Առանձին դաժանությամբ ընկերուհուն պատճառել է ուժեղ ցավ և մարմնական տառապանք Խանդի հողի վրա ծագած վիճաբանության գործը՝ դատաքննության փուլում

xoshtangum 3Վերջերս Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Գրիգորյանի, դռնբաց դատական նիստում քննության առավ քրեական գործն ըստ մեղադրանքի Վաղինակ Ո.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով (խոշտանգում՝ առանձնակի դաժանությամբ):

Ծանոթություն
Գործով ամբաստանյալ Վաղինակ Ո.-ն անընդհատ գտնվել է կոնֆլիկտային իրավիճակներում: Այսպես, ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից նյութեր են նախապատրաստվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով Վաղինակ Ո.-ի կողմից տուժողին ծեծի ենթարկելու փաստի առթիվ, սակայն հետագայում որոշում է կայացվել տուժողի բողոքի բացակայության հիմքով մերժել քրեական գործի հարուցումը:
Դրանից հետո ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, տուժողի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու փաստի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը կրկին մերժվել է տուժողի հաշտության հիմքով: Դեպքից շատ չանցած` ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից նորից նյութեր են նախապատրաստվել, այս անգամ արդեն ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի հատկանիշներով` դիտավորությամբ տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու փաստի առթիվ, սակայն Վաղինակ Ո.-ի բախտն այս անգամ էլ բերել է, և որոշում է կայացվել տուժողի բողոքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
2012 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից նյութեր են նախապատրաստվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով` տուժողի առողջությանը դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք պատճառելու փաստի առթիվ, և նորից որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին տուժողի բողոքի բացակայության հիմքով:
Նշված բոլոր որոշումները պահանջվել են հետաքննական մարմնից և կցվել քրեական գործի նյութերին:

Տուժողի մասին
Սույն գործով տուժող Սիրանուշ Գ.-ն ամբաստանյալից՝ Վաղինակ Ո.-ից մեծ է 11 տարով:
Տուժողը և ամբաստանյալը գտնվել են ինտիմ կապի մեջ և 2012 թ. հոկտեմբեր ամսից մինչև 2013-ի հունիսը միասին են բնակվել: Տուժողի և ամբաստանյալի հարաբերությունները լարվել են, ամբաստանյալ Վաղինակ Ո.-ն, հավաքելով անձնական իրերը, հեռացել է Սիրանուշ Գ.-ի բնակարանից:
Հանցագործության դեպքը
2013 թ. հունիսի 30-ին, ժամը 02:00-ի սահմաններում Վաղինակ Ո.-ն ցանկացել է հանդիպել Սիրանուշ Գ.-ին: Երիտասարդը գնացել է նրա բնակարան, որտեղ այդ պահին գտնվել է Սիրանուշ Գ.-ի վաղեմի ընկեր Ստեփան Հ.-ն: Ըստ նախաքննական մարմնի նյութերի՝ նշված բնակարանում մեկ այլ տղամարդու գտնվելու հանգամաքը զայրացրել է Վաղինակ Ո.-ին: Վերջինս ծեծի է ենթարկել Սիրանուշ Գ.-ին. ոտքով հարվածել է նրա գլխին, ձեռքերով բռնել է նրա մազերից, գցել գետնին և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին:
Սիրանուշ Գ.-ն, սողալով կարողացել է մոտենալ մուտքի դռանը, դուրս գալ միջանցք և օգնություն կանչել:
Այդ պահին Վաղինակ Ո.-ն կրկին բռնել է տուժողի մազերից, քաշելով նրան հանել միջանցք, կծել և պոկել է տուժողի աջ ականջի մի կտորը: Դեպքի վայր եկած բնակիչների միջամտությունից հետո Վաղինակ Ո.-ն հեռացել է:
Նույն օրը՝ ժամը 04: 00-ին, հանգստանալով և գիտակցելով իր արարքը, Վաղինակ Ո.-ն կրկին վերադարձել է գործով տուժողի բնակարան` վերջինիս որպիսությունն իմանալու: Տեսնելով, որ բնակարանի դուռը փակ է, լույսը` անջատված, Սիրանուշ Գ.-ի բնակարանում գտնվելու հանգամանքը պարզելու նպատակով մոտեցել է բնակարանի պատուհանին, քարով կոտրել ապակին և հասկանալով, որ Սիրանուշ Գ.-ն տանը չէ` հեռացել է:

Քննչական գործողություններ
Սիրանուշ Գ.-ն դեպքի մասին հաղորդում է տվել ոստիկանության Էրեբունու բաժին:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն:
Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Վաղինակ Ո.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Ի վերջո, վարույթն իրականացնող անձանց կողմից որոշումներ են կայացվել առաջադրված մեղադրանքը փոփոխելու և Վաղինակ Ո.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (խոշտանգում՝ առանձնակի դաժանությամբ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Մեղադրանք
Վաղինակ Ո.-ն մեղադրվել է այն բանում, որ նա 2013 թ. հունիսի 30-ին՝ ժամը 02: 00-ի սահմաններում, իր նախկին ընկերուհի Սիրանուշ Գ.-ի հետ խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, վնասվածքներ պատճառել` ձախ աչքի ստորին կոպի, ձախ նախաբազկի հետին մակերեսի արյունազեղումների, բերանի ներսային մակերեսի աջ կեսի, աջ թիակային շրջանի հատվածներում, այնուհետև մազերից բռնելով և քաշելով` դուրս է հանել շենքի առաջին հարկի միջանցք, պոռթելու նպատակով մատները մտցրել է բերանը, տուժողը կծել է նրա մատը, որից հետո Վաղինակ Ո.-ն ատամներով կծել և պոկել է տուժողի աջ ականջի մի կտորը, որի արդյունքում վերջինիս պատճառել է ուժեղ ցավ, ինչպես նաև մարմնական տառապանք` երկարատև տևողությամբ, որն արտահայտվել է առանձին դաժանությամբ, և նրա գործողությունները կանխվել են միայն օգնության հասած հարևանների միջամտության արդյունքում:

Դատարանի դժգոհությունը
Ըստ դատարանի՝ նախաքննական մարմինը անտեսել է ամբաստանյալ Վաղինակ Ո.-ի առողջական վիճակը, նրա անձը բնութագրող նշված հանգամանքները, կատարած արարքի բնույթը և վարքագծի դրսևորումները, նախաքննության ընթացքում դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություններ չի նշանակել:
Նշված փաստական հանգամանքների առկայության պայմաններում դատարանն իր նախաձեռնությամբ անհրաժեշտ համարեց նշանակել ամբուլատոր դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն` գտնելով, որ դատարանին հետաքրքրող հարցերի պարզումը հնարավոր է միայն դատական հոգեբուժության և հոգեբանության բնագավառներում հատուկ մասնագիտական գիտելիքների և հետազոտության տարբեր մեթոդիկաների միաժամանակյա կիրառմամբ:
Այս առթիվ դատավարության մասնակիցները առարկություն չներկայացրին:

Հ.Գ.- Առանձին դաժանությամբ խոշտանգման այս դեպքին մենք դեռ կանդրադառնանք «Անկախի» հաջորդ համարներում: Միայն տեղեկացնենք, որ դատաքննությունը շարունակվում է:

Ոստիկանության բաժիններում ազատազրկվածների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություն են կիրառում. զեկույց

զեկույց«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ն «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության աջակցությամբ ուսումնասիրել է ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանության բաժիններում: Այսօր համանուն զեկույցի քննարկումն էր:

«Ուսումնասիրության նպատակն է վերլուծել Հայաստանում ոստիկանության  բաժիններում խոշտանգումների և  վատ վերաբերմունքի դրդապատճառները, կանխարգելման  հնարավոր եղանակները և ձևերը»,-ասաց ՀԿ  նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով` տարատեսակ զեկույցներում խոսվում է քրեակատարողական և ձերբակալվածների պահելու հիմնարկների  վիճակի մասին, բայց չի խոսվում ոստիկանության վերաբերմունքի մասին կալանավորվածների նկատմամբ. «Ոստիկանությունում տեղի ունեցած  վատ վերաբերմունքի և խոշտանգումների մասին , որպես կանոն, հասարակությունը տեղեկանում է, երբ դեպքն ունենում է ողբերգական ավարտ, կամ երբ բռնության ենթարկվածները լինում են քաղաքական ակտիվիստներ, ովքեր բարձրաձայնում են դրա մասին»:

Ուսումնասիրության ընթացքում հետազոտող խումբը հանդիպում է ունեցել կալանքի տակ գտնվող 80 անձանց հետ, նրանցից միայն 30-ն են համաձայնել հարցաթերթիկ լրացնել: Մնացածը հրաժարվել են` վախենալով վատթարացնել իրենց վիճակը կամ էլ մտածելով, որ դրանով ոչինչ չի փոխվի:

Հարցաթերթիկի հարցերը կոչված են եղել պարզելու, թե ոստիկանության բաժիններում քաղաքացինները որքանով են կարողացել իրացնել իրենց զանգելու, իրավապաշտպան ունենալու և բուժօգնություն ստանալու  իրավունքները: Պարզվել է, որ առավել հաճախ խախտվում է իրավապաշտպան ունենալու իրավունքը:

30 հարցվածներից 29-ը սկզբնական շրջանում պաշտպան չեն ունեցել, պաշտպանից հրաժարվել են հիմնականում ոստիկանների, քննիչների պարտադրանքով կամ «համոզելով»:

Պարզվել է նաև, որ հարցաքննություններն իրականացվում են ֆիզիկական և հոգեբանական բռնություններով: Հարցաքննության ժամանակ քննիչից բացի ներկա են գտնվում նաև ոստիկանության աշխատակիցներ:

Հարցաթերթիկների արդյունքների համաձայն` ՔԿՀ ընդունվելիս 30 հարցվածներից 18-ն ունեցել են մարմնական վնասվածքներ, 12-ը` ոչ: 10 անձի ցույց է տրվել բժշկական օգնություն, 6-ին ոչ` չնայած դրա կարիքն ունեցել են:

ՔԿՀ ընդունվելիս  բուժզննություն անցել են 28-ը, 9-ի բուժզննությանը ներկա են եղել ոստիկաններ: Բուժզննության ժամանակ 10 դեպքում արձանագրվել են  բոլոր մարմնական վնասվածքները, իսկ 7-ի դեպքում` ոչ, թեև կարիք ունեցել են:

Ըստ հարցումների պարզվել է, որ ոստիկանությունում կամ քննչական բաժնում գտնվելու ընթացքում բոլոր հարցվածների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական և հոգեբանական ճնշում.  ծեծել են ոտքով, ձեռքով, փայտով, մահակով և այլ առարկաներով, էլեկտրաշոկ են կիրառել:

Սպառնացել են, որ հանցանքը չխոստովանելու դեպքում կտուժեն նաև ընտանիքի անդամները` վերջիններիս էլ կներգրավեն գործում կամ նրանց հանդեպ ևս բռնություն կգործադրեն:

Բոլոր հարցվածները ոստիկանության բաժնի աշխատակիցների վերաբերմունքը իրենց նկատմամբ գնահատել են որպես «վատ»:

Ավետիք Իշխանյանի խոսքով ոստիկանների հետ զրույցներից տպավորություն է ստեղծվել, որ ամենի պատճառը խորհրդային  տարիներից եկող իներցիոն մտածողությունն է, որ առանց ապացույցներ հավաքելու կարող են ծեծով խոստովանություն կորզել: Պարզվել է նաև, որ շատ քիչ են ոստիկանները, որոնք տիրապետում են նորագույն տեխնոլոգիաներին և կրիմինալիստիկային, աղքատիկ է  նյութատեխնիկական բազան: Պատճառների թվում Իշխանյանը նշում է  նախաքննության նկատմամբ դատախազության ոչ  պատշաճ վերաբերմունքը, նաև այն, որ դատախազությունը դատարանում պաշտպանում է այդ կերպ ձեռք բերված մեղադրանքը:

Ուսումնասիրություններից ելնելով` զեկույցի հեղինակները մի շարք առաջարկներ են ներկայացրել, որոնք հնարավորություն կտան  շտկել իրավիճակը և կանխարգելել ազատազրկվածների իրավունքների ոտնահարումը և նրանց նկատմամբ բռնությունները ոստիկանության բաժիններում:

Ըստ այդմ,  առաջարկում են  ՀՀ ներպետական օրենսդրությամբ սահմանված «խոշտանգում» տերմինը համապատասխանեցնել ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեմ»  կոնվենցիայի 1-ին հոդվածին: Հարցաքննությունն իրականացնել միայն հատուկ նախատեսված, կահավորված և տեսախցիկներով հագեցած սենյակներում, տեսաձայնագրել ողջ  հարցաքննության ընթացքը, ոստիկանության խմբի անդամներին և հասարակության ներկայացուցիչներին հնարավորություն տալ այդ սենյակներում  հետևելու հարցաքննության ընթացքին` միայն պատկերի միջոցով, առանց լսելու: Առաջարկվում է նաև ՁՎՊ և ՔԿՀ ընդունվող անձանց մանրակիկիտ բուժզննություն իրականացնել` ոստիկանության աշխատակիցների տեսադաշտից և լսողությունից հեռու: