Հանրային խորհուրդը քննարկել է հանրությանը հուզող մի շարք հարցեր

ՀԽ-նիստ

Հանրային խորհուրդը պատրաստվում է առաջիկա լիագումար նիստին, որի օրակարգը նախապատրաստելու նպատակով հուլիսի 8-ին կայացել է ՀԽ փոքր խորհրդի նիստ:
Օրակարգ ընդգրկվող հարցերի մի մասը Հանրային խորհուրդը նախատեսում է նաև ներկայացնել ՀՀ նախագահին` հուլիսին կայանալիք հանդիպման ժամանակ:

ՀԽ փոքր խորհրդի նիստում, մասնավորապես, քննարկվել են հետևյալ հարցերը.

1. Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցը:

2. Արտագաղթի իրական չափերը, հետևանքները և դրա կանխարգելմանն ուղղված քայլերը:

3. Կենսաթոշակային նոր համակարգի ազդեցությունն ուսուցիչների, առողջապահության համակարգում աշխատողների, ինչպես նաև այլ բյուջետային աշխատողների սոցիալական վիճակի վրա:

4. Երևանի փողոցներում «կարմիր գծերի» օրինականության և ԴԱՀԿ-ի կողմից քաղաքացիների անձնական հաշիվների վրա կալանք դնելու վերաբերյալ հարցը:

5. Էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարների (Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի և նոր ատոմակայանի կառուցում) և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:

6. Անկախության տարիներին հանքերի վաճառքի և օգտագործման շահավետության հարցը:

7. Սննդամթերքի թանկացման պատճառները և ս.թ. հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման իրական պատկերը:

8. ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հետ կապված հարցը:

Այլ հարցեր:

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցի քննարկմանը ՀԽ հրավերով մասնակցել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նա մանրամասն ներկայացրել է գործընթացը՝ պատասխանելով խորհրդի անդամների հարցերին:

Արտագաղթի իրական չափերի, հետևանքների և դրա կանխարգելմանն ուղղված քայլերի վերաբերյալ քննարկմանը ՀԽ հրավերով մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, որը ներկայացրել է նաև արտագաղթի վերաբերյալ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները: Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ` հարցը ևս մեկ անգամ համակողմանիորեն ուսումնասիրելու և ՀՀ նախագահին ներկայացնելու համար:

Ուսուցիչների, առողջապահության համակարգում աշխատողների, ինչպես նաև այլ բյուջետային աշխատողների սոցիալական վիճակի վրա կենսաթոշակային նոր համակարգի ազդեցության վերաբերյալ քննարկմանը ՀԽ հրավերով մասնակցել են «Դեմ եմ» նախաձեռնության անդամ մանկավարժներ Սոֆյա Հովսեփյանը և Շողեր Բաբայանը: Նրանք ներկայացրել են մանկավարժների վարձատրման հետ կապված խնդիրները` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունից հետո: Որոշվել է այս հարցով նույնպես ստեղծել աշխատանքային խումբ, որը կամբողջացնի խնդիրները ՀՀ նախագահին ներկայացնելու համար:

Անկախ

«Քերված փողոցներ: Ո՞ւր են կարմիր գծերը». Անահիտ Բախշյան

Anahit_BaxshyanԱվագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ խնդրով.

«Կրկին քերվում են Երևանի այն փողոցները, որոնք հիմնանորոգվել են վերջին 1-4 տարիների ընթացքում: Օրինակ՝ անցյալ տարի հիմնանորոգված Արշակունյաց փողոցը, որի ծայրամասն այս պահին  կրկին նորոգվում է, արդեն 20 օր է, ինչ Զաքյան փողոցն ամբողջովին քերվել է:

Բացի վարորդներին պատճառած անհանգստությունից, բնակիչներին փոշի  մատակարարելուց, կա մի  խնդիր, որի մասին լռում է քաղաքապետարանը: Քերված փողոցներում կարմիր գույնով գծանշված  ավտոկայանատեղերը  փաստորեն  տվյալ ծառայությունը չեն  մատուցում,  և  այդ նպատակի համար արդեն վճարած քաղաքացիները  փաստորեն  չեն օգտվում այդ ծառայությունից: Ո՞վ պետք է դրա համար պատասխան տա, կամ գուցե  այդ վճարները  տեղափոխվե՞ն, երբ  սկսի  գործել, մասնավորապես Զաքյան փողոցի  գծանշված  ավտոկայանատեղին:

Շնորհակալություն համագործակցության համար»:

 

Անկախ

Հանրային խորհուրդը քննարկել է մի շարք խնդրահարույց հարցեր

IMG_4460Հունիսի 19-ին ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի օրակարգը հագեցած էր մի շարք հարցերով:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նախ տեղեկացրեց, որ ՀԽ պատվիրակությունն իր գլխավորությամբ մասնակցելու է հունիսի 25-28-ը Բուխարեստում կայանալիք ՀԽ միջազգային կառույցի (Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիա) գլխավոր ասամբլեային, որի օրակարգի գլխավոր հարցը կոռուպցիայի դեմ պայքարում հանրային խորհուրդների դերն է: Մանուկյանը հայտնեց, որ ասոցիացիան, որի անդամ է նաև Հայաստանը, նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը, ուստի նախաձեռնել է տարբեր երկրներում հանրային խորհուրդների ստեղծման գործընթաց: Այդ երկրների մեջ են նաև Ադրբեջանն ու Թուրքիան: Վերջինս արդեն Հանրային խորհրդի մասին օրենք է ընդունել:

 

ՀԽ անդամները ողջունեցին նոր երկրներում հանրային խորհուրդների ստեղծման և ասոցիացիային անդամակցելու հնարավորությունը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը, ապա մեծ մասի կարծիքով՝ դա դրական կարող է լինել Հայաստանի համար, քանի որ հաճախ ադրբեջանցի գործիչները տեղեկատվության պակաս ունեն շատ հարցերի նկատմամբ հայկական կողմի դիրքորոշումների վերաբերյալ, իսկ նման հարթակները ադրբեջանցիների մտածողության վրա ազդելու լավ հնարավորություն են:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր քեսաբահայության խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ՀԽ աշխատանքային խմբի գործունեությանը, որում ներառված են Հանրային խորհրդի անդամներ Ռուբեն Սաֆրաստյանը, Վլադիմիր Մովսիսյանը, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայկ Դեմոյանն ու Գագիկ Մանասյանը: Վերջինս ներկայացրեց Հայ Առաքելական եկեղեցու կողմից կազմակերպված “Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար” միջազգային խորհրդակցությանը աշխատանքային խմբի մասնակցության և Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, ներկայումս հատուկ հանձնարարականներով դեսպան Լևոն Սարգսյանի հետ հանդիպման արդյունքները, ինչպես նաև առաջիկա հանդիպումների օրակարգը՝ խնդրով զբաղվող պետական համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ:
Փոքր խորհրդի օրակարգի հաջորդ հարցը բուռն քննարկումների առիթ դարձավ: Այն վերաբերում էր երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքներին, դրանց փոփոխմանը, ինչպես նաև ԴԱՀԿ ծառայության կողմից քաղաքացիների անձնական հաշիվների վրա կալանք դնելու խնդրին, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել հանրության շրջանում:
ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ բարձրացված հարցերը քննարկվել են ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի համապատասխան ենթահանձնաժողովում, որի ներկայացուցիչները նաև մասնակցել են այդ հարցերի վերաբերյալ այլ կառույցների կողմից կազմակերպված տարբեր քննարկումների:
ՀԽ անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանի կարծիքով՝ քաղաքացիների հաշիվների վրա արգելանք դնելը լուրջ խնդիր է իրավունքի տեսանկյունից, քանի որ օրենքով նախատեսված չէ արգելանք դնել ողջ հաշվի վրա, այլ մատնանշված է տուգանքի չափը: Նրա կարծիքով՝ կա համաչափության խնդիր, և պետք է հանրային ու մասնավոր շահը հավասարակշռված լինի: Մինչդեռ, այս դեպքում, հանրային շահը տուժում է՝ հանուն մասնավորի: Ըստ նրա, իրավական խնդիր է նաև այն, որ քաղաքացին, փաստորեն, հնարավորություն չունի իրեն վերաբերող խնդիրը դատական կարգով վիճարկել:
Հնչեց տեսակետ, որ օրենքը, որով ԴԱՀԿ ծառայությունն իրականացնում է այդ գործընթացը, հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու միջազգային օրենքներին:
Ինչ վերաբերում է «կարմիր գծերի» խնդրին, ՀԽ անդամները դեմ արտահայտվեցին ոլորտը շահեկան համամասնությամբ մասնավորին տրամադրելու իրողությանը՝ կարևորելով ոլորտում պետության կողմից հնարավորինս մեծ վերահսկողական գործառույթներ ունենալու անհրաժեշտությունը: ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց նաև այս հարցերում հասարակական ակտիվությունն ու քաղաքացիական շարժումների դերը, ինչը կարող է զսպիչ գործոն լինել:
ՀԽ նախագահը խորհրդում ընդգրկված իրավաբաններին հանձնարարեց պատրաստել առաջարկների և դիտողությունների փաթեթ՝ առաջիկա հանդիպման ժամանակ Հանրապետության նախագահին ներկայացնելու նպատակով:
Վերջին շրջանում հանրությանը հուզող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը նույնպես ներառված էր ՀԽ օրակարգում:
ՀԽ անդամ Արշակ Սադոյանը ներկայացրեց օրեր առաջ ՀԽ համապատասխան հանձնաժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքները՝ տեղեկացնելով, որ ՀԽ հանձնաժողովի առաջարկներն ուղարկվել են ՀԾԿՀ:

Առաջարկներից մեկն էլ այն է, որպեսզի ՀԾԿՀ-ն իր վերջնական որոշման մեջ ամրագրի, որ սակագնի բարձրացումը ժամանակավոր է, քանի որ, ըստ ներկայացված հիմնավորումների, ծախսերի մի մասը, որի պատճառով տեղի է ունենալու թանկացումը, ժամանակի ընթացքում մարվելու է, հետևաբար, հնարավորություն է լինելու նաև սակագինը վերանայելու:
ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ մասնակցել է Ազգային ժողովում հարցի վերաբերյալ տեղի ունեցած խորհրդարանական լսումներին և ներկայացրել է առաջարկներ, որոնցից մեկն էլ վերաբերում է “Երևան ՋԷԿ-ի” երկրորդ էներգաբլոկի կառուցման անհրաժեշտությանը: Ըստ Սաֆարյանի՝ դա հնարավորություն կտա Հայաստանում էապես նվազեցնելու էլեկտրաէներգիայի սակագինը:
ՀԽ անդամները բարձրացրեցին նաև էներգետիկայի ոլորտում անկախ աուդիտի անցկացման անհրաժեշտությունը:
Նիստի օրակարգի շրջանակներում քննարկվեց նաև ՀԽ հետագա գործունեության և ժամկետների փոփոխման վերաբերյալ հարցը, ըստ որի ՀԽ-ն նույն կազմով, բայց որոշակի հանձնաժողովների ընդլայնմամբ կշարունակի իր գործունեությունը, մինչև այն կամրագրվի ՀՀ Սահմանադրության մեջ:

 

Անկախ

Հակաերևանյան ծրագիր, քերթման մեխանիզմ. կարմիր գծերի հարցը հասավ խորհրդարանական լսումներին

amn-um-karmir-gcer-c-p2440-1Ապրիլի 23-ին Ազգային ժողովում կազմակերպված «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղիների գործունեության կազմակերպումը» թեմայով խորհրդարանական լսումների մասնակիցների թիվն այնքան մեծ էր, որ լսարանում գրեթե ասեղ գցելու տեղ չկար:

Խնդիրն իսկապես հետաքրքիր և մտահոգիչ էր շատերի համար, և լսումներին մասնակցում էին գրեթե ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերը:

Հատկապես հետաքրքիր քննարկում ծավալվեց ավտոկայանատեղիների գործունեության կազմակերպման թեմայի ժամանակ, որին մասնակցում էին Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրենը և ԱԺ բոլոր խմբակցությունները:

ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը բարձրացրեց ոլորտում իրականացվող ծրագրում հայեցակարգի բացակայության հարցը և մի շարք հարակից հարցեր: «Ինչ էինք ուզում ստանալ այս ոլորտում նման փոփոխություն անելու արդյունքում և ի՞նչ ենք սպասում: Ի՞նչ եմ ես շահում որպես քաղաքացի, որպես վարորդ ու սեփականատեր, ի՞նչ առավելություն է դա, և բացի այդ, ի՞նչ է շահում դրանից մեր քաղաքը»::

Պատգամավորի խոսքով, եթե կարմիր գծերով լուծվի քաղաքի բեռնաթափման խնդիրը,  էկոլոգիական խնդիրը կամ մեկ այլ գլոբալ խնդիր, գոնե կարելի է դա ընդունել: «Սակայն քաղաքացու կողմից տարեկան 12 000 դրամ վճարից քաղաքային բյուջե է մտնում ընդամենը 3600-ը: Էդ դեպքում ինչո՞ւ ես չեմ վճարում 3600 դրամ, եթե դա քաղաքի բյուջեին անհրաժեշտ է, և մեկ ուրիշին եմ տալիս մնացած գումարը»:

Պատգամավորն առաջարկում է լավացնել ճանապարհային նշանները, և եթե անհրաժեշտ է` այդ նշանները տեղադրելու համար սահմանել քաղաքային միասնական տուրք, որպեսզի մարդիկ ինչ որ անհասկանալի ծառայության դիմաց գումարներ չտան:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ծրագիրն անվանեց հակաերևանյան:

«Դուք այստեղ առաջնորդվել եք ոչ Երևանի քաղաքապետարանի, և ոչ էլ երևանցու շահերով, որովհետև, եթե դուք պատճառաբանում եք, որ 10  միլիոն դոլար չունեինք, որ ներդրում անեիք և եկամուտ ստանայիք, և մտավախություն ունեիք, որ կարող էիք այդ գումարը հետ չբերել, կներեք, բայց ուրեմն դուք շատ սիրողական մակարդակով եք վարվել, որովհետև սա գերշահույթ ապահովող ոլորտ է»:

Ինչ վերաբերում է պայմանագրերին, ապա պատգամավորը նշեց, որ բոլորն էլ շատ լավ գիտեն, թե Հայաստանում ինչպես են անցկացվում մրցույթները և կնքվում պայմանագրերը. հաղթող կազմակերպությունը 4 ամիս առաջ արդեն գիտի, որ ինքը հաղթելու է: Մի խոսքով` Ռուբեն Հակոբյանը սա համարում է շատ վատ պայմանագիր, իր բնորոշմամբ` Երևանի մասին չմտածող, Երևանին ոչինչ չտվող, կոռուպցիոն դաշտում կնքված պայմանագիր:

«Եկեք մարդավարի, ազնիվ խոսենք` էս պայմանագրով դուք Երևանին հարվածում եք: Երբ ես իմ բնակարանից դուրս եմ գալիս ու տեսնում եմ էդ կարմիր գծերը, ինձ ոնց որ հայհոյեն, ինչ որ մեկը, ասես, իմ վրա նալոգ է դրել: Մի խոսքով, մտածեք, որ սա հակաերևանյան օրենք է, իսկ մենք պատրաստ ենք ձեզ օգնել, փրկել, որ նորմալ օրենք ունենանք, Երևանն էլ օգտվի»,-ամփոփեց Ռուբեն Հակոբյանը:

Ավտոկայանատեղիների գործունեությանը քննադատողներին միացավ նաև «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա էլ հետաքրքրվեց, թե այդ ինչի՞ վրա է ծախսել ընկերությունը այդ երկու  միլիարդ դրամը, եթե շատ պարզ սարքավորումներ են դրվել: «Միգուցե ներկանյո՞ւթն է բավականին թանկ: Բայց դե բոլորին էլ պարզ է, թե ինչ ներկանյութ է` սովորական  ներկանյութ»:

ՕԵԿ-ական պատգամավորը բարձրացրեց նաև այդ ավտոկայանատեղիներում կայանած ավտոմեքենաների անվտանգության խնդիրը, որը նույնպես լուծված չէ: «Մեկ խոսքով ասած` ստացվում է, որ միայն Երևանի բյուջեին է գումար եկել, ինչն իհարկե ողջունելի է, բայց քաղաքացիները դժգոհ են»:

Հովհաննես Մարգարյանը հանդես եկավ նաև առաջարկությամբ` ավելացնել 5 րոպե անվճար կայանելու ժամանակահատվածը` դարձնելով գոնե 10 րոպե:

Ինչ վերաբերում է վճարման մեխանիզմներին, ապա պատգամավորը sms ծառայությամբ վճարումներ կատարելը համարում է սխալ, քանի որ կան քաղաքացիներ, որ հեռախոս չունեն կամ հարմար չէ դրանից օգտվելը,կամ էլ, ինչպես Մարգարյանն ասաց. «Ոչ բոլոր քաղաքացիները կարող են sms-կայի միջոցով ուղարկել»:

Որքան էլ տարօրինակ է, ոլորտը քարկոծողներին միացավ նաև ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը` իհարկե, ավելի նուրբ քարեր նետելով քաղաքապետարանի ուղղությամբ: Նա մասնավորապես կիսեց Ստեփան Մարգարյանի մտահոգությունը, որ այդ գործընթացում բացակայում է հայեցակարգը: Նա քննադատեց նաև ծառայության ծավալը. «Այդ ծառայության սահմանումը պետք է շատ հստակ լինի, և լինի երկուստեք պատասխանատվություն»:

Խոսրով Հարությունյանը որպես խնդիր առանձնացրեց նաև 30-70 տոկոս համամասնության հարցը. «Միգուցե ծրագրի մեկնարկի ժամանակ` գումարները հետ բերելու առումով, 30-70 տոկոսը արդարացված է, բայց եթե գա պահը, որ ընկերության ծախսերը նվազեն, և շահույթ առաջանա, ապա պայմանագիը պետք է նախատեսի այդ փոփոխությունը, միշտ չի կարող լինել 30-70 համամասնություն»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ծրագիրը ներառեց այն բոլոր ծրագրերի շարքին, որոնց համար իրենք սահմանել են «քերթման սխեմա» ձևակերպումը` դրա մեջ ընգրևկելով նաև արագաչափերը, պարտադիր կուտակային համակարգը և այլն: «Ուղղակի տպավորություն է, որ վերջին ժամանակներում կառավարությունը, իշխանությունները զբաղված են հարկահավաքի սխեմաների մոգոնմամբ»:

Լևոն Զուրաբյանի համար այս ծրագրում չկա նպատակ, փոխարենը այն կրում է ակնհայտ կոռուպցիոն բնույթ, որն ապացուցվում է երկու գործոնով` 30-70 տոկոս բաշխումը և այն հանգամանքը, որ մրցույթին ներկայացվել է ընդամենը մեկ հայտ:

«Ի՞նչ է նշանակում մի այսպիսի անհասկանալի հարկահավաք հաստատել մի երկրում, որտեղ լուծվում է տնտեսական գոյատևման հարց: Սա նույնն է, որ ասենք, խորտակվող նավի վրա կայմը ներկեն, թե իբր դա կարևոր է ընդհանուր կարգուկանոնի համար: Աբսո´ւրդ»:

Պատգամավորն ընդգծեց նաև, որ քաղաքապետարանը մինչ օրս չունի այն հաշվարկները, թե ինչ շահույթներ է ունենալու այդ ընկերությունն ապագայում:

Մի խոսքով` ՀԱԿ-ը դեմ է «քերթման սխեմաներին» և կամիր գծերի վերաբերյալ նրանց միակ առաջարկը հետևյալն է` անմիջապես վերացնել այդ կարմիր գծերը:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` որպես տնտեսագետ, հայտարարեց, որ այն մեխանիզմը, որ այսօր կիրառվում է այս ծառայության դեպքում,  բացարձակապես տնտեսական հիմնավորում չունի, և որ դրա հետևանքով կորչել են հսկայական թվով աշխատատեղեր` ինչը կարող էր կազմակերպվել շատ ավելի լավ ձևով` հնարավորություն ընձեռելով անձանց ներգրավվել աշխատանքի մեջ:

Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:  Նա խոստովանեց, որ Երևանի քաղաքապետարանը իսկապես լուրջ հույսեր է կապում այս ծառայությունից ստացված գումարների վրա` տեղեկացնելով, որ միայն անցած հուլիսից մինչև փետրվարի 28-ը Երևանի բյուջե է մտել շուրջ 96 միլիոն դրամ: «Սա լուրջ օգուտ է, բայց թե դրա փոխարեն Երևանցի՞ն ինչ օգուտ է ստանում` մի շար գլխացավանքներ»:

Գլխացավանքներից մեկն էլ այն է, որ օրինակ, քաղաքացին վճարել է տարեկան 12 000 դրամ վճարը, սակայն տարբեր առևտրային կազմակերպություններ արգելքներ են դրել և չեն թողնում վարորդներին կայանել այս կամ այն վայրում: Կամ էլ վճարել են, բայց անդորագրերի մեջ ինչ-ինչ սխալներ են ի հայտ եկել, և մարդին պատմությունների մեջ են ընկել:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, որը բավականին պատրաստված էր ներկայացել քննարկմանը և անգամ գովեստի խոսքեր ստացավ ընդդիմադիր Ռուբեն Հակոբյանից, շտապեց արձագանքել ներկաների բարձրացրած հարցերին:

Նա ասաց, որ օրենքը քարացած չէ, և կյանքն իր փոփոխությունները կմտցնի այնտեղ, բայց այս պահին օրենքը հաջողված է, և Հայաստանում նոր մշակույթ է ձևավորվում:

Նա իր ընդդիմախոսներին հորդորեց հիշել ոչ հեռու անցյալը, երբ քաղաքում տիրում էր անարխիկ, խայտառակ վիճակ և դրամաշորթություն: Ըստ նրա` այս ծրագրով, այդ երևույթը կարգավորվել է, և անորմալ վիճակին փոխարինելու է եկել օրենքով կարգավորված դաշտը:

Անդրադառնալով հայեցակարգի խնդրին` նա ասաց, որ այս ծրագրի համար առանձին հայեցակարգ գոյություն չունի, քանի որ այն Երևան քաղաքում տրանսպորտի կարգավորման ընդհանուր հայեցակարգի բաղկացուցիչ մասն է:

Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա նա նշեց, որ օրենքով կազմակերպչի վրա նման  պարտավորություն դրված չէ:

Այնուամենայնիվ, փոխքաղաքապետը զիջումների մասին էլ խոսեց:

Նա համաձայնեց, որ իսկապես 5 րոպե անվճար կայանելու ժամկետը քիչ է, և այն կարելի է դարձնել 10 րոպե:

Վճարման մեխանիզմների առումով էլ ասաց, որ հնարավոր է sms-ներով վճարելու  հարցը վերանայվի և տեղեկացրեց, որ իրենք արդեն իսկ «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության հետ բանակցում են ավտոկայանատեղիներում պարկոմատերի տեղադրամն հարցի շուրջ, որպեսզի վճարումները կատարվեն այդ եղանակով և ոչ թե sms-ով:

Ինչ վերաբերում է 30-70 տոկոս համամասնությանը, ապա փոխքաղաքապետը վստահեցրեց, որ այն ենթակա է փոփոխման, հենց որ մասնավոր ընկերությունը հետ բերի իր ծախսերը և սկսի գերշահույթ ստանալ:

Ծառայողական ավտոկայանատեղիների դեպքում, երբ տվյալ տնտեսվարողը արդեն տարվա համար վճարումը կատարած է լինում, սակայն վարորդը, չիմանալով, կրկնակի վճարում է կատարում, Կամո Արեյանը հետևյալ լուծումն առաջարկեց. օրենքում փոխել այն դրույթը, որը սահմանում է կարմիր գույն պարտադրանքը, և տնտեսվարողները հնարավորություն ունենան իրենց հատվածը ներկել այլ գույնով, ինչից նաև վարորդները կհասկանան, որ այդ հատվածում կարող են արդեն կայանել անվճար:

Ի դեպ, Կամո Արեյանն ընդհանուր առմամբ չհամաձայնեց պատգամավորների հնչեցրած այն մտահոգությանը, որ կարմիր գծերը հանրության շրջանում զայրույթ և լարվածություն են առաջացրել. «Մենք այս հարցում ընդգծված սոցիալական բողոք չենք նկատել»,-ասաց նա:

Թե ի՞նչ արդյունք կտան խորհրդարանական այս լսումները, ցույց կտա ապագան, բայց եթե դրանք չլինեն շոշափելի, այն կհամալրեն այն ձևական միջոցառումների շարքը, որոնք սովորաբար կազմակերպվում են` մեղմելու հանրային դժգոհությունը:

 

Անի Գասպարյան

 

Անկախ