ՓԵՏՐՎԱՐԻ 21. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՇՈՒՄ Է ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՕՐԸ

girq 1Հայերենը սոցիալական ցանցերում ուղղակի աղավաղվում է

Երբ 1948-ին պակիստանցիները որոշեցին, որ այսուհետ այդ հողերում պետք է լսվի միայն ուրդու լեզուն, մարդիկ համեստաբար լռեցին չորս տարի: Սակայն, ուսանողների մի խումբ Բանգլադեշի մայրաքաղաքում (Դաքա) հանրահավաք կազմակերպեց, որտեղ խոսում էին միայն իրենց մայրենի լեզվով (բենգալերեն): Պակիստանցիները սպանեցին ցույցի շատ մասնակիցների, բայց ըմբոստ բանգլադեշցիները շարունակեցին խոսել իրենց լեզվով:
Նրանք այդ տարվանից փետրվարի 21-ը նշում են որպես մայրենի լեզվի օր, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն հռչակեց 1992-ից:

Տարիներ շարունակ փետրվարյան սիրո տոներին հաջորդում է մայրենի լեզվին նվիրված օրը, որը սովորաբար կազմակերպվում է ավելի զուսպ. հավանաբար, հաշվի է առնվում այն հանգամանքը, որ մենք, այնուամենայնիվ, սովոր ենք աղճատել մեր թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքը:

Մայրենի լեզվի օրը բանասերների, ավելի ճիշտ` բանասիրական գիտությունների թեկնածուների, դոկտորների օրն է: Լեզվաբանները շտապում են մի մամուլի ակումբից մյուսը՝ հիշեցնելու, որ մենք հայերեն չգիտենք, խոսում ենք ինչպես պատահի՝ մայրենին խառնելով ռուսերենի և անգլերենի հետ:

Կարո՞ղ ենք ասել, որ փետրվարի 21-ը հայոց լեզվի պահպանման օրն է:
Բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան Արտակ Սարիբեկյանը շփվում է միմիայն գրական հայերենով: Ասում է՝ ուսանող տարիներին ծիծաղում էին վրան, բայց պահպանում է հայերենը:

Երիտասարդ գիտնականին զայրացնում է հիմնականում «Լեզվի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքների անկատարությունը:
- «Լեզվի մասին» ՀՀ օրենքը, որ բովանդակում է հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, լեզվի վիճակը, մեր երկրում գրեթե չի գործում: Այն պետք է կիրառի լեզվի պետական տեսչությունը, որի անունը կա միայն,- ասում է Սարիբեկյանը:- Լեզվի պետական տեսչությունը ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից առանձնացված ստորաբաժանում է, որը որոշումներ չի կարողանում ընդունել, քանի որ չունի հայերենի բարձրագույն խորհուրդ: Այնտեղ կա ընդամենը 10 աշխատող, որոնք հազիվ են հասցնում արձանագրել այս կամ այն վայրում փակցված ցուցանակում գրված օտարալեզու արտահայտությունները և աշխատում, որ դրանք փոխարինվեն հայերենով:
Լեզվաբանը նշում է նաև, որ լիարժեք չեն կիրառվում նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենքի դրույթները: Շատ ցուցանակներում հայերեն արտահայտությունները բացակայում են կամ շատ ավելի փոքր են, չնկատվող, քան օտարալեզու արտահայտությունները:

Հիշեցնենք, որ ըստ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է: Անհրաժեշտության դեպքում, որպես լրացում, գովազդատուի հայեցողությամբ, գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել նաև այլ լեզուներով՝ համեմատաբար փոքր տառերով:

Այս դրույթը չի տարածվում օտար լեզուներով տպագրվող թերթերի, հատուկ հրատարակությունների, ապրանքանիշների և մակնիշների վրա: Գովազդի հայերեն շարադրանքը տեղեկատվության ծավալով չպետք է զիջի այլ լեզվով հրապարակվող տարբերակին:

Արտակ Սարիբեկյանը երիտասարդ գիտնական է: Ամեն օր արթնանում է հույսով, որ իր հետ կխոսեն գրական հայերենով (ինչպես պահանջում է ՀՀ Սահմանադրությունը), բայց ամեն օր զայրանում է՝ նկատելով, թե ինչպես ենք անփութորեն աղճատում մեր լեզուն: Երիտասարդ գիտնականը մեղավորներ չի փնտրում, բայց նախատում է հիմնականում սոցիալական ցանցերով ոչ գրական հայերենով շփվող քաղաքացիներին:

- Հայերենը սոցիալական ցանցերում աղավաղվում է: Հայաստանում սոցիալական ցանցերից օգտվողների մեծ մասը բջջային հեռախոսներից է մուտք գործում համացանց, որոնց մեծ մասը հայերեն գրելու և կարդալու հնարավորություն ունի, բայց չենք օգտվում: Այս համատեքստում պետք է ասեմ՝ ամենացավալին այն է, որ համակարգիչներով օգտվելիս շատերը նախընտրում են գրել լատինատառ հայերենով: Ես սարսափում եմ մեր Facebook-ի լեզվից, արտահայտչամիջոցներից. մի շարք հայերեն արտահայտություններ պարզապես ծիծաղելի են, երբ լատինատառ ես գրում,- ասում է երիտասարդ գիտնականը:

Անկախ

Tags: , ,