Հակաերևանյան ծրագիր, քերթման մեխանիզմ. կարմիր գծերի հարցը հասավ խորհրդարանական լսումներին

amn-um-karmir-gcer-c-p2440-1Ապրիլի 23-ին Ազգային ժողովում կազմակերպված «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղիների գործունեության կազմակերպումը» թեմայով խորհրդարանական լսումների մասնակիցների թիվն այնքան մեծ էր, որ լսարանում գրեթե ասեղ գցելու տեղ չկար:

Խնդիրն իսկապես հետաքրքիր և մտահոգիչ էր շատերի համար, և լսումներին մասնակցում էին գրեթե ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերը:

Հատկապես հետաքրքիր քննարկում ծավալվեց ավտոկայանատեղիների գործունեության կազմակերպման թեմայի ժամանակ, որին մասնակցում էին Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրենը և ԱԺ բոլոր խմբակցությունները:

ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը բարձրացրեց ոլորտում իրականացվող ծրագրում հայեցակարգի բացակայության հարցը և մի շարք հարակից հարցեր: «Ինչ էինք ուզում ստանալ այս ոլորտում նման փոփոխություն անելու արդյունքում և ի՞նչ ենք սպասում: Ի՞նչ եմ ես շահում որպես քաղաքացի, որպես վարորդ ու սեփականատեր, ի՞նչ առավելություն է դա, և բացի այդ, ի՞նչ է շահում դրանից մեր քաղաքը»::

Պատգամավորի խոսքով, եթե կարմիր գծերով լուծվի քաղաքի բեռնաթափման խնդիրը,  էկոլոգիական խնդիրը կամ մեկ այլ գլոբալ խնդիր, գոնե կարելի է դա ընդունել: «Սակայն քաղաքացու կողմից տարեկան 12 000 դրամ վճարից քաղաքային բյուջե է մտնում ընդամենը 3600-ը: Էդ դեպքում ինչո՞ւ ես չեմ վճարում 3600 դրամ, եթե դա քաղաքի բյուջեին անհրաժեշտ է, և մեկ ուրիշին եմ տալիս մնացած գումարը»:

Պատգամավորն առաջարկում է լավացնել ճանապարհային նշանները, և եթե անհրաժեշտ է` այդ նշանները տեղադրելու համար սահմանել քաղաքային միասնական տուրք, որպեսզի մարդիկ ինչ որ անհասկանալի ծառայության դիմաց գումարներ չտան:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ծրագիրն անվանեց հակաերևանյան:

«Դուք այստեղ առաջնորդվել եք ոչ Երևանի քաղաքապետարանի, և ոչ էլ երևանցու շահերով, որովհետև, եթե դուք պատճառաբանում եք, որ 10  միլիոն դոլար չունեինք, որ ներդրում անեիք և եկամուտ ստանայիք, և մտավախություն ունեիք, որ կարող էիք այդ գումարը հետ չբերել, կներեք, բայց ուրեմն դուք շատ սիրողական մակարդակով եք վարվել, որովհետև սա գերշահույթ ապահովող ոլորտ է»:

Ինչ վերաբերում է պայմանագրերին, ապա պատգամավորը նշեց, որ բոլորն էլ շատ լավ գիտեն, թե Հայաստանում ինչպես են անցկացվում մրցույթները և կնքվում պայմանագրերը. հաղթող կազմակերպությունը 4 ամիս առաջ արդեն գիտի, որ ինքը հաղթելու է: Մի խոսքով` Ռուբեն Հակոբյանը սա համարում է շատ վատ պայմանագիր, իր բնորոշմամբ` Երևանի մասին չմտածող, Երևանին ոչինչ չտվող, կոռուպցիոն դաշտում կնքված պայմանագիր:

«Եկեք մարդավարի, ազնիվ խոսենք` էս պայմանագրով դուք Երևանին հարվածում եք: Երբ ես իմ բնակարանից դուրս եմ գալիս ու տեսնում եմ էդ կարմիր գծերը, ինձ ոնց որ հայհոյեն, ինչ որ մեկը, ասես, իմ վրա նալոգ է դրել: Մի խոսքով, մտածեք, որ սա հակաերևանյան օրենք է, իսկ մենք պատրաստ ենք ձեզ օգնել, փրկել, որ նորմալ օրենք ունենանք, Երևանն էլ օգտվի»,-ամփոփեց Ռուբեն Հակոբյանը:

Ավտոկայանատեղիների գործունեությանը քննադատողներին միացավ նաև «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա էլ հետաքրքրվեց, թե այդ ինչի՞ վրա է ծախսել ընկերությունը այդ երկու  միլիարդ դրամը, եթե շատ պարզ սարքավորումներ են դրվել: «Միգուցե ներկանյո՞ւթն է բավականին թանկ: Բայց դե բոլորին էլ պարզ է, թե ինչ ներկանյութ է` սովորական  ներկանյութ»:

ՕԵԿ-ական պատգամավորը բարձրացրեց նաև այդ ավտոկայանատեղիներում կայանած ավտոմեքենաների անվտանգության խնդիրը, որը նույնպես լուծված չէ: «Մեկ խոսքով ասած` ստացվում է, որ միայն Երևանի բյուջեին է գումար եկել, ինչն իհարկե ողջունելի է, բայց քաղաքացիները դժգոհ են»:

Հովհաննես Մարգարյանը հանդես եկավ նաև առաջարկությամբ` ավելացնել 5 րոպե անվճար կայանելու ժամանակահատվածը` դարձնելով գոնե 10 րոպե:

Ինչ վերաբերում է վճարման մեխանիզմներին, ապա պատգամավորը sms ծառայությամբ վճարումներ կատարելը համարում է սխալ, քանի որ կան քաղաքացիներ, որ հեռախոս չունեն կամ հարմար չէ դրանից օգտվելը,կամ էլ, ինչպես Մարգարյանն ասաց. «Ոչ բոլոր քաղաքացիները կարող են sms-կայի միջոցով ուղարկել»:

Որքան էլ տարօրինակ է, ոլորտը քարկոծողներին միացավ նաև ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը` իհարկե, ավելի նուրբ քարեր նետելով քաղաքապետարանի ուղղությամբ: Նա մասնավորապես կիսեց Ստեփան Մարգարյանի մտահոգությունը, որ այդ գործընթացում բացակայում է հայեցակարգը: Նա քննադատեց նաև ծառայության ծավալը. «Այդ ծառայության սահմանումը պետք է շատ հստակ լինի, և լինի երկուստեք պատասխանատվություն»:

Խոսրով Հարությունյանը որպես խնդիր առանձնացրեց նաև 30-70 տոկոս համամասնության հարցը. «Միգուցե ծրագրի մեկնարկի ժամանակ` գումարները հետ բերելու առումով, 30-70 տոկոսը արդարացված է, բայց եթե գա պահը, որ ընկերության ծախսերը նվազեն, և շահույթ առաջանա, ապա պայմանագիը պետք է նախատեսի այդ փոփոխությունը, միշտ չի կարող լինել 30-70 համամասնություն»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ծրագիրը ներառեց այն բոլոր ծրագրերի շարքին, որոնց համար իրենք սահմանել են «քերթման սխեմա» ձևակերպումը` դրա մեջ ընգրևկելով նաև արագաչափերը, պարտադիր կուտակային համակարգը և այլն: «Ուղղակի տպավորություն է, որ վերջին ժամանակներում կառավարությունը, իշխանությունները զբաղված են հարկահավաքի սխեմաների մոգոնմամբ»:

Լևոն Զուրաբյանի համար այս ծրագրում չկա նպատակ, փոխարենը այն կրում է ակնհայտ կոռուպցիոն բնույթ, որն ապացուցվում է երկու գործոնով` 30-70 տոկոս բաշխումը և այն հանգամանքը, որ մրցույթին ներկայացվել է ընդամենը մեկ հայտ:

«Ի՞նչ է նշանակում մի այսպիսի անհասկանալի հարկահավաք հաստատել մի երկրում, որտեղ լուծվում է տնտեսական գոյատևման հարց: Սա նույնն է, որ ասենք, խորտակվող նավի վրա կայմը ներկեն, թե իբր դա կարևոր է ընդհանուր կարգուկանոնի համար: Աբսո´ւրդ»:

Պատգամավորն ընդգծեց նաև, որ քաղաքապետարանը մինչ օրս չունի այն հաշվարկները, թե ինչ շահույթներ է ունենալու այդ ընկերությունն ապագայում:

Մի խոսքով` ՀԱԿ-ը դեմ է «քերթման սխեմաներին» և կամիր գծերի վերաբերյալ նրանց միակ առաջարկը հետևյալն է` անմիջապես վերացնել այդ կարմիր գծերը:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` որպես տնտեսագետ, հայտարարեց, որ այն մեխանիզմը, որ այսօր կիրառվում է այս ծառայության դեպքում,  բացարձակապես տնտեսական հիմնավորում չունի, և որ դրա հետևանքով կորչել են հսկայական թվով աշխատատեղեր` ինչը կարող էր կազմակերպվել շատ ավելի լավ ձևով` հնարավորություն ընձեռելով անձանց ներգրավվել աշխատանքի մեջ:

Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:  Նա խոստովանեց, որ Երևանի քաղաքապետարանը իսկապես լուրջ հույսեր է կապում այս ծառայությունից ստացված գումարների վրա` տեղեկացնելով, որ միայն անցած հուլիսից մինչև փետրվարի 28-ը Երևանի բյուջե է մտել շուրջ 96 միլիոն դրամ: «Սա լուրջ օգուտ է, բայց թե դրա փոխարեն Երևանցի՞ն ինչ օգուտ է ստանում` մի շար գլխացավանքներ»:

Գլխացավանքներից մեկն էլ այն է, որ օրինակ, քաղաքացին վճարել է տարեկան 12 000 դրամ վճարը, սակայն տարբեր առևտրային կազմակերպություններ արգելքներ են դրել և չեն թողնում վարորդներին կայանել այս կամ այն վայրում: Կամ էլ վճարել են, բայց անդորագրերի մեջ ինչ-ինչ սխալներ են ի հայտ եկել, և մարդին պատմությունների մեջ են ընկել:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, որը բավականին պատրաստված էր ներկայացել քննարկմանը և անգամ գովեստի խոսքեր ստացավ ընդդիմադիր Ռուբեն Հակոբյանից, շտապեց արձագանքել ներկաների բարձրացրած հարցերին:

Նա ասաց, որ օրենքը քարացած չէ, և կյանքն իր փոփոխությունները կմտցնի այնտեղ, բայց այս պահին օրենքը հաջողված է, և Հայաստանում նոր մշակույթ է ձևավորվում:

Նա իր ընդդիմախոսներին հորդորեց հիշել ոչ հեռու անցյալը, երբ քաղաքում տիրում էր անարխիկ, խայտառակ վիճակ և դրամաշորթություն: Ըստ նրա` այս ծրագրով, այդ երևույթը կարգավորվել է, և անորմալ վիճակին փոխարինելու է եկել օրենքով կարգավորված դաշտը:

Անդրադառնալով հայեցակարգի խնդրին` նա ասաց, որ այս ծրագրի համար առանձին հայեցակարգ գոյություն չունի, քանի որ այն Երևան քաղաքում տրանսպորտի կարգավորման ընդհանուր հայեցակարգի բաղկացուցիչ մասն է:

Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա նա նշեց, որ օրենքով կազմակերպչի վրա նման  պարտավորություն դրված չէ:

Այնուամենայնիվ, փոխքաղաքապետը զիջումների մասին էլ խոսեց:

Նա համաձայնեց, որ իսկապես 5 րոպե անվճար կայանելու ժամկետը քիչ է, և այն կարելի է դարձնել 10 րոպե:

Վճարման մեխանիզմների առումով էլ ասաց, որ հնարավոր է sms-ներով վճարելու  հարցը վերանայվի և տեղեկացրեց, որ իրենք արդեն իսկ «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության հետ բանակցում են ավտոկայանատեղիներում պարկոմատերի տեղադրամն հարցի շուրջ, որպեսզի վճարումները կատարվեն այդ եղանակով և ոչ թե sms-ով:

Ինչ վերաբերում է 30-70 տոկոս համամասնությանը, ապա փոխքաղաքապետը վստահեցրեց, որ այն ենթակա է փոփոխման, հենց որ մասնավոր ընկերությունը հետ բերի իր ծախսերը և սկսի գերշահույթ ստանալ:

Ծառայողական ավտոկայանատեղիների դեպքում, երբ տվյալ տնտեսվարողը արդեն տարվա համար վճարումը կատարած է լինում, սակայն վարորդը, չիմանալով, կրկնակի վճարում է կատարում, Կամո Արեյանը հետևյալ լուծումն առաջարկեց. օրենքում փոխել այն դրույթը, որը սահմանում է կարմիր գույն պարտադրանքը, և տնտեսվարողները հնարավորություն ունենան իրենց հատվածը ներկել այլ գույնով, ինչից նաև վարորդները կհասկանան, որ այդ հատվածում կարող են արդեն կայանել անվճար:

Ի դեպ, Կամո Արեյանն ընդհանուր առմամբ չհամաձայնեց պատգամավորների հնչեցրած այն մտահոգությանը, որ կարմիր գծերը հանրության շրջանում զայրույթ և լարվածություն են առաջացրել. «Մենք այս հարցում ընդգծված սոցիալական բողոք չենք նկատել»,-ասաց նա:

Թե ի՞նչ արդյունք կտան խորհրդարանական այս լսումները, ցույց կտա ապագան, բայց եթե դրանք չլինեն շոշափելի, այն կհամալրեն այն ձևական միջոցառումների շարքը, որոնք սովորաբար կազմակերպվում են` մեղմելու հանրային դժգոհությունը:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

 

Tags: ,