«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը վերահաստատում է Ծածկած շուկայի համար պայքարի իր վճռականությունը

Ծածկած շուկաՀին Երևանի սրտում գտնվող «Ծածկած շուկայի» սեփականատեր օլիգարխը, բարբարոսաբար քանդելով ու աղճատելով իր տեսակի մեջ բացառիկ ճարտարապետական ստեղծագործություն համարվող հանրապետական նշանակության այս հուշարձանը, դրա տեղում ապօրինի կերպով` առանց շինարարության թույլտվության, նախագծի ու ավարտական ակտի կառուցել է հանրային առևտրի օբյեկտ: Այս մասին տեղեկանում ենք «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրությունից։
Ավելի քան մեկ ամիս է, որ «Երևան Սիթի» կոչվող այդ օբյեկտը սկսվել է ապօրինի կերպով շահագործվել՝ առանց դրա նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող որևէ փաստաթղթի:
ՀՀ պատկան մարմինները` ներառյալ ՀՀ Մշակույթի և Քաղաքաշինության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ Ոստիկանությունը և ՀՀ Դատախազությունը շարունակում են չնկատելու տալ մի շարք հանցագործություններով դրսևորվող բացահայտ ապօրինությունը, ինչի հետևանքով հանցակից են դառնում «Ծածկած շուկայի» կառուցապատողին: Նրանք չեն կատարում իրենց հիմնական գործառույթները, այն է` օրենքի պահանջների և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, այդ թվում նաև` վերջիններիս անվտանգության երաշխավորումը: Հուշարձանն ամիսներ շարունակ նրանց աչքի առաջ վնասվել է և այժմ առանց պահպանման պարտավորագրի շահագործվում է: Ավելին, դրա տեղում ապօրինի կերպով կառուցվել և առանց անվտանգության պաշտոնական ստուգման ու հավաստման շահագործվում է առևտրի օբյեկտ, ինչի հետևանքով մշտապես վտանգվում է նաև այնտեղ գտնվող քաղաքացիների կյանքն ու առողջությունը:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնությունը վերահաստատում է իր վճռականությունը` հասնելու իր առջև դրված հետևյալ նպատակներին.
1. «Ծածկած շուկայի» սեփականատիրոջն օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության, հարկադրել նրան հատուցելու հուշարձանին հասցված վնասը և վերականգնելու դրա նախկին վիճակը, ինչը ենթադրում է.
ապօրինի շինված կառույցների ապամոնտաժում,
հուշարձանի վերականգնում իր նախնական տեսքով:
2. Անվտանգության նկատառումներով անհապաղ դադարեցնել «Ծածկած շուկայի» տեղում կառուցված առևտրի օբյեկտի գործունեությունը, ինչպես նաև դադարեցնել հուշարձանի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը և դրա տարածքում արգելել որևէ տնտեսական գործունեություն` մինչև նշված օրենքի պահանջների կատարումն ու հուշարձանի նախկին վիճակի վերականգնումը:
3. Վերը նշված պահանջները չկատարելու դեպքում իրավական միջոցներով սեփականատիրոջը զրկել սեփականության իրավունքից:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական նախաձեռնությունը այս նպատակներին հասնելու համար կիրառելու է ինչպես ՀՀ օրենքներով չարգելված բոլոր միջոցները, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով նախատեսված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրականացմանն ուղղված քաղաքացիական անհնազանդության բոլոր հնարավոր ձևերն ու մեթոդները:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնություն

 

«Ծածկած շուկայի» տարածքում իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ

1595Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և ասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի թիվ 1 կամ , ինչպես ընդունված է ասել՝ «Փակ շուկայի» տարածքում:

Աշխատանքները, ինչպես նշել է  քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, իրականցվել են «Փակ շուկայի» տանիքի ծավալից դուրս բազմահարկ շինություն կառուցելը կանխելու նպատակով: Ապամոնտաժվել են շուկայի տարածածավալական չափերի խախտումով տեղադրված  բետոնե հենասյուները: Ընթացակարգի համաձայն՝ քաղաքապետարանը նախ նախազգուշացրել է շինարարությունն իրականացնողին՝ սեփական ուժերով խախտումը վերացնելու վերաբերյալ:  Դրանից հետո է միայն իրականացվել ապամոնտաժումը:

Հայկ Ասատրյանը տեղեկացրել է նաև, որ շուկայի շինության ծավալից դուրս բազմահարկ շինություն իրականացնելու համար համապատասխան քաղաքաշինական փաստաթուղթ հաստատելու հարց քաղաքապետարանում երբևէ չի քննարկվել և չի քննարկվելու:

 

Հասմիկ Պողոսյանը հավատում է, որ Սամվել Ալեքսանյանը «կուղղվի»

1356505111_ddddddՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հույս ունի, որ այսուհետ Երևանի Ծածկած շուկայում ընթացող գործողությունները կշարունակվեն իրենց պահանջի համաձայն. «Պաահանջը մեկն է` հին կառույցի պատերի ամրակայումը, սահմանված հատվածի ապամոնտաժումը, որից հետո արդեն կառուցվող շենքի նախագծի ներկայացումը մշակույթի նախարարություն»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց նա:

Չկատարելու պարագայում, ըստ նախարարի, բոլոր հարցերը կտեղափոխեն լուծումների այլ դաշտ:

«Անկախ»-ի դիտարկմանը, որ գոյություն ունի միջազգային պայմանագիր, ըստ որի, եթե սեփակնատերը երկու անգամ խախտում է օրենքը, երրորդ անգամ նրան ոչ թե տուգանում են, այլ ձեռքից վերցնում հուշարձանը, մշակույթի նախարարն արձագանքեց. «Գիտեք ինչ, դուք ինձ հարցեր տվեք մշակույթի նախարարության գործառույթների շրջանակներում: Բոլորն ունեն իրենց գործառույցները»:

Նրա խոսքով` մշակույթի նախարարությունն այսօր դատապարտված է հանդուրժելու այն բոլոր գործընթացները, որոնք ժամանակին իրականացվել են, և որոնցով տարբեր սուբյեկտներ վերցրել են պարտավորություններ. «Ժամանակին այդ գործընթացներն իրականացվել են բազմաթիվ բացթողումներով: Անշուշտ պետք է հասկանալ նաև այն հանգամանքը, որ նորանկախ պետականության պայմաններում կայացվող կառույցները կարող էին ունենալ բազմաթիվ թերություններ, իսկ այսօր կնքվող պայմանագրերը չեն կարող պարունակել այն դրույթները, որոնք եղել են նախկինում»:

Լրագրողները նկատեցին, որ Ծածկած շուկան Սամվել Ալեքսանյանին է տրվել ոչ վաղ անցյալում, սակայն նախարարն ասաց, որ չի կարող ասել հստակ տարեթիվը:

Հասմիկ Պողոսյանը չպատասխանեց նաև սեփականատիրոջը պատասխանատվության ենթարկելու հարցին` նշելով, որ դա նույնպես իրենց իրավասության տակ չի մտնում:

Ի դեպ, Հասմիկ Պողոսյանը հայտնեց, որ հունվար-փետրվար ամսին նախարարությունում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում, որին մասնակցել են ոչ միայն նախարարության և քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները, այլև Սամվել Ալեքսանյանը: Նախարարի տպավորությամբ` Սամվել Ալեքսանյանը հասկացել է իրենց պահանջները, սակայն. «Այս վերջին օրերի իրադարձությունները, ճիշտն ասած, ինձ էլ զարմացրին և  տարակուսանքի մեջ գցեցին»,-խոստովանեց նախարարը:

Այնուամենայնիվ, Հասմիկ Պողոսյանը շարունակում է հավատալ, որ Սամվել Ալեքսանյանը կուղղի իր սխալը: