Ալի Յունեսին այցելել է Շիրազում գտնվող հայկական եկեղեցի (ֆոտոշարք)

3 Ali-Younesi-visits-church-in-Shiraz-3ԻԻՀ նախագահի կրոնական փոքրամասնությունների հարցերով խորհրդական Ալի Յունեսին այցելել է Շիրազում գտնվող հայկական եկեղեցի, որտեղ հանդիպել է տեղի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

«Իրանում բնակվող կրոնական փոքրամասնությունների իրավունքները  պաշտպանված են: Նրանց իրավունքներն ամրագրված են ԻԻՀ սահմանադրությունում»,- հանդիպման ժամանակ ասել է Ալի Յունեսին:

Տեղեկացնենք, որ հայ առաքելական եկեղեցին Իրանում ներկայացված է Սպահանի, Ատրպատականի, Թեհրանի հայոց թեմերով: Իսկ ԻԻՀ խորհրդարանում իրանահայերի շահերը ներկայացնում է երկու պատագամավոր` Կարեն Խանլարյանը և Ռոբերտ Բեգլարյանը:

Իրանահայերի 98-99 տոկոսը (100 հազար) առաքելական եկեղեցու հետևորդ է:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Հայ քաղկեդոնական եկեղեցիները` թուրք-վրացական «եղբայրության» սակարկագին

1361253759_avaԹուրքիայում հայոց մշակութային ժառանգությունն իրական տերերից զրկելու հետևողական քաղաքականությունը եղել և մնում է այդ երկրի պետական, քաղաքական և հասարակական ուղեգիծը: Սակայն վերջին շրջանում այդ քաղաքականության մեջ նոր երևույթներ են ի հայտ եկել: Թուրքիան հայկական մշակութային կոթողների միջոցով իր անձնական հարաբերություններն է բարելավում հարևան երկրների, մասնավորապես` եղբայրական Վրաստանի հետ:
Հայ քաղկեդոնական եկեղեցիները հերթով նվիրաբերվում են վրացիներին. իհարկե փոխշահավետ պայմաններով:

Վրաստանի և Թուրքիայի միջև միջպետական համաձայնագիր կա մշակութային ժառանգության վերականգնման վերաբերյալ, որի շրջանակներում 2012 թ. թուրքական կառավարությունը 1 մլն լիրա է տրամադրել Տայքի հայ Բագրատունյաց շրջանի ժառանգություն համարվող Իշխան և Օշքի եկեղեցիները վերականգնելու համար: Այդ հայկական եկեղեցիները նույնպես համարվել են վրացական:

Margvelashvili_Erdogan

Այս տարվա հունվարի 21-ին պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու այցելությունները Իշխանի և Օշքի հայկական եկեղեցիներ արդեն իսկ պետական մակարդակով ընդգծեց դրանք վրացականացնելու իրողությունը:
Ավելին, Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը Մարգվելաշվիլու հետ հանդիպման ժամանակ բաց տեքստով հայտարարեց, որ Թուրքիան հիացած է հայոց ցեղասպանության հարցում վրացական դիրքորոշմամբ և հույս հայտնեց, որ այդ դիրքորոշումը կպահպանվի` չխաթարելով երկու երկրների հարաբերությունները: Թերևս երկու հայկական եկեղեցիները վրացիներին նվիրելը նաև այդ դիրքորոշման պատասխանն է, որը թուրքերը ցանկանում են ամեն գնով պահպանել:
Սակայն հայերի հաշվին նման թանկարժեք ընծաներ անելու գործընթացը պայմանավորված է նաև այլ հանգամանքներով:

levon_hovsepyan_1392116913Թուրքագետ Լևոն Հովսեփյանը Մարգվելաշվիլու հունվարյան այցը Թուրքիա և նրա այցելությունները այդ եկեղեցիներ համարում է նախորդ գործընթացների նոր, ավելի հրապարակային փուլ: «Սա հին պատմություն է: Թուրքական պետությունն այս ուղեգիծը միշտ պահել է, ինչը վառ դրսևորվեց վրացական նախկին իշխանությունների օրոք, թուրք-վրացական ջերմ հարաբերությունների ներքո, երբ Սահակաշվիլին բավական լայն բացել էր դռները Թուրքիայի առջև: Այդ ժամանակվանից սկսած` նման խնդիրներ աստիճանաբար ի հայտ էին գալիս, և թուրքական կողմը դա փորձում էր օգտագործել մի կողմից վրացիներին սիրաշահելու, մյուս կողմից` զրկելով հայերին այն արժեքներից ու ժառանգությունից, որոնք այսօր Թուրքիայում կան»:

Բացի այդ, թուրքական կողմը նաև Վրաստանում թուրքական մզկիթների վերաբացման, վերանորոգման և կառուցման հետ կապված հավակնություններ ունի, և ըստ որոշ տեղեկությունների` Թուրքիայի ու Վրաստանի կառավարությունների միջև գաղտնի համաձայնություն է եղել, ըստ որի` վրացականացման այս գործընթացին զուգահեռ` թուրքական կողմը պետք է վրացական տարածքում` Ախալցխայում, մզկիթ կառուցի:
«Ջավախքում թուրքական մզկիթի կառուցումը բավական մեծ կարևորություն ունի Թուրքիայի համար` հաշվի առնելով այն գործընթացը, որը մինչ օրս կարծես թե անորոշությամբ, բայց, այնուամենայնիվ, ընթանում է` թուրք մեսխեթցիների վերադարձը Սամցխե-Ջավախ»,- ասում է թուրքագետը:

Ruben SafrastyanՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, որ միաժամանակ Հանրային խորհրդի անդամ է և ՀԽ կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահը, մեզ հետ զրույցում հայտնեց, որ այդ հարցը բարձրացվել է հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սահակյանի կողմից և քննարկվել հանձնաժողովի կոլեգիայի նիստում: Որոշվել է խնդիրն առավել մանրամասն ու համակողմանիորեն ուսումնասիրել հանձնաժողովի մշակութային արժեքների պահպանման ենթահանձնաժողովում համապատասխան մասնագետների, եկեղեցու, արտգործնախարարության, սփյուռքի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Փաստորեն, մեր հոգևոր և մշակութային արժեքները թուրքերը ոչ միայն իրենք են յուրացնում, այլև որոշում են դրանց հետագա ճակատագիրը: Սա պետք է արժանանա և՛ մեր հասարակության, և՛ պատկան մարմինների հատուկ ուշադրությանը, և պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն, որպեսզի նախ նման երևույթները դատապարտվեն, ապա բացառվի դրանց կրկնությունը»,- ասում է Սաֆրաստյանը:

Նա ցավով է արձանագրում, որ նմանատիպ երևույթներ Թուրքիայի կողմից բազմիցս են եղել, և հայկական կողմը գրեթե միշտ ուշացել է կամ թերացել համարժեք արձագանքելու հարցում: «Օրինակ` անցյալ տարի Թուրքիայի ակտիվությունը ՄԱԿ-ի գրասենյակների մի մասը Ստամբուլ տեղափոխելու հարցում, և կրկին մենք արձանագրեցինք, որ մեր պատկան մարմինները հետևողական չեն և համապատասխան քայլեր չեն ձեռնարկում»:

oshkvanq

Օշքի եկեղեցի

Գործուն քայլերի անցնելու անհրաժեշտության մասին է խոսում նաև Լևոն Հովսեփյանը: Նա կարծում է, որ բացթողումը մեր կողմից է: «Օրինակ` անհերքելի է, որ այդ երկու եկեղեցիները հայ քաղկեդոնական եկեղեցիներ են, և մենք արդեն իսկ պետք է գիտական մակարդակով դա ամրագրած լինեինք որպես հայկական և ներկայացրած լինեինք միջազգային համապատասխան կառույցներին` ՅՈՒՆԵՍԿՕ-ին և մյուսներին, որոնք էլ իրենց հերթին պարտավորություններ կդնեին Թուրքիայի վրա` դրանք վերանորոգելու և պահպանելու որպես համաշխարհային մշակույթի բաղկացուցիչ մաս: Նույնը նաև ողջ Արևմտյան Հայաստանում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության առումով»:

oshqvanq-2Թուրքագետը կարծում է, որ այս հարցը պետք է մեր կողմից բարձրացվի և տարվի համակարգված եղանակով գիտական, հասարակական և պետական մակարդակներում: Նա նաև փաստում է, որ Հայաստանը Թուրքիայի վրա ներազդման որևէ լծակ չունի, և հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու միակ հնարավորությունն ու երաշխիքը մնում են միջազգային պարտավորությունները:

Ishkhan-1

Իշխան

Այդ երկու եկեղեցիների հետ կապված` թուրքագետին ամենից շատ զարմացրել է ոչ թե պետական կառույցների կողմից չարձագանքելը, այլև մշակութային հասարակական կազմակերպությունների անտարբերությունը, որոնցից որևէ մեկն այդ հարցի վերաբերյալ չի հայտնել իր դիրքորոշումը և բողոքի ալիք չի բարձրացրել:

 

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը բացում է բոլոր փակագծերը


Նրա խոսքով` սա չափազանց լուրջ խնդիր է և շատ հին նախապատմություն ունի, սակայն այսօր այն ուղղակի ահագնացել է: «Բանն այն է, որ հայ քաղկեդոնական մշակույթի ուղղությամբ հայկական կողմը ոչ միայն այսօր, այլ արդեն մեկուկես դար մատը մատին չի տվել: Մենք ընդհանրապես միշտ աչք ենք փակել և կարծես մեզնից վանել ենք հայ քաղկեդոնական մշակույթը: Եվ այս տևական ծուլությունը, անտարբերությունն ու գործի կարևորությունը չգիտակցելը հասցրել են մի տեղ, որ մենք հիմա էապես բոբիկ վիճակում ենք, ինչը լավագույնս օգտագործել և օգտագործում են մեր հարևանները»,- ասում է նա:

Ի դեպ, վրացիները ոչ միայն Գուգարքի և Տայքի շրջանում գտնվող հայ քաղկեդոնական հուշարձանների նկատմամբ են պահանջատիրություն ներկայացնում, այլև հենց Հայաստանի Հանրապետությում գտնվող եկեղեցիների` այդ հիմքի վրա նաև հողային պահանջներ ներկայացնելով:

Specialist of monuments Samvel Karapetyan guest in Tesaket press club

Սամվել Կարապետյանը նշում է, որ վրացիները, ի տարբերություն մեզ, այդ ուղղությամբ, XIX դարից սկսած, լրջագույն աշխատանքներ են իրականացնում. «Հարյուրավոր գրքեր ու հոդվածներ են հրատարակում, Լոռվա կարոտն են քաշում: Օրինակ` հոդված են հրատարակել մեր Խուճապի վանքի մասին, որը նույնպես հայ քաղկեդոնական եկեղեցի է և գտնվում է Լոռվա մարզում, և գրել են, որ այդ վանքին սատանաներն են տիրապետում: Սատանաներ ասելով էլ մեզ նկատի ունեն»:

Հուշարձանագետը վրացիներին չի մեղադրում, մեղադրում է մեզ: Հիշում է, որ տարիներ առաջ իրեն զանգահարեցին Հուշարձանների պահպանության գործակալությունից: Պարզվեց` այդ ժամանակվա նախագահը` Ռոբերտ Քոչարյանը, զանգահարել էր ակադեմիայի նախագահին, որ Ֆադեյ Սարգսյանն էր, և հարցրել էր, թե որտեղ է գտնվում Խուճապի վանքը: Ակադեմիայի նախագահն էլ իր հերթին զանգել էր գործակալություն, որտեղ նույնպես հարցի պատասխանը չէին իմացել և զանգել էին Կարապետյանին: «Այսինքն` մենք նույնիսկ հայ քաղկեդոնական եկեղեցիների տեղը չգիտենք,- ասում է Կարապետյանը,- դրա համար էլ ես այսօր լուրջ չեմ համարում Արևմտյան Հայաստանի տարածքի հուշարձանների նկատմամբ վրաց պահանջատիրությանը ինչ-որ դիմադրություն ցույց տալը, երբ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող համանման կարգավիճակում գտնվող հուշարձանների նկատմամբ ինքներս այդքան անտարբեր ենք»:

Ի՞նչ է առաջարկում Սամվել Կարապետյանը
Եթե իսկապես այսօր սկսել ենք գիտակցել, որ խնդիրը կարևոր է, որ ոչ միայն մշակութաբանական ու հայագիտական է, այլև քաղաքական, ապա հուշարձանագետը հարցի լուծման մի ճանապարհ է տեսնում` օր առաջ, ժամ առաջ լծվել հայ քաղկեդոնականության պատմության ուսումնասիրման գործին:

Սամվել Կարապետյանն իր կողմից այդ ուղղությամբ աշխատանքներ վաղուց արդեն իրականացնում է, իսկ անցած տարի նաև մի ծավալուն նախագիծ է մշակել ու ներկայացրել մշակույթի նախարարին: Սակայն նախագիծը ո՛չ մեկ հոգու գործ է, ո՛չ էլ մեկ կառույցի: Այն ահռելի աշխատանք պահանջող գործընթաց է, որին պետք է պետական նշանակություն տրվի: «Պետք է ամբողջ ուժով կենտրոնանալ այդ նախագծի վրա: Մասնագիտական ռեսուրսների պահանջ չկա, մեր գրասենյակում կան մասնագետներ, որոնք կարող են դա իրականացնել, սակայն նախագիծը նաև մի քանի լուրջ գիտարշավներ է ենթադրում, չենք կարող գրասենյակային պայմաններում կույրի պես նստած դա անել, երբ հակառակ կողմը, XIX դարի վերջերից սկսած, տասնյակ գիտարշավներ է իրականացրել»,- ասում է Սամվել Կարապետյանը:

Պետք է թարգմանել և ուսումնասիրել նաև օտարալեզու, մասնավորապես` այդ ուղղությամբ վրացիների վիթխարի գրականությունը և այլն:

Ցավոք, այդ նախագծի ճակատագիրն էլ այսօր անորոշ է, չնայած մշակույթի նախարարն անձամբ է կարևորել դա և իր մեծ ոգևորությունը հայտնել հուշարձանագետին:
Եվ մինչ մենք ոգևորվում ու մնում ենք ոգևորության սահմաններում, մեր հարևանները գործնական քայլերով հետևողականորեն յուրացնում են հայ քաղկեդոնական հարուստ ժառանգությունը:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

 

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալին զայրացրել է Քեթրին Էշթոնի՝ Իրանում հայկական եկեղեցի այցելելու փաստը

Ադրբեջան, Քեթրին Էշթոն, հայկական եկեղեցի Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովին զայրացրել է Եվրամիության արտաքին հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի՝ Իրանում հայկական եկեղեցի այցելելու փաստը։

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այդ մասին նա գրել է “Twitter”-ի իր միկրոբլոգում։ «Իրանում Էշթոնը այցելել է հայկական եկեղեցի:  Հավանաբար տիկին Էշթոնը խոստացել է հայկական եկեղեցիներ այցելել բոլոր այն երկրներում, որտեղ դրանք կան»,- նշել է Մամեդովը։

 

Մարտի 8-ին Քեթրին Էշթոնը մեկնել էր Իրան` երկրի միջուկային ծրագրի հարցը քննարկելու նպատակով։ Այցի շրջանակներում նա այցելել էր Նոր Ջուղայի հայկական եկեղեցի, ինչպես նաև հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների և Տեր Բաբկեն եպս. Չարյանի հետ։
Քեթրին Էշթոնը ողջունել էր Իրանի իշխանությունների գործողությունները՝ հայկական ժառանգության պահպանման հարցում։

Անկախ

 

Դիարբեքիրի հայկական եկեղեցին հոգևոր սպասավորի կարիք ունի

Կիրակոս հայկական եկեղեցիԵրեք տարի առաջ 32 տարի ընդմիջումից հետո հավատացյալների առաջ նորից իր դռները բացած Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին քահանայի կարիք ունի: Եկեղեցու խորհրդի անդամ Գաֆուր Թուրքայը նշել է, որ Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցում հոգևոր սպասավոր չկա, այդ պատճառով էլ այնտեղ մշտապես պատարագներ չեն մատուցվում: Հայտնի է, որ եկեղեցին այս հարցով դիմել է Պոլսո Հայոց պատրիարքարանին, սակայն ստացված պատասխանի համաձայն պատրիարքարանը բավարար թվող հոգևոր սպասավորներ չունի, այդ պատճառով էլ չի կարողանում Սուրբ Կիրակոս եկեղեցի քահանա ուղարկել:

Անկախ

Ուրֆայի հայկական եկեղեցին ախոռի է վերածվել

urfa«Ակօսը», վկայակոչելով Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքի տեղական «urfadabugun.com» լրատվական կայքի հրապարակած լուրը, հաղորդում է, որ Գերմուշ գյուղում գտնվող հայկական պատմական եկեղեցին օգտագործվում է որպես ախոռ: Տասը տարի առաջ հայկական համայքի կողմից վերանորոգված այս եկեղեցին երեք տարի առաջ պետք է բացված լիներ այցելուների համար: Սակայն այսօր այն վերածվել է անասունների հավաքատեղիի:
Պատմական եկեղեցու մուտքի մոտ կարելի է տեսնել Շանլըուրֆայի շրջանային վարչության կողմից տեղադրված եռալեզու ծանուցագրական ցուցանակ: Այնուհանդերձ եկեղեցին հեռու է զբոսաշրջության վայր կոչվելուց: Իրականում Գերմուշ անունը կրող այս գյուղը (ակնհայտ է, որ սա հայկական տեղանուն է) այսօր կոչվում է Դաղ էթեղի (թարգմանաբար՝ սարալանջ): urfa 2Կայքը գրում է, որ շրջանի գանձ որոնողները, տեղյակ լինելով եկեղեցու տակ գտնվող անցումներից, ակտիվորեն սկսել են իրենց փորման աշխատանքները:
Նշենք, որ հայկական եկեղեցիները ախոռների, պահեստների ու ամբարների վերածվելու երևույթը բավական տարածված է Արևմտյան Հայաստանի ողջ տարածքում: Իսկ ահա urfa 1«Հայկական ոսկիները» գտնելու մոլուցքով տառապող գանձ որոնողները հարմար առիթը բաց չեն թողնում, որպեսզի հերթական անգամ քանդեն ու ավերեն մի ժամանակ այստեղի բնիկ բնակչությունը հանդիսացող հայերին պատկանող տներն ու եկեղեցիները: