՝ բանակցային գործընթացը տապալելու համար:  Արցախի ԱԺ նախագահի համոզմամբ շփման գծում առկա լարվածությունը  պայմանավորված է նախորդ ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների խախտումների, ռազմատենչ քարոզչության, զանգվածային սպառազինման հանդեպ միջազգային կառույցների անհամարժեք արձագանքների և դրա հետևանքով պաշտոնական Բաքվի անպատժելիության զգացումով:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության  հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, ԼՂՀ փոխարտգործնախարար Ֆելիքս Խաչատրյանը և  Գերմանիայում ՀՀ դեսպանության  խորհրդական Աշոտ Սմբատյանը:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Շուրջ 200 ժամկետային զինծառայողներ և նրանց ծնողները հանդիպել են Երևանում

Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով ԼՂՀ պաշտպանության նախարար – ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի նախաձեռնությամբ Երևանից զորակոչված շուրջ 200 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին: Երևանում կայացած այս հանդիպումը շարունակությունն է արդեն երրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ՀՀ սահմանամերձ գոտիներում, ինչպես նաև ԼՂՀ զորամասերում ծառայող երևանաբնակ զինվորների ծնողների զորամասեր այցերի կազմակերպման ծրագրի: Կարևորելով նմանատիպ ծրագրերը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի վերոնշյալ նախաձեռնությունը լինելու է շարունակական. «Տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպում ենք այդ այցերը, ինչի արդյունքում ծնողները հնարավորություն են ստանում հենց տեղում ծանոթանալու իրենց որդիների ծառայության պայմաններին: Իսկ այս անգամ ԼՂՀ պաշտպանության նախարարությունն է հանդես եկել նախաձեռնությամբ, ինչն իսկապես ողջունելի է:

001 (1)

Եվ այսօր Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների շուրջ 200 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել արդեն Երևանում հանդիպելու իրենց ծնողներին ու հարազատներին: Համոզված եմ, որ այս նախաձեռնությունը ևս լինելու է շարունակական»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԼՂՀ պաշտպանության նախարար – ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի մասնակցությամբ զինծառայողների և նրանց ծնողների հանդիպման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել ԼՂՀ ՊԲ «Ասպետ» համույթը: Ներկաները հնարավորություն են ունեցել նաև դիտելու «Բանակը մեր տունն է» ֆիլմը:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով որդիական պարտքը հայրենիքի հանդեպ նվիրումով կատարող ժամկետային զինծառայողների ծնողներն արժանացել են շնորհակալագրերի:

Շնորհակալագրերը հանձնելով ծնողներին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը նշել է. «Այս դահլիճում նստած զինվորները և հազարավոր այն տղաները, ովքեր իրականացնում են իրենց ծառայությունը, քաջ գիտակցում են, որ հայրենիքը սկսվում է սահմաններից և որքան ամուր է սահմանը, այնքան հզոր է երկիրն ու նրա մայրաքաղաքը: Եվ այս գիտակցության շնորհիվ է, որ մեր պետությունն այսօր կա ու մեր ժողովրդի համար արարում, բարիքներ է ստեղծում անգամ շրջափակման մեջ:  Ինձ համար նաև մեծ պատիվ է դեմ առ դեմ հանդիպել այն ծնողին, ով իր զավակին կրթել, դաստիարակել է հայրենասեր և ուղարկել բանակ: Ու հենց նրանց շնորհիվ է, որ մեր բանակն այսօր հզոր է»:

Բարձր գնահատելով Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետի ներդրումը բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում՝ Մովսես Հակոբյանը, ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության համար, Տարոն Մարգարյանին, ի նշան երախտագիտության, պարգևատրել է Պաշտպանության բանակի հուշամեդալով:  

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ Տ.Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես լինելու է բանակի, զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին և իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել նրանց: 

Միջոցառման ավարտին Տարոն Մարգարյանը շփվել և զրուցել է զինծառայողների ու նրանց ծնողների հետ: Օգտվելով առիթից՝ վերջինները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ մշտական ուշադրության և աջակցության, ինչպես նաև ծառայության ընթացքում ծնողների հետ պարբերաբար հանդիպելու հնարավորություն ընձեռելու համար: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Գագիկ Հարությունյանը հանդիպել է ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պատասխանատուների հետ

NA Const CourtՀուլիսի 21-ին Արցախի Հանրապետության ԱԺ նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հանդիպումը ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պատասխանատուների հետ:

Բացելով հանդիպումը՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակիցներին  տեղեկացրեց, որ ՀՀ ՍԴ նախագահը հերթական անգամ Արցախ է ժամանել ԼՂՀ իշխանությունների և դատական համակարգի ներկայացուցիչների հետ իրավական զարգացումների և սահմանադրական արդարադատության հարցերը քննարկելու համար:
Այնուհետև ՀՀ ՍԴ նախագահը հանդես է եկել բանախոսությամբ՝ նվիրված ժամանակակից իրավական զարգացումներին, սահմանադրական համակարգերի հեռանկարներին և այլ հարցերի: Պարոն Գագիկ Հարությունյանն իր զեկույցում որոշ պարզաբանումներ է տվել նաև ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեության և քննարկվող հայեցակարգերի վերաբերյալ:
Հանդիպման վերջում ՀՀ ՍԴ նախագահը պատասխանել է մասնակիցների հարցերին:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

 

Անկախ

Երևանն ու Ստեփանակերտը փոխգործակցում են արդյունավետ

006Ստեփանակերտ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել ԼՂՀ մայրաքաղաքի գործընկերների հետ:

Ողջունելով Երևանի քաղաքապետին և պատվիրակության անդամներին` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հակիրճ ներկայացրել է հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության արդյունքներն ու շնորհակալություն հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևանի և Ստեփանակերտի արդյունավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում ցուցաբերվող մշտական պատրաստակամության և ջանքերի համար: «Երկու տարի առաջ էր, երբ համայն հայության մայրաքաղաք Երևանը բարեկամության և համագործակցության ձեռք մեկնեց Ստեփանակերտին և այսօր, պարոն քաղաքապետ, հաճելի է արձանագրելը, որ երկուստեք մեր փոխգործակցությունը բոլոր ուղղություններով զարգանում է արդյունավետորեն, գրանցվող հաջողություններն էլ իսկապես շոշափելի են: Եվ այդ ամենում, անշուշտ, շատ մեծ է Ձեր անձնական ներդրումը, ինչի համար մեկ անգամ ևս ուզում եմ իմ և բոլոր ստեփանակերտցիների անունից ի դեմս Ձեզ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանի ողջ աշխատակազմին՝ երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու  և ընդլայնելու գործում ցուցաբերվող մշտական պատրաստակամության ու ջանքերի համար», -նշել է Սուրեն Գրիգորյանը:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանն իր հերթին, նկատել է, որ հայկական երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցության հաստատումն անհրաժեշտություն էր՝ ընդգծելով, որ Ստեփանակերտը Երևանի համար ոչ միայն քույր քաղաք է, այլև հարազատ օջախ, ինչն իր հերթին նաև պարտավորեցնող է: «Ստեփանակերտի հետ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը մեզ համար ոչ միայն գործնական, այլև բարոյական մեծ նշանակություն ունի: Աշխատանքային խմբերի համագործակցված աշխատանքն անցած ժամանակահատվածում իսկապես նկատելի է և, հաշվի առնելով, որ այս տարի, ըստ էության, լրանում է երկամյա համագործակցության համաձայնագրի ժամկետը, առաջարկում եմ, այն թարմացնենք և արդեն հաջորդ համաձայնագիրը ստորագրենք քառամյա ժամկետով: Իմ կողմից արդեն իսկ հանձնարարվել է համապատասխան օղակների պատասխանատուներին, Ստեփանակերտի գործընկերների հետ միասին, քննարկել և նախապատրաստել նոր համաձայնագրի նախագիծը: Ես համոզված եմ, որ համագործակցության շարունակականության շնորհիվ ևս կգրանցենք նշանակալի արդյունքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է Տարոն Մարգարյանին, որ որոշվել է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի երրորդ շաբաթ օրը նշել որպես Ստեփանակերտի հիմնադրման օր և, օգտվելով առիթից, պաշտոնապես հրավիրել է Երևանի քաղաքապետին ԼՂՀ՝ մայրաքաղաքի օրը միասին տոնելու:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հայտարարությունը շատերին է զայրացրել

խանումյանՕրերս ԼՂՀ տարածքների և հայ-ադրբեջանական հակամարտության լուծման հարցի վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հայտարարությունը շատերին է զայրացրել: Ելույթում դեսպանը մասնավորապես նշել է, որ պետք է խնդրին խաղաղ լուծում տրվի և այլընտրանք չկա: «Ես և Ուորլիքն այն զգացողությունն ունենք, որ երկու կողմերն էլ երկու տարածքները դիտարկում են որպես մեկ ամբողջություն: Եթե նրանք այդ ընկալմամբ շարունակեն առաջնորդվել, ապա ոչ մի կարգավորում չի լինի: Պետք է ի վերջո հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի համար շատ կարևոր է, որ մյուս յոթ տարածքները վերադարձվեն Ադրբեջանին: Հակառակ դեպքում հակամարտությունը շատ երկար կտևի», – հավելել է ԱՄՆ դեսպանը: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի փոխնագահ Ջ. Ուորլիքի ելույթը, շարունակել է Հեֆֆերնը, երկու նպատակ է ունեցել: Նախ հանրային բանավեճի ձևավորում և այդ հարցում հաջողության է հասել, հետո ցանկացած բանակցությունների հիմքում անհրաժեշտ է ԼՂ և դրան շրջապատող տարածքների միջև տարբերակում:

 

 

Այդ հայտարարության բուն միտքը հասկանալու համար` զրուցեցինք Ստեփանակերտի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ, որը վստահեցրեց, որ ԱՄՆ դեսպանի՝ Արցախի տարածքները հանձնելու հայտարարությունը լուրջ վիրավորանք է` ուղղված հայ ժողովրդին և մասնավորապես Արցախի բնակչությանը:

 

«Իմ անձնական շփումներն ամերիկյան դիվանագետների, և մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի հետ ցույց են տալիս, որ վերջիններն այնքան էլ տեղյակ չեն իրողություններին, հայկական կողմի տեսակետներին, ինչը նաև բոլորիս թերացումն եմ համարում:Իսկ դեսպան Հեֆֆերնի հայտարարությունն անտեղյակության, անգրագիտության և հայ ժողովրդի նկատմամբ արհամարհանքի վկայություն է», – կարծիք  հայտնեց Հ. Խանումյանը:

 

Նրա խոսքերով` այդ հայտարարությունից հետո ՀՀ ԱԳ նախարարությունը պետք է դեսպանին շտապ հրավիրի արտգործնախարարություն և պարզաբանումներ ստանա: Այլ կերպ, նման պարագայում նախագահի մակարդակով դեսպանին չեն պատասխանում: Դժգոհության, բողոքի արտահայտման համար գոյություն ունի դիվանագիտական արարողակարգ, ինչպես, օրինակ` պարզաբանումների համար դեսպանին ընդունող երկրի ԱԳՆ հրավիրելը:

 

Մեր հարցին, թե ի՞նչ կարող ենք ակնկալել ԼՂՀ-ի հակամարտության լուծման ճանապարհին «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահը պատասխանել է. «Արցախյան հասարակության ներկայացուցիչների կողմից բազմաթիվ անգամ է հնչել, որ անհրաժեշտ է հակամարտության կարգավորման գործընթացին զուգահեռ ակտիվ քայլեր ձեռնարկել Արցախի ճանաչման ուղղությամբ: Քայլերի ճանաչման ուղղությամբ և վերաբնակեցման քաղաքականության վերսկսելու կարևոր երկու քայլ, որոնք էականորեն ամրացնելու են մեր դիրքերը: Մինչդեռ, ցավոք սրտի, վերջին 6-7 տարիներին վերաբնակեցման ակտիվ քաղաքականություն չի վարվում»:

«Այսօրինակ խոստում Բաքուն կփորձի կորզել Կրեմլից…». Արման Մելիքյան

Արման ՄելիքյանԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես չեմ գտնում, որ ռուսական կողմն այնչափ անզգույշ և անհեռատես կգտնվի, որ ազատագրված տարածքները կամ Արցախն ամբողջությամբ կհամաձայնի հանձնել Ադրբեջանին՝ վերջինիս Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու դիմաց:

Առավելագույնը ինչ կարող է այս պահին արվել մեր արմատական շահերին հակառակ, դա այն է, որ մեր հակառակորդին կխոստանան չճանաչել Արցախի անկախությունը կամ Հայաստանի հետ նրա հնարավոր վերամիավորումն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը կպահպանի ռազմաքաղաքական չեզոքությունը Ռուսաստանի հանդեպ: Ադրբեջանի ԵԱՄ անդամ դառնալու պարագայում վերջինս կարող է ակնկալել, որ անորոշ ապագայում Ռուսաստանի օգնությամբ հարցը կարող է լուծվել իր օգտին, և այսօրինակ խոստում Բաքուն կփորձի կորզել Կրեմլից: Գուցեև արդեն կորզել է»:

 

Անկախ

ԼՂՀ վարչապետը հանդիպել է տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներին

Arayik-Harutyunyan0Հուլիսի 1-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է  տաքսի ծառայություններ մատուցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և անհատ ձեռնարկատերերի հետ:

Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը նշել է, որ օրեր առաջ հանրապետության նախագահի հետ ոլորտի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ շոշափվել են բնագավառում առկա որոշ խնդիրներ, և հանձնարարական է եղել շահագրգիռ մարմինների մասնակցությամբ քննարկումներ իրականացնել: Անդրադառնալով կառավարության կողմից վերջին տարիներին կատարված բարեփոխումներին`  Ա. Հարությունյանը ընդգծել է, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ ոլորտն ազատականացնելու համար: Բացի վարչարարության պարզեցումից, վարչապետի խոսքով, Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից որոշ ընկերություններ աջակցություն են ստացել նոր մեքենաներ ձեռքբերելու համար: Ոլորտի բարեփոխմանը միտված այս ձեռնարկումներն ուղղված են տաքսի ծառայությունների որակյալ աշխատանքի ապահովմանը, ինչը կխթանի նաև զբոսաշրջության զարգացումը:

Հանդիպմանը ներկա ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը իր հերթին նշել է, որ ընթացիկ տարում ավելացել է տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների թիվը, և ներկայումս հանրապետության տարածքում լիցենզավորված  են  ավելի քան 300 տաքսի մեքենաներ:

Վարչապետը ներկաներին առաջարկել է բաց և համարձակ քննարկում անցկացնել՝ բարձրաձայնելով ոլորտում առկա հիմնախնդիրների մասին: Ողջունելով կառավարության ղեկավարի` իրենց ընդունելու նախաձեռնությունը, տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջնահերթ խնդիրներից առանձնացրել են զգալի թվով չլիցենզավորված տաքսիների առկայությունը, ինչը խանգարում է օրինական դաշտում գործող ընկերություններին ու անհատ ձեռնարկատերերին: Մատնանշվել են արտասահման մեկնելու ժամանակ դեղին համարանիշներով երթևեկելու հետ կապված դժվարությունները, գազի սակագնի, հաշմանդամներին տաքսի ծառայություններ մատուցելու իրավունքի տրամադրման, ճանապարհների անբարեկարգ վիճակի, ինչպես նաև հարկերի` բարձր լինելու հետ կապված հարցեր:

Անդրադառնալով վերոնշյալ խնդիրներին՝ վարչապետը, նախ, պատասխանատու կառույցներին հրահանգել է խստացնել վերահսկողությունը, որպեսզի չլիցենզավորված մեքենաներով տաքսի ծառայություններ չմատուցվեն: Ա. Հարությունյանի հանձնարարությամբ` կվերանայվեն դեղին համարանիշները սպիտակով փոխարինելու ժամկետները: Վարչապետն անհամաձայնություն է հայտնել հարկերի բարձր լինելու վերաբերյալ դիտարկմանը, նշելով, որ ՀՀ-ի համեմատ ոլորտի հարկերը անհամեմատ ցածր են: Նա հավելել է, որ ներկաների կողմից մատնանշված` անբարեկարգ ճանապարհների խնդիրը լուծելու համար անհրաժեշտ մեծ գումարները գոյանում են հենց հարկերից:

Խոսելով հաշմանդամներին տաքսի ծառայություններ մատուցելու համար վարորդական իրավունք տալու մասին՝ վարչապետը շեշտադրել է, որ այդ հարցը հատուկ մոտեցում է պահանջում:

Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ա. Հարությունյանը հայտարարել է, որ ոլորտն ուսումնասիրվել է և գազալցակայանների սեփականատերերին  սակագները կարճ ժամկետում վերանայելու առաջարկություն է ներակայացվել: Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք չեն ընդունի առաջարկվող փոփոխությունները, կառավարության լիազոր մարմնի կողմից կենթարկվեն համապատասխան պատժամիջոցների:

 

Անկախ

Հայաստանի վարչապետն այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջապահ դիրքեր

11405_am_3Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջին գիծ՝ պետական սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը:
Հանրապետության վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետում, ծանոթացել ծառայության անցկացման և կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց մարտական և հոգեբանական պատրաստվածությամբ: ՀՀ կառավարության ղեկավարը նվերներ է հանձնել մարտական հենակետը պաշտպանող բոլոր զինծառայողներին՝ անձնվիրությամբ և խիզախությամբ հայրենիքին ծառայելու համար: Մարտական առաջին գծում ծառայությունն ավարտած երկու զինծառայող զորացրվել են և Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ իր հետ վերադարձել տուն:
11405_am_6 (2)Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել զինծառայողների մարտական պատրաստականությունը և հոգեբանական վիճակը, ինչպես նաև գոհունակություն հայտնել զինծառայողների կենցաղային պայմաններից և սնունդից: «Շատ կարևոր է լինել զինվորների կողքին, լսել և տեղում ծանոթանալ նրանց բոլոր խնդիրներին: Այս անգամ ավելի շատ զգացի, որ զինվորների մոտ կա խանդավառություն, վստահություն և, ամենակարևորը, վիճակը լավ է: Նրանք արժանապատիվ գործ են անում՝ պաշտպանում են իրենց հայրենիքի սահմանները, ծնողներին, ընտանիքը: ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատարը՝ պաշտպանության նախարարը սրտացավ է և մանրակրկիտ տիրապետում է ամեն ինչին: Որպես պետություն՝ պարտավոր ենք ավելի լավ պայմաններ ստեղծել զինվորների ծառայության համար: Ծառայությունն այս վտանգավոր մարտական դիրքում, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիպուկահարներն են, մեծ զգուշություն և զգոնություն է պահանջում զինվորներից: Համոզված եղեք, որ մեր հայրենիքի պաշտպանների նկատմամբ մշտական ուշադրությունը, ուսուցողական աշխատանքը, վստահության ձևավորումը շարունակական են լինելու», – ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ անվտանգության ապահովումը մեր երկրի գերակա խնդիրն է և կարևորել է պետական բարձրաստիճան այրերի պարբերական այցերը մարտական դիրքեր: «Զինվորը պետք է հասկանա, որ իր թիկունքում կա պետություն, կա ժողովուրդ, ով գնահատում է իր ծառայությունը, ազգանվեր գործը: Աստված խաղաղություն տա մեր երկրին», – հավելել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Այնուհետև Հայաստանի վարչապետն այցելել է ԼՂՀ պաշտպանական բանակի N զորամաս, զրուցել զինծառայողների և սպայական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայողական և կենցաղային պայմաններին: Զինծառայողներին ուղղված ողջույնի խոսքում Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է. «Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ մենք շատ բարձր ենք գնահատում յուրաքանչյուր զինվորի և սպայի ծառայությունը: Զինծառայողների հետ զրույցի ընթացքում զգացինք, թե ինչ անձնվիրությամբ են նրանք ծառայում՝ պաշտպանելով մեր Արցախի անվտանգությունը: Վստահ եղեք, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ձեր ծառայությունը լինի ավելի որակյալ: Մենք կանդրադառնանք բոլոր այն խնդիրներին, որոնք կներկայացվեն մեր զինվորների, սպաների, հրամանատարների կողմից: Բոլորդ պետք է հասկանաք, որ Հայաստանի անվտանգությունն սկսվում է Արցախի անվտանգությունից: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Համոզված եղեք՝ մենք ձեր կողքին ենք լինելու և բարձր ենք գնահատում ձեր ծառայությունը»:
11405_am_7 (1)Զինվորական բարձր կարգապահությամբ և պարտաճանաչությամբ աչքի ընկնելու համար ՀՀ կառավարության ղեկավարը մի խումբ զինծառայողների և հրամանատարների նվիրել է ժամացույց և կենցաղային տեխնիկա:
Արցախի պաշտպանական դիրքեր այցելությամբ ավարտվել է Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան:
Անկախ

ԼՂՀ և ՀՀ վարչապետները Ստեփանակերտում այցելել են գործարաններ

IMG_5078ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնեցին, որ Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի ուղեկցությամբ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակությունն այսօր այցելել է Ստեփանակերտում գործող թեթև արդյունաբերության երկու խոշոր գործարաններ:

ԼՂՀ և ՀՀ վարչապետները Ստեփանակերտում այցելել են գործարաններ«Մետաքսկոմբինատ» ՍՊԸ-ում պատվիրակության անդամներին են ներկայացվել, մասնավորապես, բրդի մշակման, գորգի, կտորի և կարի արտադրամասերի հնարավորությունները: Վարչապետ Ա. Հարությունյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել հատկապես արցախյան գորգերի վերականգնված տեսակների վրա՝ կարևորելով դրանց դերը աշխարհին Արցախը ներկայացնելու գործում:

ԼՂՀ և ՀՀ վարչապետները Ստեփանակերտում այցելել են գործարաններ«Արցախֆրուտ» ՓԲԸ-ում ՀՀ կառավարության պատվիրակությունը ծանոթացել է պահածոների արտադրության գործընթացին: Ա. Հարությունյանը ներկայացրել է առկա ծավալների և տեսականու ընդլայման հեռանկարներն ու ծրագրերը: Վարչապետները երկու գործարաններում զրույցի են բռնվել աշխատողների հետ՝ հետաքրքրվելով աշխատանքային պայմաններից և աշխատավարձերից:

ԼՂՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ գործող արտադրամասերը ոչ միայն խթանել են Արցախի տնտեսական զարգացումը, այլև ստեղծել են հարյուրավոր նոր աշխատատեղեր՝ գլխավորապես կանանց համար:

Վարչապետ Հ. Աբրահամյանը, ողջունելով թեթև արդյունաբերությունում արձանագրված հաջողությունները, ընդգծել է դրանց դերն Արցախում նոր ներդրումների ընդգրկման գործում: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել այդ արտադրությունների ընդլայմանը և, հետևաբար, Արցախի տնտեսության զարգացմանը:

Անկախ

 

Հուլիսի 1-ից հանրապետությունում կբարձրացվեն աշխատավարձերը

ԼՂՀ կառավարությունԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը:

Հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման հետ կապված` նիստում սահմանվել են պետական կառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, համայնքների ղեկավարների և նրանց աշխատակազմերի աշխատողների, ԼՂՀ պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկների և կազմակերպությունների, կրթության և գիտության համակարգի կրթադաստիարակչական հիմնարկների և կազմակերպությունների առանձին կատեգորիաների աշխատողների, ինչպես նաև առողջապահության համակարգի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները: ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանի խոսքով` հանրապետությունում հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կլինի 50 հազար դրամ, հաշվարկման հիմքում օգտագործվել են ՀՀ-ում գործող գործակիցները: Եթե աշխատողի` նոր համա­կարգով հաշվարկված պաշտոնային դրույքաչափը ցածր է գործող պաշտոնային դրույքաչափից, ապա կպահպանվի գործող դրույքաչափը, իսկ նախորդ տարիներին առանձին ոլորտներում կատարված բարձրացումները կհամահարթեցվեն: Հաշվարկների համաձայն` այս մեխանիզմով մոտակա տարիների ընթացքում միասնական համակարգը կսկսի գործել լիարժեք, այսինքն՝ բոլոր առկա տարբերությունները կվերանան նվազագույն աշխատավարձի աճին զուգընթաց: Ակնկալվում է բոլոր ճյուղերում բարձրացնել աշխատանքի և մատուցվող ծառայությունների որակը: Այս կարևորագույն խնդրի լուծման նպատակով ամսական շուրջ 650 մլն դրամ է հատկացվելու պետական բյուջեից` 19,5 հազար շահառուների համար:

Մասնավորապես, կրկնապատկվելու են համայնքների ղեկավարների աշխատավարձերը, իսկ ուժային կառույցներում դրանք համապատասխանեցվելու են պաշտպանության նախարարության համապատասխան գործակիցներին:

Կարևորելով աշխատավարձերի բարձրացման գործընթացը` ԼՂՀ վարչապետը նշել է, որ կյանքի է կոչվում նախագահի նախընտրական և կառավարության գործունեության ծրագրերի հիմնական դրույթներից մեկը: Ա. Հարությունյանի գնահատմամբ` աշխատավարձերի բարձրացմամբ կմեղմվի սոցիալական լարվածությունը, և կբարձրանա բնակչության կենսամակարդակը: Այդ համատեքստում կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ 2014թ. հունվարի 1-ից աշխատանքային կենսաթոշակի հավելաճը կազմել է 17,6 տոկոս: Սոցիալական վիճակի բարելավմանը զուգահեռ կնվազի արտագնա աշխատանքի նպատակով հանրապետությունից մեկնողների թիվը, իսկ պետական կառավարման համակարգը կդառնա առավել մրցունակ:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ աշխատավարձային նոր քաղաքականությունը մեծ գումարներ է պահանջում: Նա հորդորել է կանոնակարգել ծախսերը և աշխատել պետական բյուջեի մուտքերը ավելացնելու ուղղությամբ:

Գործադիր իշխանության ղեկավարը այս ամենը, սակայն, բավարար չի համարել, որովհետև նվազագույն աշխատավարձը դեռևս շարունակում է ցածր մնալ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից. այդ ուղղությամբ անելիքները դեռևս շատ են,- շեշտել է նա: Աշխատավարձերի բարձրացման բացասական հետևանքներից առանձնացնելով գնաճն ու հատկապես մասնավոր հատվածում հնարավոր կրճատումները, վարչապետը նշել է, որ դրանք կանխելու համար կօգտագործվեն լծակներ թե’ պետական, թե’ հասարակական հատվածներում: Նրա խոսքով` անհրաժեշտ է բանակցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, որպեսզի այստեղ իրականացվող աշխատավարձային քաղաքականությունը ևս համահունչ լինի բարեփոխումներին: Աշխատավարձերի տարեցտարի բարձրացման տեմպերը, վարչապետի համոզմամբ, պետք է գերազանցեն գնաճի տեմպերին: Այսպես` 2015թ. նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 10 տոկոսի բարձրացում ևս: Աշխատավարձերի նկատելի բարձրացման մասին իր խոսքը կառավարության ղեկավարն ավարտեց բոլորին ուղղած շնորհավորանքով` համարելով այն կարևորագույն քայլ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհին:

Այսօրվա նիստում գործադիրը փոփոխությունններ է առաջարկել «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում, համաձայն որոնց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար, տարկետում տրվելու է արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողներին` մինչև նրանց 20 տարին լրանալը` ստացած գիտելիքները ծառայության ընթացքում օգտագործելու նպատակով:

Նիստում հաստատվեցին պետական մարմինների կողմից պահանջվող երաշխիքի օրինակելի ձևը, ինչպես նաև «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որում ընդգրկված է 9 միջոցառում: Դրանց իրականացումը նպաստելու է գրադարանային գործունեության կատարելագործմանը, գրադարանների տեսակների, գործառույթների, գրադարանների հավաքածուների հաշվառման, համալրման, պահպանության և հանրային գրադարանների հավատարմագրման կարգի, ինչպես նաև գրադարանների և գրադարաններից օգտվողների իրավունքների և պարտականությունների իրավական հիմքերի սահմանմանը:

Կառավարության կողմից ընդունված մեկ այլ որոշման համաձայն` «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» ՓԲԸ կողմից արտադրված 75 տոննա առաջին վերարտադրության սերմացու կտրամադրվի ցորենի մշակությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին, որով հնարավոր կլինի ընդլայնել ցանքատարածությունները:

 

Անկախ

Եվրասիական երիտասարդական համաժողովի մասնակիցները ծանոթացան ԼՂՀ խնդրին

երիտասարդներԵվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի «Եվրասիական անվտանգություն» աշխատանքային խմբում այսօր անդրադարձ եղավ Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու Լեռնային Ղարաբաղի խնդրին։ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ Սերգեյ Սարգսյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը, արցախյան հակամարտության պատմությունը, Ադրբեջանի կողմից սպառազինության մրցավազքը, հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ինչպես նաև պատասխանեց ներկաների հարցերին։

Բանախոսը կարծիք հայտնեց, որ Իլհամ Ալիևն այսօր աշխարհում ամենաքիչն է ցանկանում պատերազմի վերսկսումը, քանի որ կորցնելու շատ բան ունի. Ադրբեջանի նախագահը խնդիր ունի իր երկրում, քանի որ բանակի շատ գեներալներ մեծ իշխանություն, նկրտումներ, փողեր ունեցող մարդիկ են։ Ալիևը գիտակցում է, որ պատերազմի ցանկացած հանգուցալուծում գործելու է ի վնաս իրեն։

ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Ղազարյանն ընդգծեց, որ Ղարաբաղը բացարձակապես չի վախենում Ադրբեջանի սպառազինումից. «Պատերազմի վերսկսման դեպքում հայկական կողմը կհասնի մինչև Քուռ։ Մենք ոչ թե տարածքներ կկորցնենք, այլ հակառակը՝ կավելացնենք մեր պատմական հողերը։ Եվ ձեռք բերած զինատեսակները հնարավոր պատերազմի դեպքում Ադրբեջանին հաղթանակ չեն կարող ապահովել»։

Սերգեյ Ղազարյանը նշեց նաև, որ իր համար հետաքրքիր էր Եվրասիական երիտասարդական համաժողովի ընթացքում լսել տարբեր կարծիքներ, քննարկումներ ժամանակակից քաղաքական գործընթացների վերաբերյալ։ «Արցախյան կողմը յուրաքանչյուր բան, որ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, պահում է ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք միևնույն տնտեսական, իրավական դաշտում»։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության մասին՝ խորհրդարանի պատգամավորը նշեց, որ համապատասխան լիազոր մարմինը՝ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, իրականացնում է համապատասխան ծրագրեր։ Տարեցտարի այդ ծրագրերի ծավալն աճում է, այդ աշխատանքների մեջ ներգրավվում են երիտասարդներ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից, այլ երկրներից։ Աշխատանքները շարունակվելու են, արդյունավետությունն ավելի բարձրացվելու է։

Նա նաև ընդգծում է, որ տարեցտարի ավելանում է Արցախի երիտասարդների մասնակցությունը միջազգային և տարածաշրջանային ծրագրերին, ընդ որում, ավելի է մեծանում նրանց ներգրավումը հասարակական կազմակերպությունների ձևաչափում տեղի ունեցող միջոցառումներին։ «Վերջին 3-4 տարիների ընթացքում հասարակական կազմակերպությունների քանակական լուրջ աճ է գրանցվել, ինչը նպաստում է ծրագրերի որակի բարձրացմանը։ ՀԿ-ների կողմից իրականացվում են կրթական, հումանիտար, մշակութային ծրագրեր, քաղաքական հարցերի շուրջ լսումներ են կազմակերպվում»,- ասաց Սերգեյ Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը, որ տեղի է ունենում հունիսի 10-15-ը Ծաղկաձորում, կազմակեպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Արա Հարությունյանը և ՀՅԴ ներկայացուցիչները քննարկել են ԼՂՀ բյուջեի կատարողականը

Արա ՀարությունյանԱրցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամներին՝ քննարկելու 2013թ. բյուջեի կատարողականին և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին առնչվող որոշ հարցեր:

Վարչապետը ողջունել է իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի միջև պարբերական շփումները՝ աշխատանքների արդյունավետ կազմակերպման և հիմնախնդիրների վերհանման համատեքստում: Կառավարության ղեկավարը ներկայացրել է սոցիալ-տնտեսական և կրթական որոշ ծրագրերի իրականացման ընթացքը:

Ա. Հարությունյանը կարևորել է խորհրդարանի դերը պետբյուջեի կատարողականի արդյունավետության բարձրացման գործում՝ ակնկալելով կառուցողական առաջարկներ այդ ուղղությամբ: Վարչապետի խոսքով՝ հանրապետության բյուջեն ուղղված է գլխավորապես սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, և դրա պլանավորումն ու իրագործումը պետք է ելնեն այդ տրամաբանությունից:

Քննարկվել են նաև կրթական համակարգին և կադրերի պատրաստմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը շեշտադրել է տնտեսությունում որակյալ կադրերի սղության խնդիրը և կարևորել իշխանության բոլոր ճյուղերի համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը նշված ոլորտում հաջողություններ գրանցելու համար: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Շուշիի արհեստագործական ուսումնարանի նշանակությանը և նախատեսվող աշխատանքներին, որոնք սկսելու են սույն թվականի սեպտեմբերին: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ֆրանսիական մոդելով աշխատող ուսումնարանն ի վիճակի է լինելու պատրաստել շինարարության բնագավառի որակյալ մասնագետներ:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

«Իրականում Նազարբաևը ԼՂՀ մասին ոչինչ չի ասել». Հրանտ Բագրատյան

Hrant-BAgratyan2

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Այսօր բոլորը վերլուծում էին Նազարբաևի խոսքերը Եվրազեսին միանալու պարագայում ԼՂՀ հարցի մասով։ Նա մասնավորապես ասել էր, որ ԱՀԿ-ին անդամակցելիս ԼՂՀ հարց էր բարձրացվել։ Հիմա էլ Եվրազեսին անդամակցելիս կրկին այդ հարցը բարձրանում է։ Եվ, ուրեմն, ՀՀ-ն Եվրազեսին պետք է միանա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում։ Քաղաքական գործիչների ու վերլուծաբանների մեծ մասն այսօր տաքացած սույն հարցն էին քննարկում։ Իրականում, սակայն, Նազարբաևը ԼՂՀ մասին ոչինչ չի ասել։ ԼՂՀ-ն իզգոյ չէ։

Երբ ԱՀԿ-ում ՀՀ անդամակցության հարցն էր քննարկվում, միջազգային այդ կառույցն այսպիսի որոշում կայացրեց, քանի որ քաղաքական առումով աշխարհը ստեղծել է Մինսկի խումբ, որն էլ պիտի որոշի ԼՂՀ կարգավիճակը, ապա տնտեսական առումով որ երկրի միջոցով Արցախը առևտուր կանի, դա խնդիր չէ։ Նմանապես, ԼՂՀ-ն այսօր լիուլի օգտագործում է հայկական դրամը և ԱՄՀ-ն չի կարող դրան առարկել։ Ավելին, մենք ԱՄՀ-ից վարկեր ենք ստանում։ Նշեմ նաև, որ ինքս օժանդակել եմ ԼՂՀ տնտեսության մեջ ճանաչված տրանս-ազգային կորպորացիաների ներդրումներին։ Մեր հարևան պետությունը բողոքել է միջազգային ատյաններում, բայց մերժում է ստացել. ԼՂՀ տնտեսական ինքնուրույնությունը միանշանակ հարգվել է։ Այնպես որ, այս պահի դրությամբ (եթե այլ փաստաթուղթ չընդունվի) ԼՂՀ կշարունակի վարել ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականություն՝ ապրանքների ու ծառայությունների վրա գրելով. «Արտադրված է Հայաստանում»։

 

Անկախ

Բոլորի համար էլ պարզ է, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն մեկ միասնական տնտեսական տարածքում են. Էդուարդ Շարմազանով

շարմազանովԱյսօր Ազգային ժողովում ԱԺ փոխխոնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ երեկ Աստանայում կայացած Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին: Էդուարդ Շարմազանովը խնդրեց լրագրողներին ուշադիր լինել նման քաղաքական մեսիջները վերլուծելիս, քանի որ Մաքսային միության հետ համագործակցության դաշտում սահմանների հարց փնտրելը սխալ է:

Ըստ նրա` ՄՄ-ն սահմանների հարց չի լուծում և չի կարող լուծել, քանի որ նման լիազորություն չունի, ուստի սահմանների մասին խոսելը և դա կապելը Մաքսային միության հետ  ավելորդ է: Ավելին` ԱԺ փոխխոսնակը վստահ է` բոլորի համար էլ պարզ է, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն մեկ միասնական տնտեսական տարածքում են։
«Այլևս փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունը և Եվրասիական տնտեսական միության երեք հիմնադիր երկրները եկել են համաձայնության, որ մինչև հունիսի վերջ ՀՀ-ն անդամակցելու է այդ միությանը, մնացել են մի քանի տեխնիկական բնույթի հարցեր, որոնք սահմանների հետ ոչ մի կապ չունեն և ընդամենը ներմուծման ու արտահանման հետ կապ ունեն: Իսկ ինչո՞ւ սահմանների հետ կապ չունեն, որովհետև, կրկնվեմ, ՄՄ-ն և ԵՏՄ-ն այն կազմակերպությունները չեն, որոնք ճշգրտելու կամ քննարկելու են սահմանների հարցը: Այս միություններից և ոչ մեկին Հայաստանը չի անդամակցում Ղարաբաղի հարցը լուծելու համար: Հայաստանում կա կայացած հասարակություն, քաղաքական դաշտ, մամուլ, ու ժամանակն է, որ տարբերեն բանակցային գործընթացը հրապարակային ուղերձներից, և հասկանան՝ ինչու և ում համար են արվում այդ ուղերձները: Ես խնդրում եմ Ձեզ, որ աժիոտաժ չսարքեք այս հայտարարությունից, հաստատ դա ոչ ձեզ, ոչ ինձ, ոչ մեր հասարակությանը, ոչ մեր պետությանն օգուտ չի բերելու, և կարիք չկա այս հարցից մի մեծ փուչիկ փչել ու ուռեցնել: ՀՀ-ն չի անելու մի քայլ, որը կվնասի Արցախի Հանրապետությանը, ՀՀ-ն համարվել և համարվում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը»,-հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Արցախում ադրբեջանցիների արձակած կրակոցից փոխգնադպետ է զոհվել

ԼՂՀ ՊՆՄայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային-գնդակային վիրավորում է ստացել փ/գ-տ Գարիկ Էդիսոնի Բալայանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Բալայանիընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նույն տարածքում ադրբեջանցիները  ձեռքի շրջանում հրազենային վնասվածք էին պատճառել ժամկետային  զինծառայողի:

 

Երևանի Արաբկիր և ԼՂՀ Մարտունի շրջանների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

հուշագիրԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի և Ստեփանակերտի միջև դեռևս 2012 թվականին ստորագրված բարեկամության համաձայնագրի շրջանակում քաղաքապետ Տարոն 006Մարգարյանի կողմից կարևորվել էր նաև Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության հաստատումն ու ամրապնդումը: Այդ համատեքստում նախորդ շաբաթ Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը այցելել է Արցախ, որի ընթացքում Արաբկիրի և ԼՂՀ Մարտունու շրջանների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Երկու շրջանների  հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության նպատակ հետապնդող հուշագրով նախատեսվում է քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում ծավալել գործընկերային սերտ փոխգործակցություն: Հանդիպման ժամանակ կողմերը համոզմունք են հայտնել, որ հուշագրում նախանշված բոլոր առաջնահերթություններն առաջիկայում կստանան ծրագրային ընթացք և լուծում: Ի խորհրդանշումն Արաբկիրի և Մարտունու շրջանների միջև բարեկամության համաձայնագրի ստորագրման ու փոխգործակցության ձևավորման՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից «Երևան–Մարտունի» գրառումով գեղեցիկ նստարաններ և զարդանախշերով աղբամաններ, ինչպես նաև 1500 բազմերանգ ծաղկասածիլ է նվիրել գործընկեր շրջանին:

ԼՂՀ կատարած այցի ընթացքում Հրայր Անտոնյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը հանդիպել են նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ. քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցեր: Պատվիրակության անդամներն այցելելել են նաև հուշահամալիր, ծաղկեպսակ դրել զոհված ազատամարտիկների հիշատակին: Այնուհետ երևանյան պատվիրակության անդամներն այցելել են Ստեփանակերտի հ. 3 մանկապարտեզ և քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից խաղալիքներ, սպիտակեղեն, երաժշտական կենտրոն և անհրաժեշտ այլ պարագաներ նվիրել մանկապարտեզին:

Նշենք, որ հայկական երկու մայրաքաղաքների միջև հաստատված փոխշահավետ համագործակցության ընթացքում ԼՂՀ մայրաքաղաքին ևս փոխանցվել է շուրջ 3500 գույնզգույն ծաղկասածիլ, որոնք կզարդարեն Ստեփանակերտի կանաչ տարածքները:

Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները երևանյան պատվիրակության անդամներին ներկայացրել են նաև այն վայրերը, որտեղ առաջիկայում կտեղադրվեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորությամբ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների քանդակած տուֆակերտ 6 քանդակները:

 

 Անկախ

Ադրբեջանցիների արձակած գնդակից հայ զինծառայող է վիրավորվել

կրակելՄայիսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից աջ ջեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: