ՓԵՏՐՎԱՐԻ 21. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՇՈՒՄ Է ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՕՐԸ

girq 1Հայերենը սոցիալական ցանցերում ուղղակի աղավաղվում է

Երբ 1948-ին պակիստանցիները որոշեցին, որ այսուհետ այդ հողերում պետք է լսվի միայն ուրդու լեզուն, մարդիկ համեստաբար լռեցին չորս տարի: Սակայն, ուսանողների մի խումբ Բանգլադեշի մայրաքաղաքում (Դաքա) հանրահավաք կազմակերպեց, որտեղ խոսում էին միայն իրենց մայրենի լեզվով (բենգալերեն): Պակիստանցիները սպանեցին ցույցի շատ մասնակիցների, բայց ըմբոստ բանգլադեշցիները շարունակեցին խոսել իրենց լեզվով:
Նրանք այդ տարվանից փետրվարի 21-ը նշում են որպես մայրենի լեզվի օր, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն հռչակեց 1992-ից:

Տարիներ շարունակ փետրվարյան սիրո տոներին հաջորդում է մայրենի լեզվին նվիրված օրը, որը սովորաբար կազմակերպվում է ավելի զուսպ. հավանաբար, հաշվի է առնվում այն հանգամանքը, որ մենք, այնուամենայնիվ, սովոր ենք աղճատել մեր թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքը:

Մայրենի լեզվի օրը բանասերների, ավելի ճիշտ` բանասիրական գիտությունների թեկնածուների, դոկտորների օրն է: Լեզվաբանները շտապում են մի մամուլի ակումբից մյուսը՝ հիշեցնելու, որ մենք հայերեն չգիտենք, խոսում ենք ինչպես պատահի՝ մայրենին խառնելով ռուսերենի և անգլերենի հետ:

Կարո՞ղ ենք ասել, որ փետրվարի 21-ը հայոց լեզվի պահպանման օրն է:
Բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան Արտակ Սարիբեկյանը շփվում է միմիայն գրական հայերենով: Ասում է՝ ուսանող տարիներին ծիծաղում էին վրան, բայց պահպանում է հայերենը:

Երիտասարդ գիտնականին զայրացնում է հիմնականում «Լեզվի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքների անկատարությունը:
– «Լեզվի մասին» ՀՀ օրենքը, որ բովանդակում է հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, լեզվի վիճակը, մեր երկրում գրեթե չի գործում: Այն պետք է կիրառի լեզվի պետական տեսչությունը, որի անունը կա միայն,- ասում է Սարիբեկյանը:- Լեզվի պետական տեսչությունը ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից առանձնացված ստորաբաժանում է, որը որոշումներ չի կարողանում ընդունել, քանի որ չունի հայերենի բարձրագույն խորհուրդ: Այնտեղ կա ընդամենը 10 աշխատող, որոնք հազիվ են հասցնում արձանագրել այս կամ այն վայրում փակցված ցուցանակում գրված օտարալեզու արտահայտությունները և աշխատում, որ դրանք փոխարինվեն հայերենով:
Լեզվաբանը նշում է նաև, որ լիարժեք չեն կիրառվում նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենքի դրույթները: Շատ ցուցանակներում հայերեն արտահայտությունները բացակայում են կամ շատ ավելի փոքր են, չնկատվող, քան օտարալեզու արտահայտությունները:

Հիշեցնենք, որ ըստ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է: Անհրաժեշտության դեպքում, որպես լրացում, գովազդատուի հայեցողությամբ, գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել նաև այլ լեզուներով՝ համեմատաբար փոքր տառերով:

Այս դրույթը չի տարածվում օտար լեզուներով տպագրվող թերթերի, հատուկ հրատարակությունների, ապրանքանիշների և մակնիշների վրա: Գովազդի հայերեն շարադրանքը տեղեկատվության ծավալով չպետք է զիջի այլ լեզվով հրապարակվող տարբերակին:

Արտակ Սարիբեկյանը երիտասարդ գիտնական է: Ամեն օր արթնանում է հույսով, որ իր հետ կխոսեն գրական հայերենով (ինչպես պահանջում է ՀՀ Սահմանադրությունը), բայց ամեն օր զայրանում է՝ նկատելով, թե ինչպես ենք անփութորեն աղճատում մեր լեզուն: Երիտասարդ գիտնականը մեղավորներ չի փնտրում, բայց նախատում է հիմնականում սոցիալական ցանցերով ոչ գրական հայերենով շփվող քաղաքացիներին:

– Հայերենը սոցիալական ցանցերում աղավաղվում է: Հայաստանում սոցիալական ցանցերից օգտվողների մեծ մասը բջջային հեռախոսներից է մուտք գործում համացանց, որոնց մեծ մասը հայերեն գրելու և կարդալու հնարավորություն ունի, բայց չենք օգտվում: Այս համատեքստում պետք է ասեմ՝ ամենացավալին այն է, որ համակարգիչներով օգտվելիս շատերը նախընտրում են գրել լատինատառ հայերենով: Ես սարսափում եմ մեր Facebook-ի լեզվից, արտահայտչամիջոցներից. մի շարք հայերեն արտահայտություններ պարզապես ծիծաղելի են, երբ լատինատառ ես գրում,- ասում է երիտասարդ գիտնականը:

Անկախ

Լեզվի տեսչության և «հայոց լեզվի տաճար մտած անասունների» միջև հարատև պայքարը

kollllllllllaj (1)Մենք սիրում ենք համեմատվել Եվրոպայի հետ, փորձում ենք յուրացնել եվրոպական փորձը, չափանիշներն ու մտածելակերպը, բայց, չգիտես ինչու, վերցնում ենք այն, ինչը պետք չէ, փոխարենը` անտեսում այն, ինչն իսկապես օգտակար է: Իսկ մեր գործարարները, որոնցից յուրաքանչյուրը Հայաստանում գոնե մի խանութ, մի գեղեցկության սրահ, մի ռեստորան կամ սրճարան ունի, եվրոպաներում ման գալիս չեն էլ նկատում, որ այնտեղ օտարալեզու ցուցանակներ գրեթե գոյություն չունեն: Չեն նկատում, որովհետև դրա կարևորությունը չեն գիտակցում:

Մինչդեռ մեր քաղաքում զբոսնելիս օտարերկրացին չի կարող ամեն քայլափոխի չնկատել անթաքույց օտարամոլության վառ օրինակները ` օտարալեզու ցուցանակները, գովազդը, հայտարարությունները, տաքսի ծառայության մեքենաների անհասկանալի ու անհեթեթ անվանումները:

Մեր գործարարների ազգային մտածելակերպի մասին թերևս ատենախոսություններ կարելի է գրել, բայց պետական մտածողությունն էլ գործարարների մտածողությանը չի զիջում (թերևս պատճառն այն է, որ նույնն են): Եթե պետությունն այլ կերպ մտածեր,  ազգային մտածելակերպը շտկելն ընդամենը ժամանակի խնդիր կլիներ:

Պետական կրթական գերատեսչության կազմում գտնվող Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը նույնպես դժգոհ է իրավիճակից. «Մեր մտածելակերպի մեջ օտարամոլություն կա: Իսկ գործարար աշխարհում այսօր մի որակ է ձևավորվել, որին խորթ են նման բաները: Բայց պիտի հասկանան, որ, ինչպես իրենք են ասում, այդ խուճուճ-մուճուճ տառերն են մեզ պահողը: Ցավոք, շատ անասուններ մտան հայոց լեզվի տաճարը, նրանց թվաց, թե դա ախոռ է, մտան ու ապականեցին…»:

Մարինե Հովյանը, սակայն, կարծում է, որ խնդիրը գալիս է պետական մտածողությունից.  «Ֆրանսիայում 20 տարի առաջ բոլոր օտարալեզու ցուցանակները մի գիշերվա մեջ ապամոնտաժեցին: Այսինքն` պետք է պետությունը միջամտի: Մեր աշխատակազմն ընդամենը 16 հոգի է, որից եթե հանենք պետին, պետի տեղակալին, կրտսեր մասնագետներին, մնում է տասը հոգի: Չունենք տարածքային կառույցներ: Տասը հոգով ամբողջ երկրում նման գործունեություն ինչպե՞ս  իրականացնենք»:

Տեսչության պետի տեղակալը հիշեցնում է, որ 1993 թ. իրենց կառույցը ստեղծել են որպես երկրում պետական միասնական լեզվական քաղաքականություն իրականացնող մարմին, սակայն այսօր դարձել է ընդամենը վերահսկողական, տեսչական գործառույթներ իրականացնող մարմին: «Լեզվական քաղաքականություն մեր երկրում չի իրականացվում, չկա պետական ծրագիր»,- փաստում է նա:

Ժամանակին իրենց կողմից մշակել է նման ծրագիր, սակայն կառույցի կարգավիճակի փոփոխության պատճառով չի իրականացվել, քանի որ ֆինանսական միջոցները բավարար չեն եղել: Այնուամենայնիվ, տեսչությունն այն ներկայացրել է կառավարության դատին, տեղի են ունեցել քննարկումներ, բայց այդպես էլ այն թղթի վրա է մնացել: «Մեր երկրին, փաստորեն, պետք չի լեզվական քաղաքականության ծրագիր: Արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք, իսկ ապագայում, հավանաբար, կունենանք նաև օտարալեզու դպրոցներ, տարբեր լեզուների հատուկ կարգավիճակ և այլն և այլն»:

Հովյանն անուն չի նշում, սակայն մեջբերում է լեզվի վերաբերյալ մի քննարկման ժամանակ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքը, որ եթե մի լեզու խանգարում է բիզնեսի շահին, ապա պետք է մտածել այդ լեզվի մասին:

Օտարալեզու ցուցանակների դեմ պայքարը տարիներ ի վեր անարդյունավետ էր մի շարք օրենքներում առկա սողանցքների պատճառով: 2011-ին Լեզվի տեսչությունը ԱԺ ՀՅԴ խմբակցության հետ միասին` ի դեմս պատգամավոր Լիլիթ Գալստյանի, մի շարք փոփոխություններ առաջարկեց «Լեզվի մասին», «Գովազդի մասին» օրենքներում և  Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում: Շատ խնդիրներ տեսականորեն լուծվեցին, համենայն դեպս, գոնե հստակեցվեցին մի շարք հասկացություններ` ինչ բան է լեզվական քաղաքականությունը, գործավարությունը, ցուցանակը, պետական լեզուն, պաշտոնական լեզուն  և այլն: Նախկինում կային դրանց բառարանային սահմանումները, սակայն վարչական դատարանը դրանք լուրջ չէր ընդունում: Բարձրացվեցին նաև  վարչական տուգանքի չափերը և այլն:

Ի՞նչ փոխվեց օրենսդրության բարեփոխումներից հետո: Մեծ հաշվով` ոչինչ: Տնտեսվարողները, միևնույն է, ցանկության դեպքում այսօր էլ գտնում են օրենքը շրջանցելու կամ վարչական դատարանի որոշումները հօգուտ իրենց կայացնելու եղանակներ:

«Վարչական դատարանը ինչ որոշում ուզում է, կայացնում է,- ասում է Հովյանը,- բայց չէ՞ որ նա պետական կառույց է և պետք է պաշտպանի պետության շահը: Վարչական դատարանը պաշտպանում է գործարարի շահը»:

Հայտնի է, որ համաբուժարաններից (պոլիկլինիկա) շատերում մնացել է հիվանդության պատմությունը կամ դեղատոմսերը ռուսերեն գրելու խորհրդային ավանդույթը: Տեսչության պետի տեղակալը պատմում է, որ համաբուժարաններից մեկում արձանագրված խախտման առնչությամբ հայց են ներկայացրել վարչական դատարան` պահանջելով օրենքի համաձայն  պատասխանատվության ենթարկել բուժհաստատության ղեկավարին, սակայն դատարանն անհեթեթ որոշում է կայացրել. «Որոշվեց, որ մենք սխալ մարդու ենք պատասխանատվության կանչում, պետք է տվյալ օրենքը խախտած բժիշկներին առանձին-առանձին դատի տանք: Այսինքն` ինչքան բժիշկ, այնքան հայցադիմում: Դուք պատկերացնո՞ւմ եք` դա ինչ աշխատանք է»:

Միաժամանակ Հովյանը ներկայացնում է այս տարվա ընթացքում տեսչության կողմից վարչական դատարան ներկայացված հայցադիմումների արդյունքները, որոնք տուգանքների առումով ապարդյուն չեն եղել. 20 հայցից 18-ը բավարարվել են, և մոտ 4 մլն 700 հազար դրամ տուգանք է նշանակվել` մուտք արվելով պետական բյուջե:

Տուգանքը` տուգանք, սակայն տնտեսվարողներն ուղղել են խախտումները, թե ոչ, նրանց հայտնի չէ, քանի որ նույն տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ  վարույթ իրականացնելու հնարավորություն ունեն տարեկան մեկ անգամ:

Հովյանն ասում է, որ տեսչությունն այսօր «ծանծաղ» գրաֆիկով է աշխատում, որովհետև օրենսդրական խնդիրներ ունի, իրենց կարգավիճակի հարցն էլ հստակ չէ. «Մենք ստուգումներ իրականացնելու իրավասություն չունենք, ընդամենը արձանագրում ենք խախտումը և դիմում վարչական դատարան: Սակայն Հայաստանում մյուս տեսչություններն իրենք են պատիժ նշանակում»:

Ուստի տեսչությունը փաթեթ է ներկայացրել կառավարություն` առաջարկելով փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում, որպեսզի իրենք էլ նման լիազորություն ստանան:

Այս տարի ամռանը քաղաքապետարանի և Լեզվի տեսչության միջև ներքին համագործակցություն է սկսվել, որն Մարինե Հովյանն արդյունավետ է համարում: Քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը, որը վերահսկում է մայրաքաղաքի արտաքին գովազդը, խոստացել է իր գործունեությունն իրականացնելիս զբաղվել նաև օտարալեզու գովազդային ցուցանակները հեռացնելով: Բազմաթիվ ցուցանակներ հեռացվել են: «Ի զարմանս մեզ` այնպիսի խանութներ, որոնց դեմ մենք տարիներ շարունակ պայքարել էինք,  փոխել են ցուցանակները: Դե պարզ է, քաղաքապետարանը կարողացավ ազդել, որովհետև նրանք քաղաքապետարանից կախում ունեն»,- նկատում է նա:

Սակայն հատուկենտ հաջողված պատմությունները դժվար թե իրավիճակի լուրջ փոփոխության հանգեցնեն: Դրա համար պետք է պետական ու ազգային մտածելակերպի հեղաշրջում, ինչն այսօրվա իրականության մեջ մի քիչ անիրատեսական է:

 

Անի Գասպարյան

Անկախ