Ի՞նչ են հուշում կանանց առողջության պահպանման միամսյակի արդյունքները

DSC_0173Մայրության և գեղեցկության տոների կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում կազմակերպված «Կանանց առողջության պահպանման միամսյակի» հիմնական նպատակն էր «Բաց դռների օրերի» կազմակերպման միջոցով կանանց շրջանում առավել հաճախ հանդիպող առողջական խնդիրներին (գինեկոլոգիական, ակնաբուժական, սրտաբանական, ուռուցքաբանական, ներզատաբանական,  նյարդաբանական) ուղղված մասնագիտացված բուժօգնության մատչելիության ապահովումը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նախաքաղցկեղային հիվանդությունների և օստեոպարոզի հայտնաբերմանն ուղղված սկրինինգային հետազոտությունների անցկացմանը։

Մարզերում «Բաց դռների օրերին» նախապես կազմված ժամանակացույցով  արտագնա այցեր են կատարվել Երևանի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնների նեղ մասնագետների կողմից` ուռուցքաբանների և ակնաբույժների ուղեկցությամբ։ Միամսյակի ընթացքում «Բաց դռների օրեր» են կազմակերպվել նաև մարզերի մասնագիտական ներուժով։

Միամսյակի շրջանակներում առաջնային օղակի բուժհաստատություններում կանանց տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, կազմակերպվել է գինեկոլոգիական առաջնակի զննում, ըստ ցուցումների կատարվել են մասնագիտական այլ զննումներ: Անհրաժեշտության դեպքում տեղերում իրականացվել են լաբորատոր-գործիքային հետազոտություններ։ Բժշկական ցուցումներից ելնելով կազմակերպվել է կանանց հիվանդանոցային բուժօգնություն։

Կանանց միամսյակի ընթացքում Երևանում և մարզերում բուժօգնություն է ստացել 45.953 կին, որից 28.896-ը Երևանում, 17.057-ը` մարզերում։

Մարզերում 17.057 կնոջից 1.166-ը (շուրջ 7%) ուղեգրվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ: 10.177-ը դիմել է մարզային բժշկական կազմակերպությունների մասնագետների ուժերով կազմակերպված «Բաց դռների օրերի» ընթացքում: Նրանցից 400-ն ուղեգրվել է Երևան։

Մարզային բժշկական կազմակերպություններում Երևանից կցված կենտրոնների մասնագիտներին դիմել է 6.880 կին, որոնցից 5790-ին (84%) տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, 1.994-ին (30%) բժշկական ցուցումներով  կատարվել են տարբեր հետազոտություններ, 5.338 կին (78%) ենթարկվել է  գինեկոլոգիական առաջնակի զննման: 1171 կնոջ մոտ բացահայտվել են առողջական տարբեր խնդիրներ։ Նրանցից 405-ի բուժօգնությունը կազմակերպվել է մարզային բուժհաստատություներում, իսկ 766-ն ուղեգրվել է մայրաքաղաքի մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Առաջնային օղակում տրամադրված բուժօգնության նեղ մասնագիտական ուղղվածությունը մարզերում եղել է այսպիսին`  ակնաբուժական ծառայություն` 20%, մանկաբարձագինեկոլոգիան` 18.5%, նյարդաբանական` 18%, ներզատաբանական և սրտաբանական` 16%, ուռուցքաբանական` 4%։

Միամսյակի ընթացքում Երևանի առողջության առաջնային պահպանման բուժհաստատություններ է դիմել 28.896 կին, նրանցից 21.345-ին (74%) տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, 16.011 կնոջ (55%) բժշկական ցուցումներով  կատարվել են տարբեր հետազոտություններ, 18.906 կին (65%) ենթարկվել է  գինեկոլոգիական առաջնակի զննման, 11.739-ին (41%) ցուցաբերվել է բուժօգնություն տեղում, իսկ 4.008 կին (14%) ուղեգրվել է հիվանդանոցային բուժման:

Մայրաքաղաքի հիվանդանոցներ է դիմել 4.397 կին: Նեղ մասնագիտական խորհրդատվությունների և հետազոտությունների  արդյունքում  1.607 կին (36.6%) ստացել է հիվանդանոցային բուժում, այդ թվում` 1.330 կին (83%) ենթարկվել է վիրահատության, որից 491-ը (37 %) աչքի ախտաբանություններ, 411-ը (31%)` ընդհանուր վիրաբուժական, 345-ը (26%)` գինեկոլոգիական, 88-ը (6.6 %)` ուռուցքաբանական։

Գինեկոլոգիական խնդիրներով դիմել է 1.320 կին, որից 736-ը ստացել է ստացիոնար բուժօգնություն (56%), այդ թվում, գրեթե կեսը` 345-ը ստացել է  վիրահատական (47%), իսկ  391-ը` կոնսերվատիվ բուժում:

Կանանց նախաքաղցկեղային հիվանդությունների և օստեոպորոզի հայտնաբերման նպատակով իրականացվել են կրծքագեղձի սոնոգրաֆիա, մամոգրաֆիա, դենսիտոմետրիա, ինչպես նաև, բժշկական ցուցումներով, դժվարամատչելի այլ հետազոտություններ: Իրականացվել է սկրինինգային 10.902 հետազոտություն, որից կրծքագեղձի սոնոգրաֆիա` 2.582,  մամոգրաֆիա` 379:  Արդյունքում 111 կնոջ մոտ ախտորոշվել է չարորակ նորագոյացություն, որից 98-ը` կրծքագեղձի քաղցկեղ:            Սկրինինգային ընթացակարգով (50տ և բարձր տարիքի) 402 կին անցել է դենսիտոմետրիա, որոնց 80%-ի մոտ հայտնաբերվել են ախտաբանական տարբեր շեղումներ, իսկ 120 կնոջ մոտ ախտորոշվել է օստեոպորոզ:

Ընդհանուր առմամբ, Երևանի բժշկական կազմակերպություններում միամսյակի շրջանակներում բուժօգնության համար պոլիկլինիկական հաստատություն է դիմել 28.896 կին։ Նրանց  կեսից ավելիի մոտ (55%) հայտնաբերվել է որևէ ախտաբանություն, որոնցից 1/3-ը բուժվել է ստացիոնար պայմաններում: Հիվանդանոց դիմած 4.397 կնոջից յուրաքանչյուր երրորդն օգտվել է գինեկոլոգիական ծառայություններից, նրանց 56%-ն ստացել է ստացիոնար բուժում: Այս հիվանդների գրեթե կեսը (47%) ենթարկվել է վիրաբուժական միջամտության:

Հիվանդանոցային պայմաններում բուժված կանանց 80%-ից ավելիին տրամադրվել են վիրաբուժական ծառայություններ: Թե’ ամբուլատոր, թե’ հիվանդանոցային մակարդակում մասնագիտական բուժօգնության տեսակներից առավել մեծ պահանջարկ են ունեցել մանկաբարձագինեկոլոգիական և ակնաբուժական ծառայությունները:

Ի դեպ, միամսյակի ավարտից հետո մայրաքաղաքի մասնագիտացված բժշկական կենտրոններում շարունակվել է մինչ այդ հաշվառված կանանց բուժօգնության տրամադրումը, վիրահատվել է ևս 116 կին։

Ի՞նչ են հուշում միամսյակի արդյունքները

  • ՀՀ առողջապահութան նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում կազմակերպված աշխատանքների շնորհիվ հազարավոր կանանց համար մատչելի դարձան մի շարք բժշկական ծառայություններ, ինչը հնարավորություն տվեց  ստանալու անվճար բուժօգնության այնպիսի տեսակներ, որոնք հասու չեն եղել այդ կանանց համար:
    • Միամսյակի շրջանակներում շուրջ 17.000 կին մարզերում և 30.000 կին Երևանում ստացան մասնագիտական խորհրդատվություն, գրեթե 19.000 կին անցավ գինեկոլոգիական առաջնակի զննում, կազմակերպվեց ավելի քան 10.000 հետազոտություն, որոնցից շուրջ 3.200-ը` սկրինինգային: Արդյունքում հայտնաբերված տարբեր ծանր պաթոլոգիաներով շուրջ 5.000 կին մասնագիտացված բժշկական կենտրոններում ստացավ անվճար բուժօգնություն, նրանցից 1.600-ը` ստացիոնար պայմաններում, այդ թվում 1.330-ը ենթարկվեց վիրաբուժական միջամտության: Սկրինինգային հետազոտությունների շնորհիվ հայտնաբերվեց չարորակ նորագոյացության 111 դեպք, որից 98-ը` կրծքագեղձի քաղցկեղ (հիվանդության համեմատաբար վաղ փուլերում), 100 կնոջ մոտ ախտորոշվեց օստեոպորոզ:
    • Մարզերում և մայրաքաղաքում թե՛ ամբուլատոր, թե՛ հիվանդանոցային մակարդակում բուժօգնության առավել պահանջված տեսակներն էին ակնաբուժական (համապատասխանաբար` 12% և 32%) և մանկաբարձագինեկոլոգիական (18% և 30%) ծառայությունները։
    • Մեծ է նախաքաղցկեղային հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգ ծրագրերի և կանխարգելիչ միջոցառումների պահանջարկը, որոնց ծախսարդյունավետությունը ևս մեկ անգամ ապացուցվեց միամսյակի շրջանակներում ստացված արդյունքներով:

Միամսյակի արդյունքերից ելնելով անհրաժեշտություն է առաջանում`

  • ուսումնասիրել ակնաբուժական և գինեկոլոգիական ծառայությունների ֆինանսավորման վերանայման հնարավորությունը,
  • դիտարկել կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման, ինչպես նաև կանխարգելիչ այլ ծրագրերի մշակման և ներդրման հարցը։

Մեկնարկել է «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան

001(2)Երևանի քաղաքապետարանի «Ձեզ համար, կանայք» առողջապահական ամենամյա ակցիան, որը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս տարի իրականացվում է մատուցվող բուժծառայությունների ու հետազոտությունների ընդլայնված ցանկով, մեկնարկում է երկուշաբթի օրվանից։

Ակցիայից օգտվել կարող են բոլոր երևանաբնակ կանայք, ովքեր հաշվառված են Երևանի որևէ պոլիկլինիկայում և ունեն բժշկական քարտ։

«Ձեզ համար, կանայք» ակցիային մասնակցում են Երևանի բոլոր բուժհաստատությունները՝ անկախ ենթակայությունից։ Ակցիայի շրջանակում կատարվում են բազմակողմանի հետազոտություններ, ինչպես նաև որոշ ուղղվածության վիրահատություններ։ Թանկարժեք և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հետազոտություններից կատարվում են միայն համակարգչային տոմոգրաֆիա, կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտություններ, դենսիտոմետրիա (կալցիումի պարունակության որոշումը ոսկորներում)։  Ակցիայով կատարվում են հատկապես գինեկոլոգիական (բացառությամբ պլաստիկ վիրահատությունների)  և ակնաբուժական (ոսպնյակի փոփոխության անհրաժեշտության դեպքում քաղաքացին վճարելու է միայն ոսպնյակի գումարը) վիրահատություններ։

«Ձեզ համար, կանայք» ակցիայից օգտվելու համար երևանցի կանայք պետք է դիմեն իրենց գրանցման ամբուլատոր համաբուժարաններ, ապա, տեղամասային բժշկի նախնական հետազոտությունից հետո, անհրաժեշտության դեպքում կուղեգրվեն հիվանդանոց։

 

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Առողջությունը` նաև տոն. Մարտի 8-ից ապրիլը 7-ը` բաց դռների օր

միամսյակ«Առողջությունը ոսկուց թանկ է»: Վ.Շեքսպիրի այս հանրահայտ թևավոր խոսքը միշտ չէ, որ ուղենիշ է մեր կյանքում: Մեզանում տարածված սովորություն կա` բժշկի դիմել միայն դանակը ոսկրին հասնելու դեպքում: Կենցաղային հոգսերն ու սոցիալական պայմանները երբեմն ստիպում են մեզ անուշադրության մատնել առողջությունը: Դրա մասին հիշում ենք միայն, երբ «բանը բանից» անցած է լինում:

Հատկապես կանանց առողջությունը ազգի բարեկեցության հիմքն է, իսկ մոր և մանկան առողջության պահպանումը` առողջ հասարակության և վերարտադրողականության կարևորագույն նախադրյալներից:
Բայց կանայք ուրախանալու առիթ ունեն: Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը հայտարարվել է միամսյակ նաև նրանց առողջության պահպանման ոլորտում:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մայրաքաղաքի և մարզային մի շարք բուժհաստատություններում իրականացվելու են բժշկական ամենատարբեր ծառայություններ, ներառյալ` կանանց մանկաբարձագինեկոլոգիական և նեղ մասնագիտական անվճար խորհդատվությունը, հետազոտությունները, բուժումը, վիրահատությունները: Բոլոր ծառայությունները լինելու են բացառապես անվճար:
Նախարարության աշխատակիցները վստահեցնում են, որ այս նախաձեռնությունը միամսյակի շրջանակներում լավագույն առիթ է կանանց ուշադրությունը սեփական առողջության վրա դարձնելու, նրանց մոտ վարքագծային փոփոխություններ սերմանելու և տարին գոնե մեկ անգամ բժշկական հետազոտման դիմելու մշակույթի ձևավորման գործում:

Երևանի առաջատար կլինիկաների որակյալ մասնագետները այցելելու են պոլիկլինիկաներ և բուժհաստատություններ` ծառայություններ մատուցելու նաև մարզաբնակ կանանց: Քանի որ հանրապետության գյուղական համայքների բուժհաստատությունները համալրված չեն ախտորոշման որոշ արդիական սարքավորումներով, գյուղաբնակ կանայք կարող են այցելել մերձակա քաղաքներ` այնտեղ գործող կենտրոններում լիակատար հետազոտվելու համար: Առավել որակյալ ծառայություններ ապահովելու նպատակով, մայրաքաղաքից մարզեր են մեկնելու նաև նեղ մասնագիտական որակավորում ունեցող աշխատակիցներ: Բոլոր պոլիկլինիկաներում կլինեն բաց դռների օրեր, որոնց ընթացքում բոլոր կանայք կանցնեն բուժզննման բոլոր սենյակներով, իսկ անհրաժեշտության դեպքում կստանան ուղեգիր այլ բուժհաստատություններ այցելելու համար:

Հաստատվելու է ժամանակացույց և նախանշվելու են այն բուժհաստատությունների անունները, որոնցում ծառայությունները լինելու են պետպատվերի շրջանակներում, նույնիսկ` նեղ մասնագիտական ծառայությունները: Այդ մասին տեղեկատվությունը փակցվելու է նախարարության և քաղաքապետարանի էլեկտրոնային կայքերում:

«Եթե կնոջ մոտ հայտնաբերվի որևէ խնդիր և կարիք առաջանա գինեկոլոգիական առավել խորացված հետազոտության կամ վիրահատության, ապա կուղեգրվի համապատասխան բուժհաստատություն: Մենք պատրաստակամ ենք աջակցելու այդ բոլոր գործընթացներին: Քաղաքապետարանի հետ աշխատանքները կհամակարգվեն համատեղ, կնշանակվեն պատասխանատուներ յուրաքանչյուր բուժհաստատությունում, որպեսզի կանանց հոսքերը չխճճվեն բուժօգնության գործընթացների կազմակերպման ժամանակ: Մենք փորձում ենք այսպիսի միջոցառումներով ավելի ընդգրկուն և մատչելի դարձնել բուժօգնությունը»,- վստահեցնում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Փորձ է արվելու տարբեր հետազոտություններ իրականացնել նաև հիվանդանոցային ամբուլատոր պայմաններում:

Ներկայումս բավական տարածում գտած հիվանդությունները որոշակի առումով կնվազեն, եթե այս օրերին բոլոր կանայք ակտիվ լինեն և պարտադիր հետազոտվեն: Բացի գինեկոլոգիական խնդիրներից, կմատուցվեն նաև խորհդատվական նյարդաբանական, սրտաբանական և ակնաբուժական ծառայություններ: Կլինեն հատուկ օրեր` նվիրված մամոգրաֆիական հետազոտություններին: «Մենք նման լայնածավալ մասշտաբի աշխատանքներ իրականացնում ենք առաջին անգամ` քաջ գիտակցելով, որ առողջ մայրությունը առողջ մանկության, առողջ ընտանիքի գրավականն է, – նշեց Կ.Սարիբեկյանը:

Որպեսզի բոլոր կանայք տեղեկացված լինեն այս նախաձեռնության մասին, կիրականացվեն նաև հանրային իրազեկման և լայնածավալ քարոզչական աշխատանքներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր, որոնցում անդրադարձ կարվի կանանց առողջության պահպանման հիմնախնդիրներին: Նախարարության աշխատակիցները հորդորում են թե՛ երևանաբնակ, թե՛ մարզաբնակ կանանց` մեծացնել ուշադրությունը առողջության նկատմամբ և անպայման դիմել համապատասխան հետազոտության` առկա խնդիրները բացահայտելու և հիվանդությունները վաղ հայտնաբերելու նպատակով:
Ի դեպ, առողջության պահպանման հաջորդ միջոցառումը նախատեսվում է իրականացնել մայիսի 9-ի կապակցությամբ` ընդգրկելով արդեն հայրենական պատերազմի մասնակիցներին և ազատամարտիկներին: Նմանատիպ նախաձեռնությունների շարք կմեկնարկի նաև երեխաների պաշտպանության կամ գիտության օրվա կապակցությամբ: Վիճակագրական տվյալները վկայում են, որ մեր երկրում վերջին տարիներին էապես նվազել են մայրական և մանկական մահացության դեպքերը, նկատվում է նրանց առողջության և կյանքի որակի բարելավում:
Ուրեմն պահպանենք մեր առողջությունը` այդպիսով ապահովելով նաև առողջ սերունդ:

Լ.Ն

Անկախ

 

Առողջապահության նախարարությունը մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարում է Կանանց առողջության պահպանման միամսյակ

առողջապահության նախարարությունՀՀ առողջապահության ախարար Դերենիկ Դումանյանի հրամանով` մայրաքաղաքի և մարզային բժշկական հաստատություններում մարտի 8-ից ապրիլի 7-ը կիրականացվեն կանանց մանկաբարձագինեկոլոգիական և նեղ մասնագիտական անվճար խորհրդատվություն, հետազոտություններ: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում միամսյակի շրջանակներում նաև անվճար բուժում կիրականացվի, այդ թվում` վիրահատություններ:

«Մենք փորձելու ենք բազմաթիվ հետազոտություններ անել, ի հայտ բերված հիվանդությունները բուժել: Սա այս տարվա առաջին միջոցառումն է: Հաջորդ այսպիսի միջոցառումը կլինի մայիսի 9-ին՝ Հայրենական պատերազմի մասնակիցների և ազատամարտիկների առողջության պահպանմանն ուղղված: Կլինի նաև միջոցառում՝ երեխաների առողջության պահպանմանն ուղղված»,- ասաց Վահան Պողոսյանը:

Առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն էլ տեղեկացրեց, որ միամսյակի շրջանակներում կանկցավեն հանրային իրազեկման, քարոզչության և խորհրդատվական միջոցառումներ կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ: Մարզերում էլ կաշխատեն Երևանի մասնագետները` նյարդաբաններ, սրտաբաններ և այլոք:

«Երևան քաղաքի նեղ մասնագիտական բժշկական կենտրոններում, ծննդատներում կիրականացվեն հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում կիրականացվեն վիրահատություններ»,- ասաց Կարինե Սարիբեկյանը` հավելելով, որ նախաձեռնությամբ ևս մեկ քայլ է կատարվում կանանց ուշադրությունը սեփական առողջության վրա կենտրոնացնելու, նրանց մոտ վարքագծային փոփոխություն սերմանելու և տարին գոնե մեկ անգամ բժշկական հետազոտման դիմելու մշակույթ ձևավորելու ուղղությամբ:

Կարինե Սարիբեկյանի խոսքով` վերջին տարիներին մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում մեր երկրում ակնառու նվաճումներ են արձանագրվում, ինչը դրսևորվում է մայրական և մանկական մահացության ու հիվանդացության աննախադեպ իջեցմամբ, նրանց առողջության ու հետագա կյանքի որակի լավացմամբ:

Անկախ