Առողջությունը` նաև տոն. Մարտի 8-ից ապրիլը 7-ը` բաց դռների օր

միամսյակ«Առողջությունը ոսկուց թանկ է»: Վ.Շեքսպիրի այս հանրահայտ թևավոր խոսքը միշտ չէ, որ ուղենիշ է մեր կյանքում: Մեզանում տարածված սովորություն կա` բժշկի դիմել միայն դանակը ոսկրին հասնելու դեպքում: Կենցաղային հոգսերն ու սոցիալական պայմանները երբեմն ստիպում են մեզ անուշադրության մատնել առողջությունը: Դրա մասին հիշում ենք միայն, երբ «բանը բանից» անցած է լինում:

Հատկապես կանանց առողջությունը ազգի բարեկեցության հիմքն է, իսկ մոր և մանկան առողջության պահպանումը` առողջ հասարակության և վերարտադրողականության կարևորագույն նախադրյալներից:
Բայց կանայք ուրախանալու առիթ ունեն: Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը հայտարարվել է միամսյակ նաև նրանց առողջության պահպանման ոլորտում:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մայրաքաղաքի և մարզային մի շարք բուժհաստատություններում իրականացվելու են բժշկական ամենատարբեր ծառայություններ, ներառյալ` կանանց մանկաբարձագինեկոլոգիական և նեղ մասնագիտական անվճար խորհդատվությունը, հետազոտությունները, բուժումը, վիրահատությունները: Բոլոր ծառայությունները լինելու են բացառապես անվճար:
Նախարարության աշխատակիցները վստահեցնում են, որ այս նախաձեռնությունը միամսյակի շրջանակներում լավագույն առիթ է կանանց ուշադրությունը սեփական առողջության վրա դարձնելու, նրանց մոտ վարքագծային փոփոխություններ սերմանելու և տարին գոնե մեկ անգամ բժշկական հետազոտման դիմելու մշակույթի ձևավորման գործում:

Երևանի առաջատար կլինիկաների որակյալ մասնագետները այցելելու են պոլիկլինիկաներ և բուժհաստատություններ` ծառայություններ մատուցելու նաև մարզաբնակ կանանց: Քանի որ հանրապետության գյուղական համայքների բուժհաստատությունները համալրված չեն ախտորոշման որոշ արդիական սարքավորումներով, գյուղաբնակ կանայք կարող են այցելել մերձակա քաղաքներ` այնտեղ գործող կենտրոններում լիակատար հետազոտվելու համար: Առավել որակյալ ծառայություններ ապահովելու նպատակով, մայրաքաղաքից մարզեր են մեկնելու նաև նեղ մասնագիտական որակավորում ունեցող աշխատակիցներ: Բոլոր պոլիկլինիկաներում կլինեն բաց դռների օրեր, որոնց ընթացքում բոլոր կանայք կանցնեն բուժզննման բոլոր սենյակներով, իսկ անհրաժեշտության դեպքում կստանան ուղեգիր այլ բուժհաստատություններ այցելելու համար:

Հաստատվելու է ժամանակացույց և նախանշվելու են այն բուժհաստատությունների անունները, որոնցում ծառայությունները լինելու են պետպատվերի շրջանակներում, նույնիսկ` նեղ մասնագիտական ծառայությունները: Այդ մասին տեղեկատվությունը փակցվելու է նախարարության և քաղաքապետարանի էլեկտրոնային կայքերում:

«Եթե կնոջ մոտ հայտնաբերվի որևէ խնդիր և կարիք առաջանա գինեկոլոգիական առավել խորացված հետազոտության կամ վիրահատության, ապա կուղեգրվի համապատասխան բուժհաստատություն: Մենք պատրաստակամ ենք աջակցելու այդ բոլոր գործընթացներին: Քաղաքապետարանի հետ աշխատանքները կհամակարգվեն համատեղ, կնշանակվեն պատասխանատուներ յուրաքանչյուր բուժհաստատությունում, որպեսզի կանանց հոսքերը չխճճվեն բուժօգնության գործընթացների կազմակերպման ժամանակ: Մենք փորձում ենք այսպիսի միջոցառումներով ավելի ընդգրկուն և մատչելի դարձնել բուժօգնությունը»,- վստահեցնում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Փորձ է արվելու տարբեր հետազոտություններ իրականացնել նաև հիվանդանոցային ամբուլատոր պայմաններում:

Ներկայումս բավական տարածում գտած հիվանդությունները որոշակի առումով կնվազեն, եթե այս օրերին բոլոր կանայք ակտիվ լինեն և պարտադիր հետազոտվեն: Բացի գինեկոլոգիական խնդիրներից, կմատուցվեն նաև խորհդատվական նյարդաբանական, սրտաբանական և ակնաբուժական ծառայություններ: Կլինեն հատուկ օրեր` նվիրված մամոգրաֆիական հետազոտություններին: «Մենք նման լայնածավալ մասշտաբի աշխատանքներ իրականացնում ենք առաջին անգամ` քաջ գիտակցելով, որ առողջ մայրությունը առողջ մանկության, առողջ ընտանիքի գրավականն է, – նշեց Կ.Սարիբեկյանը:

Որպեսզի բոլոր կանայք տեղեկացված լինեն այս նախաձեռնության մասին, կիրականացվեն նաև հանրային իրազեկման և լայնածավալ քարոզչական աշխատանքներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր, որոնցում անդրադարձ կարվի կանանց առողջության պահպանման հիմնախնդիրներին: Նախարարության աշխատակիցները հորդորում են թե՛ երևանաբնակ, թե՛ մարզաբնակ կանանց` մեծացնել ուշադրությունը առողջության նկատմամբ և անպայման դիմել համապատասխան հետազոտության` առկա խնդիրները բացահայտելու և հիվանդությունները վաղ հայտնաբերելու նպատակով:
Ի դեպ, առողջության պահպանման հաջորդ միջոցառումը նախատեսվում է իրականացնել մայիսի 9-ի կապակցությամբ` ընդգրկելով արդեն հայրենական պատերազմի մասնակիցներին և ազատամարտիկներին: Նմանատիպ նախաձեռնությունների շարք կմեկնարկի նաև երեխաների պաշտպանության կամ գիտության օրվա կապակցությամբ: Վիճակագրական տվյալները վկայում են, որ մեր երկրում վերջին տարիներին էապես նվազել են մայրական և մանկական մահացության դեպքերը, նկատվում է նրանց առողջության և կյանքի որակի բարելավում:
Ուրեմն պահպանենք մեր առողջությունը` այդպիսով ապահովելով նաև առողջ սերունդ:

Լ.Ն

Անկախ

 

Tags: , ,